Մի ներկայացման պատմություն

Ամենազարմանալին հայերենի նկատմամբ մեր վերաբերմունքն է: Կարծես վերապահումով, հատվածաբար ենք սիրում և կարորում մեր մայրենին: Չգիտես ինչու, ուսումնական հաստատություններում՝ կրթության մեջ, միակ հայերենը գրականն ենք համարում, որը կարծես թե գերաշնորհություն ունի: Բարբառներ, գրաբար, արևմտահայերեն՝ մեր մայրենիի խորթ զավակներն են՝ անտեսված, ստորադասված գրական հայերենին: Գրաբարը հանրակրթության մեջ համարվում է անհաղթահարելի. բանասեր ուսուցիչներն իրենք էլ են դժկամությամբ մոտենում գրաբարով ստեղծված գրականությանը: Եվ հաճախ հնչող հարցերից է՝ իսկ ինչո՞ւ պիտի անցնենք, մեռած լեզու է: Արևմտահայերենը նույնպես խորթ զավակի կարգավիճակում է: Էլ չեմ ասում՝ բարբառները… Կարծես թե անտեսում ենք այն փաստը, որ մեր մայրենի հիմքում գրաբարն է, նույն գրական լեզուն անընդհատ սնվում և զարգանում է բարբառների և խոսակցական հայերենի միջոցով, արևմտահայերենը ժամանակակաից հայերենի երկու ճյուղերից մեկն է:

Բայց այս հոդվածում խոսելու եմ հատկապես արևմտահայերենի մասին: Նախ՝ մեր արևմտահայ հայրենակիցները քաղաքական տարբեր իրավիճակների արդյունքում ավելի ու ավելի հաճախակի են վերադառնում հայրենիք: Վերադառնում են ընտանիքներով և հասկանալի է, որ հանրակրթությունը չի կարող ձևացնել, թե ոչինչ չի փոխվել: Արևմտահայ սովորողներն ավելանում են բոլոր կրթական հաստատություններում, և մեր կրթական համակարգը պիտի համապատասխան արձագանք տա այդ փոփոխությանը:

Ես հիմա խոսեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող արևմտահայերենի ծրագրի մասին: Նախ՝ առանց լեզվագործունեության, առանց լեզվական միջավայրի ստեղծման չի կարող լինել լեզվի ուսուցում: Սա իմ մանկավարժական համոզմունքներից է: Իհարկե արևմտահայ սովորողների առկայությունը արդեն որոշակի միջավայր է ստեղծում և արևմտահայերեն խոսող սովորողների խոսքը՝ իր լեզվական և առոգանության նրբերանգներով, ավելի ու ավելի ընկալելի է դառնում արևելահայ սովորողների համար: Սակայն չմոռանանք, որ մենք արևմտահայերեն մեծ գրականություն ունենք, որը իրավունք ունի հավասարազոր տեղ ունենալ հայ գրականության ուսուցման մեջ։

Երևի թե նորություն չի լինի, եթե ասեմ, որ լեզվի գործածությա կենդանի ձևերից է թատրոնը։

Եվ հիմա ես ուզում եմ ներկայացնել մի արևմտայայերեն ներկացման պատմություն։

Մենք Փարիզում ունենք մի լավ գործընկեր` ,,Նոր յառաջ,, թերթի գլխավոր խմբագիր, Փարիզի «Մկնիկներ» աշխատանոցի հինադիր տնօրեններից Ժիրայր Չոլաքյանը:
Ժիրայրն առաջարկեց կրթահամալիրի սովորողների հետ ներկայացում իրականացնել: Առաջարկվող թատերգությունը Լևոն Շանթի «Ճամբուն վրայ» ստեղծագործությունն էր:

Ժիրայրը Հայաստանում պիտի լիներ հոկտեմբերի 19-29-ը: Մինչ այդ ինձ ուղարկեց առաջարկվող նյութը: Շանթի այդ թատերգության էլեկտրոնային տարբերակ չուներ: «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, որպես ուսումնական աշխատանք սկսվեց Լևոն Շանթի «Ճամբուն վրայ» թատերգության թվայնացումը: Մի քանի օրից նյութն արդեն այն պատրաստ էր:

Նախագծի հաջորդ փուլը աշխատախմբի ընտրությունն էր: Դերակատարման մեջ նախատեսվում էին Ավագ դպրոցի սովորողներ՝ 6 տղա և 4 աղջիկ: Պարզվեց, որ նախագծի ամենադժվար մասն է սա: Այս տարիքում տղաները դժվար են բեմ դուրս գալիս: Ներքին բարդույթներ են, որոնք հաճախ չեն էլ հաղթահարվում: Մյուս դժվարությունը արևմտահայերեն տեքստի ընթերցումն էր: Ոչ բոլորն էին ցանկանում հաղթահարել սպասվելիք դժվարությունները:

Աղջիկների խումբը արագ ընտրվեց: Տղաների մի քանի խումբ փորձեց, չհամաձայնեց: Արևմտահայերենը վախեցնում էր։ Ստիպված եղանք նոր խումբ ընտրել: Աղջիկներն անցան գործի, և պետք է ասեմ, որ մասնակից տղաները խումբ եկան նրանց ակտիվ ջանքերի շնորհիվ:
Խումբն արդեն պատրաստ էր։

Ահա և Ժիրայր Չոլաքյանը Հայաստանում է՝ կրթահամալիրում:

Ժիրայրը հմուտ ղեկավար-ռեժիսոր է։ Երբ Փարիզում էինք սեբաստացիների ուսուցիչ-սովորողների մի խմբով, ես հյուրընկալվում էի Ժիրայրենց տանը։ Ժիրայրը իր բազմազբաղ օրվանից հետո՝ երեկոյան, գնում էր թատերական իր խմբի փորձերին։ Իրոք զարմանալի էր։ Թվում էր՝ երեկոյան օրն արդեն ավարտվեց։ Բայց պարզվում էր՝ ոչ։ Եվ գնում էր այդ փորձերին սիրով ու ոգևորությամբ։ Կարծես ամբողջ օրը սպասել էր հենց այդ ժամին։

Ինձ շատ էր հետաքրքւոմ փորձերի ընթացքը։ Այն, որ տասը օրում ներկայացումը պիտի պատրաստ լիներ, անհավանական էր թվու։ Այն էլ արևմտահայերեն։ Ես ինքս Գրական թատրոնի ղեկավարման փորձ ունեմ։ Գիտեմ՝ ինչքան ժամանակ է պետք լինում ներկայացման պատրաստության համար։ Իսկ հիմա՝ տասը օր և արևմտահայերեն։ Ժիրայրի թատրոնի առաջին նորույթը ընթերցանությամբ խաղալն էր։ Գիտե՞ք, սա ի՜նչ մեծ հնարավորություններ է բացում ներկայացման արագ կայացման համար։ Տեքստի բերանացի անելը շատ ջանք է խլում, և սովորողների մի մասը կեսից հոգնում է։ ներկայացումների չկայանալը հիմնականում սրանով էլ բացատրվում է։ Իսկ հիմա ուղղակի վարժ ընթերցել է պետք։ Բայց կլսվի՞ էդպես։ Հնարավո՞ր է և՛ կարդալ, և՛ խաղալ, մտնել դերի մեջ։ Սրանք հարցեր էին, որ ինձ հետաքրքրում էին։
Ներկա եղա գրեթե բոլոր փորձերին։ Փորձերը սկսվեցին ամբողջ տեքստի ընթերցանությամբ։ Չկար դերաբաշխում։ Կարդում էին հերթով, յուրացնում էին ստեղծագործությունը։ Ժիրայրը խաղաղ էր։ Երբեք ձայն չբարձրացրեց, չլարվեց, մթնոլորտը աշխատանքային էր։ Օրական աշխատում էիր 5-6 ժամ։ Աշխատում էին նաև շաբաթ-կիրակի օրերին։ Սեբաստացիները շատ լուրջ ին կպել գործին։ Զարմանալի բան կար Ժիրայրի մեջ։ Առանց ավելորդ ճիգի, ցուցադրական ոգևորության՝ իր ներքին ուժն էր փոխանցում դիմացինին։ Այդ ընթացքում ոչ ոք չբացակայեց, փորձից չուշացավ, շաբաթ-կիրակի աշխատելու առաջարկն էլ սովորողներից եկավ։ Ի՞նչն էր այդպես համախմբել, մոտիվացրել խմբին։ Ներկայացումներ կրթահամալիրում շատ են եղել։ Դա հաստատ նորություն չէր սովոողների համար։ Ժիրայրի մեջ ինչ-որ տարօրինակ ձգող, համախմբող, լրջացնող բան կար։

Եկավ ներկայացման օրը։ Ժիրայրն ասաց, որ իրենց բեմ պետք չէ, և ներկայացման համար էլ գրեթե ձևավորում պետք չէ։ Զարմանալի է։ Այդ ինչպե՞ս։ Առանց բեմի, առանց ձևավորման, ընթերցելով․․․

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский