Մեղվաբուծական ուսումնական լաբորատորիա

Հղում անելով նախորդ հոդվածներիս՝ «Մեղվապահի օրագիր», «Մեղվապահի օրագիր. մաս 2-րդ», «Ճանաչենք հրաշագործ մեղվին», ուզում եմ պատմել կրթահամալիրում մեղվաբուծության զարգացումների մասին: Փորձնական տասը մեղվաընտանիքները մուտք գործեցին մեր մեծ տնտեսություն, դարձան ուսումնական, սիրելի: Մեկ տարվա մեջ ավելացան, դարձան քսանյոթը: Այժմ նրանք գտնվում են Արատեսի դպրական կենտրոնում՝ ձմեռանոցում: Մեղվապահի տուն-լաբորատորիան՝ որպես ձմեռանոց, առաջին անգամ է փորձարկվում: Այս տարի նրանք չվերադարձան Ագարակ, մնացին ձմեռելու իրենց համար նախատեսված տարածքում, ինչը այսուհետ դառնում է լաբորատորիա: Արատեսը իր դիրքով, տեղանքով, ողջ տարածքով է լաբորատոր հարթակ: Իսկ մեղվաբուծության ոլորտում լայն հնարավորություն է՝ զարգացման, բերքատվության, ընտանիքների բազմացման, նորարարական փորձարկումների համար: Երկու ամառը մեզ համար բավականին ժամանակ էր դիտարկելու, հարմարվելու, հարմարեցնելու, փորձարկելու, անհրաժեշտ պարագաներով լաբորատորիան համալրելու համար: Առաջիկայում լուրջ ծրագրեր և փորձարկումներ ունենք իրականացնելու: Ես ուզում եմ, հավատարիմ մնալով ավանդական մեղվաբուծական պահանջներին, անցում կատարել դեպի նորարարական մեղվաբուծություն, մեղվանոցը դարձնել բաց ուսումնական լաբորատորիա: Մեղուներին ձմեռանոցում հետևելն ու դիտարկելն արդեն իսկ լաբորատոր աշխատանք է՝ ջերմաստիճանի գրանցումը, խոնավության բացառումը, մթության և լռության ապահովումը: Մեղուները ձմռանը պետք է հանգիստ լինեն, մեղրի բավարար քանակ լինի փեթակում, ինչի մասին պետք է հոգալ նախքան ձմեռանոց տեղափոխելը, որովհետև ձմեռելը նրանց համար դժվարություն հաղթահարել է: Մեղվապահը նրանց պետք է օգնի, համապատասխան հարմարություններ ստեղծի, որ մեղվաընտանիքը կարողանա Հաղթահարել ձմեռը: Հունվար ամսվա մեջ մեղվապահը պետք է ստուգի ընտանիքների կերապաշարը: Մենք շուտով այդ աշխատանքը կիրականացնենք սովորողների մի խմբի հետ: Մեղուները ձմռանը կծիկ են դառնում մոր շուրջը. նրան բոլոր կողմերից փակում են, որպեսզի կարողանան տաքացնել և կերակրել նրան, իսկ իրենք իրարից կառչում են տոտիկներով, որ բաց տարածություն չմնա: Կծիկը ձմռան ընթացքում տեղաշարժվում է՝ արկանոցի մոտից դեպի վեր՝ շրջանակների վերին հատված: Եթե հունվարի վերջին կծիկը հասել է շրջանակների վերին հատված, նշանակում է կերը պակասել է, պետք է հավելյալ կերակրում իրականացնել: Ձմռանը կեր պատրաստվում է մեղրից և շաքարի փոշուց: Այն կոչվում է կանդի: Կանդին չոր է լինում, ջրիկ չէ: Փաթաթվում է թանզիֆով և դրվում է այն շրջանակների գլխամասում, որտեղ մեղուների կծիկն է: Կարող է նաև կծիկը մի քիչ ներքևում լինել կամ կենտրոնական մասում: Այդ դեպքում պետք է հնարավորինս հարմարեցնել նրանց ավելի մոտ մասում: Պետք է շատ զգույշ աշխատել, որ կծիկը չքանդվի, մեղուները չանհանգստանան: Ձմռան ընթացքում  մեղվաընտանիքների հաճախակի պրոֆիլակտիկ ստուգում չի կարելի կատարել, որովհետև, ամեն անգամ փեթակը բացելով, ավելորդ անհանգստություն ենք պատճառում նրանց: Ուստի՝ կերապաշարը ստուգելուց և, անհարաժեշտության դեպքում, ավելացնելուց հետո, հաջորդ ստուգումը պետք է իրականացնել փետրվարի մեջ՝ ձվադրության համար՝ ունի՞, թե՞ չունի ընտանիքը: Եթե ձվադրություն ունի ընտանիքը, նշանակում է՝ հաղթահարել է ձմեռը, եթե չունի, 1-2 շաբաթ հետո պետք է կրկին ստուգել՝ դրանում համոզվելու համար: Իսկ եթե ամեն դեպքում չունի ձվադրություն, բայց ընտանիքը պահպանված է, նշանակում է՝ մայր չունի. պետք է նրան ձվադրող մայր տալ, որպեսզի ընտանիքը չոչնչանա:
Այս տարվա իմ ծրագրերից մեկն էլ՝ նուկլեուսների ստեղծումն է լինելու: Նուկլեուսները մայրաբուծության համար նախատեսված փեթակներ են, որոնք չափով փոքր են սովորական փեթակից: Դրանց մեջ բուծվում են նոր մայրեր  և օգտագործվում են այն ընտանիքների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով մայր են կորցրել: Պատճառները ամենատարբեր կարող են լինել՝ ծեր լինելուց մինչև վնասվելը՝ մեղրաքամի կամ տեղափոխության ժամանակ:
Հաջորդ փորձը, որ ուզում եմ իրականացնել արդեն մեղվանոց-լաբորատորիայում, հանիմանյան ցանցով վերնահարկերի տեղադրումն է: Հանիմանյան ցանցը թույլ չի տալիս մայր մեղվին շրջագայել երկու հարկում էլ և ձվադրել բոլոր շրջանակների վրա: Նա ստիպված է լինում մնալ մեկ հարկում〈 ցանկալի է՝ առաջին հարկում〉, իսկ մյուս հարկի շրջանակները բացառապես ծառայում են միայն մեղրի կուտակման համար: Ցանցը այնպես է պատրաստված, որ մեղուները՝ բեռնավորված, հանգիստ, առանց խոչընդոտի կարողանան անցնել անցքերով: Այսպիսով՝ մեղրը ավելի բաց գույնի շրջանակների վրա է հավաքվում 〈ձվադրված շրջանակները ավելի մուգ գույն են ունենում):
Իմ մյուս ծրագիրը, որը պատրաստվում եմ իրագործել այս տարվա մեջ, սպիտակ մեղրի՝ կրեմ-մեղրի արտադրանքն է լինելու, որը եղել է մեղվաբուծության իմ առաջարկ- նախագծի մեջ: Կարտադրենք, տարեվերջին կհանենք վաճառքի նաև մեր սեբաստացիական կրեմ-մեղրը:
Այս պահին գրանցվել եմ և մասնակցում եմ Մեղվաբուծության դարբնոց գիտակրթական կենտրոնի շուրջտարյա սեմինար-պարապմունքներին, ինչը մեզ նոր հնարավորություններ կտա և կզարգացնի կրթահամալիրի մեղվաբուծությունը: Մեր մեղվանոցը կդառնա լաբորատոր փորձերի կենտրոն՝ նորարարական և համաշխարհային մեղվաբուծության առաջարկներին համապատասխան:
Վերը թվարկված և այլ ծրագրերի մասին ընթացքում ավելի հանգամանալից կներկայացնեմ Մեղվաբույծի իմ բլոգում:
Այսպիսով՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեղվաբուծությունը մուտք է գործում նոր փուլ. իր ձևով և բովանդակությամբ դառնում է ուսումնական, հետազոտական լաբորատորիա: Մենք ամեն հնարավորություն ունենք արատեսյան մեղվանոցը, որպես այդպիսին, աշխատեցնելու համար: Իսկ սովորողների մասնակցությունը այս ողջ գործընթացին, շատ ավելի կարևոր  է: Կրտսեր դպրոցներում իրականացվող ուսումնական մեղվանոց նախագծի մեկնարկն արդեն իսկ տրված է: Նյութերը՝ այստեղ: Արատեսի դպրական կենտրոնում մշտապես իրականցվող եռօրյա ճամբարների ընթացքում ճամբարականները կշարունակեն մասնակցել բոլոր ծրագրերին, մեղուների խնամքին, մեղվանոցում իրականացվող սեզոնային աշխատանքներին: Չէ՞ որ նրանք սիրելի դարձած մեղվի պաշտպաններն են արդեն: Մեղուները բոլորիս պաշտպանության կարիքն ունեն: 
 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский