Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի մասին
Primary tabs
Հասարակագիտական նախագծերի ամենամյա ստուգատեսին ընդառաջ։
Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի կողմից հունվարի 25-ի ՀՀ ԱԺ-ում՝ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումների և փոփոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներում, ներկայացված դիրքորոշումն արժեր, որ նախարարության կողմից անհետաձգելի պաշտպանվեր։ Հայաստանում կրթության զարգացման ծրագրի նախագծի ստեղծումը կարող էր և պիտի լիներ մի մեծ նախագիծ՝ տարբեր ուսումնական խմբերի մասնակցությամբ, այդ թվում՝ այլընտրանքային կրթական ծրագրերի։
Հայաստանում կրթության զարգացման պետական ծրագիր վերջին անգամ հաստատվել է 2011-2015 թվականների համար: Քանի որ այս ընթացքում կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունը արվել են առանց կրթության զարգացման պետական ծրագրի, այլևս հիմնավորված չէ այս ծրագիրն ընդունելու շտապողականությունը։ Առաջարկում ենք նախագծի հաստատումը թողնել սեպտեմբերին, մինչ այդ կազմակերպել ակտիվ-նպատակային քննարկումներ, դարձնել նախագիծը ուսումնական նյութ` ավագ տարիքի դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և դասախոսների համար, հնարավորություն տալ, որ ծրագիրը յուրացվի անմիջական շահառուների կողմից։ Իսկ այսպես, թեկուզ 250 կողմ քվեարկումով, նախագիծը ընդունելի համարելը լուրջ չէ։
Մենք այդպիսի աշխատանք սկսել ենք։ Մարտի 1-ից կրթահամալիրում սկսվող հասարակագիտական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսը դրա հարթակներից մեկն է։ Կրթահամալիրի նախագծային խմբերի թեմաներից են և՛ կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի ուսումնասիրությունը, և՛ կրթահամալիրում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգման, ստուգաթերթերի օրինակով՝ ՀՀ տեսչական մարմինների գործունեության ուսումնասիրությունը։
Մինչ այդ ներկայացնում ենք երկու դիտարկում։
- Լավ է, կրթության զարգացման ծրագիրը կարևորվում է «Անհատի կրթության և սովորելու իրավունքի լիարժեք իրացման համար կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի հասանելիությունը յուրաքանչյուր համայնքում՝ նպատակ ունենալով ապահովել տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում»: Սա դիտարկում ենք որպես կրթական ծրագրերի բազմազանության, Բլեյան բաց ցանցի, «Գագարին» նախագծով կրթական էկոհամակարգի ձևավորման կարևորում։ Ահա ինչու չի հասկացվում, որ հանրապետությունում կրթական համակարգի իրավիճակի նկարագրության մեջ բաց է թողնվում հեղինակային մանկավարժության փորձը, այդ թվում՝
- կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման ստեղծում, պահպանում՝ որպես «իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ և նախաձեռնող, խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառող, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր՝ բոլորի համար».
- ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միասնաբար կազմակերպում.
- դպրոց-պարտեզ ուսումնական հաստատության մոդելը՝ որպես տարբեր կրթական ծրառայությունների ծախսարդյունավետ կազմակերպման մոդել, ինչպես նաև «քաղաքային համայնքներում (բնակավայրերում) ՆԴՀ-ների սահմանափակ քանակը» հաղթահարելու հնարավորություն.
- թվային գործիքներով ուսուցման կազմակերպում.
- կրթության կազմակերպման մասնակցային մոդելը՝ ծնողին և սովորողին կրթական ծրագրի անհատականացման պատվիրատու դարձնելու,
- տեխնոլոգիական հանրակրթություն, արտադրությամբ ուսուցում, հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի միասնական միջավայր.
- նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում կրթության անընդհատություն, ֆիզիկական միջավայրում և հեռավար-առցանց-ընտանեկան, համակցված ձևերով կազմակերպում.
- Արցախյան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո «Հայաստան-Արցախ» նոր համակեցություն, արցախցի սովորողների ներառում կրթահամալիրում, կրթական փոխանակումներ.
- Սիրիայից, Լիբանանից, այլ երկրներից ներգաղթած սովորողների հետ աշխատանք, արևմտահայերենի ուսուցման ծրագիր.
- ծեսով ուսուցում.
- կենդանի-ամբողջական մայրենի՝ գրաբարով, գրական հայերենի ճյուղերով, բարբառներով.
- բնապահպանությունը, հայրենագիտությունը, ռազմագիտությունը ուսումնական ծրագրեր՝ ճամբարային-արշավախմբային, ճամփորդական նախագծերով.
- հեղինակային մանկավարժության հայաստանյան հաջող փորձը արտերկրում ներկայացնելու մեր ջանքերը, ստեղծված հանրակրթական կամուրջները։
- Ծրագրում դիտարկվում են հակասություններ, ինչպես.
- որպես նպատակ ձևակերպված է «Կրթության զարգացման տեսլականը կառուցված է այն դիրքորոշմամբ, որ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել յուրաքանչյուր սովորողի տաղանդները և հնարավորինս զարգացնել դրանք՝ ուղղորդելով դեպի պետության ամրապնդումը և տնտեսության զարգացում», սակայն կրթության որակը գնահատելու համար ծրագիրը հենվում է կոնկրետ առարկաների ստուգումների և քննությունների արդյունքների վրա.
- որպես նպատակ գրանցելով «աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթություն, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով, սփյուռքում գործող հայկական կրթօջախները լիարժեք ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին»՝ խոսք չկա կրթական ծրագրերում արևմտահայերենի կարգավիճակի, գրական արևելահայերենի և արևմտահայերենի միասնական ուղղագրության մասին՝ որպես կրթությամբ լուծվող խնդիր։
Ինչպե՞ս շարունակենք։ Առաջարկում ենք թողնել ուսումնական նախագծերին։