Այլընտրանքային կրթությունը Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում

Այլոց փորձի ուսումնասիրություն

Միացյալ Թագավորություն

Հրապարակված է «The Good Schools Guide – Լավ դպրոցների ուղեցույց» կայքում

Այլընտրանքային դպրոցները, որոնք երբեմն հայտնի են որպես առաջադեմ դպրոցներ, կրթության ոչ ավանդական մոտեցում են առաջարկում: Նրանք այն ծնողների համար են, ովքեր չեն հավանում ավանդական դպրոցներն՝ իրենց ոչ ճկուն ուսումնական ծրագրերով և ուսպլաններով, և այն երեխաների համար, որոնց չեն կարողանում ի ցույց դնել իրենց կարողություններն ավանդական դպրոցական միջավայրերում:

Ինչու՞ ընտրել այլընտրանքային դպրոցներ

Ծնողները երբեք էլ լիովին վստահ չեն, որ ճիշտ որոշում են կայացնում: Ծնողների համար որևէ գիրք չկա, որը կարող է ուղեցույցի դեր կատարել, թե ինչպես դաստիարակել երեխաներին, երբ նրանք դպրոցական են: Հասկացող ծնողի համար ավելի դժվար բան չկա: Ինչպիսի՞ կրթության միջոցով կարելի է բացահայտել երեխայի մեջ դեռ քնած ներուժը: Ինչպե՞ս գտնել այն «կրթությունը», որը ամենաշատը կօգնի հենց քո երեխային:

Միայն քաջ ծնողն է բռնում իր երեխայի ձեռքից ու դուրս բերում նրան անընդհատ ահագնացող, ավելի ու ավելի բարձր արդյունքների ձգտող, քննությունախեղդ մարաթոնյան վազքի հոսանքից, ուր միայն փաստեր են սերտում, կանոնավոր տնային աշխատանքներ կատարում և հարցաշարերին պատասխանում: Բայց եթե դու վագրատիպ ծնող ես, ով իր դաժան հայացքով արդեն նախօրոք ուրվագծել է իր զավակի ապագան Օքսֆորդում կամ Քեմբրիջում, ապա այլընտրանքային դպրոցը, հավանաբար, քո երեխայի համար չէ: Այլընտրանքային դպրոցն ընտրած ծնողն այն կարծիքին է, որ ավանդական խիստ դպրոցում երեխան նմանվում է շարժափոկի դիմաց կանգնած բանվորին, որն արագ ձգում է իր մոտով անցնող պտուտակը ու աստիճանաբար վնաս հասցնում իր ինքնագնահատականին, անվերադարձ հեռացնում իրենից ստեղծականությունը, նախաձեռնողական ձիրքը:   

Ի՞նչ են տալիս այլընտրանքային դպրոցները

Այլընտրանքային կամ առաջադեմ դպրոցներն առաջարկում են իրենց սեփական, անհատական, սովորաբար ոչ ֆորմալ մոտեցումները կրթական տարբեր աստիճաններում: Նրանք կարող են սկսվել Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Ալֆրեդ Թագավորի դպրոցից, որտեղ մինչև 10 տարեկան դառնալը երեխան որևէ քննություն չի հանձնում, համազգեստ չի կրում և ուսուցիչներին անունով է դիմում, իսկ ուսպլանն էլ չի տարբերվում ավանդական դպրոցների ուսպլանից, մինչև Սաֆֆօլքի Սամըհիլ (Summerhill School in Suffolk) դպրոցը, որտեղ ուսումնական առարկաներն իրենց դասաժամերով ամբողջությամբ ընտրովի են: Որոշ դպրոցներ էլ, ինչպիսիք են Սթեյների դպրոցները (Steiner Schools) և Բրոքվուդ Փարկը (Brockwood Park), խիստ հոգևոր ուղղվածություն ունեն, մինչդեռ ուրիշները, ինչպիսիք են Սենդսի (Sands Schools) դպրոցները, ժողովրդավարական հիմքի վրա են գործում: Ի տարբերություն ավանդական դպրոցների՝ այստեղ դասարաններում սովորողները կարող են տարատարիք լինել, և համեմատաբար ավելի քիչ ուսումնական առարկաներ են դասավանդվում:        

Ինչպե՞ս են տարբերվում այլընտրանքային դպրոցները

Յուրաքանչյուր այլընտրանքային դպրոց ունի իր ուրույն դեմքը և ուղղվածությունը, բայց ունեն հատկանիշներ, որոնք ընդհանուր են բոլորի համար և որոնցով տարբերվում են ավանդական դպրոցներից.

  • Չափսը – նրանք հարաբերականորեն ավելի փոքր են, քան ավանդական դպրոցները՝ ուսուցիչ-սովորող ավելի բարեհոգի ու սերտ հարաբերակցությամբ: Որոշ դպրոցներում, ինչպիսիք են Սթեյների դպրոցները, ուսուցիչը միևնույն դասարանի հետ տարիներով է աշխատում, որպեսզի ամուր հարաբերություններ ստեղծվեն:
  • Ոչ ավտորիտար են: Որոշ դպրոցներ ունեն տնօրեններ, որոշ դպրոցներ էլ՝ չունեն, բայց սովորողները (և երբեմն էլ ծնողները) սովորաբար ընդգրկվում են որոշումներ կայացնելու գործում: Այս դպրոցներում արժևորվում է յուրաքանչյուրի տեսակետը:
  • Ավելի քիչ կառուցվածքային ուսումնական ծրագրեր են գործածվում, ուսուցանվում։
  • Ուսումնառությունը քիչ քննություններով, ավելի շատ փորձառությամբ, տարբեր խնդիրներ լուծելով և թիմային աշխատանքով է ընթանում:

Շատ պետական և անկախ դպրոցներ ընդունել են այլընտրանքային դպրոցներին բնորոշ գործունեության տարրեր, բայց այդ ամենը նրանք մակերեսորեն են անում: Անտառային դպրոցներից մինչև աշակերտական խորհուրդներն ու խաղով ուսումնառությունը ինչ-որ ձևով ու ինչ-որ ժամանակով ընդհատվում է  ավանդական դպրոցի խիստ ծրագիրը: Այնուամենայնիվ, նրանց գերխնդիրը մնում է քննությունակենտրոն ուսուցումը, դասացուցակով ու դաս-դասարանական պարապմունքներով առարկայական ծրագրերի կատարումը:   

Ի՞նչ ընդհանուր բացասական կողմեր ունեն այլընտրանքային դպրոցները

  • Ուսուցման և ուսումնառության արագությունը. ծնողները բողոքում են, որ ուսուցումն իրականացվում է ըստ նոր նյութն ամենադանդաղը յուրացնող սովորողի կարողությունների, ինչը ձանձրացնում է արագ մտածող սովորողներին: Մեր կրթահամալիրի դպրոցներում նախագծային և բլոգային ուսուցման-ուսումնառության, անհատական ուսումնական պլանների, ընտրությամբ գործունեունեությունների, ուսումնական թվային միջավայրի  շնորհիվ  դասավանդողները կարողանում են հաղթահարել այս մարտահրավերը:  
  • Տարիներ շարունակ այլընտրանքային դպրոցների ուսուցիչների հմտությունները չէին վերահսկվում, և այդ առումով դրանք մի քիչ վիճակախաղի նման էին: Այդուհանդերձ, այդ բացը մեղմացել է ուսուցչի աշխատանքի ավելի հաճախակի գնահատումներով և շարունակական վերապատրաստումներով: Մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության բաց համակարգը, կրթահամալիրի կայքն ու ենթակայքերը, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիաների, ակումբների, ուսկենտրոնների, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգների բաց հասանելիությունը խոսում է այն մասին, որ մեր կրթական ծրագրի իրականացման ընթացքը, դասավանդողների և յուրաքանչյուր սովորողի ուսումնական աշխատանքները բաց են, հասանելի և վերահսկելի:
  • Կառուցվածքը. այլընտրանքային դպրոցների կառուցվածքի ակնհայտ բացակայությունը կարող է խնդիր լինել որոշ սովորողների և ծնողների համար: Կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան կարելի է ստանալ կրթահամալիրի կայքի քարտեզից իր՝ մոտ 110 կետերով ու հղումներով: Արդեն տևական ժամանակ այլոց փորձի ուսումնասիրությունների ընթացքում տարբեր երկրների բազմաթիվ ուսումնական հաստատությունների կայքեր եմ աչքի անցկացրել, սակայն գործառույթների նման համապարփակ ու հասանելի ներկայացման երբևէ չեմ հանդիպել:
  •  Խստության պակաս կա: Այլընտրանքային դպրոցի մի ծնող գրել է. «Կցանկանայի, որ առարկայական դասավանդողները մի քիչ ավելի պահանջկոտ լինեին: Ես համոզված չեմ, որ իմ տղան ուսման մեջ լիարժեք է դրսևորում իրեն: Կարծում եմ, որ նա միայն այն ժամանակ է ջանասիրաբար աշխատում, երբ հետաքրքրված է»: Բայց ինչու՞ պետք է սովորողը հետաքրքրված լինի բոլոր ուսումնական առարկաներով: Կարծում եմ, որ այլընտրանքային դպրոցի ամենամեծ առավելությունը հենց այն է, որ չի պարտադրվում այն, ինչի նկատմամբ սովորողը չունի հետաքրքրություն: Ես չեմ հիշում, որ մեր կրթահամալիրից որևէ սովորող ոսկե մեդալով ավարտած լինի Ավագ դպրոցը: Այդուհանդերձ, մենք բազում պայծառ սովորողներ ենք ունեցել:   

Այլընտրանքային դպրոցների ցանցերը

Forest Schools – անտառային դպրոցներ

Անտառային դպրոցներն սկիզբ են առել 1970-ականներին Դանիայում: Անտառային դպրոցներն առանձին ֆիզիկական շենքեր չունեն: Դրանք նախակրթարանային տարիքի և տարրական դպրոցի տարիքային խմբերի համար են, որոնք աշխատում են ավանդական դպրոցների նորմալ ուսումնական ծրագրերով, բայց ունեն շաբաթվա մեջ մեկ-երկու օր բնության մեջ (հիմնականում անտառային վայրերում) անցկացնելու գործառույթ: Նրանք գնում են անտառային պարապմունքների ցանկացած եղանակի՝ պայծառ արևային, անձրևոտ, թե ձնառատ: Այնտեղ նրանք փորում են գետինը, հողի շերտերն են ուսումնասիրում, խոշորացույցով մրջյունների և այլ միջատների աշխատանքին են հետևում, եղնջի ցողուններից պարան են հյուսում, ծառի ճյուղերից նետ ու աղեղ են պատրաստում, ծառից ծառ ճոճանակ են կապում, անձրևից պատսպարվելու համար թիմային աշխատանքով ծառի ճյուղերից ու տերևներից ապաստարան են պատրաստում և այլ նպատակաուղղված աշխատանքներ անում և ձևավորում են այնպիսի հմտություններ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել որևէ դասագրքով:

 «Ազատ բացօթյա կյանք» գաղափարով դպրոցների հիմնավորող դրույթներն են․

  • Ինքնագնահատման և ինքնավստահության բարձրացումը
  • Համագործակցական, հաղորդակցական հմտությունների բարելավումը
  • Մոտիվացիայի բարձրացումը, ինքնաբացահայտումը և ուսման նկատմամբ դրական վերաբերմունքը
  • Միջավայրի նկատմամբ տիրոջ հոգատար վերաբերմունքի և հպարտության զգացումի  ստեղծումը
  • Շրջակա միջավայրի ավելի լավ իմացությունը

Մեր կրթահամալիրի «Արատեսը՝ դպրոց բնության գրկում»-ը արդյո՞ք նույն գաղափարախոսությունը չունի:

Տնային կրթության այլընտրանքային դպրոցներ

2015 թվականի տվյալներով Միացյալ Թագավորության 37000 դպրոցահասակ երեխա տանն է կրթություն ստանում: Այդ թիվն իրականում ավելի մեծ է, քանի որ դրանում հաշվառված են միայն այն երեխաները, ովքեր սկզբում դպրոց են հաճախել, բայց մի որոշ ժամանակ հետո ծնողները նախընտրել են՝ իրենց երեխաները պետք է տնային կրթություն ստանան: Տնային այլընտրանքային դպրոցներում ծնողներն են կազմում իրենց երեխաների կրթական ծրագրերը, վարձում են մասնավոր կրկնուսույցներ, և սկսվում է ուսումնառությունը: Տնային կրթություն ստացած երեխան միջնակարգ կրթության ավարտական վկայական կստանա, եթե հանձի սահմանված պարտադիր քննությունները։

Տնային կրթությունը Միացյալ թագավորությունում ապօրինի չէ, ինչպես որոշ երկրներում: Օրինակ՝ Գերմանիայում տնային կրթությունը ապօրինի է համարվում. այս երկրում բոլոր երեխաները պետք է դպրոց հաճախեն: Հայաստանում նույնպես չեն գործում տնային դպրոցներ:

Տնային այլընտրանքային դպրոցների դրական և բացասական կողմերը  

Դրական կողմերը

Ազատ են։ Ազատված են պետական պարտադրված ուսպլաններից և առարկայական ծրագրերից: Ծնողն ազատ է կրթելու իր երեխային այնպես, ինչպես ուզում է: Կառավարությունը լիովին ծնողի հայեցողությանն է թողնում, թե երբ, ինչպես, որտեղ և ինչ ծրագրով կրթել երեխային: Ուսումը լիովին անձնավորված է: Եթե որևէ ուսումնական առարկա չի հետաքրքրում (ներառյալ պարտադիր համարվող մաթեմատիկան կամ անգլերենը), կարելի է դրանք բաց թողնել կամ էլ անդրադառնալ դրանց ավելի ուշ:

Անհատականացված ուսումնառություն է.

Որոշ տնային դպրոցներ ինքնուրույն են մշակում ծրագրերը, որոշ դպրոցներ էլ օգտվում են պետական ավանդական դպրոցների ծրագրերից, որոշ ծնողներ էլ այնքան խստապահանջ են, որ կրկնօրինակում են ավանդական դպրոցին հատուկ դասացուցակը: Վիճակագրական հարցումները հայտնում են այն մասին, որ տնային դպրոցներում սովորողների 80%-ը հետագայում ուսումը շարունակում է համալսարանում: Հետաքրքիր դիտարկում. վերը նշված ցուցանիշին հակառակ՝ հիմնական դպրոցների բոլոր սովորողների միայն 10%-ն է իր կրթությունը շարունակում ավագ դպրոցում, իսկ հետո էլ՝ համալսարանում: Սա խոսում է այն մասին, որ տնային այլընտրանքային դպրոց են նախընտրում այն ծնողները, ովքեր ուզում են, որ իրենց երեխաները բարձրագույն մասնագիտական կլրթություն ստանան:

Ցանկացած տեղ կարող է ուսումնական պարապմունքի վայր լինել

Թանգարանները, գրադարանները, թատրոնները, ցուցահանդեսները, բուսաբանական և կենդանաբանական այգիները, խոհանոցը յուրատեսակ ընդարձակ դասասենյակներ են:    

Բացասական կողմերը

Երեխաները կարող են որոշ ուսումնական առարկաներից ակադեմիապես հետ մնալ և չկարողանալ հանձնել միջնակարգ դպրոցի ավարտական և համալսարանի ընդունելության քննությունները:

Կարող են սոցիալական շփման բացթողումներ լինել:

Ավանդական դպրոցները միայն գիտելիք և կարողություններ չեն փոխանցում երեխաներին: Մեծ շեշտադրում կա համագործակցային, թիմային աշխատանք կատարելու հմտությունների ձևավորման վրա: Սրանք հատկանիշներ են, որոնց չափազանց դժվար կլինի ձևավորել տնային դպրոցներում:

Ծնողի համար տնային դպրոցը չափազանց ծախսատար և ժամանակատար է:

Տարիներ շարունակ մի շարք ուսումնական առարկաների կրկնուսույցներ վարձելը, երեխայի հետ տարբեր ուսումնական ճամփորդությունների գնալը, սպորտային ակումբներ հաճախելը և՚ ծախսատար է, և՚ ժամանակատար:

Շտայներ Վալդորֆյան դպրոցներ

Ի՞նչ դպրոցներ են սրանք       

Այս դպրոցների առաջինը հիմնադրել է գերմանացի փիլիսոփա և բնագետ դոկտոր Ռուդոլֆ Շտայները 1919 թվականին: Այս դպրոցները նպատակ ունեն ապահովել անշտապ և ստեղծագործ ուսումնական միջավայր, որը կազմակերպվում է Շտայների տեսությունների հիման վրա՝ երեխաների զարգացման տարբեր փուլերի հաշվի առնելով: Մեծ Բրիտանիայում կա մոտ 29 Վալդորֆյան դպրոց, որոնցից չորսը ֆինանսավորվում են պետության կողմից: Ուսուցման վաղ տարիներին կենտրոնանում են խաղի և ձեռքով արվող գործունեության վրա, իսկ ֆորմալ կրթությունը սկսվում է 7 տարեկանից հետո:

Ուղղվածությունը

Շեշտը դրվում է ստեղծագործության վրա՝ մասնավորապես նկարչությամբ, երաժշտությամբ և շարժումներով, պիեսների բեմադրություններով, ձեռագործությամբ և այգեգործությամբ: Նպատակը գործնական և ակադեմիական առարկաների միջև հավասարակշռությունն է: Բոլորը սովորում են փայտագործություն, ինչպես նաև ձեռագործություն և կար ու ձև: Սովորողներն իրենք են պատրաստում իրենց երաժշտական գործիքների պատյանները և կարում իրենց վերնաշապիկները:

Մանկավարժական աշխատողները

Վալդորֆյան դպրոցը չունի տնօրեն`դասավանդողների խումբ և ղեկավար ամբիոն, որի անդամներն ամեն տարի փոփոխվում են՝ հիերարխիայից խուսափելու համար: Ուղղակի հաշվետվության բացակայությունը կարող է հիասթափեցնող լինել ծնողների համար, և ֆինանսական կառավարումն էլ այնքան հարթ չի ընթանում, ինչպես ավանդական դպրոցներում:

Michael Hall School – Մայքլ Հոլը երկրում հայտնի տիպիկ Վալդորֆյան դպրոց է: Դպրոցի ամբողջ տարածքը և դպրոցի շենքը փառահեղորեն կանաչապատված են: Կարծես կախարդական մի վայր է՝ հեռու այսօրվա իրականությունից: Դասասենյակների պատերին արվեստի գործեր են փակցված, իսկ վիտրաժային ապակիներից լուսավորվող աստիճանները շրջագծում են բնական խաղահրապարակները: Աշակե

րտներն այստեղ ընտրություն չեն կատարում արվեստի և սպորտային գործունեության միջև: Բոլոր ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցում-ուսումնառություն է ընթանում: Այստեղ հավասարապես ուշադրություն է դարձվում երեխայի ֆիզիկական, էմոցիոնալ, ինտելեկտուալ, մշակութային և հոգևոր կարիքներին: Ուսումնական ծրագիրը նախատեսված է երեխայի զարգացման տարբեր փուլերում ներդաշնակ աշխատելու համար՝ նախակրթարանային տարիքից սկսած մինչև 18 տարեկան դառնալը:

Մոնթեսորիի դպրոցները

Ուղղվածությունը

Առաջին դպրոցի (1907) հիմնադիրը  եղել է իտալացի առաջին կին բժիշկ, փիլիսոփա և մանկավարժ Մարիա Մոնթեսորին: Նրա մանկավարժական մոտեցումը երեխայի հոգու մեջ անկախության սերմանումն է. երեխ

ան դեռ վաղ տարիքից իր իսկ ընտրությամբ զբաղվում է իր անձը զարգացնող գործունեությամբ: Տարատարիք խմբերում երեխան ազատ է իր համար հետաքրքիր գործունեության ընտրության հարցում: Միացյալ թագավորությունում հիմնականում նախակրթարանային տարիքի երեխաներն են ընդգրկված այս դպրոցներում, բայց կան նաև մի քանի միջին և ավագ դպրոցներ:

Ի՞նչ կարողություններ են զարգացվում այս դպրոցներում     

Խրախուսվում է ստեղծագործական գործունեությ

ունը,ուսումնասիրությունը և խնդիրների լուծումը: Երեխաները ազատ տեղաշարժվում են դասարանում և ամբողջությամբ ներգրավված են ուսումնառության մեջ: Յուրաքանչյուր երեխա աշխատում է մի նոր բան ընկալել միայն իրեն բնորոշ արագությամբ: Մանկավարժական անձնակազմը միջամտում և օգնում է երեխաներին լուծումներ գտնել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Այստեղ` տարատարիք դասարաններում, տարիքով փոքրերը հետևում են իրենցից տարիքով ավելի մեծ երեխաների գործունեությանը և որոշ բաներ յուրացնում նրանցից: Այս մոտեցումը հիշեցնում է մեր կրթահամալիրում իրականացվող «Սովորող-սովորեցնող» նախագիծը:

Կրտսեր դպրոցականների դասասենյակի ուսումնական նյութերը փայտից են կամ ճենապակուց, որոնք սուզվում են ջրում կամ լողում դրա մակերևույթին, կապում են տարբեր առարկաներ կամ տարբեր ձևերով տեղավորվում են միմյանց մեջ: Երեխաները տառերը սովորում են՝ կտրելով դրանք հղկաթղթից և մատները սահեցնում դրանց եզրերով, իսկ թվերը ուլունքաշղթաներ են կազմում: Հիշեցնում է մեր կրթահամալիրի դպրոց-պարտեզների նախակրթարանային տարիքի խմբերի «Տառթխիկները»:

Կրթական ավելի բարձր աստիճաններում (տարրական, հիմնական, միջնակարգ) ուսուցում-ուսումնա

ռությունը ավելի շատ ծրագրային է: Սովորողներին մեկ շաբաթվա համար առաջադրանքներ են տրվում, բայց սովորողներն իրենք են որոշում, թե ինչ հերթականությամբ անեն: Նրանք պատասխանատվություն են կրում առաջադրանքները կատարելու և դրանք ուսուցչի հետ քննարկելու համար:

Երեխաները պատասխանատվություն են կրում առաջադրանքները կատարելու և դրանք ուսուցչի հետ քննարկելու գործում: Բացակայում են ֆիքսված դասաժամերով դասացուցակները, չեն տրվում նախօրոք կազմած չանձնավորված առաջադրանքներ և չեն կազմակերպվում քննություններ և թեստային ստուգումներ:

Միացյալ թագավորությունում հայտնի առանձին այլընտրանքային դպրոցներ, որոնք համարվում են գերայլընտրանքայիններ՝ այլընտրանքայինների այլընտրանքներ

Brockwood Park School - Բրոքվուդ Փարք գիշերօթիկ դպրոցը  (Բրամդին)

Ինչպես ասում է հիմնադիր, մանկավարժ և փիլիսոփա Կրիշնամուրտին․ «Կրթությունը էջի վրա գրվածը ձեր ուղեղին փոխանցելը չէ: Կրթությունը բաց

ում է ընկալման դռները դեպի կյանքի վիթխարի շարժը»: Այս դպրոցում սովորելով՝ երեխաները սովորում են ապրել և հասկանալ իրենք իրենց՝ որպես ուսումնասիրության արժանի մի բան:

Մինչև 16 տարեկանը սովորողները երեք հիմնական դասընթաց են անցնում՝ բնագիտություն, մաթեմատիկա և հումանիտար, ինչպես նաև՝ գեղարվեստ և արհեստներ: Ուսումնառությունն այստեղ միայն գործունեության ու փորձի միջոցով է: «Ես սովորում եմ մի բան, որն ուզում եմ սովորել և անում ե

մ մի բան, որն ուզում եմ անել»,-ասում է այստեղի սովորողը: Դպրոցում ընդամենը 14-19 տարեկան 75 (յուրաքանչյուր դասարանում՝ 7) աշակերտ է սովորում, բայց այն զբաղեցնում է մոտ 40 հեկտար գեղատեսիլ բնությամբ տարածք՝ իր լաբորատորիաներով, արվեստանոցներով, խաղահրապարակներով, ծաղկուղիներով ու ծառուղիներով:

Սովորողներին առաջարկվում, բայց չեն պարտադրվում IGCSE-ը (հիմնական դպրոցի միջազգային ավարտական քննություններ) և A մակարդակը (միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ): Քննությունները կարևոր են, բայց ոչ որպես իրական արժեքի կամ իրական սովորելու արտացոլում: Տարբեր նախասիրություններ ունեցող սովորողների համար ընդհանուր է միայն երկու դասընթաց՝ «հարցման ժամը» և «մարդկային էկոլոգիան»: Հարցման ժամի ընթացքում սովորողները կյանքի մասին իրենց հուզող ցանկացած հարց կարող են ուղղել իրենց ուսուցիչներին: Նրանք ազատ են նաև իրենց կարծիքներն արտահայտելու, այլ սովորողների բարձրացրած հարցերը քննարկելու գործում: Հարցման ժամի սկզբունքն է՝ արտաբերված յուրաքանչյուր խոսք պետք է «ականջ ունենա»: Մարդկային էկոլոգիայի դասընթացին քննարկվում են մարդաբանության, հնէաբանության

, սոցիոլոգիայի, կենսաբանության, տնտեսական պատմության հետ առընչվող հարցեր:

Հարցերի բոլոր քննարկումները, ամբողջ ուսուցում-ուսումնառությունը ընթանում է համագործակցության միջոցով՝ հանուն ճշմարիտի բացահայտման, այլ ոչ թե՝ հանուն մրցակցության ու հաղթանակի: Նույնիսկ ֆուտբոլ, բասկետբոլ կամ հոկեյ խաղալիս այստեղ գնահատվում և արժևորվում է գնդակի փոխանցման, հարվածի և գոլի գեղեցկությունը, այլ ոչ թե՝ ամեն գնով հաղթանակը:

Հետաքրքիր է, որ այստեղ մանկավարժական և սպասարկող անձնակազմում պաշտոնի հիերարխիա չկա: Բոլորի ձայնը լսելի է ու հարգանքի արժանի և բոլորն էլ նույն աշխատավարձն են ստանում՝ հավաքարարից մինչև տնօրեն: 

Sands School – Սենդզ դպրոցը (Քաղաք Աշբուրթոն)

Այս դպրոցին այլ կերպ անվանում են Սենդզի ժողովրդավարական դպրոց: Այստեղ չկա դպրոցի տնօրեն և որևէ պաշտոնական հիերարխիա: Դպրոցը միասին կառավարում են մանակավարժնե

րը և սովորողները: Շաբաթը մի անգամ ժողով է լինում, որտեղ քննարկվում և որոշումներ են ընդունվում դպրոցի կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի մասին: Փաստորեն, այստեղ նոր մանկավարժին աշխատանքի ընդունելու հարցում սովորողը նույնպես ձայն ունի: Բոլորն իրար հավասար են և ունեն նույն իրավունքները՝ սովորող, թե ուսուցիչ:

Առաջնային մանկավարժական մոտեցումը այս դպրոցում քննադատական մտածողության զարգացումն է: Սովորողներին, իհարկե, նախապատրաստում են GCSE-ին (հիմնական դպրոցի ավարտական քննությանը), բայց

 ամենամեծ կարևորությունը տրվում է ինքնաբացահայտմանը, անձի ինքնազարգացմանը,  երեխայի ներուժի՝ ներսում թաքնված տաղանդի բացահայտմանը: Յուրաքանչյուր սովորող ընտրում է իր կրկնուսույցին, և նրանք միասին են կազմում իրենց դասացուցակը: Ուսուցչանոց չկա, և սովորողներն ու ուսուցիչները միասին են նախաճաշում և ճաշում, շփվում իրար հետ: 

Summerhill School   Սամըհիլ գիշերօթիկ դպրոցը

(Քաղաք Լեյսթոն)

 

 

 

Տեսնու՞մ եք, որ այստեղ էլ ասֆալտ չկա:

Աշխարհի ամենահայտնի և ամենահակասական կարծիքների արժանացած դպրոցն է: Դպրոցը հիմնադրել է շոտլանդացի ապստամբ Նիլը 1927-ին: Նա ցանկացել է մի դպրոց հիմնել, որտեղ երեխաները կարող են ապրել առանց մեծահասակների ի սկզբանե տրված հեղինակության: Այս դպրոցն անվանում են՝ երեխաների ամենահին ժողովրդավարությունն աշխարհում:

75 սովորող Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից ստանում են բացարձակապես «ազատ» կրթություն: Դասերին հաճախելու որևէ պարտադրանք չկա: Դպրոցի գաղափարախոսությունը այն է, որ երեխան պետք է իր սեփական կյանքն ապրի ծնողներից հեռու և ընդունի իր սեփական որոշումները: Ծնողների սովորողի մասին հաղորդագրություն ուղարկել  կարելի է միայն սովորողի թույլտվությամբ:

Ակադեմիական գիտելիքները երկրորդական նշանակություն ունեն: Խաղը նույնքան կարևոր է, որքան առարկայական ուսուցումը: Ուսումնական առարկաներն ընտրովի են: Կիսամյակի սկզբում յուրաքանչյուր սովորողի դեռ չլրացված դասացուցակ են տալիս: Սովորողը դասացուցակը լրացնում է այնպես, ինչպես ուզում է: Ուսուցում-ուսումնառությունն ընթանում է մեկ սովորող – մեկ ուսուցիչ ձևաչափով: 17 տարեկանում սովորողները հիմնականում պատրաստ են GCSE քննությանը, բայց ոչ ոք չի պարտադրում նրանց հանձնել այդ քննությունը:

Այլընտրանքային դպրոցներ ԱՄՆ-ում

Եթե Միացյալ Թագավորությունում այլընտրանքային դպրոցներն, իրենց կրթական ծրագրերով, մանկավարժական մոտեցումներով, ավանդական դպրոցներին այլընտրանքներ են, որոնցում ակադեմիական գիտելիքների և կարողությունների կարևորությունը առաջնային չեն, սովորողներին հատուկ չեն պատրաստում հիմնական և միջնակարգ դպրոցների ավարտական քննություններին, ապա ամերիկյան դպրոցներում այլընտրանքը հիմնականում սովորող-ուսուցիչ ավելի որակյալ հարաբերությունների հաստատումն է, որտեղ ավելի փոքրաթիվ աշակերտներով դասարաններում և մեկ սովորող – մեկ կրկնուսույց ձևաչափով սովորողները հեշտությամբ են հաղթահարում գիտելիքների ստուգման ցանկացած քննություն: Ամերիկյան լավագույն այլընտրանքային դպրոցները պետության կողմից հավատարմագրված մասնավոր դպրոցներ են, որտեղ ուսման բարձր վարձավճարների դիմաց սովորողներն ավելի բարձրակարգ ուսումնական միջավայրում և սովորող-ուսուցիչ ավելի ջերմ հարաբերությունների միջոցով են ստանում իրենց կրթությունը:

Այս երկրում սովորողներն այլընտրանքային դպրոց են ընտրում հիմնականում այն պատճառով, որ չեն կարողանում դիմանալ ավանդական պետական դպրոցների լարված ուսումնական գործընթացին, կամ էլ տարբեր պատճառներով դուրս են մնացել դպրոցից:

Երկրում կան նաև կիսաայլընտրանքային (կամ կիսամասնավոր) դպրոցներ, որոնք կոչվում են չարտերային: Պետական ավանդական դպրոցների նման չարտերային դպրոցները ֆինանսավորում է պետությունը, բայց դրանք լրացուցիչ ֆինանսավորում են ստանում նաև գրանտներից, հիմնադրամներից և առանձին նվիրատվություններից:

Չարտերային դպրոցներ

Ի տարբերություն պետական ավանդական դպրոցների՝ չարտերային դպրոցները ավելի ազատ են իրենց կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ընտրության և դրանց իրականացման հարցում: Չարտերային դպրոցներում սահմանափակ է սովորողների քանակը, քանի որ այստեղ ավելի անհատականացված է ուսուցում-ուսումնառությունը՝ ըստ սովորողների կրթական պահանջների: Շատ ծնողներ կուզենային, որ իրենց երեխաները չարտերային դպրոցում սովորեին, քանի որ առանց ուսման վճարի իրենց երեխան կարող է սովորել լավագույն մասնավոր դպրոցների նման ուսումնական միջավայրում, բայց դրան խանգարող մի քանի պատճառ կա: Առաջին խանգարող պատճառն այն է, որ աշակերտական տեղերը սահմանափակ են: Երբեմն, նույնիսկ, վիճակախաղով են ընդունում սովորողներին, իսկ որոշ դպրոցներ էլ ընդունելության թեստեր են առաջարկում կամ հարցազրույցներ կազմակերպում: Երկրորդ պատճառն այն է, որ չառաջադիմող և ծույլ աշակերտին չեն պահում չարտերային դպրոցում: Դպրոցի մանկավարժական անձնակազմը շատ ուշադիր և բծախնդիր է իրենց նոր աշակերտների ընտրության հարցում, որովհետև դպրոցը կարող են փակել, եթե աշակերտները գիտելիքների արտաքին ստուգման թեստերը ձախողեն:

Չարտերային դպրոցների ցանցեր

The Knowledge and Power Program

Կրթական այս ցանցում գործում է 270 դպրոց՝ 160000 սովորողով:

https://www.kipp.org/

Տարրական դպրոցի մի օրինակ.

KIPP Northeast Elementary, Denver, state Colorado

[email protected]

Ms. Elizabeth Dillon, Principal

Թարգմանաբար ներկայացնում եմ դպրոցի կայքի «About us-մեր մասին» տեղեկատվությունը.

KIPP Northeast Elementary-ն Դենվերի հյուսիս արևելյան մասում է, որը բաց է բոլոր սովորողների համար: Մենք իրականացնում ենք սովորողների վաղ մանկության կրթությունը՝ մինչև 4-րդ դասարանը: Մեր առաքելությունն է ապահովել գերազանց, արդարացի և անկողմնակալ կրթություն, որը հնարավորություն կտա սովորողներին հավեսով սովորել, ձեռք բերել հմտություններ ու մեծ ցանկություն՝ դառնալ քոլեջի շրջանավարտներ և Դենվերի հյուսիսարևելյան համայնքի առաջնորդներ: Մեր չորս արժեքներն են՝ համայնք, սեր, աճ և արդարություն:

Կայքում բացվող այլ պատուհաններից են․

Դպրոցի օրացույցը, որտեղ նշվում են մանկավարժական աշխատողների հետ տարբեր թեմաներով առցանց հանդիպումները, ծնողների հետ առցանց հանդիպումներ, սովորողների հետ իրականացվող միջոցառումներ:

Սովորողների թիվը  - 496

Ընդունելություն - դպրոցում ընդգրկվելու համար ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններ։

Մանկավարժական մոտեցումը – ունի երեք ենթաբաժին՝ առանձին տեղեկատվություններով՝ ուսուցում և ուղղորդում։

Դեպի առաջ – այստեղ ցույց է տրվում այն ճանապարհը, որով սովորողը անցնելու է դեպի իր երազանքների իրականացումը։

Դպրոցի մասին այլ մանրամասն տվյալներ ստանալու համար կայքն այցելողը պետք է գրանցվի և իր հարցն ուղղի դպրոցի ղեկավարությանը:   

KIPP Northeast Middle School, Denver, State Colorado

https://kippcolorado.org/our-schools/kipp-northeast-denver-middle-school/

ԱՄՆ-ում հայտնի չարտերային այլ դպրոցական ցանցեր

ALPHA Public Schools,  Beacon Network Schools, Da Vinci Schools, Brooke Charter Schools

Բոլոր 101 դպրոցների և դպրոցական ցանցերի ցուցակը տրված է այս կայքում:

Ամբողջությամբ այլընտրանքային մասնավոր դպրոցներ

Stone Ridge School in RockvilleՍթոուն Ռիջի կաթոլիկ դպրոց (Քաղաք Ռոքվիլ)

Դպրոցի կայքի ամենաերևացող տեղում գրված է, որ սա երեխայի երազանքի վայրն է:

Այս դպրոցում միայն աղջիկներ են սովորում: Կրթական այս համալիրում գործում են տարրական, միջին և ավագ դպրոցները:

Տարրական դպրոցից սկսած ոչ մի պատրաստի գիտելիք չի փոխանցվում սովորողներին: Աշակերտակենտրոն ուսումնառության ընթացքում սովորողներն իրենք են հանգում հասկացությունների ձևակերպմանը՝ տարբեր գործնական հետազոտությունների, հարցադրումների ու դրանց պատասխանները գտնելու միջոցով: Մանկավարժական անձնակազմը հարգանքի, կարեկցանքի, ներողամտության և առատաձեռնության մի մոդել է, որով ղեկավարվելով՝ սովորողներն իրենք են այդպիսին դառնում:

Տարրական դպրոցի կրթական ծրագրի ուղղվածությունը ըստ դասարանների

Առաջին դասարան – յուրաքանչյուր երեխայի ինքնատիպության բացահատում և զարգացում

Երկրորդ դասարան -  երեխայակենտրոն գործունեություն

Երրորդ դասարան – խմբային, համագործակցային և անհատական աշխատանք

Չորրորդ դասարան – բազմաթիվ մանկավարժական մոտեցումներով ուսուցում- ուսումնառություն և 5-րդ դասարան անցնելու նախապատրաստություն

Միջին դպրոցում սովորողները բացահայտում են իրենց հետաքրքրությունները և ապագա կյանքի համար իրենց ներուժը:

Ուսումնական առարկաները

Լեզվի մշակույթ / Անգլերեն

Միջին դպրոցի ծրագիրը բառապաշարի, քերականության, բանավոր խոսքի, գրավոր խոսքի, ընթերցանության և հետազոտության հաջորդական ու ինտեգրված հմտությունների յուրացում է: Սովորողները սովորում են գրել մի քանի պարբերություններով շարադրություններ, կարճ պատմվածքներ, գրական երկերի վերլուծություններ անել: Յուրաքանչյուր դասարանում նրանք այլ ուսումնական առարկաների ինտեգրված բովանդակությամբ հետազոտական աշխատանքներ են կատարում: Նրանք հրճվանք են ապրում գրավոր և բանավոր ինքնաարտահայտվելու կարողությունից: 

Մաթեմատիկա

Միջին դպրոցում մաթեմատիկայի ծրագրի բովանդակությունն աճում է՝ տարրական մաթեմատիկայից մինչև նախահանրահաշիվ և հանրահաշվի առաջին մաս, որոշ դեպքերում՝ երկրաչափություն: Մեծ կարևորություն է տրվում մաթեմատիկական հմտությունների կիրառմանը՝ օգտագործելով գործնական, փորձարարական, ուսումնական միջոցներ: Մաթեմատիկայի միջոցով սովորողները մոտ բացահայտումներ անելու ցանկություն ու հրճվանք է ձևավորվում:    

Բնագիտություն 

Բնագիտությունը սովորեցնում է սիրել սեփական սխալները, քանի որ արված սխալները չկրկնելով են գտնում ճիշտ ուղին: Յուրաքանչյուր սովորողի մոտ զարգանում է քննադատական մտածողությունը այն ամենի վերաբերյալ, ինչը կատարվում է իր շուրջը: Սրան հասնելու մանկավարժական միակ ճիշտ մոտեցումը բնագիտությունը փորձարարությամբ սովորելն է: 

Հասարակագիտություն

Հասարակագիտության ծրագիրը օգնում է սովորողներին կարևոր պատմական սկզբունքները գնահատել, հասկանալ և կիրառել  ժամանակակից աշխարհի իրողությունների համար:

Օտար լեզուներ

Սովորողներն իրենց ընտրությամբ սովորում են ֆրանսերեն կամ իսպաներեն:

Կրոն

Սովորողները ձեռք են բերում քրիստոնեական վերաբերմունք, որն արտահայտվում է հարգանքի, կարեկցանքի, ներողամտության և առատաձեռնության մեջ:

Գեղարվեստ

Այստեղ մշակվում է ձայնը, խրախուսվում է զբաղվել նկարչությամբ, խեցեգործությամբ և քանդակագործությամբ:

Bronx Arena High School  Բրոնքսի Արենա ավագ դպրոց

Յուրաքանչյուր ուսանող ունի մի խորհրդատու, ով անահատապես առաջնորդում  և աջակցում է առանձին միջավայրում անհատական նպատակների սահմանման հարցում:

Boston Day and Evening Academy Բոստոնի ցերեկային և երեկոյան ակադեմիա

Անհատականացված մոտեցմամբ թվային գործիքներով աշխատող աշակերտակենտրոն ավագ դպրոց է:

Health Leadership High School in Albuquerque  Ալբուկերկեի Առողջապահական ավագ դպրոց

Առողջապահական նախագծային ուսուցմամբ ավագ դպրոց է: Դպրոցը համայնքային նշանակության առողջապահական նախագծեր է իրականացնում: Դպրոցն ավարտելուց ուսումը շարունակում են համալսարանում և դառնում առողջապահության ոլորտի մասնագետներ:

Liberty Academy, Կանզաս Սիթիի Ազատության ակադեմիա

Սովորողների նախասիրությունների վրա հիմնված 6-շաբաթյա նախագծեր իրականացնող ավագ դպրոց է: Նախագծերն իրականացնում են Կանզաս Սիթիի համայնքային տարբեր գործընկերների հետ: 

Fusion Academy Միջին և ավագ այլընտրանքային դպրոցների ցանց է, որը գործում է 19 նահանգներում: Ֆյուժն ակադեմիան համարվում է Միացյալ Նահանգների ամենահետաքրքիր այլընտրանքային դպրոցներից մեկը։

Դպրոցն առաջարկում է մեկ աշակերտ – մեկ ուսուցիչ ձևաչափով առկա, առցանց կամ հիբրիդային ուսուցում-ուսումնառություն:

Ամերիկյան Education Alternatives – «Կրթական այլընտրանքներ» կրթահամալիրը մի քանի այլընտրանքային կրթական ծրագրեր է իրականացնում Օհայոյի նահանգում գործող իր դպրոցներում, որոնք նախատեսված են առողջական և կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Վերջաբան

Այլոց փորձի երկշաբաթյա իմ ուսումնասիրության ավարտին կարող եմ ասել, որ ամերիկյան չարտերային դպրոցների մոդելը ֆինանսավորմամբ, ճկուն ուսումնական պլաններով և ազատ կազմված առարկայական ծրագրերով, որոշ առումներով նման է մեր կրթահամալիրին: Ե՚վ չարտերային դպրոցները, և՚ մեր կրթահամալիրը ֆինանսավորվում են պետության կողմից: Ե՛վ չարտերային դպրոցները, և՛ մեր կրթահամալիրն ունեն նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ, այդուհանդերձ, մեր կրթահամալիրը որպես առաջնահերթություն չի դիտում սովորողների ակադեմիական գիտելիքների և կարողությունների թեստային ստուգումները: Չարտերային դպրոցների նման սովորողների հետ պայմանագրերը չեն լուծվում՝ ելնելով տարբեր առարկաներից նրանց թեստային գնահատականներից: Մեզ մոտ ուսուցումը նախագծային է՝ ինչպես ամերիկյան մի քանի այլընտրանքային դպրոցներում, և առաջնահերթություն է տրվում ստեղծականությանը, քննադատական կարողություններին, ինքնաարտահայտման կարողություններին և մեդիագրագիտության զարգացմանը, հատուկ կարիքով երեխաների ուսուցմանը, օտար լեզուների և գեղարվեստի ուսուցմանը ՝ ըստ նախասիրությունների, ինչպես Միացյալ Թագավորության և ամերիկյան այլընտրանքային որոշ դպրոցներ են անում: Ամերիկյան ամենահայտնի այլընտրանքային «Ֆյուժն ակադեմիա» միջին և ավագ դպրոցների կրթական ցանցի նման մեր կրթահամալիրի դպրոցներում իրականացվում է առկա, առցանց-հեռավար և հիբրիդային ուսուցում: Այս հարցում մեր կրթահամալիրը նույնիսկ առավելություն ունի՝ իր բլոգային ուսուցում-ուսումնառության շնորհիվ:   

Մի մեծ տարբերություն էլ կա մեր կրթահամալիրի և անգլիական ու ամերիկյան բոլոր չարտերային և այլընտրանքային դպրոցների միջև․ մեր կրթահամալիրը բաց կրթական համակարգ է ամբողջ աշխարհում՝ իր եզակի կրթահամալիրային կայքով:     

Համացանցից օգտագործվել են հետևյալ աղբյուրները

The Good Schools Guide

Forest Schools

Home Education

Montessori Schools

Steiner-Waldorf schools

The 'alternative' alternatives

Understanding Charter Schools vs Public Schools

Five differences between public and charter schools

11 alternative schools that are real alternatives

Charter School

Charter Schools in the USA

The Knowledge and Power Program

KIPP Northeast Middle School, Denver, State Colorado

Bronx Arena High School

Boston Day and Evening Academy

Health Leadership High School in Albuquerque

Liberty Academy,

Fusion Academy

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский