Ձմեռային ազգագրական փառատոն․ ճանաչում ենք Մշո բարբառը
Primary tabs
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով սահմանված յուրաքանչյուր ստուգատես, փառատոն կամ ընդգրկուն նախագիծ դասավանդողի համար անհետք չի անցնում։ Գործընկերներս էլ կփաստեն, որ աշխատանքներն ամփոփելուց հետո էլ՝ օրերի վազքի մեջ, երբ արդեն միտքդ կլանված է նոր մտահաղացումներով, դեռ մի երկար ժամանակ մտովի շարունակում ես անդրադարձ անել արդեն ամփոփած նախագծիդ, նորից ու նորից վերանայում ես արածդ, իսկ եթե այնպես է պատահում, որ սովորողների հետ զրույցներում էլ հանկարծ պարզում ես, որ նրանք էլ դեռ երկար ժամանակ մնում են նախագծի տպավորության տակ, կարոտում են ստեղծագործական հավես վիճակները, հասկանում ես, որ նախագիծդ կայացել է, ու ձեռքբերումդ ոչ միայն արդյունքի՝ «պրոդուկտի» տեսքով է հաջողել, այլև սովորողն իր համար մի նոր աշխարհ է բացահայտել, որից այնքան էլ հեշտ չէ կտրվելը։ Այսպես եղավ ուսումնական երկրորդ շրջանում՝ ձմեռային ճամբարի ժամանակ, երբ ազգագարական փառատոնի ստուգատեսային օրերին Քոլեջի սովորողների հետ ուսումնասիրում էինք Մշո բարբառը։ Բայց սկսեմ մի քիչ ավելի հեռվից։
Այս տարի ազգագրական փառատոնի ուսումնասիրության թեման հայկական պարն էր։ Պարից հեռու մարդ լինելով՝ իբրև մայրենիի ուսուցիչ՝ որոշեցի ձմեռային ճամբարի աշխատանքներն այնպես կազմակերպել, որ ուսանելի ու հաճելի լիներ ոչ միայն սովորողի, այլև, ինչո՞ւ չէ, նաև ինձ համար։ Միանշանակ գիտեի, որ այս տարի էլ, իբրև «Բարբառներ ակումբի» մասնակից, ընտրությունս բարբառային գործունեությունը պիտի լիներ, ասպարեզ, որտեղ մայրենիի ուսուցչի համար ուսումնասիրելու, հետազոտելու, ինչու չէ, նաև սովորելու, սեփական ինքնության արմատներին վերադառնալու, մոռացումից փրկելու ու այսօրվա սերնդին փոխանցելու ազգագարական անսպառ նյութ կա, ու եթե անցյալ տարի մատչելիության սկզբունքով առաջնորդվելով՝ հայացքս կանգ էր առել Արարատյան բարբառի ուսումնասիրության վրա, այս անգամ հստակ որոշել էի ընտրել նաև ինձ անծանոթ մի բարբառ՝ Մշո բարբառը։ Պիտի խոստովանեմ, որ այս բարբառի իմացությունս սահմանափակվում էր ուսանողական տարիներին մեր անմահ էպոսի՝ «Սասնա ծռերի»՝ Մշո բարբառով մի քանի տարբերակների ընթերցմամբ ու, իմ կարծիքով, բավարար ընկալմամբ։ Ասել է թե, ես էլ Քոլեջի իմ սովորողների հետ հավասար պիտի հետազոտեի, ճանաչեի ու ինձ համար բացահայտեի այս հրաշք բարբառը։ Ուստի հենց այդպես էլ կոչեցինք նախագիծը՝ «Ճանաչում ենք Մշո բարբառը»։
Նախագիծն սկսելուց առաջ՝ օրեր շարունակ, ուսումնասիրում էի «Հայ ժողովրդական հեքիաթների» 10-րդ հատորը, որն ընդգրկում է Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի կամ «Տարոն աշխարհի» Մուշ-Բուլանըխ գավառների հեքիաթ-զրույց-առակների հրաշք բնաշխարհը։ Ի բնե բանաստեղծական ու ասացողական ձիրքով օժտված լինելով՝ «Տարոն աշխարհի» հայ մարդն իր պատկերավոր մտածողությամբ ու խոսքի հուզականությամբ դարեր շարունակ հարստացրել է մեր բանավոր ստեղծագործությունը վիպական հրաշալի դրվագներով, իմաստուն հեքիաթ-առակ-զրույցներով, իսկ հատորում տեղ գտած նյութերnն անվանի բանահավաք, մանկավարժ Սահակ Մովսիսյանի (մականունը՝ Բենսե) երկար տարիների բանահավաքչական անխոնջ աշխատանքի անդյունքն են։
Նախագծի իրականացմամբ մեր առջև նպատակ էինք դրել․
- յուրացնել Մշո բարբառը
- հետաքրքրություն խթանել բարբառների հանդեպ
- փոխանցել, տարածել այն՝ որպես ազգային մշակույթ
- ձևավորել, զարգացնել լեզվական հմտություններ։
Մանկավարժական իմ բլոգում նախապես առանձնացրի կարդալիք հեքիաթ-առակ-զրույցերը, մշակեցի նախագծի աշխատանքային հնարավոր ուղղությունները, իսկ ձմեռային ազգագրական ճամբարի հենց առաջին օրը համացանցից, google maps-ից օգտվելով՝ որպես ազգագրության կարևոր բաղադրիչ, սովորողների հետ նախ ծանոթացանք «Տարոն աշխարհի» պատմաաշխարհագրական տեղանքին, Մուշ-Բուլանըխ լեռնազանգվածի՝ սառնորակ աղբյուներով հարուստ բարձր գագաթներին (Սիփան, Գրգուռ, Նեմրութ), ապա՝ գետերին ու վտակներին (Արևելյան Եփրատ՝ Արածանի, Մեղրագետ կամ Մուրադ գետ), ճանաչեցինք այս գավառների հայ մարդու կենցաղի ու զբաղմունքի ձևերը։
Նախագիծն իրականացնելու աշխատանքային երկու փուլ էինք առանձնացրել։ Առաջին փուլում Քոլեջի սովորողների հետ մի շարք աշխատանքներ պիտի իրականացնեինք՝ հեքիաթների, առակների ընտրություն, ընթերցումներ, դժվարըմբռնելի և բարբառային բառերի յուրացում, բառարանային աշխատանք, բարբառից գրական հայերեն գրավոր փոխադրումներ, տեսաֆիլմերի ու ձայնագրությունների պատրաստում, հրապարակում Մշո բարբառին բնորոշ քերականական ձևերի, լեզվական առանձնահատկությունների ուսումնասիրում (Նախագիծն՝ արդյունքներով)։
Ամենասկզբից դժվարությունները շատ էին, հաճախ էին այն միջադեպերը, երբ սովորողները կարդացածից ոչինչ չէին հասկանում։ Բայց սեփական փորձով առաջնորդվելով՝ համոզում էի, որ շատ կարդալու արդյունքում սովորողը, ասես կախարդական փայտիկի զորութամբ, հայտնվում է բարբառի բարենպաստ ազդեցության ներքո, յուրատեսակ հարազատ միջավայրում, որից հետո ընկալունակությունը նկատելիորեն բազմապատկվում է։ Սա այն մանկավարժական «փոքրիկ հայտնագործություններից» մեկն է, որ այդ օրերին հնարավություն ունեցա իմ սեփական փորձով բացահայտելու։ Այսպիսի բացահայտումներ էլի եղան։ Բայց ամեն ինչ՝ իր հեթին։
Երկրորդ փուլում, որ հետո զուգահեռվեց առաջինին, «Սովորող-սովորեցնող» նախագծով հեքիաթներ ընթերցեցինք կրթահամալիրի նախակրթարաններում։ Ասեմ, որ առաջին փուլն իրականացնելիս Քոլեջի սովորողների մեջ միանագամից առանձնացավ մի փոքրիկ խումբ, ում համար հեքիաթը, հեքիաթային աշխարհը, բարբառն ու «բարբառի հմայք» ասվածն իր էության խորունկ մասնիկն էր, իր տարերքը։ Լիանան, Արմանուշը, Հասմիկը, Մերին, Թամարը, Ալինան, հիրավի, այն նվիրյալ ուսանողներն էին, որոնց գրավիչ, համուհոտով ընթերցումների շնորհիվ հնարավոր դարձավ գրավել Արևելյան, հետո նաև՝ Քոլեջի ու Արևմտյան դպրոցի մեր տարատարիք փոքրիներին։ Պիտի խոստովանեմ, որ հեքիաթով ու բարբառով ոգևորվածների այս խումբը վարակեց ու իր հետևից տարավ նաև Քոլեջի իր համակուսեցիներից շատերին, որոնք սկզբից մի տեսակ վախվորած ու առանձնացած կեցվածք էին որդեգրել բարբառն ուսումնասիրելիս։ Տեսնել էր պետք, թե մեր աղջիկներին ինչքան էր ոգևորել «Սովորող-սովորեցնող» նախագիծը, պարապմունքից պարապմունք՝ փոքրիկների հետ դասը վարելիս, ինչ համարձակ ու ինքնավստահ էին դառնում նրանք, դասավանդողական ինչ պստլիկ հմտությունններ էին դրսևորում, հայտանգործում։ Այսպես՝ եթե առաջին անգամ Արևելյան դպրոցում Հռիփսիմե Առաքելյանի 3-րդ դասարանում հեքիաթներն ընթերցելիս բարբառային անծանոթ բառերն ու դրավագները բացատրելու համար աղջիկները հայցում էին իմ միջամտությունը, ապա Քոլեջի 5 տարեկանների, հետո նաև Արևմտյան դպրոցի Արմինե Աբրահամյանի 4-րդ դասարաններում այնպես էին նախապատրաստվել ու այնքան հմտացել, որ ես հայտնվել էի ունկնդրի երանելի կարգավիճակում։ Մի հետաքրքիր դրվագ ևս․ թե՛ աղջիկները, թե՛ ես հեքիաթների 10-րդ հատորից նախապես ընտրում էին դասարանում կարդալիք հեքիաթները։ Բայց աղջիկներին միշտ այնպես էր թվում, թե դիմացինի կարդացած հեքիաթն «ամենալավն» է ընտրածներից, ու հաջորդ անգամ խնդրում էին, որ փոխանակենք հեքիաթները։ Իբրև նախագիծն իրականացնող ուսուցիչ՝ սա ինձ ամենամեծ բերկրանքն էր պատճառում։ Չէ՞ որ այսկերպ սովորողը ոչ թե մի հեքիաթ էր պատրաստում, այլ գործ էր ունենում ավելի շատ հեքիաթների հետ, խորամուխ էր լինում, ընթերցում, առանձնացնում բարբառային բառերը, յուրացնում այդ բառերի իմաստները, որ կարողանա փոքրիկներին բացատրել, մի խոսքով՝ դասի էր պատրաստվում։ Իհարկե, վրիպումներ, բացթողումներ լինում էին, բայց մեր սկսնակ «ուսուցիչները» շատ ոգևորված էին։ Վստահեցնում եմ, որ ինձ համար՝ որպես մայրենիի ուսուցչի, հրճվանքի, սքանչանալու ավելի մեծ աղբյուր, քան ընթերցանության հանդեպ հետաքրքրություն դրսևորող աշակերտն է, չկա, անշուշտ։
Հետազոտող ուսուցչի համար շատ կարևոր է նաև իր սովորողների մեջ, կարդալուց զատ, ուսումնասիրելու, գլխի ընկնելու, հետազոտելու երակը բացահայտելը։ Ընթերցումների, գրավոր փոխադրումների ժամանակ հարկ էր լինում սովորողների ուշադրությունը հրավիրել Մշո բարբառի՝ հաճախ հանդիպող լեզվական հետաքրքիր երևույթների վրա։ Ահա բարբառին բնորոշ քերականական մի երևույթ․ գրական հայերենի հետադրություն կապերը Մշո բարբառում իբրև նախադրություն են գործածվում, օրինակ՝ «մինակ էդի կուզիմ մըջ աշխարհքին», «զմեր ահագին օսկիք բաժնած ին վըր յիրարու» և այլն։ Կամ եզակի ենթակայի հետ հոգնակի ստորոգյալ է գործածվում, օրինակ՝ «Լա՛ո, դու զէնի չըս է՛րերի, ինչ ես գուզենք», «Ես քըզի գուզենք հասկըցու, օր․․․» և այլն։ Ուսուցչի համար իսկական ինտելեկտուալ հաճույք, բերկրանք են այն պահերը, երբ սովորողը՝ ինքն էր հայտնագործում, առանձնացնում բարբառի նման յուրահատկությունները։ Դե, իսկ եթե նա կարողանում է նաև մտքերն ի մի բերել ու որոշ աղբյուրներից օգտվելով՝ քերականական այդ յուրահատկությունների շուրջ հետազոտական աշխատանք ներկայացնել, ապա սա հենց այն ամենա․․․ ամենա-ն է, որ ուսուցիչը կարող է ակնկալել իր սովորողից (հետազոտական աշխատանքները տե՛ս նախագծում)։
Երբ նախագծի ավարտին սովորողներն ամփոփում էին իրենց տպավորությունները, Արմանուշ Ղազարյանն իր բլոգում խոստովանել էր․ «Ես կուզեի ժամանակը հետ պտտել, և նորից լիներ հունվար ամիսը, քանի որ հունվարը տարբերվում էր մնացած ամիսներից»։ Իսկ նախագիծն ավարտելուց հետո՝ օրեր անց, որպես «Սովորողի անհատական նախագիծ», նա որոշել էր իր ընթերցմամբ ձայնագրել «Աղքատի այծը» հեքիաթը Արցախի բարբառով ու տեսանյութ պատրաստել։ Քոլեջի «նախադպրոցական ուսուցում» մասնագիտությունն ընտրած մեր մյուս ուսանողուհին՝ Հասմիկ Խաչատրյանը, ճամաբարային գործունեության անմիջական տպավորությունների տակ այցելել էր իրենց գյուղի՝ Խաչփառի միջնակարգ դպրոց և ուսուցչի խնդրանքով 3-րդ դասարանցիների համար Մշո բարբառով բաց դաս կազմակերպել՝ պատմելով ու քննարկելով մեր կարդացած «Գեղով ծուռ» հեքիաթը (տե՛ս տեսանյութը)։
Ազգագրական փառատոնի օրերին բարբառներով զմայլված սովորողների մեր փոքրիկ խումբը մասնակցեց Ավագ դպրոցի՝ Համշենի բարբառին նվիրված հաշվետու կլոր սեղանին և ունկնդրեց օրվա հյուրին՝ համշենագետ Սերգեյ Վարդանյանին։
Վստահ եմ, որ Ձմեռային ազգագրական փառատոնը տարեցտարի նոր լուծումներ ու ընդգրկումներ է ունենլու, որը կրթահամալիրի սովորողի համար նոր գործունեության ու բացահայտումների շարժառիթ կլինի։
- Բացվել է 1215 անգամ