Կրթությունը Ֆրանսիայում. այլընտրանքային դպրոցները Ֆրանսիայում դեռևս հետ են մնում
Primary tabs
Փորձագետը պնդում է, որ Ֆրանսիան դասվում է Եվրոպայի այն երկրների շարքին, որոնք հազվադեպ են առաջարկում կրթության այլընտրանքային ձևեր, չնայած որ իրավիճակը կարծես փոքր-ինչ փոխվում է՝ ծնողների պահանջարկի աճով պայմանավորված։
Լիլ դը Ֆրանսի համալսարանի գիտաշխատող Մարի-Լոր Վիոն արդեն 23 տարի է, ինչ զբաղվում է այլընտրանքային դպրոցների ուսումնասիրությամբ։ Նա փաստում է, որ Ֆրանսիայում կան մոտ 300 Մոնտեսորի, 22 Վալդորֆ Շտայներ և 21 Ֆրեյնի դպրոցներ, ինչպես նաև տարբեր կրթական մեթոդներ համատեղող մի շարք դպրոցներ։
Մարի Լոր Վիոն նշում է, որ վերջին 15 տարիներին փոփոխություններ են եղել, բայց Ֆրանսիան դեռևս շատ հետ է մնում։
«Վերջին 15 տարվա ընթացքում այլընտրանքային դպրոցների տոկոսն աննշան աճ է գրանցել… Ֆրանսիայում դրանք ավելի քիչ են, քան Եվրոպայի մեծ մասում։ Կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ ֆրանսիական մշակույթում կրթությունը հիմնված է այն նախադրյալի վրա, որ դպրոցը պետք է ապահովի միանման և հավասար կրթություն բոլորի համար: Կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում… Աշխարհում կան շատ քիչ երկրներ, որտեղ շատ դժվար է զարգացնել այլընտրանքային դպրոցներ, և Ֆրանսիան նրանցից մեկն է»։
Պետական դպրոցներում ուսուցիչներին թույլատրվում է այլընտրանքային մեթոդներ կիրառել, մինչդեռ աշակերտները շարունակում են հետևել պետական ուսումնական ծրագրին: Տիկին Վիոն շարունակում է, որ հանրային ոլորտի ուսուցիչները շատ ավելի բաց են նոր գաղափարների համար, քան նախկինում, ինչն էլ նպաստում է դպրոցներում փորձարարական դասերի թվի ավելացմանը։ Սակայն վարչական տեսչական մարմինը հազվադեպ է աջակցում նրանց, այդ իսկ պատճառով այդ ուսուցիչները հաճախ ընկնում են հուսահատության մեջ և վհատվելով հանձնվում:
Մասնավոր հատվածում, ըստ տիկին Վիոյի, վերջին տարիներին դպրոցների թիվը եռապատկվել է:
Գոյություն ունեն երկու տեսակի մասնավոր դպրոցներ՝ ենթապայմանագրային և արտապայմանագրային։
Ենթապայմանագրային հաստատությունները համաձայնագիր են կնքում պետության հետ և ֆինանսավորում ստանում։
Իսկ արտապայմանագրային դպրոցները տեսչական մարմնի ստուգման են ենթարկվում, բայց իրենց հայեցողությամբ քիչ թե շատ կարող են կիրառել այլընտրանքային մեթոդներ, քանի դեռ դրանք ընդգրկում են հիմնական առարկաները: Նրանք չեն ստանում պետական ֆինանսավորում. այլընտրանքային դպրոցները պետք է լինեն արտապայմանագրային և, հետևաբար, նաև վճարովի։
Այլընտրանքային դպրոցների մեծ մասին բնորոշ է այն, որ աշակերտները իմաստ են տեսնում իրենց կրթության մեջ և հաճույք ստանում դրանից։ Շատերը նաև անում են հնարավոր ամեն բան, որ յուրաքանչյուր երեխայի անհատականությունը և ուսման հանդեպ սերը պահպանվի։
Առավել տարածված այլընտրանքային դպրոցների թվում են Մոնտեսորի դպրոցները, որոնք խուսափում են երեխայի բնական շահերի ու հետաքրքրությունների զարգացման համար ֆորմալ ուսուցման մեթոդներից:
Ֆրեյնի մեթոդները, մինչդեռ, հիմնականում օգտագործվում են հանրային դպրոցներում: Համակարգը մշակվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի ստեղծի քննադատական հայացքներ ունեցող քաղաքացիներ, որոնք ունակ կլինեն աշխատելու միասին՝ աշխարհը փոխելու համար: Խմբի ծրագրերը առաջնային տեղ են զբաղեցնում։
Ժողովրդավարական դպրոցներում աշակերտներն իրենք են պատասխանատվություն ստանձնում` ինչ դասընթացներ ընտրել ու որոնց հաճախել։ Ֆրանսիայում 2014 թ․ հիմնադրված այդպիսի դպրոցների թիվն այժմ հասել է 50-ի :
Անտառային դպրոցների պարապմունքները մեծամասամբ անցկացվում են բնության գրկում: Արդեն մոտ երկու տարի է, ինչ այսպիսի դպրոցներ կան Ֆրանսիայում, և համարվում են ամենանորաձևը։
Շտայների մեթոդը կիրառող շատ քիչ դպրոցներ կան, իսկ ահա շատ կրթական հաստատություններ էլ ուսուցումը կազմակերպում են տարբեր մեթոդների համադրությամբ։ Լուրջ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլընտրանքային մեթոդները կարող են շատ ավելի լավ նպաստել բարեկեցությանը, բռնության, սթրեսի նվազեցմանը և ակադեմիական արդյունքների բարելավմանը։ Սակայն, նա առաջարկում է, որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այլընտրանքային կրթությամբ, նախ և առաջ պետք է խոսեն ուսուցիչների հետ․ «Ես եղել եմ բազմաթիվ դպրոցներում, և շատ կարևոր է, որ ուսուցիչը բարեհամբույր լինի, ժպտա և լսի։ Կայքում նկարագրված միևնույն նախագիծը կարող է լիովին այլ կերպ իրականացվել դասարանում»:
- Բացվել է 775 անգամ