Կենդանի մայրենին՝ կենդանի ուսուցմամբ
Primary tabs
Հանրակրթական համակարգում մայրենին հատուկ հոգածության կարիք ունի: Ոչ միայն այն պատճառով, որ այն կրթության համակարգում հիմնական գործոններից է՝ որպես ուսուցման գործիք, այլև որպես մեր մշակույթի կարևորագույն մաս, ինքնարտահայտման և ինքնահաստատման ավելի հաճախակի գործածվող միջոցներից մեկը:
Մայրենի ասելով, չգիտեմ որ հիմնավորմամբ, հասկանում են նախևառաջ գրական հայերենը, այն էլ ՝ միայն արևելահայերենը: Կարծես ժամանակակից գրական հայերենի մյուս ճյուղը՝ արևմտահայերենը, հենց որպես գրական հայերեն, գոյություն չունի, չի եղել, չկա: Կարծես մեր իրականության մեջ արևմտահայերենը մեր մի մեծ զանգվածի գրավոր և բանավոր խոսքի լեզուն չէ: Մեր մայրենիի կարևորագույն բաղկացուցիչներն են նաև գրաբարը և բարբառները: Այսինքն՝ ամբողջական մայրենին իր մեջ ներառում է գրաբարը, բարբառները, ժամանակակից գրական հայերենն իր երկու ճյուղերով՝ արևելահայերենն և արևմտահայերենը:
Թե հանրակրթական պետական ծրագրերում այսօր ինչպե՞ս է արտահայտված մայրենին իր այս բաղկացուցիչներով, չեմ ուզում խոսել: Խոսեմ ամբողջական մայրենիի ուսուցման մասին մեր այլընտրանքային՝ հեղինակային ծրագրերում: Արևմտահայերենի ուսուցման մասին խոսել եմ նախորդ հոդվածում:
Հիմա խոսեմ գրաբարի մասին: Մենք կարևորում են գրաբարի ուսուցումը հանրակրթության մեջ: Նախ՝ գրաբարի ուսուցումը նպաստում է լեզվազգացողության զարգացմանը: Լեզվական շատ կաղապարներ՝ ամենատարբեր բովանդակային ձևափոխումներով, եկել հասել են մեր օրերը, և լեզվական երևութների համեմատության հնարավորություն են ստեղծում, լեզվական կառույցների համեմատությունների, ուսումնասիրությունների, հետազոտությունների հնարավորություն ընձեռնում: Գրաբարը հայոց լեզվի, գրականության ուսումնական ծրագրերում իր պատշաճ տեղն ունի նաև այն պարզ պատճառով. որ գրաբարով բարձրարժեք գրականություն է ստեղծված, և այդ գրականությունից բնագրով ընտրված հատվածները լիովին հասանելի և մատչելի են սովորողներին: Կարևոր է, որ սովորողին գրաբարն այնպես ներկայացվի, որ սովորողը գրաբարն ընկալի որպես մայրենի լեզու, չմոտենա նրան որպես օտար լեզվի: «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» բառարանի ուսումնասիրությունը և մեր աշխարհաբարի հետ բառային համեմատական աշխատանքը մեծապես կնպաստի գրաբարի այդպիսի ընկալմանը: Սովորողներին պետք է առաջարկել կարդալ և փորձել հասկանալ փոքրիկ նախադասություններ, հատվածներ: Նրանք պետք է տեսնեն, որ գրաբարը մեր մայրենին է և շատ բան հասկանալի է ՝ առանց մեծ դժվարություններ ստեղծելու: Ահա «Երգ երգոցից» մի քանի տող. «Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ»: Սովորաբար սովորողները ոչ մի դժվարություն չեն ունենում, հասկանալի են բոլոր բառերը, հիմնականում նաև՝ քերականական կառույցները: Քերականական ձևերի մի քանի բացատրություն, և հատվածը կարելի է ճշգրիտ փոխադրել արևելահայերեն: Դասական ուղղագրությունն էլ գրաբար տեքստերը կարդալու համար խնդիր չեն առաջացնում: Դասական ուղղագրության կանոններն էլ անհաղթահարելի չեն: Ի վերջո, դասական ուղղագրությունը չպե՞տք է հաղթահարվի, դառնա ընկալելի, ոչ օտար, հասանելի մի բան:
Մենք համոզված ենք, որ գրաբարով ստեղծված գրականությունը, փոխադրվելով աշխարհաբար, կորուստներ է ունենում՝ որպես գրական արժեք: Այնպես որ, գրաբարյան լավագույն գրականության լավագույն հատվածները կարելի է և պետք է բնագրով կարդալ:
Գրաբարի հանրակրթական ծրագրերում ներառելու մյուս ծանրակշիռ փաստարկը հոգևոր գրականության ընկալումն է՝ հոգևոր երաժշտությունն իր շարականներով, եկեղեցական արարողությունները։
Եթե նկատի ունենանք, որ այսօր մեր եկեղեցական բոլոր արարողակարգերը կատարվում են գրաբար, ապա առաջնահերթ է դառնում գրաբարի հանրակրթական ուսուցումը։ Կրթությունը կյանքից դուրս, կյանքից կտրված լինել չի կարող։ Սովորողի ականջին անընդհատ հնչելու է գրաբարյան խոսքը՝ կրոնական տարբեր ծիսական արարողությունների ժամանակ՝ որպես շարական, ամուսնության, մկրտության, թաղման ծիսական խոսք...
Մեր այլընտրանքային ծրագրում գրաբարի ուսուցումը կատարվում է նաև շարականների ուսուցմանը զուգահեռ: Ամենուրբաթյա ուսումնական ժամերգությունը սովորողներին հնարավորություն է տալիս գործնականում գործածել իրենց սովորած գրաբարը: Շարականի լեզուն մայրենիի ուսումնական պարապմունքներին դառնում է ուսումնական նյութ:
Արևմտահայերենն ու բարբառները նույնպես մայրենիի բաղկացուցիչներ են:Նախ՝ արևմտահայերենն արդեն Հայաստանում ապրող մարդու համար միայն արևմտահայ գրականության լեզուն չէ։ Այն ավելի ու ավելի շատ է դառնում նաև հաղորդակցման լեզու, քանի որ մեր շատ հայրենակիցներ սփյուռքից տարբեր պատճառներով ավելի ու ավելի հաճախ են վերադառնում հայրենիք։ Հանրակրթությունն այդ փաստը չի կարող և չպետք է շրջանցի։ Եվ եթե դրա հետ միասին էլ ընդունենք, որ արևմտահայ գրականությունը հայ գրականության անքակտելի մասն է կազմում, նույնքան արժեքավոր և բարձրարվեստ, որքան արևելահայ գրականությունը, կտեսնենք, թե արևմտահայերենի ուսուցումը հանրակրթության մեջ որքան արդիական է և կարևոր։
Բարբառների դերը մայրենիի ուսուցման մեջ չի կարելի անտեսել։ Նախ՝ հայ գրականության մի բաժինը՝ բանահյուսությունը, հիմնականում բարբառային է։ Ինչպե՞ս կարդանք էպոսը առանց բարբառներն ընկալելու կարողության: Մեր ծեսերում գործածվող բառ ու բանի, երգ ու պարերգի լեզուն նույնպես բարբառային է: Եվ եթե հեղինակային կրթական ծրագրում ծեսերը օրացուցային-ուսումնական են, հասկանալի է, որ առանց բարբառային բառ ու բանի իմացության՝ դրանք իրականացնել հնարավոր չէ: