Ընտանեկան դպրոցի նախագծեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մարտ ամսին մշակել է ընտանեկան կրթության ուղեցույց, որն ունի չորս կարևոր բաղկացուցիչ։

Ուզում եմ խոսել այդ բաղկացուցիչներից մեկի՝ ընտանեկան նախագծերով ուսուցման մասին։ Նախագծեր, որոնք առաջարկում են սովորողը, ընտանիքը։ Սա աշխատանք է, որտեղ ծնողը, սովորողը հեղինակում են որևէ նախագիծ և դառնում կատարողը, իսկ բնակարանը վերածվում է …

Ընտանեկան ստեղծագործական երևակայությունն այստեղ շատ կարևոր է։ Ընտանիքը հավանաբար չի էլ կռահում կամ գուցե նկատում, որ որևէ նախագիծ առաջարկելիս իր առջև դնում է բազմաթիվ խնդիրներ ու նպատակներ՝

  • ինքնակրթություն,
  • ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածություն,
  • ընտանեկան կրթության կազմակերպում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում,
  • անկաշկանդ խոսելու, բանավոր խոսքի զարգացում,
  • ուսումնասիրման շրջանակների ընդլայնում,
  • մեդիահմտությունների զարգացում,
  • ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում և այլն։

Մի գեղեցիկ առաջարկ-նախագծով հանդես եկան ընտանիքները։ Ըստ առաջարկի՝ սովորողները պիտի  առցանց-հեռավար ճամփորդություն կատարեին ոչ միայն աշխարհի գրադարաններ, թատրոններ, թանգարաններ ու պատկերասրահներ, այլև ընտանեկան գրադարաններ, թատրոններ, պատկերասրահներ, համերգասրահներ ու ջերմոց-լաբորատորիաներ։

Առաջին հրավերը եկավ Աբրահամյան  Արենի ընտանիքից։ Արենը մեզ հրավիրեց իր բնակարան-համերգասրահ՝ ունկնդրելու ընտանեկան դաշնամուրային համերգի։ Այսինքն՝ բնակարանը նրանց առաջարկով վերածվեց համերգասրահի։ Նախօրոք Արենը պատրաստել էր համերգի հրավիրատոմս և տեղադրել բլոգում։ Նախապես տեղեկանալով համերգի օրվա և ժամի մասին՝ բոլորով միացանք տեսակապով ու հյուր գնացինք «Աբրահամյաններ» բնակարան-համերգասրահ։

Թեև փոքրիկ, բայց անչափ հետաքրքիր համերգ ստացվեց, իսկ մենք էլ՝ ակնդիր-ունկնդիրներս, մեծ բավականություն ստացանք: Համերգի ավարտին էլ հնչեցին առցանց ծափահարություններ…
Տոնական, ընտանեկան մեկ այլ նախագծով հանդես եկան սովորողներից մի քանիսը: Մենք հյուրընկալվեցինք միմյանց։ Նրանք իրար պատմեցին տոնական սեղանների պատրաստությունների մասին, միմյանց հետ առցանց մրցախաղեր կազմակերպեցին՝ ձուկռվոցի, ձուպտտոցի, որն էլ մեծ հրճվանք պատճառեց բոլորիս։

Հաջորդ հեռավար ճամփորդություն-հրավերի հեղինակը Ջհանգիրյան Էրիկի ընտանիքն էր։ Նա մեզ նույնպես հրավիրատոմս ուղարկեց՝ այցելելու բնակարան-գրադարան, ծանոթանալու իր գրքերի մեծ աշխարհին։ Էրիկը մեզ ընդունեց իրենց տանը նշված ժամին ու մայրիկի հետ ներկայացրեց իր բնակարան կամ սենյակ-գրադարանը։ Նրա մեծ գրադարանը հիացրեց մեզ։ Կարևոր է ոչ միայն այդքան գրքեր ունենալը, այլև բոլորը կարդալը։ Էրիկը մեզ մեկ-մեկ ներկայացրեց բոլոր գրքերը՝  իրենց պատմություններով։

Երրորդ հրավիրատոմսը մեզ ուղարկել էր Վարդապետյան Մարինայի ընտանիքը։ Հետաքրքիր հրավեր էր՝ երկուսը մեկում՝ բնակարան-պատկերասրահ ջերմոց-լաբորատորիայում։ Մարինայի ընտանիքը մեզ դիմավորեց ջերմ ժպիտով ու պատմեց իր նկարների պատմությունները։ Ներկայացրեց բույսերը, որոնք խնամքով պահում են, սիրով խնամում։ Բնակարան-կանաչ դրախտ էր իսկական՝ աննկարագրելի տպավորություններով առլեցուն։

Տպավորիչ նկարների ծաղկաբույլը զարդարում էր նրանց պատշգամբը։ Մենք այսպես բացահայտեցինք Վարդապետյանների տաղանդավոր ընտանիքը։
Հաջորդ շաբաթվա համար արդեն ունենք երեք հրավեր սովորողներից բնակարան-թատրոն և բնակարան-պարասրահ, բնակարան-փորձերի լաբորատորիա։ Մեզ սպասում են առցանց ընտանեկան ներկայացումը, հեռավար պարատունը, առցանց փորձեր իրականացնող բնակարան լաբորատորիան։

Բացի ընտանեկան՝ այս ձևաչափով առաջարկ-նախագծերից ընտանիքները հանդես են եկել նաև այլ տարբերակներով՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով՝

Ընտանեկան նախագծերը շատ են՝ բազմազան ու մեկը մեկից հետաքրքիր։ Կարևորն այն է, որ չկա «պարտադիր» բաղադրիչ. նախագծերն ինքնաբուխ են, ինքնաստեղծ ու գրավող։
Ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում և հիմա՝ հեռավար աշխատանքային այս օրերին, առավել ակնհայտ է, որ դրանք դառնում են ավելի ընդգրկուն, տարատեսակ՝ գրավելով ավելի մեծ լսարան։ Հեռավար ուսուցման հարթակն այսպես ամեն անգամ «հայտնագործում» է նոր գործիքներ, ստեղծում ինքնակրթության նոր նախադրյալներ։ Ակնկալում ենք ընտանեկան նոր ու ինքնատիպ առաջարկ-նախագծեր։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский