«Արտակարգ» 2020-2021 ուսումնական տարին՝ արտակարգ «Մուտք»-ի ճամբարով
Primary tabs
2020-2021 ուստարվա մեկնարկն ինձ համար նշանավորվեց «Ելք»-«Մուտք» ստուգատեսներով՝ «Իմացումի հրճվանքի» նոր սկզբով՝ առաջին անգամ առաջին դասարան մուտքով։ Ես էլ իմ հերթին անցնում եմ «Մուտք»-ի իմ ճամբարը՝ յուրատեսակ անցումային ծեսի միջոցով տեղափոխվելով իմացումի մի աշխարհից մեկ այլ աշխարհ։ Այս մուտքը, թվում է, սովորական չէ, յուրատեսակ է, ոչ այնքան ֆիզիկական, որքան առցանց, որոշակի հեռավորությունից։ Սակայն այն արտասովոր է միայն նրանով, որ մուտք-նորամուտն է առցանց (թե չէ՝ արդեն չորրորդ ամիսն ենք աշխատում հեռավար-առցանց ձևաչափով)։ «Արտակարգ» գարունը վաղուց սովորական է դարձել, հերթափոխը հանձնել «արտակարգ» ամռանը։ Թվային ուսուցման գործիքների՝ նոթբուք-նեթբուք, հեռախոս, միասնական-հիմնական կիրառությամբ առանձնացավ ուսումնական գարունը բոլորիս՝ սեբաստացի և ոչ սեբաստացի մանկավարժական աշխատողների ու սովորողների համար։ Առաջին անգամ կապը վեց տարեկանների նորաստեղծ ընտանեկան դպրոցների հետ իրական դարձավ մայիսի վերջին՝ ուսումնական չորրորդ շրջանի մեկնարկի հետ։ Ձևավորվեց «Ծուղրուղո՛ւ» առցանց ջոկատը՝ կազմված քսանվեց վեց տարեկաններից ու քսանվեց ջոկատի ղեկավարներից։ Որքան էլ զարմանալի թվա, առաջին տպավորություններն անիրական էին, կենդանի ու ոգևորող։ Հունիսմեկյան կրթական շքերթով ազդարարվեց վեց տարեկանների առցանց ոտնամուտը կրթահամալիր։ Առցանց հրճվանք, խինդ ու ցնծություն, առաջինը ներկայանալու ցանկություն, խոսելու, պատմելու անվերջ ձգտում, որ համակել էր բոլորին՝ այս ամենը ողողելով անտիվիրուս երաժշտությամբ՝ Կոմիտասով։ Այսպես պարբերաբար առցանց կապի մեջ մտնելով՝ ձևավորեցինք կրթական նոր հարթակ, նոր համայնք, որն իր հետ բերում և դեռ բերելու է նոր հեղինակներ, նոր մտքեր, նոր առաջարկներ։ Փորձեցինք ֆիզկական մեկ միջավայրը առժամանակ փոխարինել քսանվեց ընտանեկան ուսումնական միջավայրերով, տեղափոխել տուն, ընտանեկան բացօթյա տարածքներ՝ պատշգամբներ, բակեր, այգիներ, խաղահրապարակներ։
Երբ խոսում ենք ընտանեկան ուսուցման մասին, նկատի ունենք ընտանեկան ուսումնական միջավայրը՝ իր բոլոր հարմարություններով ու հնարավորություններով, բոլոր աշխատանքներով ու նախաձեռնություններով, անդամներով, քանի որ առցանց համագործակցելը հեղինակային մանկավարժության կրողի հետ, աստիճանական ներառվելը այլընտրանքային հեղինակային ուսուցմանը, նրա համահեղինակ դառնալն են ապահովում իրական-կենսական կրթություն, կյանքով ուսուցում։ Նորեկ սեբաստացի ճամբարականների համար առցանց մուտքի ճամբարը նոր աշխարհ է, նոր հնարավորություններ, իմացումի հրճվանքի նոր՝ աներևակայելի սկիզբ։
Սա նոր կարգավիճակ է ինչպես մանկավարժական աշխատողի, այնպես էլ նոր սեբաստացու, նոր ծնողի համար։ Նրանք աստիճանաբար, հանդիպումից հանդիպում ներառվում են ուսուցման այս այլընտրանքային գործընթացին։ Դրա համար նոր ձևավորվող ընտանեկան դպրոցներին անընդհատ «ներարկում» ենք ինքնուրույնություն, «ես կարողանում եմ». չէ՞ որ նա է ընտրել հեղինակային կրթության այս ձևը, ուրեմն՝ կարող է և պետք է դառնա հեղինակ ու կազմակերպիչ։ Կարևոր են ընտանեկան նախագծերի առաջարկները ինչպես հենց սովորողի ընտանեկան դպրոցի, այնպես էլ կրթահամալիրի համար։
Հունիսյան աշխատակարգը կազմելուց հետո անցանք ակտիվ աշխատանքների։ Նախ՝ անհրաժեշտ էր ընտանեկան դպրոցի ղեկավար-ծնողներին ծանոթացնել կրթահամալիրին, ներկայացնել կարգերն ու ուսումնական պլանը։ Առցանք ծանոթացում-քննարկումներից հետո ներկայացրի էլեկտրոնային փոստը, Youtube, այդ հարթակներում գրանցվելու, դրանցից օգտվելու կարգը, նյութ տեղադրելը և այլն։ Այդ ամենի մասին պատրաստեցի տեսադասեր՝ ավելի մատչելի ուսումնասիրելու, սովորելու և գործածելու համար։ Ծանոթացանք նաև «Դպիր» էլեկտրոնային ամսագրին, հրապարակված մանկավարժական մոտեցումներին ու մշակումներին՝ առաջարկելով ծնողի դպիրյան ընթերցանության փաթեթ։ «Բարև՛, ես եմ․․․» ծանոթությունը երկուստեք ներկայանալու առաջին փորձն էր։ «Ես»նախագծով վեց տարեկանները միմյանց հետ ծանոթացան, նկարաշարերով, տեսանյութերով պատմեցին իրենց, ընտանիքի, սիրելի խաղալիքի, զբաղմունքի մասին։ Ապա շարունակվեցին հեռավար հանդիպումները, «Իմ խաղալիքը», «Իմ ընտանիքը» քննարկումները՝ սովորողներին հնարավորություն տալով ինքնաարտահայտվել, առցանց հարթակում ձևավորելով հաղորդակցական հմտություններ, երաժշտական ունակություններ։ Ըստ կրթահամալիրյան հունիսյան օրացույցի՝ սովորողները հեռավար իրականացրին նկարչություն, բացօթյա պլեներ, ծեփ։
Ոգևորությունը մեծ է․ այցելելով դասարանական բլոգ, ծանոթանալով միմյանց աշխատանքներին՝ վեց տարեկաններն աստիճանաբար ակտիվանում են, ուրախ ողջունում միմյանց, ընտանեկան դպրոցը ձեռք է բերում նոր մեդիահմտություններ, միմյանց հետ առցանց հաղորդակցվելու, շփվելու նոր հմտություններ ու կարողություններ։ Բոլոր աշխատանքներն ըստ նախագծերի ամփոփվում են դասվարի բլոգում՝ որպես առցանց ճամբարային գործունեության ամփոփում։
Ճամբարային արդեն չորսշաբաթյա գործունեությունը հնարավորություն է տալիս վստահ ասել, որ այս ուսումնական տարին լինելու է ուսուցանելուն ծառայող տարի՝ իր անակնկալ ձևաչափերով, ինչպես նաև ուսումնական գործընթացների յուրօրինակ կազմակերպման, ուշագրավ ու զարմանալի տարի։ Ուսումնական կամուրջը, որ գցել ենք ընտանեկան նոր դպրոցների ու կրթահամալիրի միջև, պիտի դառնա շուրջտարյա ուսումնական անցուդարձի կարևոր մայրուղի, որից շարունակ պիտի ճյուղավորվեն նոր փողոցներ։ Աշխատանքները շարունակվում են․ առջևում վեց տարեկանների ընտանեկան դպրոցների ուսումնական նախաշրջանն է՝ ամառային շրջանը՝ իր հետաքրքիր ուսումնական փաթեթով,նյութերով, և մեր՝ մանկավարժական աշխատողներիս ուսումնական հինգերորդ՝ հեղինակային ծրագրեր մշակելու, ինքնակրթվելու ամառային ամենագունեղ շրջանը։
- Բացվել է 668 անգամ