Անպարտադրանք սկիզբ

Հեղինակ: 

Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Մի մայր գրում է այն դժվարությունների մասին, որոնց առնչվում են, երբ տնային կրթությունն է սկսվում։

«Տնային կրթության առաջին երկու ամիսները քարաքարոտ էին: Փ-ն, հանգստացած, որ պաշտոնական դպրոցական իրավիճակից դուրս է, երկու շաբաթ առաջնորդվում էր տնային խիստ գրաֆիկով:

Հետո ապստամբություն սկսվեց: Կարծում եմ՝ միակ բանը, որ ստիպում էր նրան շարունակել կարդալը, մաթեմատիկան, բնագիտությունը և այլն, դպրոց վերադառնալու վախն էր: Ես կազմակերպում էի նրա օրերն ու հանգստյան օրերը տարբեր գործունեություններով, ներառյալ՝ իր տարիքի երեխաների հետ խաղերով, վախենալով, որ ամեն ինչ կավարտվի տարօրինակ շրջադարձով:

Մոտ փետրվարի կեսին ես նորից կարդացի «Ամառային բլուրը» (Ա. Ս. Նեյլ, Նյու Յորք, Հարթ հրատարակչություն, 1960) և «Երեխաները խաղում էին» (Ջոնդրի, Պլացբուրգ, Նյու Յորք, Տունդրա գրքեր, 1975), ինչպես նաև ձեր գիրքը՝ «Ինչպես են երեխաները սովորում»:

Նորից կարդացել եմ «Մեծանալ առանց դպրոցի»-ի որոշ համարներ և աստիճանաբար տեսակետ եմ ձևավորել:

Որոշ առավոտներ դպրոց ունենք, որոշ առավոտներ՝ ոչ: Մենք այցելում ենք թանգարաններ, գրադարաններ, ֆերմաներ ու այգիներ: Կինո ենք գնում: Ետճաշիկին հանդիպում ենք իմ ամուսնուն և գնում ձիավարելու:

Տանը Փ-ն գյուղեր է պատրաստում իր լինքոլն լոգերով, խաղում իր ծառերի տնակում, սքեյթբորդով, հեծանիվ է վարում, խաղում է իր շնիկների հետ, թռչում է տրամպլինի վրայից, նկարներ նկարում և երբեմն ջութակ նվագում:

Անցյալ ձմեռ մենք ամեն օր սահնակ էինք քշում:

Կեսօրից հետո մեր բակը բոլոր կարգի տարբեր տարիքի պատանիների հավաքատեղին է:

Դեպի Ֆլորիդա վերջերս կատարած ճամփորդության ժամանակ Փ-ն նույնքան լավ էր իրեն զգում արձակուրդում գտնվող մեծահասակների հետ, ինչպես արձակուրդում գտնվող պատանիների հետ հյուրանոցում:

Այնպես որ ես հրաժարվեցի թե՛ հարկադիր հաղորդակցությունից, թե՛ չպատճառաբանված ակադեմիական պահանջներից: Գրքերն այնտեղ են, եթե նա ցանկանա աչքի անցկացնել դրանք. և հիմա, երբ ես այլևս ճնշում չեմ գործադրում նրա վրա, նա ուզում է սովորել»:

Ավելի ուշ գրված նամակից. «Շատ մարդիկ ինձ հարցնում ինն, թե արդյոք Փ-ի հետ ուսումնական ծրագիր ունենք, և անցյալ տարի ունեինք, վերցրել էի Վաշինգտոնի տնային ուսուցման ինստիտուտից:

Ես չէի նախատեսել ինչ-որ որոշակի ուսումնական ծրագիր օգտագործել այս տարի, բայց փոխեցի կարծիքս, պարզապես որովհետև կարծում եմ՝ լավ է ձեռքի տակ որոշ դասագրքեր ունենալ, եթե հանկարծ դպրոցի իշխանություններն սկսեն քիթները խոթել։

Ես ուզում էի պատմել ձեզ Փ-ի և կողմնացույցի մեր փորձի մասին։

Մի քանի շաբաթ առաջ նա ճամբարականի մի փոքրիկ կողմնացույց գնեց օրական աշխատանքով վաստակած իր գումարով:

Մենք մի շրջան կատարեցինք շրջակայքով, և կողմնացույցը ցույց էր տալիս, թե ինչպես է փոխվում մեր ուղղությունը, թեև սլաքն անընդհատ հյուսիսն էր մատնանշում։

Փ-ն խնդրեց, որ բացատրեմ կողմերի երկայնքով նշված թվերը և ուզում էր ճշգրիտ իմանալ, թե ինչպես են դրանք կիրառվում: Ես նրան հոր մոտ ուղարկեցի, և նրանք ժամեր անցկացրին՝ թղթի վրա հիպոթետիկ «խնդիրներ» լուծելով:

Այս ընթացքում Փ-ն խնդրեց, որ մեր հանրագիտարանից իր համար կարդամ կողմնացույցների մասին: Այստեղից մենք իմանում ենք, որ առաջին կողմնացույցը (1000թ. մ.թ.ա) պարզապես երկաթե մագնիսի մի կտոր էր, որ լողում էր ջրի մեջ դրված խցանի մեջ:  Փ-ն շարունակեց  մեր նկուղից հանելով երկու մեխ, որոնք երկուսն էլ մագնիսական հատկություններ ունեին: Նա այդ մեխերից մեկը դրեց խցանի մեջ այնպես, որ այն հավասար կանգնեց, մի թաս լցրեց ջրով, և այդպես պահեց․ ձեռքով պատրաստված կողմնացույց, որ իրականում աշխատում է:

Ավելի ուշ իմ ամուսինը նկարեց մի խճճված կողմնացույցի դասընթաց, որին Փ-ն հետևեց մի փոքր օգնությամբ, որի վերջում մեր փոստարկղում նա գտավ մեկ դոլարանոց՝ մրցանակ։

Ամուսինս պատմում է, որ մինչև բանակը կողմնացույց կարդալու մասին չգիտեր այդքան: (Նա երբեք սկաուտ չի եղել):

Ես հուսով եմ, որ մենք բազմաթիվ տանը կրթվողներ կունենանք տարածքում: Այդ դեպքում հեշտ կլինի մտքեր փոխանակել և հավանաբար, յուրաքանչյուր շաբաթ կազմակերպել մի օր, երբ երեխաները կարող են միասին լինել»:

Հետևյալ քաղվածքները «Մեծանալ առանց դպրոցի»-ի մի ընթերցողից մյուսին գրված նամակներից են:

Նրանք շատ լավ են բնութագրում տնային կրթության վաղ փուլերում որոշ ծնողների ունեցած տարակուսանքները։

«Մայիսի 23... Դեռևս մի քանի հարց կա կարգավորելու: Ամենամեծն այն է, թե արդյո՞ք ես ուզում եմ ողջ ժամանակ հոգ տանել իմ երեխաների մասին. արդյո՞ք դա փոխադարձաբար ձեռնտու կլինի: Կուզեի մտածել, որ այո, բայց ժամանակ է լինում, երբ մեկշաբաթյա արձակուրդը թվում է չափազանց երկար: Դա հավանաբար այն պատճառով է, որ մենք սովոր չենք մշտապես միասին լինելու:

Նախընտրում եմ Ֆոյեբին՝ իմ ավագին, որն առաջին դասարանում է, օրվա մի մասն ուղարկել երաժշտության, իսկ մյուս մասը պահել տանը: Լավ կլինի, նա օրվա կեսը լինի դրսում. տուն գալուց հետո դեռևս ուժ ու եռանդ կունենա ծավալելու սեփական գործունեություն:

... Մենք ևս երկու երեխա ունենք: Ջենին երեքուկես տարեկան է, և դեռ մեկ տարի ունի մինչև պարտեզ հաճախելը: Նաթանիելը ութ ամսական է, և նրա ծննդյան  պատճառով էր, որ անցյալ աշուն ես ուրախ էի, որ Ֆոյեբը դպրոց էր գնալու:

Նա մեծացել է արդեն, և իմ հեռանկարներն այլ են հիմա... Ես կամաց-կամաց մտածում եմ Ֆոյեբին մյուս տարի հանելու և մեկ տարի նրան տանը կրթել փորձելու մասին: Եթե չստացվի, ես հաջորդ տարի թույլ կտամ նրան վերադառնալ Ջենիի հետ միասին:

Քանի որ մոտակայքում ոչ մի այլընտրանքային դպրոց չկա, սա ինձ համար շատ դժվար որոշում է:

.... Պետք է ավելացնեմ, որ անցյալ տարի Փենսիլվանիայում ես Ֆոյեբին հանեցի հանրակրթական պարտեզից, քանի որ դաստիարակը նրան թույլ չէր տալիս կարդալ և ընդունեցի նրան այլընտրանքային պարտեզ, որը շատ հուզիչ առաջընթաց էր ապահովում մոր ու դստեր համար:

Հիմա ես տարակուսում եմ, քանի որ չկա նման «դպրոց» առաջարկելու:

.... Դպրոց գնալն ընդդեմ դպրոց չգնալուն, որը հավատ է ծնում դեպի բնածին կրթությունը՝ հանգելով ինչպես մեծանալու հարցին: ... Իմ հավատն աճում է, որ մեր ընտանիքում ուժեղ մարդիկ են, և օգնում է սկսել:

Հուլիսի 11... Մենք գնացինք տնօրենի և երկրորդ դասարանի ուսուցչի մոտ և հարցրինք, թե արդյոք կարող է Ֆոյեբը առավոտյան տնային կրթությամբ զբաղվել և գալ դպրոց կեսօրին, երբ ոչ ակադեմիական շատ դասեր են անում՝ մարմնակրթություն, նկարչություն ու երաժշտություն։ Այսօր տնօրենը վերջապես պատասխանեց մեր պահանջին և ասաց, որ կարող ենք:

Մենք պիտի հանդիպենք դպրոցների տեսուչի հետ և այլն, ստանձնելով Քալվերթի ծրագիր, և մի որակավորված ուսուցիչ պիտի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ստուգի մեր դստերը և հսկի, թե նա ինչ է անում:

Մենք ազա՜տ ենք:

Ես իսկապես լիահույս եմ, որ սա կբավարարի մեր պահանջներին՝ ավելի շատ առնչություն ունենալու նրա աճին, հավաստիանալու, որ զգայականին համընթաց նա ստանում է նաև ակադեմիականը, և ազատելու նրան՝ զբաղվելու իր հետաքրքրություններով՝ դաշնամուր նվագել և թխել ինձ հետ (մենք այսպես ենք աշխատում մաս առ մաս):

Եվ օրվա կեսը՝ ոչինչ. դրա հետ ես հեշտությամբ կարող եմ յոլա գնալ:

Սեպտեմբերի 14... Մենք սկսել ենք Ֆոյեբին կես օրով տանը պահելու մեր աշնանային գրաֆիկը: Չափազանց ուրախ եմ, որ նա այստեղ է, սակայն տառապում եմ գրանցումներ անելով, որ օգնեմ կազմակերպելու մեր արածը, և հակամարտության մեջ եմ տնօրենի հետ թեստավորման հարցում, և այլն: Ես փոքր-ինչ երկչոտ եմ իմ բնույթով, և այս ամենը բարդ է ինձ համար: Մենք առաջնորդվում ենք պետական կրթության վարչության ուղեցույցներով, որոնք թույլատրում են տնային կրթությունը նամակագրական դասընթացով, որի «առաջընթացը» ղեկավարվում է որակավորված ուսուցչի կողմից յուրաքանչյուր ամիս և գրանցվում է տեսուչին յուրաքանչյուր քառորդ ուղարկվող հաշվետվություններով: Մեր տեսուչը լավ համագործակցում է մեզ հետ, իսկ Ֆոյեբի տնօրենը դեռևս փորձում է տնօրինել այն, ինչ այլևս իր տնօրինությանը չի ենթարկվում: Նա ուզում է տարեկան երեք անգամ ստուգել Ֆոյեբի ընթերցանության մակարդակը, և ասել է, որ ակնկալում է տեսնել «ավելին, քան տարեկան աճը», քանի որ Ֆոյեբը պայծառ է:

Մեզ ասացին, որ պիտի ստուգում անցնենք Մեյնում. եթե ուզում ենք ունենալ կես-կես բաշխված ժամանակ, մեզ պիտի «խստորեն հետևեն»: Ա՛յ քեզ փորձանք:

Ժամանակը, որ մենք անցկացնում ենք Ֆոյեբի հետ, հրաշալի է. նա ժամանակ ունի կարդալու և շնչելու և իր ուզածով զբաղվելու: Ես հետևում եմ նրա գրավորների մեջ սխալներին. գիտեմ, որ դրա վրա դեռ երկար ենք աշխատելու և հանգիստ լինեմ, սակայն կուզեի իմանալ՝ արդյո՞ք նա ուղղագրություն կսովորի առանց ուղղագրական թեսթերի, թեև մյուս բոլոր բաները լավ է անում:

Որքան լավ է, որ նա կրկին ինձ հետ է, թեև դպրոցը սկսվել է:

.... Կարծում եմ՝ մեր արկածը լավ է սկսվել: Ֆոյեբը երջանիկ է ու հանգիստ: Եվ սովորում է: Մնացած ամեն ինչ ավելորդ է:

Հոկտեմբերի 16... Մեր կես-կես ժամանակային գրաֆիկը փորձելու պատճառն այն էր, որ իմ կարծիքով Ֆոյեբը չափազանց շատ էներգիա էր ծախսում դպրոցում և ամեն օր ավելի շատ ազատության կարիք ուներ. ես կարոտում էի նրա ներկայությանը շաբաթական հինգ օր, և նա բավականաչափ չէր առաջադիմում ակադեմիականորեն: Սակայն զգում էի, որ նրա դպրոցում լինելու մեջ որոշակի օգուտ կա:  Ես իմ բոլոր երեք երեխաներից ընդմիջման կարիք ունեի, և կարծում եմ շատ օգուտ կա դպրոցում երեխաների հետ կանոնավոր շփումից և իրենց խմբի մասը զգալուց:

Այս ծրագիրն ընդունելուց հետո ես վախենում եմ տունն ու դպրոցը խառնելուց, և հարց է ծագում՝ արդյո՞ք ամեն ինչ կավարտվի՝ նրան դպրոցից հանելով:

Սեպտեմբերից ի վեր այս ամբողջի համար թե՛ ուրախ եմ, թե՛ տխուր: Տխրում եմ արածս չհասկանալուց. նամակագրական դասընթացն անհեթեթորեն անհամապատասխան է, և տնօրենի հետ առնչվելը՝ բարդ: Ուրախությունն այն է, որ Ֆոյեբի՝ ինձ հետ աշխատելն ընթացքի մեջ է, նա և՛ տքնում է օրական լեզվական արվեստի փոքր կտորների վրա, և՛ շատ ազատ ժամանակ ունի, որ շատ արդյունավետ է տնօրինում: Ինձ դուր է գալիս նրա ստեղծագործական ջերմեռանդությունը: Անցյալ տարի դա չէի տեսնում. հազիվհազ կեսօրին դպրոցից տուն էի գալիս և հաջորդ օրվա նախապատրաստությամբ շուտ պառկում քնելու:

(Ես ապշած էի, որ այս տարի ողջ ամառն անցավ, և Ֆոյեբը ոչ մի անգամ չասաց, թե ձանձրանում է, կամ չհարցրեց, թե ինչ անի):

Կարծում եմ՝ ինչ որ անում ենք, ճիշտ է:

Դեռևս չեմ կարող ասել, թե արդյո՞ք ճիշտ կլիներ, որ նա ամբողջովին ազատ լիներ: Ես հանգիստ թույլ կտամ, որ դա իր ընտրությունը լինի մյուս տարի:

Հիմա նա ատում է դպրոցը: Որոշ առավոտներ մի երկու արցունք է թափում մինչև դպրոց մտնելը: Կարծում եմ՝ սա կարող է իմ հեռախոսազրույցները լսելու արդյունք էլ լինել: Սովորաբար շատ զգույշ եմ և իմ փիլիսոփայական առանձնահատկությունների մասին նրա առջև ընդհանրապես չեմ խոսում: Ցանկացած դեպքում ես պատրաստվում եմ պայքարել ուսուցչի համար մի փոքր: Ես քաջալերում եմ Ֆոյեբին խոսել ուսուցչի հետ այն մասին, թե ինչն է իր համար սխալ ընթանում, և կարծում եմ՝ ուսուցիչը լսում է նրան:

Ինձ շատ ժամանակ է պետք համոզվելու համար. վերջիվերջո, եթե Ֆոյեբը դեռևս ցանկանա դուրս գալ, այդպես էլ կլինի: Օրվա կեսը դպրոցում անցկացնելը խախուտ մի բան է: Ո՞վ կհավատա ազատությանը և միայն կիսով չափ այն կիրագործի: Ես մեղավոր եմ զգում՝ ստիպելով Ֆոյեբին գնալ դպրոց: (Եթե նա էլի համառի, ես ստիպված կլինեմ ամբողջական տնային կրթությոընն ընտրել): .... Ես ընդհանրապես չեմ ուզում նրան դպրոցից հանել, պարզապես կուզեի, որ մեզ համար մատչելի, մի ավելի ազատ դպրոց լիներ: Կուզեի մասնակցել ու հարգվել իմ կարողությունների համար, և որ Ֆոյեբն ու մյուս երեխաներն ինքնուրույն առաջ շարժվեին: Համայնք լիներ: Աճ՝ թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար:

Այսպիսով: Համայնապատկերը: Ֆոյեբն «ընթերցանություն», լեզվի արվեստ և նկարչություն է անում ինձ հետ և 10:45 գնում դպրոց՝ մասնակցելու նախաճաշին և ընդմիջում անելու, մինչև ցերեկվա դասերը կսկսվեն: Կեսօրին անում են մաթեմատիկա, մարմնակրթություն, երաժշտություն և այլն:

Ֆոյեբն ասում է ուսուցչին, որ մաթեմատիկան ձանձրալի է, և ուսուցիչը խոստանում է այլ բաներ անել:

Ես նոր-նոր սկսում եմ ինձ հանգիստ զգալ ֆորմալ կրթության բնագավառում, թեև նույն  կանոնները վերաբերում են նաև ոչ ֆորմալ կրթությանը, որ մենք անում ենք տարիներով. Ես փորձում եմ դադարեցնել, երբ դիմակայության եմ հանդիպում: Սովորաբար՝ ես, և ոչ թե Ֆոյեբը, որ իրենից դուրս է գալիս: Ես սովորում եմ ավելի քիչ ակնկալել: Այս փոքրիկ յոթ տարեկանը կետադրություն չգիտե, քանի որ չի սովորել կամ ուշադրություն չի դարձրել:

Շատ, շատ ուրախ է նրա հետ շփվելը:

Ջենին, որը չորս տարեկան է, տեղ է պահանջում գրասեղանի մոտ և պայքարում է կարդալու համար: Որքա՛ն հաճելի է տեսնել աղջիկներին միասին սովորելիս»:

Դաունի համախտանիշով երեխային  դպրոցից հանելը

Մի մայր, որը դպրոցից հանել է դաունի համախտանիշով ծնված իր տասնամյա դստերը, գրում է իր փորձի մասին. «...Ինչ վերաբերվում է Լ-ին դպրոցից հանելուն, ես երկար ժամանակ ուզում էի նույնն անել իմ ավագ երեխաների հետ, սակայն դա անելու ժամանակը չէր աշխարհում կամ իմ մեջ: Միայն, երբ ակնհայտորեն հուսահատ էի, քանի որ ուղղակի պիտի փրկեի Լ-ին նրանց ահավոր ազդեցությունից, ես կարողացա անել այն, ինչ առաջ գնալու միակ ճանապարհն էր: Լ-ն միայն մեկ անգամ էր ներգրավել հատուկ կրթության բնագավառում՝ ետ մնացող երեխաների տեղական միության նախակրթարանում, և դա ավելի քան վատ, անօգուտ էր:

Դրանից հետո նա հաճախում էր սովորական դպրոցներ՝ մասնավոր նախակրթարան, մասնավոր մանկապարտեզ, հանրակրթական դպրոց՝ փորձարարական բաց տարրական դպրոցով և մի կաթոլիկ մասնավոր ակադեմիա:

Ես ուզում էի նրան հեռու պահել հատուկ կրթության իրավիճակներից, որոնք, իմ կարծիքով, մեծացնում էին հաշմանդամության աստիճանը՝ պարտադրելով վարքի հաշմանդամ մոդելներ:

Հենց սկզբից Լ-ն ու ես ծրագրել էինք, թե նա ինչ է անելու: Մեկ տարվա ընթացքում ես այստեղից այնտեղից լրագրի քաղվածքներ էի հավաքել, հետո տեսակավորեցի որոշներն ու տվեցի նրան՝ ընտրության համար: Ընտրել, ասենք, խոհարարություն, ձիավարություն, արշավներ դեպի Նյու Յորք և այլուր, ուսուցում: Մենք փոփոխում էինք դրանք, երբ, օրինակի համար, մի ուսուցիչ, որը պիտի խոհարարություն դասավանդեր նրան (մի գիշերվա գործ), ամուսնալուծվեց և մեկնեց Նյու Յորք՝ աշխատելու: Հետո մենք շարունակեցինք խորհրդակցել, կրկնել, և ի վերջո մեր ներկայիս գրաֆիկը ներառում է լող, բալետ, նկարչություն ու ասեղնագործություն: Ուրիշ առարկաներ էլ կային, բացի այդ ներառված էին նաև հիմնական առարկաներ: Ես որոշեցի, որ վտանգավոր է, որ նա լավ չի լողում. ականջների վիրահատությունից հետո նա վախենում էր ու չէր կարողանում մինչև վերջ լողալ ինքնուրույն: Նա անցավ մասնավոր դասեր: Եվ կարդացել էի բալետի մի պարողի մասին, որը բալետ էր պարապել սկզբում հարթաթաթությունը բուժելու համար. այնպես որ մենք սկսեցինք բալետ պարապել գլխավորապես այս պատճառով:

Նաև, որքան ես խորասուզվում էի դրա մեջ, այնքան հասկանում էի, որ Լ-ին հարկավոր է դպրոցական գործի ճահիճից ժամանակավոր թեթևացում, որ ի հեճուկս այն հնարավոր բարենպաստ իրավիճակների, որ ես ի վիճակի էի գտնել, դրանք այնքան էլ օգտակար կամ բավարար չէին, որքան որ կարծում էի: Այսպիսով ես որոշեցի ակադեմիական ոչինչ չանել որոշ ժամանակ: Պարզապես ասել՝ աստված դրա հետ:

Այսպիսով մենք ծովափ գնացինք հրաշալի հոկտեմբերին, նոյեմբերյան եղանակը, մեզ իբրև դպրոցի բանտարկյալների մերժում էր նույնիսկ քիքբոլ (ամերիկյան գնդակախաղ, բեյսբոլի տարատեսակ) խաղալ ետևի դաշտում և շարունակել դասընթացները:

Դեպի ծովափ մի ճամփորդության ժամանակ, գումարները վճարելիս նորից պարզ դարձավ, որ Լ-ն դեռևս չի կարողանում մի դրամը մյուսից տարբերել, այսպիսով՝ սա դարձավ առաջին ակադեմիական սկիզբը: Եվ այն ապահովեց իմ առաջին սկզբունքներից մեկը. թեև Լ-ի համար ընդհանուր գաղափարները նույնն են, ինչ որ սովորական երեխաներինը դպրոցից դուրս, որոշակի բաներ պիտի այլ կերպ արվեն: Մինչ մյուս երեխաներին հարկավոր է ընդամենը մի փոքր օգնություն և ուղեցույց հետևելու համար, թե ինչ են սովորում և ինչով են հետաքրքրվում, Լ-ն իսկապես պիտի պարբերաբար ենթարկվի կանոններին: Ոչ երկար, բայց պարբերաբար, ամեն օր, եթե հնարավոր է, ներառյալ հանգստյան օրերը:

Ամեն օր չորս առարկայի վրա գին էի դնում, և նա հաշվում էր դրանց համար վճարելու գումարը պլաստիկ չափման բաժակը լցված մանրադրամներով՝ մետաղադրամների մեր հավաքածուով: Հիշում եմ, թե ինչպես էի փորձում դպրոցի մարդկանց համոզել, որ թույլ տան նրան իսկական փող օգտագործել, բայց նրանց պարզապես դուր էին գալիս իրենց ստվարաթղթե մանրադրամները, և կարծես մտածում էին, թե զվարճալի է դրանցով:

Մեկ ամսվա ընթացքում նա կարողացավ դա անել: Ես անցա թղթի վրա գրված թվերին, և նա այս կերպ կարողանում էր դրանք էլ հաշվել:

(Հեղինակի ծանոթագրությունը. դպրոցներում կան «նորմալ» երեխաներ էլ, որոնք տարիներ շարունակ դպրոցական թվաբանություն անցնելուց հետո չեն կարողանում մանրը հաշվել):

Լ-ի հետ տնային կրթության իմ երկրորդ սկզբունքը սա է. ազատ գրագրության պես տնային  կրթությունը ենթակա է դադարեցման ցանկացած պահի, երբ ինչ-որ մեկը գալիս է այցի, կամ հարևանի մեքենան խափանվում է, և նա զանգահարում է, որ գնաս ու իրեն բերես, և այլն: Մյուս երեխաների համեմատ՝ սա հավանաբար տնային կրթության առավելություններից մեկն է, որ դու կարող ես ապրել քո սովորական կյանքով և շարունակել ուսուցումը: Բայց Լ-ի, Սուրբ Ծննդյան և իրեն վատ զգացող իմ մոր երկար այցելությունների հետ միասին ծանր հոգս է: Ես դժվարությամբ էի կենտրոնանում մեր աշխատանքի վրա, և Լ-ն լարվում էր:

Տնային կրթության անցնելուց հետո առաջին բաներից մեկը, որ ես տեսա, հաջողության աճող զգացումն էր՝ «ես կարող եմ անել սա»-ի բուռն զգացումը, ի հակդրություն սեղմված շրթունքների, կախած գլխի, երկար մազերի տակ աչքերը թաքցնելու, որոնք հատկանշական էին նախկին՝ դպրոցական անձնակազմի հետ աշխատանքին։
Հետո, երբ կյանքը ծանրացավ, նույն կեցվածքը վերադարձավ:

Ես անհանգստանում էի նրանից, որ աշխատանքային իրավիճակը միայն դեմ առ դեմ էր ստացվում, ու հետո պատասխանում էի ինքս ինձ, որ սա այն է, ինչ բոլոր երեխաները կարող են կիրառել: Տակավին չափազանց անիրական էր թվում մեր արածը, երբ կյանքը չէր համագործակցում մեզ հետ: Ես դեռևս չէի լուծել այս խնդիրը: Կարծում եմ, սա որոշակի չափով մյուսների համար ևս խնդիր է, սակայն շատ ավելի դժվար է, երբ պատանին ուսուցման որոշակի խոչընդոտներ ունի: Իրականում, կարծում եմ, որ գրաֆիկ կազմելու այս հարցը էական է:

Կասկածներ ունեմ, որ միայն դպրոցի պահանջներն են ստիպում որոշ ընտանիքների պահել գարֆիկը, և որ այդ անելով՝ նրանք ի սկզբանե բացառում են տնային կրթությունը փորձելու օգուտներ:

Այսինքն, մտնելով դպրոցին և նրա պահանջները բավարարելու լծի տակ՝ նրանք կարող են մեծ լարում և մեղքի զգացում փոխանցել երեխաներին:

Կարծում եմ այս նամակում արդեն բավականաչափ ջանացել եմ՝ արտահայտելու, թե որքան ոգևորված եմ տնային կրթության ողջ նախաձեռնությամբ, չնայած իմ նշած դժվարությունների:

Լ-ի մուտքագրումը լավ առաջ է ընթանում, ասեղնագործությունն ահավոր է (և ուրախությունից ու զարմանքից ուսուցիչը մտքին չի գալիս), բալետում հազիվ թե պակաս կոմպետենտ լինի, քան դասարանի՝ իրենից մեծ աղջիկները (20-40), իսկ նկարչությունից, ըստ իր ուսուցչի, իսկապես տաղանդավոր է:

Անցնող տարի նա տարբեր տեսակի վիտամիններ, թիրոիդներ և այլն էր ընդունում: Տասնհինգ ֆունտ է կորցրել։ Դաունի հիվանդությամբ երեխաները հաճախ են քաշի խնդիր ունենում:

Նա նաև բոյովացել է հիսունութ մմ-ով, ընդհանուր տեսքը իսկապես լավացել է, և մտավոր գործունեությունն է աճել: Նրա նկարչության ուսուցիչն ասում է.
- Սա այն նույն  երեխան չէ, որին ես հանդիպեցի անցյալ աշնանը»։

Շարունակությունը

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский