Փորձել մեծահասակներին
Primary tabs
Սովորեցրեք ձեր սեփականը
Իր «Մեծանալ ձեր երեխաների հետ» շատ լավ գրքում (Բոստոն, Փոքր, Բրաուն, 1978 ) Հերբերտ Քոհլը երեխաների մասին գրող յուրաքանչյուրի պես ասում է, որ նրանք պետք է փորձեն մեծահասակներին, որպեսզի հասկանան սահմանները: Ես բացարձակ համաձայն չեմ սրա հետ: Նրանք սա անում են ամբողջ ժամանակ, առանց հարցերի:
Բայց ես չեմ կարծում, թե նրանք պետք է անեն սա, կամ անեն հիմնականում այդ պատճառով, և ես չեմ կարծում, որ պետք է թույլ տանք, որ նրանք անեն սա: Եթե նրանք ուզում են գտնել, ինչպես որ անում են, ընտանեկան կյանքի և մարդկային հասարակության կանոնները, դա անելու այլ և ավելի լավ ուղիներ կան:
Մի տարի, երբ ես դասավանում էի հինգերորդ դասարանի, իմ դասարանում մի տղա կար, որին հանել էին իր տեղի հանրակրթական դպրոցներից. այնքան էլ փոքր չէր նրա սխրանքը:
Նա շատ սովորական, միջին չափսի, միջին խավի սպիտակամորթ երեխա էր, դանակներ չէր նետում կամ չէր շրջում կահույքը, ոչ էլ գրատախտակն ու իրերն էր փչացնում։ Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որ հասկանամ, թե ինչու են հանրակրթական դպրոցները նրան ցույց տվել դռան տեղը: Մեկ բառով՝ նա ագիտատոր էր, միշտ ամեն բան խառնում էր:
Մի օր, երբ բոլորը փորձում էին ինչ-որ բան անել, արդեն մոռացել եմ, թե ինչ, և նա փորձում էր խանգարել կամ այնպես անել, որ ուրիշ բան անեն, ես շրջվեցի նրա կողմ և բղավեցի զայրացած.
- Դու փորձում ես այնպես անել, որ ես բարկանա՞մ քեզ վրա։
Ի զարմանս ինձ ու իրեն (դատելով նրա ձայնից), նա ասաց.
- Այո:
Ինձ քիչ ժամանակ պետք եղավ հասկանալու, համենայն դեպս, ենթադրելու համար, որ նախկին փորձը սովորեցրել է նրան, որ ուրիշ մարդկանց՝ երեխաների կամ մեծահասակների ողջ ուշադրությունը գրավելու միակ ձևը նրանց իր վրա բարկանալ ստիպելն է:
Տարին անցնելու հետ նա բարելավվեց, անհնարին լինելու փոխարեն դարձավ միայն դժվար: Սակայն դեռ հեռու էր ինքն իր հետ խաղաղ ապրելուց, իր խնդրի արմատներն ավելի խորն էին, քան ես կամ իմ դասարանը մեկ տարում կարող էինք հասնել: Մեր դպրոցում սովորում էին միայն մինչև վեցերորդ դասարան. ինչ եղավ նրա հետ հետո, ես չգիտեմ:
Մինչդեռ, նա ինձ շատ արժեքավոր մի բան սովորեցրեց:
Մոտավորապես այդ ժամանակ ես սկսեցի ճանաչել մի ընկերոջ հետաքրքիր, բայց ջղային ու դժվար մի երեխայի:
Մի օր նրանց տանն էի և խոսում էի նրա մոր հետ երկուսիս համար էլ կարևոր մի բանի մասին: Տղան սովորականից ավելի շատ էր ընդհատում:
Այդ ժամանակ ես գիտեի, որ երեխաները չեն սիրում, երբ մեծերի խոսակցության ժամանակ իրենց լռեցնում են, և ժամանակ առ ժամանակ փորձում էի տղային խոսելու հնարավորություն տալ: Բայց այդ օրը պարզ էր, որ նա փորձում էր ընդհանրապես խանգարել մեր խոսակցությունը:
Ի վերջո, ուղիղ նայելով նրան, ես առանց զայրանալու, բայց հետաքրքրված, հարցրի.
- Դու փորձում ես հոգնեցնե՞լ ինձ:
Ազնվորեն հանկարծակիի գալով, մյուս տղայի նման, հարցից, որն ինքը երբեք իսկապես չէր տվել իրեն, նա ոչխարի հայացքով ժպտաց ու ասաց.
- Այո:
Ես, դեռևս բարյացակամորեն, ասացի.
- Լավ: Ասա՝ ինչ անենք: Արի խաղանք: Դու անում ես ամեն ինչ, ինչ խելքիդ փչի՝ ինձ հոգնեցնելու համար, ես անում եմ ամեն ինչ քեզ հոգնեցնելու համար, և տեսնենք, թե ով է հաղթում: Լա՞վ:
Նա որոշ ժամանակ ինձ էր նայում. արդեն ինձ չափազանց լավ էր ճանաչում՝ իմանալու համար, թե արդյոք ես իրականում կխաղամ այս «խաղը»: Որոշ ժամանակ նա մտածում էր, թե ինչպես դա պետք է լինի:
Մորը ուղղված մեկ հայացքից տեսել էր, որ համենայն դեպս տվյալ պահին ինքը չի կարող օգնություն ակնկալել նրանից, եթե խաղն ընթանա իր դեմ: Ի վերջո նա ասաց.
- Ոչ, չեմ ուզում խաղալ:
- Լավ,- ասացի ես:
- Այդ դեպքում թույլ տուր մենք շարունակենք մեր խոսակցությունը, իսկ հետո ես և դու կխոսենք:
Եվ այդպես էլ եղավ:
Դա շատ տարիներ առաջ էր:
Շատ երեխաների հետ իմ առնչություններից ես եկել եմ մի հաստատ համոզման, որ հինգ տարեկան կամ նույնիսկ երեք տարեկան փոքր երեխաները լավ հասկանում են «փորձելու» գաղափարը՝ մեկին կամ մեկի առաջ անելու մի բան, իմանալով, որ նա չի սիրում դա, պարզապես տեսնելու համար, թե այդ մեկն ինչ կանի, և հասկանալով, որ դա լավ չէ:
Եթե կարծում էի, որ երեխան այդպես է անում, ասում էի.
- Դու ստուգո՞ւմ ես ինձ, պարզապես անում ես դա՝ տեսնելու, թե ես ի՞նչ կանեմ:
Եթե երեխան «այո» էր ասում, ես ասում էի.
- Լավ, ինձ դուր չի գալիս դա, դա լավ չէ, և ես չեմ ուզում, որ դու դա անես: Ես քեզ վատ բան չեմ անում՝ պարզապես տեսնելու, թե դու ինչ կանես: Ուրեմն անարդար է, որ դու ինձ այդպես անես:
Կարծում եմ երեխաները միանգամայն ի վիճակի են հասկանալու այս գաղափարը, տեսնելու, որ իրենք արդար են, և վարվեն այդպես: Նրանց այդպես անելը մեծապես կթեթևացնի մեր համատեղ կյանքը:
«Լա՞վ»
Երբ մեծահասակներն ուզում են, որ երեխաներն ինչ-որ բան անեն՝ հագնեն վերարկուն, ննջեն, և այլն, նրանք հաճախ ասում են.
- Արի հագնենք մեր վերարկուն, լա՞վ։
Կամ՝
- Մեր քնելու ժամանակն է, լա՞վ:
Այդ «լավ»-ը վատ բան է: Մեր կյանքը երեխաների հետ կլավանա, երբ մենք դադարենք այդպես խոսելուց:
Այդ «լա՞վ»-ի խնդիրն այն է, որ թվում է՝ երեխաներին ընտրություն ենք առաջարկում, մինչդեռ դա այդպես չէ: Ինչ էլ մարդիկ մտածեն երեխաներին մեր տված ընտրության քանակի մասին, երեխաները ցանկացած պահի պիտի իմանան՝ իրենք ընտրություն ունեն, թե ոչ: Եթե հաճախ առաջարկենք ընտրություն, որ իրականում չկա, երեխաները շուտով կզգան, թե ընդհանրապես ոչ մի ընտրություն չունեն:
Նրանք կդժգոհեն դրանից, և ավելի շատ կվրդովվեն, որ հստակ չենք ասում, թե ինչ նկատի ունենք:
Մեր մտքին դրածն իբրև հրաման տալուց հետո «լա՞վ» ասելով մենք դիմակայություն ու դիմադրություն ենք առաջացնում: Փաստորեն, միակ ձևը, որով երեխաները կարող են հասկանալ, թե արդյոք մենք իրական ընտրություն ենք առաջարկում, թե ոչ, մեր խնդրածը մերժելն է:
Նրանք դա այսպես են ձևակերպում.
- Դու իրոք դա՞ ի նկատի ունես:
Շատ մեծահասակներ կարծում են, որ «լա՞վ» ասելով՝ իրենք ընդամենը բարեկիրթ են դառնում: Սակայն սա բարեկրթության թյուրըմբռնում է:
Միանգամայն հնարավոր է լինել հաստատակամ և բարեհամբույր, ինչ-որ մեկին հասկացնելով, որ դուք ոչ թե ընտրություն եք առաջարկում, այլ ասում եք նրանց, թե ինչ եք ուզում, որ տեղի ունենա, կամ ինչ է պատահելու:
Երբ ես այցելում եմ ընկերներիս, ակնկալում եմ մտնել նրանց կյանքն ու առօրյան, և սպասում եմ, որ նրանք ասեն ինձ, թե ինչ ծրագրեր ունեն: Ասենք՝ ասում են
- Մենք արթնանում ենք ժամը յոթին։
Կամ.
– Մենք ճաշելու ենք վեցն անց կես։
Կամ.
- Այսօր կեսօրին գնում ենք այսինչ տեղն անելու այս և այս:
Նրանք ինձ չեն հարցնում, թե արդյոք ես հաստատում եմ իրենց ծրագրերը, պարզապես տեղյակ են պահում ինձ իրենց ծրագրերից: Սակայն նրանք միանգամայն քաղաքավարի են այս հարցում:
Իմ որոշ ընկերներ իրենց տանն ունեն չծխելու կանոն: Նրանք անկեղծորեն կարևորում են դա: Նրանց մուտքի դռան մոտ ցուցանակ կա, որում ասվում է. «Շնորհակալություն չծխելու համար»: Բայց ամեն անգամ ինչ-որ հյուր բաց է թողնում ցուցանակը, կամ իբրև ցանկություն ընդունում այն, այլ ոչ իբրև հրաման, և վառում է ծխախոտը: Իմ ընկերները բարեկիրթ, բայց հաստատակամորեն տեղեկացնում են իրենց ընկերոջը կամ հյուրին, որ եթե ցանկանում է ծխել, կարող է դա պատշգամբում անել, բայց ոչ տանը: Ոչ ոք չի վիճում, ոչ ոք չի վիրավորվում:
Քիչ մեծահասակներ են կարողանում խոսել երեխաների հետ այս ձևով:
Հանրային այգիներում կամ օդանավակայաններում կամ այլ վայրերում, որտեղ հավաքվում են մեծահասակներ ու երեխաներ, լսում եմ, թե ինչպես հարյուրավոր մարդիկ ասում են իրենց երեխաներին, որ ինչ-որ բաներ անեն: Նրանցից շատերն սկսում են «լա՞վ»-ով՝ աղաչական և փաղաքշական: Եթե այսպես չի ստացվում, շուտով սկսում են սպառնալ ու բղավել: Նրանք չեն կարողանում հաստատակամորեն խնդրել առանց միանգամից բարկանալու:
Հետո երեխան իսկապես շփոթվում ու վրդովվում է, չի հասկանում, թե ինչու են մեծահասակները բարակացած, կամ ինքն ինչ է արել գոռոց ու սպառնալիք վաստակելու համար:
Եթե երեխան իսկապես դիմադրում է ձեր ուզածին, կօգնի ասելը.
- Ես գիտեմ, որ դու չես ուզւոմ անել այն, ինչ ասում եմ քեզ, և ես ցավում եմ, որ չես ուզում, և ցավում եմ, որ դու բարկացած ես, բայց ես իսկապես ուզում եմ, որ դու դա անես:
Դա ոչ մի դեպքում չի լուծի ձեր խնդիրները և նույնիսկ երեխայի զայրույթը չի դադարեցնի: Բայց, համենայն դեպս, պարզ կդարձնի, թե ինչի մասին է խոսքը:
Եվ իհարկե, նման դեպքերում մենք պետք է զայրանանք երեխաների վրա մեզ վրա բարկացած լինելու համար:
Մենք կարող ենք իրավունք ունենալ (ինչպես նաև ուժ) ստիպելու երեխաներին հնազանդվել, սակայն մենք չենք կարող պահանջել, որ նրանք ձևացնեն, թե դա իրենց դուր է գալիս:
Զայրույթի պոռթկումներ
Մարդիկ, որ գրում են զայրույթի պոռթկումների մասին, հազվադեպ են լրջորեն զգում, թե երկու տարեկանի զայրույթն ինչ-որ համար է: Կարող են պարզապես մտածել, թե այս մանկիկները ողողվում են իռացիոնալ «ագրեսիայի» ուժեղ պոռթկումներով և մոլեգնությամբ, ինչպես Ֆլորիդայի ափերը ժամանակ առ ժամանակ ողողվում են փոթորիկներով: Հակառակը, ես պնդում եմ, որ ոչ միայն փոքրիկների այս թվացյալ իռացիոնալ և չափից դուրս զայրույթը՝ «զայրույթի պոռթկումները», պատճառաբանված են միայն իրենց հանդիպած դեպքերով կամ նրանով, ինչ որ ասվում և արվում է նրանց հանդեպ, այլ որ այդ բաները կբարկացնեին մեզ, եթե պատահեին մեզ հետ կամ ասվեին մեզ և արվեին մեր հանդեպ: Նույնիսկ ամենաբարի և սիրառատ ընտանիքներում երկու տարեկաններին պետք է օրը հարյուր անգամ հիշեցնեն, կա՛մ իրենց ծնողների բառերով և գործողություններով, կա՛մ դեպքերով, կա՛մ հենց իր՝ բնության կողմից, որ իրենք փոքրիկ են, թույլ, տգետ, անշնորհք, հիմար, անվստահելի, անհանգիստ, ավերիչ, գարշահոտ և նույնիսկ զզվելի:
Դա նրանց դուր չի գալիս: Ինձ էլ դուր չէր գա: Ձեզ էլ դուր չէր գա:
Այս թեմայով Ջ-ի մայրը, այն փոքրիկ տղայի, որին ես նկարագրել էի իմ թավջութակը նվագելիս, գրել է նրա զայրույթի պոռթկումների մասին, և թե ինչպես են իրենք երկուսով սովորում խուսափել դրանցից:
«Ջ-ն հրաշալի է: Այլևս չի քնում, որը նշանակում է, որ նա ողջ օրն աշխույժ է մոտ 7:30-ից՝ հսկայական վայրիվերումների մեջ: Իր սենյակն ամբողջովին պատկանում է հիմա իրեն, և նա իսկապես սիրում է այնտեղ միայնակ մնալ օրերի մեծ մասը՝ ժամ-ժամուկես մեծ մասամբ բեռնատարներով խաղալու: Ես ավելի կազմակերպված երեխա չեմ տեսել: Նա խաղում է դոմինոներով, և անվանում դրանք կա՛մ աղյուսներ՝ տներ կառուցելու համար, կա՛մ բեռնարկղեր, և շարում է դրանք բրգաձև, գծերով, կա՛մ ուղիղ գծով, որպես բեռնատարներ. նա բղավում և աղաղակում է, ինչպես երկու տարեկանների վարքի ձեր տեսության մեջ, եթե պոկում ես նրան բեռնատարների խմբից ու տանում նախաճաշելու: Բայց եթե դու իրեն մի երկու րոպե ես տալիս, որ նա ուղիղ գծով կայանի դրանք, հետո նա ինքնակամ գալիս է:
Ձեր տեսությունը (վերաբերվել նրանց որպես մեծերի) աշխատում է նորից ու նորից. թող նրան ետևում՝ ձյան մեջ, երբ ինքդ շտապում ես այծերին կերակրելու, և կստանաս զայրույթի սև ու կապույտ զայրույթի ամպրոպ: Վերաբերվիր նրան, ինչպես «մեծի» և ամեն ինչ կարգավորվում է: Միայն անհանգստությունն է պատճառը, որ թույլ է տալիս՝ օգտագործես քո մեծ լինելը և ուժ գործադրես: Ճարն այն է, որ սովորենք խուսափել այնպիսի իրավիճակներից, որ ժամանակ առ ժամանակ դա անհրաժեշտություն են դարձնում. ինչպես, օրինակ, չշտապենք և թողնենք, որ այնքան հոգնեն, որ ամբողջովին թևաթափ լինեն, թողնենք՝ ընթրիքը ուշանա:
Մի բան, որից նա գժվում է, այն է, որ իրեն թողնում են։ Այնուամենայնիվ մենք գնացինք ճամփորդության։
Ես միանգամայն լարվում էի նրան իր ընկերների հետ թողնելու պատճառով, քանի որ երբ որևէ մեկը գնում էր քաղաք առանց նրա (թեկուզ մյուս ծնողը մոտը լիներ), մի ամբողջ շաբաթ նա մեր հասցեին զայրույթի պոռթկումներ էր ունենում: Բայց նա պարզապես ցտեսություն ասաց ու մտավ տուն, և ունեցավ չորս իսկական լավ օր:
Ինչպես հայրն է ասում, նա զայրույթի պոռթկումները պահում է պարզապես մեզ խայթելու համար: Նա շատ խաղաղ էր, լիքը նոր խաղեր ու բառեր ուներ, երբ վերադարձանք, և հաստատ բոլոր ճակատներով առաջադիմել էր՝ լինելով այլ հետաքրքիր մարդկանց հետ, մեզնից հեռու:
Ավելի ուշ մենք պետք է երկար ճանապարհորդության գնայինք գետով ներքև, այնպես որ թողնելու էինք նրան մեր ընկերների հետ, բայց վերջին պահին որոշեցինք, որ մեր նավակները չէին կարողանա տանել մեզ և մեր ուղեբեռն այդ դժվար ու հեռավոր ճանապարհորդությանը, այնպես որ վերցրինք Ջ-ին և գնացինք գետային արշավի՝ վերցնելով մեր նավակը և, որտեղ ճանապարհ կար, կարճ հատվածներ անցնելով գետի կածաններով: Նորից նա շատ լավ էր և սիրում էր մեծերի հետ լինել, որոնք ուտում էին մատներով և լցնում ողջ սնունդը մի բաժակի մեջ, ճիշտ, ինչպես ինքը:
Նրա հայրը ցանկացավ նրան նավակ տանել, դրա համար փրկարարական բաճկոն հագցրեց ու պարանով կապեց: Ջ-ին դա դուր չեկավ, և ամեն կարգի չարություն արեց, մինչև որ ջուրը ցայտեց նավակի մեջ, և ինքը թրջվեց ու սառեց, բայց չբողոքեց: Զարմացած նստեց այնտեղ ու վերացած մոտ երկու ժամ նայում էր: Կարծում եմ՝ այնքան ուրախ էր իր մասնակցությամբ, որ հաշտվեց կատարվածի հետ»:
Այս նույն խելամիտ ու հարգալից մոտեցումը Սյուզան Ֆիթչը կիրառում է քնելու հաճախ դժվարին հարցում. «Իմ ամուսինն ու ես միշտ անհանգստանում էինք «մեր» ժամանակն ունենալու համար, այսպիսով մեր որդի Ջեսի (չորս տարեկան) քնելու ժամը շատ կարևոր էր մեզ համար: Թեև Ջեսին շատ հարմարվող էր, նրան չէր բավարարում այն սահմանափակ ժամանակը, որ նա ունենում էր հոր գալուց մինչև քնելու ժամը: Սրա պատճառով բոլորը նյարդայնանում ու տխրում էին:
Մի երեկո «Մեծանալ առանց դպրոցի»-ն կարդալիս գլխի ընկա, որ նա հանգիստ կարող է գնալ քնելու, երբ հոգնի: Մյուս օրը խոսեցինք հոգնած լինելու մասին, թե որքան քուն է նրան անհրաժեշտ, երբ պետք է քնի, որ ժամանակին արթնանա խաղախմբին ժամանակին միանալու համար, և միմյանց հետ զրուցելու մեր կարիքի մասին, և հանգիստ ժամանակ ունենալու մասին: Հոր հետ կռիվը գոլորշիացավ, և նա անմիջապես ստանձնեց շորերը հանելու և ատամները լվալու պատասխանատավությունը: Այս ընդամենը մեկ գործողության իրականացմամբ մեր ժամանակը, երբ մենք միայնակ ենք ու միասին ենք, բնականոն հունի մեջ է մտել, որը բավարարում է բոլորին»...
Չեմ կարող չնկատել, որ իմ լսած ոչ մի այլ մշակույթ այդքան մեծ պատմություն չի ստեղծում երեխաների քնի ժամից, և ոչ մի մշակույթ չունի այնքան մեծահասակներ, որոնք քնելը կամ արթնանալն այդքան դժվար են համարում:
Կարո՞ղ են այս սոցիալական փաստերը փոխկապակցված լինել:
Լուրջ կասկածներ ունեմ, որ այո:
Միասին խոհանոցում
Երեխաներն ավելի կարող են, քան մեծահասակներից շատերը կարծում են: Սյուզան Փրայսը Վերո Բիչից (Ֆլորիդա) զարմացրեց ու գոհացրեց ինձ իր երեխաների մասին այս նամակով. «Ես երեխաների հետ ցուցակներ եմ պատրաստում: Յուրաքանչյուրս ունենք օրվա ընթացքում մեր անելիքների ցուցակը և անմիջապես ջնջում ենք այն, ինչ որ անում ենք: Մթերային խանութում յուրաքանչյուրս ունենք այն ամենի ցուցակը, ինչ պետք է ձեռք բերենք, յուրաքանչյուր մեկն ունի իրեն անհրաժեշտ որոշակի բաների ցուցակ: Ես դրել եմ իմ գրամեքենան, և երեխաները հերթով մուտքագրում են: Եթե նրանք երկուսն էլ ցանկանում են դա անել, վայրկյանաչափ ենք դնում, և յուրաքանչյուրն անում է դա որոշակի րոպեներ:
Մեթը (վեց տարեկան) լազանյայի համար սոուս է պատրաստում, իսկ Ֆեյթը (չորս տարեկան) սպասում է, որ ջուրը եռա, որպեսզի լցնի արիշտան:
Մեթն իր առաջին տառերը սովորել է մեկ կամ երկու տարեկանից, սակայն չի սովորել բառեր, որովհետև, հիմա ես հասկանում եմ, ես էի փորձում հեգել դրանք: Մենք ստվարաթղթե տառեր գտանք կոմիսիոն խանութում: Նա հեգեց մի նախադասություն գրադարանից վերցված գրքից, և մենք վերցրինք կույտի միջից տառերը և գորգի վրա կազմեցինք բառերը: Շատ զվարճալի էր:
Երբ Մեթը երկու տարեկանից փոքր էր, նրա սիրելի խորտիկը սիսեռն էր: Ֆեյթը պատրաստվում էր քնել իմ գրկում, և ես չէի ուզում վեր կենալ և սիսեռ պատրաստել նրա համար, նա էլ թավան հանեց, մեջը ջուր լցրեց, վերցրեց աթոռը և սառնարանից հանեց սիսեռի տուփը, բացեց, լցրեց թավայի մեջ ու միացրեց կրակը: Մեկուկես կամ երկու տարեկանից նրանք դանակներ էին օգատգործում (դրանք որոշ ժամանակ չէին սրվում) բանջարեղեն կտրելու համար և կանգնում էին աթոռներին՝ գազօջախի մոտ, եփելու: Նրանք ինքնուրույն գիտեին ֆրենչ ֆրի պատրաստել:
Մի երկու շաբաթ առաջ նրանց բարձրաձան սանդուղքին և օգնեցին Դեյվիդին (իրենց հորը) մեր շարժական տան տանիքը սպիտակ ներկել: (Ինքս չափազանց վախենում եմ սանդուղքին բարձրանալուց)»:
Խնդիրն այն է, որ ցանկացած երեխա կանի նույնը, եթե ծնողները թույլ տան: Ես չեմ կարծում՝ ռիսկն ավելի շատ է, եթե ընդհանրապես կա, քան մեր վնասվելու ռիսկը, եթե ինքներս անենք նույն բաները: Երեխաներն ավելի շատ չեն ուզում վնասվել, քան մենք: Նրանք ողջունում են այն առաջարկները, որոնք հեռու են պահում նրանց վնասվելուց (ինչպես կարտոֆիլի ձողիկները մատներով գցելու փոխարեն ծակ գդալով մտցնելը):
Կարծում եմ, որ երեխաներն ավելի հաճախ վնասվում են, դիմադրության և հուզմունքի ոգով տոգորված՝ անելով բաներ, որ չպետք է անեն, քան երբ անում են խելամիտ ու բնական մի բան, որ հաճախ են անում և սիրում են ճիշտ անել: Լոնդոնի մեծ, արկածալից խաղահրապարակի տնօրենն ինձ մի անգամ ասաց, որ հենց որ ծնողները գալիս են խաղահրապարակ, երեխաները հաճախ վնասում են իրենց՝ անելով բաներ՝ տպավորելու, վախեցնելու կամ իրենց ծնողներին չհնազանդվելու համար, բայց երբ որ ծնողներին զգուշացնում են սպասել երեխաներին խաղահրապարակից դուրս (աթոռներով, նստարաններով մի վայրում), պատահարները դադարում են:
Ավելի ուշ Սյուզանին հարցրեցի, թե ինչպես է Մեթը սովորել կարտոֆիլ պատրաստել այդքան վաղ տարիքում: Նա պատասխանեց. «Գազօջախը: Ինչը գուցե Մեթի հետ իմ առաջին ճակատամարտի պատճառն էր: Նա սովորեց պտտել գազօջախի բռնակները: Ես ասացի՝ ոչ, վտանգավոր է: Արդյունքը բնական էր. իրեն զվարճալի, հետաքրքիր էր, անընդհատ դա էր անում: Ստիպված թեթև խփեցի ձեռքին, գրկեցի նրան, ես՝ արցունքի մեջ, նա՝ նույնիսկ չեմ հիշում. դրել էի նրան թախտի վրա, մտածում էի՝ ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Կամաց-կամաց գլխի ընկա:
Բռնակները միացնելուց ոչ մի վտանգ չկար նրան: Ես միշտ նրա կողքին էի, կարող էի գազօջախը հեռու պահել, նրա ձեռքը հեռու էր բոցերից: Ինչի՞ց էի վախենում։ Մարդկանց իմանալուց, իհարկե: Այսպիսով ես թույլ տվեցի, որ նա վառի դրանք. նայեցի՝ բերանս փակ: Նա բոլորը վառեց, գնաց սեղանի մոտ, կանգնեց աթոռին և նայում էր (նա այնքան ցածր էր բոցից, որ գազօջախի կողքին կանգնած չէր կարողանում տեսնել):
Քանի տարեկա՞ն էր: Տասնվեց շաբաթականից քիչ:
Արեց սա որոշ ժամանակ, հետո մի երկու անգամ՝ հաջորդ օրը, և վերջ, այլևս երբեք «չխաղաց» դրանց հետ նորից, բացառությամբ, երբ միացնում էր, երբ տեսնում էր, որ ես հանում եմ թավան ինչ-որ բան պատրաստելու համար:
Իսկ Ֆեյթի ծնվելուց հետո միացնում դրանք, երբ ուզում էր իր համար ինչ-որ բան պատրաստել: Չէ, մի անգամ էլ, երբ շատ ավելի մեծ էր, և իր ընկերն էր եկել. որոշեց՝ զվարճալի կլինի դրանք միացնելը և տեսնելը, թե ինչ վախեցած տեսք ունի ընկերը:
Ինչո՞ւ նա չպատասխանեց իմ «Ո՛չ, վտանգավոր է»-ին: Որովհետև իմ ձայնի մեջ իրական վախ չկար: Երբ դու ասում ես, որ ինչ-որ բան վտանգավոր է, երեխաները պատասխանում են, երբ դու իսկապես վախենում ես, որ նրանք կվնասվեն այդ պահին:
Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ պետք է սովորեցնեք երեխաներին կատարել ձեր ասածը, հակառակ դեպքում նրանք կարող են փողոցում լինել, մի մեքենա գա, և նրանք դուրս չգան փողոցից, երբ դուք բարկանաք նրանց վրա: Հարցը բոլորովին էլ սա չէ: Այդ իրավիճակում նրանք արձագանքում են մեծ մասամբ ձեր ձայնի մեջ եղած վախին, ոչ թե ձեր ասածին, թե պետք է ինչ-որ բան անել:
Երեխաների հետ մարդիկ միշտ շատ անհանգստանում են ապագայի մասին՝ դուրս գալով ներկայից: Նրանք մտածում են, որ եթե ես թույլ տամ հիմա միացնել գազօջախի բռնակները, երեխաները միշտ կուզեն միացնել դրանք: Իմ կարծիքով գլխավոր պատճառը, որ Մեթն այլևս չի ուզում խաղալ գազօջախի հետ այն է, որ նա կարողանում է պատրաստել դրա վրա: Այն այլևս խաղալիք չէ, այլ մի լուրջ գործիք, որն ինքն ու մեծերն օգտագործում են ամեն օր:
Մինչև վարել իմանալը և կարողանալը փոքրիկները սիրում են նստել կայանած մեքենայի ղեկին՝ այն այսուայն կողմ պտտելով: Բայց ո՞վ է տեսել այդպես անող երեխա, որը կարողանում է վարել: Դա երեխայություն կլիներ: Եվ Մեթի համար երեխայություն կլիներ խաղալը գազօջախի հետ, որի վրա ինքն ու իր կրտսեր քույրը կանոնավոր կերպով սնունդ են եփում, որն ուտում է մի ամբողջ ընտանիք»:
Ես նույնպես կարծում եմ, որ պատճառներից մեկը, որ Մեթն այդքան արագ արձագանքում է իր մոր ձայնի ուժգին վախին կամ այլ բացասական էմոցիայի, այն է, որ նա այդ էմոցիան հաճախ չի լսում: Մեծահասակների ձայնում վախի, զզվանքի, բարկության, սպառնալիքի և այլնի հնչերանգը հաճախ լսելով՝ երեխաները շուտով նորմալ, առօրեական են ընդունում նման հնչերանգը և ամբողջությամբ անտեսում են դա: Մտածում են. «Էհ, սա նրանց խոսակցության մշտական ձևն է»: Հետո, երբ մենք փորձում ենք նրանց ուշադրությունը գրավել որևէ իրական վտանգի վրա, նրանք այլևս չեն լսում մեզ:
Ոսկե աստղերի փոխարեն
Քանի դեռ չեն վրդովվել դաժանությունից կամ արհամարհանքից, երեխաները բնույթով ոչ միայն սիրող ու բարի են, այլև լուրջ ու նպատակասլաց: Երբ ես լսում եմ դպրոցի աշխատողներին ասելիս. «Աշակերտները մոտիվացված չեն, ինչպե՞ս կարող եմ մոտիվացնել նրանց», - մտածում եմ Մարգարեթ Միդի և բալիացիների պատմության մասին:
Սա տեղի է ունեցել 1920-ականներին, երբ շատ քիչ արևմուտքցիներ էին երբևէ եղել Բալիում: Մարգարեթ Միդը խոսում էր որոշ բալիացիների հետ՝ փորձելով իմանալ այս տարօրինակ և շատ տարբերվող մշակույթի մասին:
Մի պահ նա հարցրեց նրանց արվեստի մասին: Բալիացիներին հանկարծակիի բերեց այս հարցը: Նրանք չէին հասկանում, թե նա ինչ ի նկատի ունի՝ արվեստ ասելով: Դե, նա մի քիչ խոսեց արվեստի մասին և արևմտյան մշակույթների նկարիչների մասին: Բալիացիները որոշ ժամանակ մտածեցին: Հետո նրանցից մեկը խոսեց.
- Այստեղ՝ Բալիում, մենք արվեստ չունենք, - ասաց նա:- Մենք ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես կարող ենք:
Շատ փոքր երեխաները նման են այս բալիացիներին: Համարյա ամեն ինչ, որ նրանք անում են, անում են այնպես, ինչպես կարողանում են։ Բացի այն դեպքերից, երբ հոգնած են լինում կամ քաղցած, կամ կրքի, ցավի, վախի պոռթկումների մեջ, որ նրանք համարյա միշտ ամբողջովին հետաքրքրված, վարպետորեն ու ձեռնհաս են անում և լավ արված աշխատանքի հպարտությամբ:
Սակայն դպրոցները, և շատ մեծահասակներ դպրոցներից դուրս երբևէ չեն ճանաչում կամ չեն հարգում նման մոտիվները, դժվար թե նույնիսկ երևակայեն, թե դրանք գոյություն ունեն: Դրանց տեղում նրանք դնում են ագահությունն ու վախը:
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, որ դպրոցներից հանել են երեխաներին, որոնք ամենամյա «ամրապնդման» մանր պարգևներով ու տուգանքներով, ոսկե աստղերով, M&M-ով, դասարանների, դեկանների ցուցակներով ճնշվել և ոգեպես ջարդվել են: Ինչպե՞ս կարող են երեխաներին տանը կրթողներն իրենց երեխաների մեջ վերակենդանացնել մարդկային գործունեության նախկին խորը, հարուստ այդ ակունքները: Սա հեշտ չէ:
Հավանաբար միակ բանը, որ կարելի է անել՝ համբերատար լինել ու սպասել: Ի վերջո, եթե մենք մշտապես նորից չենք վնասում մեր մարմինները, նրանք սովորաբար ժամանակի ընթացքում վերականգնվում են: Մենք պետք է գործենք հավատով, որ նույն բանը ճիշտ է նաև մարդկային ոգու մասին:
Կարճ ասած, եթե մենք երեխաներին բավականաչափ ժամանակ տանք, որքան հնարավոր է, ազատ դրսի կործանարար ճնշումներից, լավ հնարավորություն կա, որ նրանք մեկ անգամ ևս իրենց մեջ պատճառներ կգտնեն արժեցող բաներ անելու:
Եվ այսպես, իր ժամանակին մենք բոլորս կարող ենք:
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
- Բացվել է 851 անգամ