Ապրելու և աշխատելու տարածքներ
Primary tabs
Սովորեցրեք ձեր սեփականը
Դպրոցնե՞ր, թե՞ ակումբներ
Մի ծնողի, որը գրում էր իրենց սեփական դպորցը ստեղծելու համար մի երկու այլ ծնողի միանալու մասին, ես ասացի.
- Շնորհակալ եմ ձեր դպրոցի մասին նորության համար: Մի սրտանց խորհուրդ:
Իրենց երեխաներին ձեր դպրոց ուղարկող մարդիկ պիտի հասկանան, որ եթե իրենք կարծում են, այդ երեխաները պիտի ուսուցանվեն կամ սովորեն հիմունքներ և նման բաներ, պիտի պատրաստ լինեն իրենք իրականացնելու այդ ուսուցումը և անելու դա իրենց սեփական տներում, կամ, համենայն դեպս, դպրոցից հեռու: Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվում են անելու բաներ, որ ամենաշատեն են հետաքրքրում և հուզում իրենց: Հակառակ դեպքում ձեզ բզիկ-բզիկ կանեն պահանջներով, որ դպրոցը պիտի սովորեցնի ընթերցանություն կամ թվաբանություն, կամ սովորեցնի այն շաբաթական մեկ կամ չորս ժամ և այլն:
Հավատացեք, ես խոսում եմ շատ մարդկանց դառը փորձից: Եվ սա կլինի իմ շատ խիստ խորհուրդը երեխաներին տանը կրթողների որևէ խմբի, որ ուզում է դպրոց հիմնել իբրև պարտադիր հաճախման օրենքներից խուսափելու միջոց կամ իրենց երեխաներին հանդիպման վայր տրամադրելու և իրենց երեխաների հետ լինելու կամ այլ պատճառներով: Լավ է, երբ կանոններն ասում են՝ ուրիշներին չվնասել և չանհանգստացնել:
Յուրաքանչյուր մարդկային հասարակություն ունի սա, և երեխաները սպասում են սրան ու հասկանում: Բայց դպրոցը պիտի չփորձի ստիպել սովորել: Եթե անի, մարդիկ անվերջ ու կատաղած կվիճեն, թե ինչ տեսակի ուսուցում պետք է ստիպել: Այդպես շատ է եղել է փոքրիկ այլընտրանքային դպրոցների հետ:
Նենսի Փլենթը գրում է այս մասին. «Մի բան էլ ուզում եմ ասել մյուս մայրերի մասին, որոնց հանդիպում եմ: Մեզնից ոչ ոք չի մտահոգվում սոցիալական հարմարեցման մասին. բոլորս գիտենք, որ երեխաները կարող են բոլոր տարիքների ընկերներ ունենալ, զբաղվել իրենց հետաքրքրություններով: Բայց մեզնից յուրաքանչյուրը զգում է, որ իր երեխաներն զգում են երեխաների կարիք: Նրանք զգում են «տարբեր» և դուրս մնացած, անկախ իրավիճակից:
Ի-ն հաճախ դիմավորում է արևոտ օրը՝ ասելով.
- Տղա, կանաչ մեքենա վարելու համար փայլուն օր է: Կանչեմ Թոմիին և... վա՜յ, նա դպրոցում է այսօր:
Մեծ բան չէ, գուցե, սակայն սա հաճախ է պատահում մեր բոլոր երեխաների հետ, և մենք անհանգստանում ենք սրանից: Այդ իսկ պատճառով խոսակցությունը միշտ պտտվում է «գուցե ինչ-որ կարգի դպրոց բացեինք»-ի շուրջը: Գիտենք, որ սա խնդիր է, որը հենց հիմա չունի պատասխան, բայց ողջ ժամանակ մտամոլոր դես ու դեն ենք պտտում: Ես միայն կարող եմ տեսնել պատասխանը, երբ գտնվում են շատ մարդիկ, որ անում են դա, համոզում ենք շատ մարդկանց, որ անեն դա: Ես տալիս եմ դա՝ ամենը, ինչ ստացել եմ: Լավ կլիներ, որ ամեն համայնքում ավելի շատ վայրեր լինեին երեխաների և իհարկե, բոլոր տարիքների մարդկանց համար՝ հավաքվելու և տարբեր բաներ անելու: Ես խոսել եմ, թե ինչպիսին պիտի լինեն այդ վայրերը «Կրթության փոխարենի»-ի առաջին գլուխներում և նաւյնիսկ ավելին՝ Փեքհամ ընտանեկան կենտրոն կոչվող նշանավոր վայրը նկարագրող հավելվածում, վայր, որը գոյություն կար Լոնդոնի մի մասում 1930-ականներին: (Մարդիկ փորձում են կազմակերպել նորը Շոտլանդիայում): Որոշ առումներով, քաղաքից դուրս գտնվող ակումբները, որոնց պատկանում են հարուստները, մեր ուզածի ավելի լավ մոդել են, քան դպրոցները: Հանած տասնութ անցքանի գոլֆի կուրսերը, ընտիր թենիսի կորտերն ու այլ հարմարությունները, շքեղ ակումբը և այն, ինչ մնում է, ոգով շատ մոտ է նրան, ինչին մենք հետամուտ ենք լինում: Դուք պարտավոր չեք գոլֆ խաղալ միայն այն պատճառով,որ գնում եք գոլֆ ակումբ: Դուք պարտավոր չեք ինչ-որ բան անել: Այնտեղ որոշակի ռեսուրսներ կան, որ կարող եք օգտագործել, եթե ուզում եք, բայց դուք կարող եք օրն անցկացնել աթոռին նստած ու երկնքին նայելով: Ինչո՞ւ չանենք նույն բանի ոչ թանկ տարբերակը:
Մի գյուղական ակումբ՝ առանց գյուղի, կամ հավանաբար տարբեր տեսակի գյուղերի, պարզապես մի փոքրիկ դաշտի կամ անտառների կարկատան, ինչ որ հարմար է: Եթե մենք կարողանանք մտքում պահել ընտանեկան ակումբի գաղափարը, հավանաբար ավելի խելամիտ ընտրություններ ու որոշումներ կունենանք:
Տարիներ առաջ իմ լավ ընկերուհի Փեգի Հաֆսը, որն այն ժամանակ ապրում էր Դանիայում, որոշեց մի 16 մմ հնչյունային ֆիլմ անել Նի լիլ սքոլի (Նոր փոքրիկ դպրոցի) մասին, մի փոքրիկ «դպրոց», որտեղ աշխատում էր, որը ես նկարագրել եմ «Կրթության փոխարեն»-ում: Նա քիչ քանակով սև ու սպիտակ լուսանկարներ էր արել, բայց երբևէ նույնիսկ տեսախցիկ չէ» ունեցել, էլ չխոսենք հնչյունային ֆիլմ անելու մասին: Որոշ ժամանակ համարյա լրիվ միայնակ աշխատելով, ավելի փորձառուների խորհրդատվությամբ, նա ստեղծեց մոտ քառասունհինգ րոպե տևողությամբ մի ֆիլմ, որը կոչվում էր «Սա պետք է դպրոց կոչենք»: Ես անկողմնակալ չեմ դրա կապակցությամբ. նա և ես հին ընկերներ ենք, ես սիրում եմ այդ դպրոցն ու նրա մարդկանց և որոշ տեսանյութերում նրա հնչյունավորողն էի: Բայց կարծում եմ, որ այն երեխաների մասին ամենապայծառ, հուզիչ և ճշմարիտ կինոպորտրետն է, որ ես երբևէ տեսել եմ: Ցանկացած մեկը, որ սիրում ու հարգում է երեխաներին, անշուշտ կհիանա և կգոհանա դրանով, և շատ բան կսովորի նրանից:
Ինչո՞ւ տանը կրթվողները պիտի ցանկանան դպրոցի մասին ֆիլմ դիտել: Պատասխանը վերնագրի մեջ է: Ֆիլմի սկզբում առավոտյան դպրոց հասնող երեխաների մասին կադր կա: Այստեղ լսվում է ուսուցիչներից մեկի՝ Էրիկի ձայնը.
- Մենք պետք է կոչենք սա դպրոց: Օրենքը Դանիայում ասում է, որ երեխաները դպրոց պիտի գնան, և եթե սա դպրոց չանվանենք, նրանք չեն կարողանա այստեղ գալ:
Սակայն սա մեր իմացած դպրոցը չէ: Այն հանդիպման, ապրելու և գործելու վայր է վեց կամ յոթ մեծահասակների և վեցից տասնչորս տարեկան մոտ ութսուն երեխաների համար: Ավելի նման է ակումբի, քան այլ բանի: Երեխաները գալիս են այնտեղ, երբ ուզում են, ավելի շատ ձմռանը, ոչ հաճախ՝ գարնանը և արևի ժամանակ: Հենց որ հասնում են, խոսում են և անում շատ բաներ, որ հետաքրքրում են իրենց, երբեմն մեծահասակների հետ, երբեմն երեխաներով: Ընթացքում սովորում են շատ բաներ իրենց մասին, մեկը մյուսի մասին և աշխարհի մասին: Ֆիլմը կարևոր է տանը կրթվողների համար շատ պատճառներով, և դրանցից մեկն այս մեկն է: Մեր համայնքներում կարիք ունենք ավելի շատ ոչ թե դպրոցների, այլ պաշտպանված, ապահով հետաքրքիր տարածքների բազմազանության, որտեղ երեխաները կարող են հավաքվել ու ընկերներ ձեռք բերել և միասին ինչ-որ բաներ անել: Նման տարածքները պիտի ընդգրկեն մանկական գրադարաններ (կամ գրադարանային հատվածներ), մանկական թանգարաններ (մի հրաշալի թանգաարն կա Բոստոնում), մանկական թատրոններ (թատրոնում խաղացող երեխաներ, ոչ միայն դիտող), մանկական (կամ մանկական ու մեծահասակների) արվեստի և արհեստագործական կենտրոններ, արկածային խաղահրապարակներ և այլն: Նման մի տարածք Փեքհեմ կենտրոնն էր: Նման մեկ այլ տարածք կարող է լինել Նի լիլ սքոլը: Պետք չէ ճշգրիտ արտագրել, բավական է ընդօրինակել ոգին:
Կանաչ տուն
Բեթ Հագինզն էլ Իլինոյսից գրում է մեկ այլ մանկական տարածքի մասին, որն ամենալավն է, ոչ թե որովհետև հենց երեխաների համար է, այլ որովհետև ունի իր սեփական իրական և լուրջ աշխատանքը: «... Մենք աշխատում ենք ստեղծել մի կենսաբանական հետազոտական աշխատանք երեխաների համար հարավային Չիկագոյի տարածքում: Դա մի ընդարձակ, արևային կանաչ տուն է, որ մենք կառուցել ենք Իլինոյսի Փեմբրոքի ծխական սևամորթների համայնքի հետ միասին: Դա գյուղական, քիչ եկամուտ ունեցող համայնք է: Կյանքի որակը հոյակապ հարմարեցված է առանց դպրոցի մեծանալուն: Ես չգիտեմ՝ ինչպես նկարագրել վայրը, որ դրամաշնորհի դիմում չթվա: Անցած չորս տարիները ես «սովորում էի» այնտեղ՝ մեծապես ուսուցանվելով ավելի մեծահասակ մարդկանց կողմից: Նրանք սովորեցրել են ինձ ինչպես աճեցնել, ինչպես կոմպոստ պատրաստել, ինչպես պահածոյացնել, ինչպես մորթել, ինչպես համագործակցել: Ես երբեք ավելի երջանիկ չեմ եղել այլ վայրում սովորելիս: Այն անգամ օգնեց օբյեկտիվորեն գնահատել իմ սեփական ուսումնական ծրագիրը...» (Փիլիսոփայության դոկտորի մանկապարտեզ):
Կանաչ տան տնօրենը վաթսունյոթ տարեկան ծեր մարդ է, որը ողջ կյանք զբաղվել է վաճառքով և աճեցնելով: Մեր փորձարարությունները տնտեսագիտական են և կենսաբանական: Մենք առողջացնում ենք հիվանդ հավերին, ձու ստանում, հավի ծերտ կուտակում, պարարտացնում նորատունկ ծիլեր և դիտարկում ենք, թե ինչպես են մեր ճուտիկներն ու տնկիները բարգավաճում արևի լույսի ներքո: Լավ կլիներ, որ մի քանի երեխաներ մեզ հետ աշխատեին: Մենք աշխատում ենք, որ տեղի մի քանի երեխաներ ակտիվորեն ներգրավվեն, սակայն նրանց համար միշտ ավելի գրավիչ է ընկերներ ունենալ դրսից, որոնք նույնպես գալիս են սովորելու:
Դա ծիծաղելի է: Երբ ես անդրադառնում եմ դպրոցին, ամենաշատն ինձ դուր չի գալիս լավ գնահատական ստանալու համար պարգևատրումների համակարգը: Բացի քոլեջում բարդ համարվող սոցիոլոգիայի լավ գնահատականից, չորրորդ դասարանից ի վեր երևի բացի գերազանցից այլ բան ստացած չլինեմ: Ես հասկացա, որ ցանկացած բանից կարող եմ գերազանց ստանալ, թեև մինչ օրս մտածելուց այդքան էլ վարժ չեմ: Կարծում եմ՝ գերազանցներն իմ առջև բացում էին դռները, մտցնում ինձ ավելի գրավիչ ուսումնական իրավիճակներ, ինչպես մարզային նվագախումբը, ազգային բանավեճի ֆորումները և այլ տեսակի «մեծ կյանքի» փորձություններ, որ կարող են խթանել ու տպավորել, եթե չվախեցնեն: Ես բավարար չափով չգիտեմ հակադպրոցական շարժման մասին, որպեսզի իմանամ, արդյոք հնարավո՞ր է երեխաների նման կարգի մեծ ասոցիացիա: Մենք հույս ունենք նման մի բան անել կանաչ տան փորձարարություններով, և երեխաներին ծանոթացնել դպրոց գնացող, պարապող որոշ փորձարարների հետ, որոնք չնայած դրան՝ դավան են հակադպրոցականների արժեքներին:
Արեգակնային (էներգիայի) ընկերություններից շատերը կազմակերպված և հզորացված են հրաշալի գիտնականների և հետազոտողների կողմից, որոնց դուր կգար երեխաների հետ պաշտոնական դպրոցական ենթատեքստից դուրս, սահմանափակ հիմունքներով աշխատելու հնարավորությունը:
Անսահմանափակ տարածք
Օրեգոնից Հարոլդ Դանը գրում է երեխաների ցանկացած կարգի տարածք «դպրոց» կոչելու վտանգի և երեխաների հետ Մեքսիկա ճամփորդելու մասին: Երկու տարի առաջ, երբ ես դեռևս հավատում էի, որ լուծումը ազատ դպրոցներն են, ես մի մինիդպրոց հիմնեցի՝ հինգ երեխայով և երկու մեծահասակով, որոնք ինձ հետ ապրում էին իմ տանը, դպրոցի փոխարկվեց մի ավտոբուս՝ կայանած ճանապարհ այն կողմը՝ Օրեգոնի անտառներում, փոքրիկ լճի կողքին:
Ուսուցումն անվճար էր, դասավանդում գոյություն չուներ, ուսումնական ծրագիրը հիմնված էր գոյատևման վրա, քանի որ մենք ամիսը հարյուր դոլարից պակաս ունեինք բոլոր ութ հոգուս կեցության համար:
Տղաներից երկուսը՝ տասնչորս և տասնհինգ տարեկան, ամռան մեծ մասն անցկացրել էին դրսում՝ իմ տանը՝ մշտապես զբաղված ստեղծագործական խաղով: Նրանք վախենում էին սեպտեմբերին հանրակրթական դպրոց վերադառնալուց, այնպես որ մենք մեզ դպրոց անվանեցինք և պարզապես շարունակեցինք այնպես, ինչպես ողջ ամառ արել էինք:
Միայն թե այդպես չստացվեց: Նրանք ձանձրացան, սկսեցին հոգնել ու բողոքել, որ ոչինչ չեն սովորում: Որոշ ժամանակ պետք եղավ, որ գիտակցեմ, որ քանի որ նրանք «դպրոցում են», սպասում են, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան անի իրենց հետ: Կապ չուներ, որ ամբողջ ամառ նրանք հետազոտում էին նոր ոլորտներ և ընդլայնում իրենց մտահորիզոնն առանց մեծահասակների հսկողության: Հիմա նրանք պահանջում են, որ իրենց ասեն, թե ինչ անեն: Մեկը պիտի նրանց բան սովորեցներ, հակառակ դեպքում սա իրական դպրոց չէր դառնա, և լավ չէր ստացվի:
Ես հասկացա, թե այս երկու տղայի դեպքում ինչպես ենք գործը փչացրել՝ մեզ պարզապես դպրոց անվանելով։ Անշուշտ, թյուրըմբռնումը աստիճանաբար էր եղել, նրանց ողջ նախկին դպրոցական տարիների ընթացքում, երբ ստիպված էին հավատալ, որ սովորելը պասիվ մի բան է, և որ դպրոցն է այն վայրը, որտեղ դա կատարվում է: Մեր դպրոցի մյուս երեք երեխաները՝ հինգ, տասը և տասներկու տարեկան, երբևէ չէին գնացել դպրոց, այնպես որ նախապաշարումներ չունեին, թե ինչ ակնկալեն: Ի՜նչ ուրախալի էր դիտելը, թե ինչպես են նրանք հետազոտում աշխարհն ու իրենք իրենց:
Նրանց մեծագույն գանձն իմ գրադարանի քարտն էր, որը թույլ էր տալիս նրանց կարդալ հարյուրավոր էջեր ամեն օր:
Նրանք երբեք չէին հագենում գրքերից, տակավին դեռ եռանդ ունեին եփելու, թխելու, փայտ կտրատելու, ափսեները լվալու և տունը մաքրելու: Երկու մեծ աղջիկներն ավելին էին անում, քան իրենց բաժին գործն էր, որովհետև ցանկանում էին: Նրանք աշխույժ էին, կամեցող և անհավատալի հնարամիտ: Նրանք ողջ աշխարհը տեսնում էին իբրև իրենց առջև բաց, որովհետև ոչ ոք չէր սովորեցրել նրանց, որ կան բաներ, որ իրենք չեն կարող անել: Մեկ ամսում Մ-ն (տասներկու տարեկան) փաստացի լողալ չիմացողից դարձավ առաջինը, որ անցավ «Լեռնցու փորձությունը», մարտահրավեր, որ ես նետել էի այդ ամառ ողջ ժամանակը լճում անցկացնող տղաների խմբին: Փորձությունը ենթադրում էր կեսգիշերին միայնակ մինչև լճի կեսը լողալ (մոտ հարյուր յարդ) և մինչև հատակը սուզվել (տասներկու ֆուտ)՝ իբրև ապացույց հետը տիղմ բերելով: Բազմաթիվ տղաներ փորձել էին, բայց բոլորը վախեցան, նույնիսկ նրանք, որ Մ-ից ավելի լավ լողորդներ էին: Բայց նա հաղթահարեց՝ ջանասիրաբար աշխատելով, որպեսզի շրջանցի իր վախերը: (Գիշերն այդ լճում մութ է): Գիշերը փորձությունն անցնելուց հետո նա հայտարարարեց, որ քանի որ ինքը Լեռնցիների ակումբի միակ անդամն է, ակումբի անունը փոխում է Լեռնագնացների:
Նախկինում դպրոց, նույնիսկ ազատ դպրոցներ, չգնացած այս աղջիկների, և հանրակրթական դպրոցի դոգմաների պայմանականություններով լեցուն երկու տղաների միջև անհավատալի հակասությունն ինձ համար հզոր դաս էր: Շատ տարիներ ես երազում էի նոր տեսակի ազատ դպրոց հիմնելու մասին, որտեղ չլիներ ծնողների և ուսուցիչների հսկողություն, ինչպես սովորաբար լինում է: Վերջապես իմ երազանքն ի կատար էր ածվել՝ ուսուցանելու համար ինձ դրա անհեթեթությունը: Մի քանի երեխա, որ իսկապես ազատ է՝ ունենալու իր ուզած սեփական դպրոցը, անմիջապես մշտական արձակուրդ կհայտարարեր, և ամեն ինչ կավարտվեր: Նրան կարող էին հավաքվել, ինչպես առաջ, և անել նույն բաները, բայց դա դպրոց չէին կոչի, մինչև չստիպեիր նրանց, և հետո դու ես ներկայացումը վարողը, և դա այլևս ազատություն չէ, նույնիսկ, եթե դու անում ես դա, ինչպես ես էի անում, «իրենց լավի համար», նրանց հանրակրթական դպրոցից հեռու պահելու համար: Ցանկացած երեխա, որը երբևէ եղել է դպրոցում, գիտե, որ «դպրոցը» մանկական բանտի մի հատուկ անուն է միայն, և դժվար են պատկերացնում, թե ինչպես կարող են այնտեղ զվարճություններ անել, անել այն, ինչ ուզում են, կամ ստեղծագործ լինել բանտում: Մի խոսքով, նրանք սպասում են, որ դու ասես իրենց, թե ինչ անեն, քանի որ «դպրոցում» դա են անում: Ես հասկացա, որ բանտապետ խաղալը պարզապես շատ եռանդ է խլում. արագ հոգնում էի:
Դեռ կարող եմ լինել այդ երեխաների հետ ողջ ամառ, եթե չեն ակնկալում ոչինչ ինձնից, և նրանք ինձ եռանդ են տալիս: Դա կարող էր շարունակվել անվերջ, և ես չէի հոգնի:
Անցյալ գարուն մեզնից տասնմեկը երկու ամիս անցկացրեց՝ հետազոտելով Բախայի անապատները մեր դպրոցական ավտոբուսով: Չորս դպրոցահասակ տղաները սովորելու անհավատալի փորձ ձեռք բերեցին մեզ հետ, թեև ճամփորդության նպատակը պարզապես հաճույքն էր: Մենք ձուկ էինք որսում ծովածոցի տաք ջրերում, բարձրանում ամայացած ծովափերը, մագլցում ժայռերը և հետազոտում արծաթի հանքեր ունեցող հին քաղաքի ավերակները: Երեխաները մեզ հետ էին, երբ սովորում էինք օտար երկրում մթերային գնումներ կատարելիս խնայողություն անել և երբ Բախայի երկու քաղաքներում նավթ էինք փնտրում: Միասին անցանք անապատի մեջտեղում պայթյունի փորձության արկածները և մեկշաբաթյա ուշացում ունեցանք շարժիչի լիսեռի ջարդվելու պատճառով:
Ուշացման ժամանակ Դ-ն (ութ տարեկան) և մի մեքսիկացի տղա հրավիրվեցին ողջ գիշերն անցկացնելու ծովախեցգետիններ որսալով մեքսիկական ծովախեցգետնի նավակում: Ուր որ գնում էինք, խաղում էինք մեքսիկացի երեխաների հետ, որոնց հանդիպում էինք այգիներում ու փողոցներում:
Բայց մեր ամենամեծ արկածը մեքսիկական փոքրիկ կրկեսին միանալն էր, և մենք տասնհինգ օր գնացինք նրանց հետ՝ խաղալով Վիզկաինի, Փենինսուլայի փոքրիկ ձկնորսական գյուղակներում, երկու օր սարսափելի ցեխոտ ճանապարհներով քայլեցինք վայրի բնության մեջ:
Մեզ խնդրեցին միանալ այդ կրկեսին, որովհետև մեր խմբից մեկն արհեստավարժ ձեռնածու էր: Հետո աստիճանաբար մնացածին էլ քաջալերեցին խաղալ գործողություններում և լինել շոուի մի մասը: Ջիլբերտոն, որի ընտանիքը ստեղծել էր ողջ կրկեսը, սովորեցնում էր երեխաներին ծաղրածուություն, գլուխկոնծի տալ և այն ամենը, ինչ նրանք ուզում էին սովորել: Ողջ օրը նրանք պարապում էին և խաղում Ջիլբերտոյի երեխաների հետ՝ զարգացնելով իրենց իմացած ամենախորը ընկերությունը: Թեև նրանք իսպաներենի զգացողություն ունեին և մի քանի բառ սովորեցին, իրականում հասկացան, որ բառերը չեն ամենակարևորը: Այդ երկու շաբաթը մենք ամբողջովին ներքաշվեցինք կրկեսի կյանքի մեջ. մեզնից շատերը հայտնաբերեցին նոր հմտություններ և ելույթ ունեցան առաջին անգամ:
Ք-ն տասնհինգ տարեկանում, այն ժամանակից, դարձել է ձեռնածու և արհեստավարժ ծաղրածու:
Ավելի ուշ, երբ պարզվեց, որ մեր ավտոբուսը կտրում է մեզ ավելի շատ արկածներից, մեզնից շատերը լքեցին գլխավոր խումբը՝ նստելու և ճանապարհորդելու գնացքներով և ավտոբուսներով: Թեև մեր ուղևորությունն արժեր յուրքանչյուրիս համար ամիսը հարյուր դոլարից պակաս, այդ օրից ի վեր ես ամսական տասնհինգ դոլար եմ ծախսում՝ Բախայով ճանապարհորդելու համար՝ աշխատելով մեկ օր, կամ որքան ցանկանամ:
Սա դպրոցին այլընտրանքի մի ձև է, որը կատարյալ է թվում արկածախնդիր, կոտրված պատանիների համար:
Կալվածքի տարածք
Ջերի Հովարդի հեղինակած «Այգեգործություն» հոդվածը պատմում է Բոստոնի հարուստ արվարձանում սննդի մշակման տարածքի մասին. «Բիլ Մքիլվեյնը՝ Հարվարդի դասախոս, որը ֆրանսերեն էր դասավանդում, լվացքատուն ուներ և հուսալքված գյուղատնտես էր, տեղափոխվեց Վենսթոն ծաղկող քաղաք, Մասաչուսեթս, և տեսավ շատ բերրի քաղաքամերձ հողեր, որ պիտի կորչեին, Բոստոն աշխատանքի գնալու իր ճանապարհին (հարավային ծայրի վերականգնված տները):
Նա տեսավ արվարձանի պատանիներին, որոնք «մի քանի այլընտրանք ունեին՝ ֆուտբոլ, թենիս, թատրոն խաղալ կամ ձանձրանալ» և տեսավ քաղաքի աղքատ մարդկանց, որոնք Ռոքսբըրիում ավելի շատ էին վճարում սննդի համար, քան ինքը՝ Վեստոնում: (Բիլը հաշվել էր քսանհինգ նույնական իրերի արժեքը երկու տեղում և գտել 13% տարբերություն):
1970թ-ի ապրիլին Բիլը սկսեց պարտքով վերցված ձեռքի գործիքներով և նվիրատվությամբ սերմերով ու պարարտանյութով: Մի բուռ օգնականների հետ միասին նա համարյա մեկ հեկտար մշակեց. արտադրանքը տարվեց Ռոքսբըրի և մատակարարվեց մանկական սննդի մի ծրագրի և բնակարանային նախագծի: Հետո, կալվածք վերադառնալու ճանապարհին, ծրագրի ղեկավարները հավաքեցին հանդիպած նվիրատվությունները:
Մեկ տարվա ընթացքում Բիլը նշանակվեց նոր Վիսթոն պատանեկան հանձնաժողովի նախագծի տնօրեն: 1972-ին նա համոզեց քաղաքին՝ գնել կալվածքը:
Նա ոգևորեց աջակիցների մի փոքր, բայց նվիրված շրջանակի՝ բավականաչափ մարդ ներգրավելով կամավորական կառավարման մեջ, ապահովելու համար քաղաքի շարունակական աջակցությունը: Ավելի շատ երեխաներ ներգրավեցին կալվածքում, և բանջարեղենից ստացված հասույթով (հիմա վաճառվում էր Բոստոնում արկղը մեկ դոլարով) նա աշխատողներին նվազագույն աշխատավարձ էր վճարում: Քաղաքն ավելի շատ գումար և սարքավորումներ ներդրեց նախագծի մեջ և 1975 թ-ին կալվածքը տարեկան հարյուր տոննա արտադրանք էր աճեցնում: Սրա մոտ 25%-ը վաճառվում էր տեղում, մնացյալը գնում էր Բոստոն:
Բիլ Մքիլվեյնը հիսուն տարեկան էր, երբ քաղաքը գնեց կալվածքը:
Նա դեռևս Պատանեկան հանձնաժողովի նախագահն է, և չնայած հարկային-դրամական գրառումներ վարելու իր ազնիվ տեսակետին, դեռևս սյունակ է գրում Ուեսթոն Թաուն Կարիեր-ի համար, որտեղ պատանիներին տասնյակ գործունեություն էր առաջարկում: Մի աշուն, օրինակ, Բիլը վեց հարյուր թխկու ծառ էր հաշվել Վեսթոնի ճամփեզրերին: Մեկուկես տարում նա և անձնակազմը շաքարի գործարան կառուցեցին ավագ դպրոցի մոտ՝ օգտագործելով տեղական ծառերից պատրաստված աղացած սոճու տախտակները, պարտքով վերցված դույլեր, խցաններ և գոլորշի արտադրող սարքավորումներ, և երկու հարյուր հիսուն գալոն բարձրակարգ թխկու օշարակ արտադրեց: Այնտեղ շատ անհետաձգելի գործեր էին անում, պտղատու այգիների վերականգնում, վառելափայտ կտրում, արկղեր պատրաստում, փոքր աստղադիտարանի շինարարություն, այլընտրանքային դասընթաց ավագ դպրոցում՝ Բոստոնի էթնիկ շրջակայք և գյուղական Նոր Հեմփշիր կանոնավոր ուղևորություններով»:
Փաստորեն նրա բոլոր ծրագրերը՝ մեծ կամ փոքր, ունեն այս ընդհանուր բաղկացուցիչները. դրանք պատանիներին ապահովում են վճարվող աշխատատեղերով, որոնք կրթական են, սոցիալապես օգտակար են և հաճելի են, դրանք գործում են փոքր մասշտաբով, պահանջում են փոքր կապիտալ և օգտագործում են նախկինում արհամարհված պատրաստի ռեսուրսներ, և դրանք միավորում են տարբեր մարդկանց՝ ընդհանուր խնդիրները հաճելի համատեքստում լուծելու համար: Համայնք ստեղծելը Բիլի ամենասկզբունքային նպատակներից է, և նա կառչում է մարդկանց տոնական առիթով միավորելու ցանկացած հնարավորությունից՝ բույսերի տնկում, բերքահավաք, թխկու շաքարի եփում, փայտանյութի արտադրամաս կամ մայսիմեկյան տոն:
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
- Բացվել է 688 անգամ