XVI. Փորձություն
Primary tabs
Նախկին հրաշամանուկը
XVI. Փորձություն. 1915-1917 դասավանդողի գործունեություն Հարվարդում և Մեն նահանգի համալսարանում
Մենք Նյու Հեմփշիր վերադարձանք, որպեսզի այդ ամառն այնտեղ անցկացնենք: Ռաֆայել Դենոսը, ում ես ճանաչում էի որպես Հարվարդի փիլիսոփայության բաժամունքի ուսանող, և էլի երկու երիտասարդ հույն՝ Հարվարդի համալսարանի դասական բաժամունքից Արիստիդես Էվանգելոս Պոտրիդիսը և Միչիգան նահանգի համալսարանի գյուղատնտեսական դպրոցից Բոյոկոսը, ամռան կեսերին եկան մեզ մոտ և պատրաստվեցինք ճանապարհորդելու սարերով:
Դա առաջին երկար արշավն էր վայրի տեղանքով, որ գնացի առանց հորս: Արշավh ուրախ և աշխույժ էր ոչ միայն բնապատկերի գեղեցկության և իմ ժամանակակիցների հետ նման ճանապարհորդություններից ստացած յուրահատուկ հաճույքի պատճառով, այլև Պոտրիդիսի շնորհիվ՝ բնածին բանաստեղծի, որ արտասանում էր ժամանակակից հունական պոեզիայի լավագույն ստեղծագործությունները: Իսկական բացահայտում էր մեր Սպիտակ լեռներին նայելը մի մարդու աչքերով, որ Պառնաս և Օլիպոս լեռներում է զարգացրել լեռնագնացության իր հմտությունները, և սպորտի այդ ձևով զբաղվելուց ստացած հաճույքը կապում է դասական մշակույթի իսկական ավանդույթների հետ:
Որոշ ժամանակ հետո վերադարձանք քաղաք՝ ուսումնական մեր պարտականություններին: Ես բազմաքանակ առաջին կուրսի փիլիսոփայության բաժնի դասավանդող էի, ինչպես նաև տրամաբանության դասընթացի լիիրավ վարողը: Դասավանդման ընթացքում ես պետք է կատարեի հաճախումների գրանցում, մեկ կամ երկու պրոֆեսորի համար հոդվածներ կարդայի և փիլիսոփայության ներածության մեկ նիստ վարեի Հարվարդի բաժնում և մեկը՝ Ռեդկլիֆում: Ի միջիայլոց, տարիքով գրեթե չէի տարբերվում այդ բաժիններում սովորող շատ ուսանողներից: Չեմ կարծում, թե դասավանդելիս լսարանից վախենում էի, բայց համենայնդեպս, պետք է որոշակի համարձակություն ունենաս, որպեսզի կանգնես ուսանողների բազմության առջև, հատկապես, որ այնտեղ իմ տարիքի աղջիկներ կային, և քննարկումը պահես հետևողական և կարգավորված դասընթացի շրջանակում: Չգիտեմ, թե ինչպես էի կարողանում, քանի որ, ինչպես և վայել է սկսնակ դասավանդողին, շատ հետևում էի իմ անսխալականությանը, ինչը հիմա, երբ հիսունութ եմ, ինձ պակաս բնորոշ է դառնում: Չնայած պետք է ասել, որ Հարվարդում և Ռեդկլիֆում դասարանները միշտ լսող են եղել, իսկ ինձ հետաքրքիր էր իմ առարկան, և ես միշտ պատրաստ էի բանավեճի մասնակցելու:
Ես շնորհակալ եմ, որ տիրապետում էի խոսքի ճարտարության: Շատ ավելի հեշտ է սանձահարել պատանեկան շատախոսությունը և չափազանցությունը, քան մշակել սեփական մտքերը արտահայտելու կարողություն, երբ բառերը մնում են կոկորդումդ: Դրանից բացի, իմ անփորձությունն ինձ հուսալիորեն պաշտպանում էր այն գիտակցումից, թե իրականում ինչպես էի դիտվում: Այդ գիտակցումն ավելի ուշ եղավ, երբ թողել էի Քեմբրիջի հարմարավետությունը հանուն նրա, որ Մեն Նահանգի Օրոնոյի անտառներում շփվեմ առանց հարմարությունների կյանքի հետ: Հենց այդ ժամանակ էլ ստիպված եղա դաժանորեն պատասխան տալ դասարանի հետ աշխատել չկարողանալուս համար, որ զվարճանում էր դասարանում կարգ ու կանոն պահպանելու իմ անկարողությունից:
Դասավանդելուց բացի ունեի նաև յուրահատուկ պարտականություններ: Տակիոյից պրոֆեսոր Հատորին չինական և ճապոնական մշակույթի և փիլիսոփայության մի քանի դասընթաց էր վարում, և նրան երիտասարդ ամերիկացու օգնությունը պետք էր հաճախումների հաշվառման և գնահատանիշերի գրանցման ամենօրյա աշխատանքի համար: Ես սկսեցի այդ աշխատանքը և շուտով նկատեցի, որ այն հետաքրքրություն է խթանում արևելյան քաղաքակրթության նկատմամբ, որի հետ արդեն առիթ ունեցել էի շփվելու, երբ ուսումնասիրում էի իմ հրեական ծագումը, քանի որ ինձ հետաքրքրում էր թերագնահատվող մարդկանց ընդհանուր խնդիրը: Արևելքի նկատմամբ այդ հետաքրքրությունը ուժեղացավ նաև այն պատճառով, որ այդ տարի իմ լավագույն ընկերը, ում հետ արշավների էի գնում Միդլսեքս Ֆլեզ և Երկնագույն բլուրներ, Չաո Իեն Ռենն էր՝ չինացի հոյակապ երիտասարդ, որ վերջին կուրսում Կոռնելից, որտեղ ֆիզիկա էր ուսումնասիրում, տեղափոխվել էր Հարվարդ, որպեսզի զբաղվի փիլիսոփայությամբ. նա նաև հնչյունաբանություն լավ գիտեր և չինական երաժշտության ուսումնասիրությամբ էր զբաղվում: Չաոն և ես արդեն երկար տարիների լավ ընկերներ ենք, և այն ժամանակները, երբ չէինք կարողանում հանդիպել, ստանում էի Green Letters[1], որի միջոցով նա լուծում էր ընդարձակ գրագրության հարցը: Դրանք բավականին ծավալուն փաստաթղթեր էին, որոնց միջոցով նա իր ընկերներին իր գործերի մասին au fait[2] տեղյակ էր պահում:
Ի միջիայլոց ցանկանում եմ նշել, որ Չաո Իյեն Ռենը դարձավ, հավանաբար, Չինաստանի մեծագույն լեզվաբանը, և չինարենի երկու բարեփոխողներից մեկը: Նա Չինաստանում Բերտրան Ռասելի թարգմանիչն էր, ամուսնացավ հիանալի չինուհու հետ, որ բժշկի մասնագիտություն ուներ և չինական խոհանոցի վերաբերյալ գրքերի հիանալի թարգմանություններ է անում արևմուտքի համար: Նրանք չորս աղջիկ ունեն. երկու ավագները ծնվել են Միացյալ Նահանգներում և հիմա ամուսնացած են. վերջին պատերազմի տարիներին նրանք օգնում էին իրենց հորը Հարվարդում չինարեն դասավանդելիս:
Նման մարդկանց հետ ընկերությունն ինձ օգնեց հասկանալու ոչ եվրոպացի գիտնականների նշանակությունը ամերիկյան համալսարանների համար: Ես ապրել եմ համաշխարհային գիտության մեջ Ամերիկայի հարաբերական և բացարձակ դերակատարության զգալի փոփոխությունների ժամանակներում: Ճիշտն ասած, այդ փոփոխությունները միայն մի մասն էին ընդհանուր պրոցեսի, որով երկրները կա՛մ ակտիվացնում էին իրենց ստեղծական գործունեությունը, կա՛մ նվազեցնում: Դա երևում է թերևս Գերմանիայի օրինակով, որ իր անվիճելի առաջնայնությունը գործնականում կորցրեց արտագաղթի, պատերազմի և տնտեսական դժվարությունների պատճառով: Ես նաև նկատել եմ փոփոխություններն այն երկրներում, որոնք սկզբում օտար էին եվրոպական մշակույթին, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և մյուս նոր, գաղութացված երկրները. և դա ավելի քիչ չի զարմացրել և մեծ նշանակություն է ունեցել: Դրանցից շատերը ընդամենը իմ կյանքի ընթացքում արևտմյան գիտական աշխարհում հսկայական կշիռ ձեռք բերեցին:
Բացի իմ հիմնական դասընթացներից, դասավանդում էի նաև, այսպես կոչված, կառուցողական տրամաբանության ուսուցման դասընթացը: Տարիներ շարունակ Հարվարդը փիլիսոփայության հարվարդյան դոկտորին իր ընտրած թեմայով անվճար դասախոսությունների շարք կարդալու հնարավորություն էր տալիս. այդ դասախոսություններին հաճախող ուսանողները չէին կարող հույս ունենալ, որ աստիճան կստանան: Բայց և այնպես նման դասախոսությունները Հարվարդի համալսարանում պաշտոնական ճանաչում ունեին: Արդեն նշել եմ, որ որոշել էի աքսիոմատիկ մեթոդները լրացնել մի պրոցեսով, որի համաձայն որպես մաթեմատիկական միավորներ պետք է լինեին տրամաբանական ավելի բարձր տեսակի կառույցներ, որոնք այնպես ձևակերպված լինեին, որ մեխանիկորեն ունենային որոշակի տրամաբանական և կառուցվածքային հատկություններ: Գաղափարը առողջ հատիկ ուներ, բայց որոշակի դժվարություններ կային, որոնք չէի կարող կանխատեսել և գնահատել՝ մեր փորձին հիմնարար համապատասխանության պատճառով: Իմ աշխատանքը սերտորեն կապված էր Բերտրան Ռասելի հեռապատկերների հասկացության հետ, և ենթադրում եմ, որ երկու աշխատանքները շատ ընդհանուր թերություններ և արժանիքներ ունեին:
Այդ ժամանակ հարվարդյան մաթեմատիկական բաժամունքի երկնակամարում հայտնվեց առաջին մեծության աստեղ: 1912 թ. քսանութամյա Բիրկհոֆը շշմեցրեց մաթեմատիկայի աշխարհը` լուծելով դինամիկական տոպոլոգիայի մի խնդիր, որը ձևակերպել էր Պունակարեն, բայց այդպես էլ չէր կարողացել լուծել: Եվ առավել գրավիչն այն էր, որ Բիրկհոֆն այդ խնդիրը լուծել էր Միացյալ Նահանգներում, առանց արտասահմանում սովորելու: Մինչև 1912թ. բացարձակապես անհրաժեշտ էր համարվում, որ ամերիկացի երիտասարդ խոստումնալից մաթեմատիկոսն իր կրթությունն ավարտի արտասահմանում: Բիրկհովը սկիզբ դրեց ամերիկացի մաթեմատիկոսների անկախ ձևավորմանը:
Նա շարունակեց իր աշխատանքը դինամիկայից այն ուղղությամբ, որը ավելի վաղ հետազոտել էր Պուանկարեն, և կարդաց դասախոսությունների շարք՝ երեք մարմնի խնդրի վերաբերյալ: Ես գրվեցի այդ դասընթացներին, բայց կա՛մ իմ անպատրաստ լինելու, կա՛մ Բիրկհոֆի դժվարընկալելի շարադրանքի, կա՛մ միաժամանակ երկուսի պատճառով չափազանց լարվում էի և չկարողացա շարունակել մասնակցելը:
Բիրկհոֆը և Մյունստերբերգը իմ ուսուցողական դասընթացի մասնակիցներ էին: Պատերազմի հետ Մյունստերբերգի համար ավելի ու ավելի դժվար էր դառնում Հարվարդում մնալը: Նա Գերմանիայի կողմնակիցն էր, մինչդեռ նրա գործընկերների մեծ մասը, այդ թվում՝ և հայրս, աջակցում էին դաշնակիցներին: Ի վերջո, Մյունստերբերգը նամակ գրեց հորս՝ հղում անելով իմ աշխատանքի նկատմամբ իր հետաքրքրությանը և իմ դասախոսություններին հաճախելուն, ինչպես նաև իմ աշխատանքին իր աջակցությանը. դա ծնողներիս կողմից որպես վիրավորանք ընդունվեց և սաստիկ վեճի առիթ դարձավ։ Բնականաբար, իրավիճակը չէր կարող շփոթմունք չառաջացնել, և բռնելով հորս կողմը՝ ես ավելի շուտ նվիրվածություն ցուցաբերեցի, քան տակտ:
Եթե Հարվարդ հաճախելու սկզբում ես ժամանակ առ ժամանակ էի այցելում Հարվարդի մաթեմատիկական ընկերության նիստերին, հիմա առաջին անգամ սկսեցի կանոնավոր հաճախել: Դա Հարվարդի համար տիպիկ օրինակով ստեղծված հասարակություն էր: Պրոֆեսորները նստում էին առաջին շարքում և ուսանողներին վերաբերում էին օլիմպիական ողորմածությամբ: Թերևս ամենահայտնի դեմքը Ու. Ֆ. Օսգուդն էր՝ իր ճաղատ ձվաձև գլխով և երկճյուղ խիտ մորուքով, որ սիգարի ծայրը կտրում էր դանակով՝ հետևելով Ֆելիքս Կլայնին, և այն բռնում ցուցադրական նրբագեղությամբ:
Իմ կարծիքով, Օսգուդը հարվարդյան մաթեմատիկոսի մարմնացումն էր: Ամերիկացի մյուս գիտնականների նման, որ դարի սկզբին այցելել էին Գերմանիա, նա վերադարձել էր գերմանացի կնոջ հետ և իսկական գերմանացուն բնորոշ վարվելաձևով: Թերևս, հարկ է շատ բան ասել ի պաշտպանություն գերմանուհու հետ ամուսնանալու, ինքս երջանիկ եմ, որ այդպես եմ արել: Օսգուդի ժամանակներում այդ գերմանականացումը մոդայիկ էր Նոր Անգլիայում: Գերմանական ամեն ինչով հիացմունքը նրան մղեցին ֆունկցիաների տեսության մասին գիրքը մաքուր գերմաներեն գրելու: Անկասկած նա գերմանական Geheimrat-ի կարգավիճակի ազդեցության տակ էր և ձգտում էր Ամերկայում գիտական կյանքին այնպիսի ձև տալ, որտեղ ինքը կարող էր նման դիրք զբաղեցնել: Նա հաջող աշխատանք կատարեց անալիզից, ի հեճուկս այն արգելքների, որ Նոր Անգլիայի որոշակի տեսակի բնակիչների մշտապես ետ էին մղում այն ամենից, ինչը սկզբնական էր, դեպի այն, ինչը ածանցյալ էր և ընդունված: Նրա գաղափարներից մի քանիսը նրան պետք է որ հասցնեին Լեբեգի ինտեգրալը բացահայտելուն, բայց նա վերջին քայլը չարեց, ինչը նրան կհասցներ սեփական հայեցակարգի ցնցող հետևանքներին: Կարծես ցավալի գիտակցում ուներ, որ իր գնացքն արդեն գնացել էր, քանի որ վերջին տարիներին նա իր ուսանողներին երբեք թույլ չտվեց օգտագործել Լեբեգի մեթոդը:
Ամերիկյան մաթեմատիկական կրթության գերմանական փուլի մի ներկայացուցիչ էլ Մաքսիմ Բոշեն էր: Նա ֆրանսերենի նախկին ուսուցչի որդի էր, բայց կրթությունը ստացել էր Գերմանիայում և ամուսնացել գերմանուհու հետ: Ինչպես Օսգուդի դեպքում, գերմաներենն այն լեզուն էր, որով խոսում էին նրա տանը, սակայն մնացած բաներով նա տարբերվում էր Օսգուդից: Նրա աշխատանքն ավելի յուրօրինակ էր և ավելի լայն հիմքով, և նրա վարվելակերպն ազատ էր շինծու բաներից:
Մնացած մաթեմատիկոսներից հատուկ տպավորություն են թողել, թերևս, երկուսը՝ պրոֆեսորներ Էդվարդ Վերմիլի Հանթինգթոնը և Ջիլիան Լոուել Քուլիջը: Արդեն պատմել եմ Հանթինգթոնի մասին, որի ինքնատիպությունը Հարվարդում իր մասնագիտական գործունեությունը ծավալելուն արգելք դարձավ: Նրան Լուորենսի գիտական դպրոց տեղափոխեցին, որտեղ ուսուցանում էր ճարտարագետներին, չնայած նրա կարողությունները մաքուր մաթեմատիայի և տրամաբանության բնագավառում ավելի շատ էին, որպեսզի կարողանար դրանցով զբաղվել: Նա ապրեց մինչև այն օրը, երբ իր ուղղությունը ընդհանուր ճանաչում գտավ, և այսօր աքսիոմատիկ մեթոդը պետք եղածից ավելի է գրավում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու թեկնածուներին: Նա հոյակապ, ոգևորող և համբերատար ուսուցիչ էր:
Քանի որ համալսարանի կառավարման ղեկին Լոուելն էր կանգնած, Ջուլիան Լոուել Քուլիջը, լինելով Լոուելների ազգի ներկայացուցիչ, Ջեֆերսոնի հետնորդ, դատապարտված էր հաջողության: Քուլիջն իր կրթությունը ստացել էր Անգլիայում և Գերմանիայում: Նա աշխատում էր երկրաչափության բնագավառում, որտեղ ցուցաբերել է մեծ ջանասիրություն և աշխատասիրություն: Նա ոչ միայն խելացի, այլև չափազանց զարմանալի մարդ էր, և «ռ» արտասանել չկարողանալը նրան ավելի մեծ հմայք էր հաղորդում:
Մաթեմատիկոսների ակումբում հոդված ներկայացնելն իսկական ուսուցում էր նյութը տրաբանորեն և հետաքրքիր շարադրել կարողանալու: Յուրօրինակությունը և ուժը արժանիորեն էին ընդունվում: Մաթեմատիկայում ուժը մեխանիզմներ աշխատեցնելու կարողությունն է, ինչպես ընդունված, այնպես էլ ուրիշ. որոնք հնարավորություն են տալիս մարդուն լուծելու իր աշխատանքի ընթացքում հանդիպած չլուծված մեծ մասը: Դա մեթոդներ ստեղծելու կամ մշակելու կարողություն էր, որոնք պիտի համապատասխանեին լուծվող խնդրի պահանջներին, բայց դա ակումբի անդամների մոտ մեծ գնահատականի չէր արժանանում: Այն ժամանակ չկար այնպիսի տեղ, որտեղ խոստումնալից ուսանողի հետաքրքրությունները, որոնք դուրս էին վերջին կուրսերում ուսումնասիրվող նյութերի շրջանակներից, առաջնահերթ նշանակություն ունենային, չնայած որոշ ժամանակ հետո ստեղծվեց այդպիսի կազմակերպություն մաթեմատիկական կոլոքվիումի տեսքով, որը հիմա իր վրա է վերցրել մաթեմատիկական ակումբի գործառույթների մեծ մասը:
Ես արշավների էի գնում և մարզասրահում մի քիչ զբաղվում ըմբշամարտով, որպեսզի միշտ ֆիզիկապես լավ զգամ: Ըմբշամարտը սպորտի տեսակներից մեկն է, որտեղ կարճատեսությունը գրեթե դեր չի խաղում: Ճիշտ է, ես այդպես էլ հաջողություն չունեցա ըմբշամարտում, բայց մկաններս լցվեցին, հատկապես ուսերս, և ես ուժեղ էի, այնպես որ ավելի լավ ըմբիշները ստիպված էին բավականին չարչարվել ինձ հաղթելու համար: Ինչ-որ ժամանակ ես ամբողջությամբ ծածկված էի վնասվածքներով և գորգի հետ շփվելու պատճառով մաշկս տեղ տեղ պլոկված էր, մի խոսքով, այդ սպորտաձևի բոլոր լավագույն ավանդույթներով:
Քեմբրիջից և Կոլումբիայից վերադարձա ընտանեկան կարգապահության իշխանության տակ, որը արդեն այնքան ինտենսիվ չէր և չէր տարածվում կյանքի բոլոր բնագավառների վրա, ինչպես իմ ուսանողության տարիներին: Եվ մի էական տարբերություն կար. ես արդեն հորս աշակերտը չէի ոչ մի առարկայից: Ընտանիքում պահպանվել էր նախկին կառուցվածքի գաղափարը, սակայն այս դեպքում դեր էր խաղում այն, որ ես սկսել էի վաստակել, և այդ պատճառով որոշակի կարգավիճակ ունեի ընտանիքում: Սակայն, կարող եմ ասել, որ միայն մի քանի տարի անց, իմ ամուսնությունից հետո դադարեցի հորս աչքին երեխա երևալուց, ումից անհարժեշտ է հնազանդություն պահանջել:
Այն ժամանակվանից, որ ես վերադարձա Եվրոպայից, ծնողներս սովորություն դարձրեցին կիրակի օրերը հորս ուսանողներին հարվիրել մեր տուն թեյ խմելու: Հրավիրվում էին նաև իմ ուսանողները, ինչպես նաև քրոջս համակուրսեցիները: Կիրակնօրյա թեյըմպումները, որոնց հրավիրում էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, հին սովորույթ է, ինչպես աշխարհը, և ժամանակի ընթացքում նրա սկզբնական իմաստը չէր փոխվել: Երբ կարդացի Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Թեքերեյի աշխատանքները և իր աղջիկներին խոստումնալից ասպիրանտներին ներկայացնելու նրա փորձերի մասին, հիշողությանս մեջ արձագանք տվեց: Համենայնդեպս, ես չէ, որ պետք է ծաղրեմ այդ թեյըմպումները, քանի որ իրականում դրանց շնորհիվ սովորեցի, թե ինչպես պետք է վարվել հասարակության մեջ, դրան նպաստող ուրիշ միջոցառումների քիչ լինելու պատճառով. ինչպես նաև քույրերս էլ, ես էլ այդ թեյըմպումների ժամանակ ծանոթացանք մեր հետագա ամուսինների հետ: Ես շատ բան իմացա այն մասին, թե ինչպես պետք է վարվել ուրիշների հետ շփվելիս, սկսեցի ընկերական հարաբերություններ զարգացնել և նոր ծանոթություններ ստեղծել:
Հայրս Հարվարդում ռուսերենի պրոֆեսոր էր, ինչպես նաև տարբեր տեսակի ծառայություններ էր մատուցում ռուսներին, որ այցելում էին: Պատերազմի ժամանակ շատ ռուսներ կային, սկզբում գալիս էին տարբեր նպատակներով և նույնիսկ ռուսական կառավարության հանձնարարությամբ, ավելի ուշ՝ փախստականներ, որոնք փախել էին սպասվող հեղափոխության վտանգներից, իսկ ավելի ուշ՝ հենց հեղափոխությունից: Դրանք ամենատարբեր տեսակի տղամարդիկ և կանայք էին: Նրանցից մի քանիսը գալիս էին շատ կարևոր հանձնարարություններով, ինպես, օրինակ, ցարական կառավարության հանձնարարությամբ գնումներ կատարելու: Ոմանք գալիս էին անձնական պատճառներով, և կային ոչ մեծ թվով երիտասարդ կարմրակատարիկներ, որոնք այցելում էին մեյ թեյըմպումներին, դաշնամուրի նվագակցությամբ ռուսական երգեր էին երգում, և սիրահետում էին աղջիկներին մեր տան տարբեր անկյուններում: Նրանց մեջ կային այնպիսիք, որ լուրջ նախադրյալներ ունեին նոր երկրում լավ տեղավորվելու, բայց կային և այնպիսիները, որ կյանքին քիչ էին կապված, ինչպես փրփուրը գարեջրին: Որոշ ժամանակ մայրս և հայրս առանձնակի հաճույք էին ստանում արիստոկրատների այդ խմբի համար հյուրասեր տանտիրոջ դերից, և նրանք, ի հեճուկս իմ դժգոհության, պատահում էր համեմատում էին նրանց քաղաքավարությունը, նրբաճաշակությունը և savoir-fair[3] իմ անշնորհքության հետ, բայց ես միշտ գիտակցում էի, որ մեր տունը միայն դեկորացիա էր այդ նրբաճաշակ հոգիների սիրային պարի համար, և նրանք մեր վրա նայում էին ծայրահեղ անտարբերությամբ, եթե ոչ արհամարհանքով: Մասնավորապես, գիտեի, որ, եթե կարողանյի պատկերել այդ փախստականների վարքը բեմի ետևում, ինչպես նաև նրանց բեմական նրբագեղությունը, և եթե ծնողներս կասկածեին, որ դա ես եմ արել, ինձ տեղնուտեղը կվռնդեին: Բայց վերջապես ծնողներս իրենք էլ զգացին, որ այդ տարօրինակ մարդկանց վարքում, որոնք կարծես չեխովյան բալենու այգի էին խաղում, մեր նկատմամբ ինչ-որ արհամարհական բան կար, և նրաց այցելությունները դարձան ավելի ու ավելի հազվադեպ, մինչև վերջապես ընդհատվեցին:
Հայրս հենց սկզբից դեմ էր կոմունիստներին: Մասնավորապես այն պատճառով, որ Ռուսատանի հետ նա կապված էր այնպիսի մարդկանց հետ անձնական ծանոթությամբ, ինչպես Միլյուկովը, որը մենշևիկ էր և կապվում էր Կերենսկու պարտված ռեժիմի հետ: Իրականում ճիշտ կլիներ, որ հայրս պահպաներ իր կապերը նոր Ռուսաստանի հետ, անկախ այն բանից՝ իրեն դուր էր գալիս, թե ոչ, որպեսզի կարողանար մինչև վերջ հասկանալ, թե ինչ էր կատարվում, և կարողանար Միացյալ Նահանգների կառավարությանը զգուշացնել, թե ինչ նոր վտանգներ են սպասվում: Այսպես թե այնպես, հեղափոխությունից հետո ոչ միայն հորս գիտական գործընկերները ավելի ու ավելի հեռացան Ռուսաստանից, այլ թել առ թել կտրվեցին նաև նրա անձնական կապերը այդ երկրի հետ: Նա գիրք հրատարակեց Ռուսաստանի և այն մասին, թե այն իրենից ինչ է ներկայացնում ամերիկյան տեսանկյունից, բայց այն հիմնված էր բացառապես մտացածին բաների վրա, որոնց հոսքը անսպառ էր որոշ ժամանակից սկսած: Կարճ ասած, օտարացումը, որը հայրս սկսեց զգալ Ռուսաստանի նկատմամբ, հանգեցրեց Հարվարդում իր նախկին, եկող ռուսների հետ կապված պարտականությունները կատարել չցանկանալուն, և կարծում եմ, որ սլավոնական լեզուների հետագա հետազոտությունից նրա հրաժարումը այն պատճառներից մեկն էր, որի հետևանքով Լոուելը մի քանի տարի անց անտարբեր եղավ Հարվարդում աշխատելը շարունակելու հորս խնդրանքին, երբ հասել էր թոշակի տարիքին:
Հասարակական կարծիքը ավելի շատ էր հակվում Եռյակ դաշինքի կողմը, և բոլորը ասում էին, որ մենք պետք է մտնենք պատերազմ: Երկրորդ կիսամյակում սպայական կազմի ուսուցման համար Հարվարդյան գունդ (Harvard Regiment) անունով հայտնի կազմակերպություն ստեղծվեց, ուր ես անմիջապես մտա: Խորը ձմռանը մենք ձյան միջով դժվարությամբ քարշ էինք գալիս ամառային թեթև համազգեստով մինչև զինվորական դաշտում գտնվող բեյսբոլի վանդակը, որտեղ մեզ ձեռնադրում էին Զինվորի դպրոցի և Նորակոչիկների դպրոցի անդամ: Երբ գարուն եկավ, պարապմունքները շարունակեցինք բաց օդում` հարվարդյան մարզադաշտի ետևում, և մի քանի անգամ մարզական արշավ և ռազմաերթ կազմակերպեցինք: Նաև ռազմաերթով հասանք Ուեյքֆիլդում գտնվող հրացանների պետական պահեստը, որտեղ մի քանի օր վարժվեցինք մուշկետից կրակելուն: Չնայած իմ վատ տեսողությանը, մի անգամ դիպուկահարին արժանի արդյունք ցույց տվեցի: Դա չընդգրվեց իմ հաջողությունների ցուցակում, ավելի շուտ դա իմ հրահանգչի՝ բոստոնյան բրոքեր պարոն Ֆուլերի հաջողությունն էր:
Հարվարդի գնդի վիճակը կախված էր օդում, բայց ես ծրագրել էի ամռանը մեկնել Փլացբուրգ և այնտեղ սովորել` պահուստային ցուցակ ընդգրկվելու համար: Այս ամենը, իհարկե, կախված էր նրանից, թե հաջորդ տարվա համար ինչ աշխատանք կճարեմ: Ես հանդիպեցի շատ տարբեր դեկանների և բաժանմունքների ղեկավարների հետ, որ նոր թեկնածուների էին փնտրում իրենց աշխատատեղերը լրացնելու համար, բայց, կարծես, նրացից ոչ մեկը ինձնով հետաքրքրված չէր, և պրոֆեսոր Փերրին ինձ վստահեցրեց, որ դեռ ինձ բավականաչափ չեմ բացահայտել, որ կարողանամ անհրաժեշտ երաշխավորագրեր հավաքել: Այդ ժամանակ ես խոստումնալից դասավանդող չէի, բայց չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ ֆակուլտետներում ինձ այդպես սառը ընդունելու պատճառը մասամբ իմ տարիքն էր և ինչ-որ անհայտ բան փորձելու նկատմամբ պահպանողական համոզվածությունս:
Համենայնդեպս, իմ դժվարությունները մասամբ իմ զարգացման հետևանք էին: Մեկ տարի առաջ հեշտությամբ դասավանդողի ընթերակայի տեղ էի ստացել, քանի որ ոչ մի մրցակցություն չկար ինձանից տարիքով մեծերի հետ, որ ստացել էին Հարվարդի այն ոլորտների ներկայացուցիչների աջակցությունը, որոնցում իսկապես ցանկանում էին աշխատել: Հիմա, մեկ տարի անց, վիճակը փոխվել էր: Ես խնդրում էի դասվանդողի աշխատանք, և դրա հետ միասին առաջխաղացում մի ոլորտում, որտեղ ցանկալի տեղերը շատ չէին և քիչ հանդիպող էին: Եվ հարվարդյան դասավանդողներն էլ առանձնապես չէին ցանկանում ժամանակ ծախսել մի մարդու վրա, որ կարող էր հաջողել կամ ոչ, և ում ապագան դժվար էր գուշակելը: Վերջապես, հորս ճնշման ներքո որոշեցի աշխատանք փնտրել ոչ թե փիլիսոփայության հետ կապված, այլ մաթեմատիկայի, և ինձ մի քիչ ստորացուցիչ էր թվում տարբեր գործակալություններում անունս գրանցելը որպես դասավանդող վարձվելու համար: Սա հիշեցնում էր ձկնորսություն, որտեղ ձուկը հաճախ խփում է, բայց հազվադեպ է խայծը կուլ տալիս: Վերջապես ստացվեց, և ես համաձայնեցի հաջորդ տարին անցկացնել Մեն նահանգի Օրոնոյի համակսարանում, որպես մաթեմատիկա դասավանդող: Մենք վերադարձանք Աշխարհի գագաթը, Սենդվիչի մեր ամառային տունը, որպեսզի ամառը այնտեղ ակցկացնենք:
Ռաֆայել Դեմոսը կրկին այցելեց մեզ, այս անգամ Ջիմ Մարսելի՝ փիլիսոփայության հարվարդյան բաժամունքի ուսանող երիտասարդ ավստրալիացու հետ: Մարսելը, Դեմոսը և ես նորից արշավի գնացինք հյուսիս՝ Ուեբստեր շղթայով դեպի Վաշինգտոն լեռը: Երբ վերադարձանք, ես մեկնեցի սպայական կազմի պատրաստման Նյու-Յորքի նահանգի Փլացբուրգի ճամբարը, որպեսզի փորձեի նշանակում ստանալ բանակում, ինչը ցանկալի կլիներ, եթե Միացյալ Նահանգները ներքաշվեին պատերազմ:
Ես մեկնեցի Սենդվիչի Լոուեր Քորներ նավահանգստից: Շոգենավում, որով կտրում էի Չեմպլեյն լիճը, հանդիպեցի դպրոցական տարիների ընկերոջս՝ անուղղելի մի սրիկայի Ուոլքեր փողոցից, որ մի անգամ կացինը ձեռքին ընկել էր մի ուրիշ տղայի ետևից, և ով հետագայում դարձել էր Մասաչուսեթսի ամենահամարձակ խաբեբաներից մեկը: Նա փորձեց շարքային հեծյալին, որի հետ ճանապարհորդում էր, ներկայացնել որպես սպա, բայց ես արդեն բավականին ծանոթ էի բանակային տարբերանշաններին, որպեսզի տարբերեի շարքային հեծյալի գլխարկի վրայի դեղին շերտը սպայի գլխարկի վրայի ոսկեգույն-սև շերտից:
Հարվարդի գունդը ինչ-որ չափով ինձ նախապատրաստել էր բանակային ճամբարի: Բայց ինձ դեռ զարմացնում էր, որ իրենց զինվոր երևակայող այդ բոլոր երիտասարդները խմում էին շշից և թունդ հայհոյում էին: Իմ շրջապատում մի քանի մարդ կար, ում հետ հետաքրքիր էր զրուցելը, չնայած կային նյույորքյան մի քանի համայնքներից լոպազ տղերք: Իմ շրջապատի մարդկացից մեկը, որ ինձ մյուսներից ավելի շատ էր գրավում, Բուրմայից միսիոներների ընտանիքից էր, նա մարմնավորում էր Ադոնիրան Ջադսոնի միսիոներական ավանդույթների անընդհատությունը:
Իմ լեռնագնացությունը լավ էր անդրադարձել ֆիզիկական պատրաստվածությանս վրա, և ես բավականին ուժեղ էի, որպեսզի դիմանայի ռազմաերթերին և մարզումային մանամարտերին: Ես զարմացել էի, որ ոչ միայն ուրիշները, ես էլ էի փոխել իմ վարքը այն պատճառով, որ բոլորս ղեկավարվող մի մեծ խմբի անդամներ էինք: Օրինակ, իմ մտքով երբեք չէր անցնի մերկ լողալ մայրուղու կողքին: Սակայն երբ գետում քո առաջ վխտում են հարյուրավոր մերկ մարմիններ, արդեն սեփական մերկությունդ չես ընդունում որպես վիրավորանք շրջապատի մարդկանց համար:
Կամ մի ուրիշ դեպք, մի անգամ վրանների արանքներով անցնելիս պատահաբար կոտրեցի ինչ-որ մեկի ակնոցը: Սովորական կյանքում ես կներկայանայի և կառաջարկեի այդ մարդուն կոտրված ակնոցի համար գումար. բայց համազգեստ կրող և որևէ պարտականության մասին չմտածող այդքան երիտասարդ մարդկաց ներկայությունից, կարծում եմ, տեղի տվեցի:
Մուշկետից կրակելու վարժությունների ժամանակ ինձ շատ ավստահ էի զգում: Առանց այն հատուկ պատրաստության, որ ես անցա Հարվարդյան գնդում պարոն Ֆուլերի մոտ, տեսողության պատճառով չէի կարողանա թիրախին դիպչել: Երբ մուշկետների կրակատեղի սպային բացատրեցի այդ թերությունը և վերադարձա վրան, իմ հարևանները վրանում ինձ սկսեցին մեղադրել, թե ձև եմ թափում: Նրանք արդեն գիտեին, թե որքան հեշտ է հայոյանքով ինձ զայրացնելը. ինձ ճնշված էի զգում: Այնքան էի զայրացել, որ վերցրի վրանում եղած հրացաններից մեկը, պարզ է, առանց այն ուղղակի նշանակությամբ կամ որպես խփելու փայտ օգտագործելու նպատակի, ավելի շուտ դա հուսահատության և զայրույթի արտահայտություն էր: Իհարկե, նրանք առանց դժվարության ինձ զինաթափեցին, բայց ցնցումից կորցրի խոսելուս կարողությունը, երբ պարզորոշ տեսա, թե ինչ սպանիչ կերպով կարելի է մեկնաբանել գործողություններս: Ճամբարում իմ պարապմունքներն ավարտեցի՝ չստանալով բանակ ընդունվելու երաշխավորագիր, և մեջս անավարտության ինչ-որ զգացողություն մնաց: Մեկ շաբաթով վերադարձա սարերը, իսկ հետո մեկնեցի Օրոնո, որպեսզի անցնեմ իմ աշխատանքին Մեն նահանգի համալսարանում:
Օրոնոն կարծես Նոր Անգլիայի քաղաքների, որոնց վարժվել էի, անավարտ և պակաս գրավիչ պատճենը լիներ: Ճաշի համար պայմանավորվեցի Օրոնոյի հյուրանոցում, ինչը ընդունված էր ֆակուլտետի դասավանդողների շրջանում, և սենյակ վարձեցի մի հաճելի սպիտակ շենքում, որը կառուցված էր Նոր Անգլիային բնորոշ ոճով, և որի տերը համալսարանի գրադարանավարն էր:
Չնայած ինձ հաճույք էր պատճառում աշխատանքը, որը կատարելով անհասնելի էի հորս համար, համենայնդեպս Մենում ինձ երջանիկ չէի զգում: Հիմնականում ծեր, մշտական պրոֆեսորներ էին, անհաջողակներ, որ վաղուց թաղել էին գիտության մեջ ինչ-որ բան ավարտելու կամ մասնագիտական գործունեության մեջ առաջ գնալու հույսերը: Մի քանիսը դեռ պահպանել էին պատվասիրության ինչ-որ մնացորդներ, սակայն մեծ մասը հաշտվել էր անհաջողակի կարգավիճակի հետ: Երիտասարդ դասավանդողներն անցողիկ երևույթ էին, ինչպես ես ինքս, որոնք աշխատանքի տեղ էին գտնում աշխատանքի գործակալություններում գրանցվելով այն բանից հետո, երբ իրենց պրոֆեսորների ջանքերով իրենց շրջանավարտների սերուցքը հավաքված էր լինում: Ե՛վ նրանք, որ համալսարանում աշխատում էին մշտական, և՛ եկած հյուրերը հետաքրքրված չէին այստեղ աշխատանքով, և նրանց միակ ձգտումը այդ համալսարանը հնարավորին չափ շուտ լքելն էր, քանի դեռ այդտեղ աշխատելը նրանց չէր դրոշմել որպես ավելի արժանի հաստատություններում աշխատելու անընդունակների: Նման տեղերում հազվադեպ է պատահում, որ մարդիկ խուսափեն մտավոր աղճատումից:
Նախագահը ծնունդով Միջին Արևմուտքից էր, և նա քաջ գիտակցում էր իր իշխանությունը: Ուսանողներն այն ժամանակ հիմնականում, երիտասարդ, ուժեղ ագարակատերեր էին և անտառահատներ, որոնց լավ հաջողվում էր լինել ուրախ և այնպիսի կյանք վարել, որը բնորոշ էր Նոր Անգլիայի հին համալսարանների ուսանողներին, բայց սրանք մտավոր մակարդակով երկու երորդով ետ էին մնում: Նրանց հետաքրքրում էր միայն ֆուտբոլը և պրոֆեսորներին ծաղրելը: Քանի որ ես երիտասարդ էի, նյարդային և ամեն ինչին արձագանքում էի, ինձ ընտրեցին որպես զոհ: Իմ դասընթացներից շատերը նրանց համար հոգնեցնող էին, և նրանք ինձ զայրացնող շատ տարբեր բաներ էին անում:
Քննությունների ժամանակ ծածկաթերթից օգտվելը և տնային աշխատանքն իրարից արտագրելը նրանց համար սովորական էր: Շուտով նկատեցի, որ եթե այդ տհաճ բաների մասին զեկուցում եմ, ինչպես պահանջում են իմ պարտականությունները, դա ավելի շատ անդրադառնում է ինձ վրա, քան այդ սրիկաների: Նաև նկատեցի, որ իմ և մյուս բաժինների շատ գործընկերներ զարմացած էին փոքր քոլեջի դաժան կանոնները չիմանալուս և դրանց նկատմամբ անտարբերությանս վրա, ինչպես նաև իմ վաղ զարգացման պատճառով և այն բանից, թե ինչպես էին դիտարկում իմ գիտական ձգտումները:
Փորձեցի վերադառնալ մաթեմատիկայից գիտա-հետազոտական աշխատանքի: Դոկտոր Շեֆերը Հարվարդից դրանից ոչ շատ առաջ ինձ առաջարկել էր եղանակ, որի շնորհիվ մաթեմատիկական տրամաբանությունը կարելի էր հիմնել միակ հիմնարար գործողության վրա: Ես հետևեցի այդ դրույթին, բայց մի քիչ փոփոխված տարբերակով, և հրապարակեցի հոդված միայն իմ անունից: Կարծում եմ, որ հոդվածում արժանին հատուցել եմ դոկտոր Շեֆերին, բայց համարում եմ, որ դա արել եմ ոչ այնքան համարժեք: Հիմա տեսնում եմ, որ Շեֆերի աշխատանքի իմ փոփոխությունը հազիվ թե բավարար էր, որպեսզի հրապարակվեր առանձին հոդվածի տեսքով, և պետք է սպասեի, մինչև նա իր հայտարարությունը ձևակերպեր ավելի որոշակի տեսքով: Խիստ բարոյական կոդեքս կա ոչ միայն բժշկության և իրավաբանության մեջ, և ոչ ոք չի կարող ինչ-որ մեկին ստիպել ընդունել այդ կոդեքսը որպես կենսական կանոն, քանի դեռ այդ ինչ-որ մեկը նման հարցերում նվազագույն փորձ չունի: Բարեբախտաբար, ո՛չ դոկտոր Շաֆերը, ո՛չ նրա գործընկեր մաթեմատիկոսները իմ արաքը որպես վիրավորանք չընդունեցին, բայց իմ մեջ խորը անհանգստություն առաջացավ, երբ գիտակցեցի իմ արածը, և մինչև հիմա դա բեռի նման նստած է խղճիս:
Ծնողներիս ամենևին դուր չէր գալիս Օրոնոյից գրած իմ նամակների տխուր տոնը: Սակայն պետք է խոստովանեմ, որ նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի իմ կարճ արձակուրդները հաճելի անցկացնեմ: Հենց այդ ժամանակ Բոստոնում` Ջեյկոբ Վերտի ռեստորանում, ծանոթացա գարեջրին և թթու դրած կաղամբին, և նոր ստեղծված Կոպլի թատրոնում՝ նորաստեղծ թատերախմբի հետ կապված հաճույքներին: Ես սկսեցի ավելի շատ նայել այն ժամանակների պարզագույն ֆիլմերից, քան առաջ էի անում, և ինձ թույլ տվեցի ժամանակ առ ժամանակ հանդիպել Կոնստանս քրոջս համակուրսեցիների հետ Ռադկլիֆից: Բայց նույնիսկ բոստոնյան զվարճանքների թունդ պահին ես ցնցվում էի այն մտքից, որ անպայման պետք է Օրոնո վերադառնամ:
Վերջապես Օրոնոյում ինձ ընդունեցին գիտահետազոտական մի փոքրիկ խմբի անդամ: Այդ խմբի ոգին վիճակագիր Ռայմոնդ Պերլն էր, որ հետագայում մասնագիտական առաջընթաց ունեցավ Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Նրա փոքրիկ տանը, որ գյուղից մինչև համալսարան ձգվող տրոլեյբուսի գծի մոտ էր, ընտրյալ հյուրերը կարող էին մասնակցել հաճելի զրույցի և գաղափարների մասին համապատասխան գնահատական լսել: Այդ օրերին, երբ անգլիական Քենբրիջը ինձ անսահման հեռու էր թվում, իսկ իսկական մասնագիտական աշխատանք սկսելը՝ անվերջ հեռավոր ապագայում, այդ այցելությունները դոկտոր Պերլի տուն ինձ ստիպեցին նորից կենդանություն զգալ:
Մենի համալսարանի քիչ գիտնկաններից մեկն էլ տիկին Բորինգն էր: Նա կենդանաբան էր և քույրը հոգեբան Բորինգի, ում հետ ընկերություն էի անում Քորնելի ավագ կուրսում: Տիկին Բորինգին ես կրկին հանդիպեցի շատ տարիներ հետո Չինաստանում, որտեղ նա դասավանդում էր Իենչինգի համալսարանում, իսկ ես աշխատում էի հարևանությամբ գտնվող Ցինգ Խուանի համալսարանում:
Մեր խմբում մի քանի բժիշկ կար Բանգորի գլխավոր հիվանդանոցից: Մի քանի հետաքրքիր դասախոսություն եմ հիշում թոքերի քաղցկեղի մասին, որոնք կարդացվեցին շատ ավելի վաղ, քան այդ հիվանդությունը կդադարեին համարել տուբերկուլյոզի տարատեսակ՝ առանձնացնելով որպես առանձին հիվանդություն:
Այդ հանդիպումները տրոլեյբուսով Բանգոր գնալու միակ պատճառը չէին: Բանգորը արդեն այն աղմկոտ քաղաքը չէր, որտեղ անտառից վերադարձած փայտահատները վայելում էին կանացի հաճույքները և մաքսանենգ վիսկի, բայց հին, հոռի ժամանակները քաղաքին անուղղելի վնաս էին հասցրել, և այն զրկվել էր Նոր Անգլիայի քաղաքներից մեծ մասին հատուկ հմայքից: Ինձ գրավողն այնտեղ զինվորական մարզական կորպուսն էր, որի հանդիպումներին մարմնամարզական դահլիճում գնում էին Բանգորի երևելի քաղաքացիները, որոնք ինձանից քիչ մեծ էին:
Տրոլեյբուսով և գնացքով ձմեռային ուղևորությունները քաղաք ինքնին հիանալի էին: Տեղանքն ամբողջ ծածկված էր սպիտակ ձյան հաստ շերտով, որը ցուրտ օրերին ճռճռում էր ոտքերի տակ: Սառը օդն այրում էր մարդու թոքերը: Դեռ չէր եկել այն ժամանակը, երբ կարելի էր ավտոմեքենյով երթևեկել մայրուղիներով, և այդ պատճառով էլ սահնակների զանգակների ձայնը տարածվում էր սառը օդում:
Այն տանը, որտեղ սենյակ էի վարձել, ապրում էր նորվեգացի մի ուսանող, որ մասնագիտանում էր թղթի արտադրության գործում: Մենի համալսարանը այդ առարկան ուսուցանելու կենտրոն էր, և իրականում ամբողջ օդը ներծծված էր թուղթ արտադրող տեղական գործարանի ծծմբային հոտով: Փենոբսքոթ գետի վրա, ուղիղ մեր տան դիմացի գետախորշը առանձնացված էր տախտակներով և գերաններով, որտեղ պահվում էր հյուսիսից հոսող փայտանյութի զանգվածը: Իմ նորվեգացի ընկերը պարպմունքի գնում էր դահուկներով և հաճախ դրանցով սահում էր սառած ճահիճներով անտառներում: Մնացած բոլորը, ինչպես ուսանողները, այնպես էլ պրոֆեսորները, որոնք դեռ չէին յուրացրել սկանդինավյան այդ սպրոտաձևը, դասի գնալիս օգտվում էին ձյան վրայով քայլելու հատուկ հարմարանքով, որը հնդկացիներն էին արտադրում Օլդթաունում: Քոլեջի մուտքի դռների առջև ձյունակույտերի վրա այդ հարմարանքները շարված էին ցանկապատի նման, և բոլոր ուսանողները, ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, դասի էին գալիս բրդյա զանգապաններով և Բարկերի կոշիկներով կամ մոկասիններով, ինչը հյուսիսային անտառների բնակիչներին բնորոշ առանձնահատկություն էր:
Ժամանակը դանդաղ էր անցնում: Հիշում եմ, որ կարդացի Օ. Հենրիի և Մարկ Տվենի բոլոր ստեղծագործությունները գրադարանում՝ դարակների միջև մութ անկյունում, նստած. ափսոս, որ այն ժամանակ հանրաճանաչ չէին հիմա մոդայիկ դարձած դեդեկտիվները: Ձմռանը սթրեսային վիճակում էի այն մտքից, որ Ամերիկան պետք է պատերազմին մասնակցի, և իմ ընկեր Էվերետ Քինգի մահվան լուրից: Նա մանկական փորձարարության իմ ընկերն էր, և վստահ եմ, եթե կենդանի մնար, ամերիկյան գիտության մեջ նշանավոր մարդ կդառնար:
Գարունը հանկարծակի եկավ՝ իր հետ բերելով խոնավություն և շլոփա, ինչը սովորական է Նոր Անգլիայի հյուսիսային մասի համար: Համալսարանում մի քանի նոր դեմք հայտնվեց: Նոր եկածներից հիշում եմ մի երիտասարդ ամերիկացու, որ ամուսնացած էր ֆրանսուհու հետ: Նա ինձ դեպի իրեն տրամադրեց այն բանով, որ թույլատրում էր իրեն ուղեկցել ձկնորսության ժամանակ դեպի Փենոբսքոթ գետի մյուս ափին գտնվող հեռավոր վայրի տարածքները:
Արդեն կասկած չկար, որ շուտով մտնելու ենք պատերազմական գործողությունների մեջ: Սպայական կազմի ուսուցանող կորպուսն ավելի ընդլայնվեց, և ներգրավվում էին բոլոր նրանք, որ կարող էին այնտեղ ուսուցում անցկացնել: Հարվադյան գնդում և Պլաթսբուրգում իմ ուսանելու հետևանքով ինձ էլ ստիպեցին անցնել այդ ծառայության, բայց, ինչպես պարզվեց, ես անհրաժեշտ հմտություններ չունեի, և հրամաններ տալիս չափազանց կտրուկ էի, այնպես որ այդ ծառայությունում առանձնապես չհաջողեցի: Երբ վերջապես պատերազմը սկսվեց, խնդրեցի, որ ինձ ազատեն ուսուցանելու պարտականություններից, որպեսզի կարողանամ մեկնել իրական ծառայության, քանի որ նույնքան ուժեղ ցանկանում էի լքել Մենի համալսարանը, որքան նրանք էլ ցանկանում էին ազատվել ինձանից:
Բանգորյան բժիշկներից մեկի ընկերական մասնակցությամբ անցա իր տեսակի սկզբնական բժշկական հետազոտություն և ջերմանավով մեկնեցի Բոստոն, որպեսզի փորձեմ իմ հաջողությունները ռազմական գործում: Ճանապարհին հանկարծ գլխի ընկա, որ ինձ կարող է սպանեն կամ հաշմանդամ դարձնեն, և դա ինձ վհատության մեջ գցեց: Համենայնդեպս, փորձում էի ինձ համոզել, որ հնարավորություն ունեմ նաև պատերազմից վերադարձնել օգտագործման համար լրիվ պիտանի մարմին՝ առաջվա նման հոգուն միացած:
Երբ ժամանեցի Բոստոն, սկսեցի մաշել նավահանգստում գտնվող բոլոր զինակոչային գործակալությունները` հույսով, որ կարող եմ ծառայության անցնել, եթե ոչ որպես սպա, գոնե որպես զորակոչիկ: Վերջապես, իմ լուռ համաձայնությամբ, ծնողներս որոշեցին, որ պետք է փորձեմ գրվել պահեստի սպաների պատրաստման ծառայություն, որը նոր էր պաշտոնապես ստեղծվել Հարվարդում:
Պատերազմը սկսվելու հետ պահեստի սպաների պատրաստման ծառայությունն ավելի համակարգված մոտեցում ուներ, քան հին Հարվարդյան գնդում էր: Մեզ տեղավորեցին նորեկների համար նախատեսված հանրակացարաններում, որոնք նախագահ Լոուելի ենթակայության տակ էին, և որոնք հետագայում կմտնեին ուսանողներին տեղավորելու միացյալ համակարգի մեջ:
Ֆրանսիական բանակի ակադեմիապես պատրաստված սպաների մի խումբ մեզ համար դասախոսությունների շարք էր պատրաստել. այդ սպաներից մեկը՝ մայոր Մորիզը, երկար տարիներ մնաց Հարվարդում որպես ֆրանսերենի պրոֆեսոր: Ամռանը մեզ տեղափոխեցին Բարի հարթավայր, որտեղ ճամբար խփեցինք և շարունակեցինք տեղաշարժերի մեր ուսումը: Հիշում եմ, թե ինչպես էինք խրամատներ փորում, ինչպես էինք վարժական մարտեր վարում, ինչպես էինք սովորում տիրապետել սվինին: Այնտեղ ժամանակի միայն մի մասը մնացի, քանի որ հրետանավոր սպայի կոչում ստանալու քննությունները անց էին կացվում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նոր մասնաշենքերում: Գիտեի, որ գործնականում դա հրետանային սպայի կոչում ստանալու իմ վերջին հնարավորությունն էր, ինչը ինձ հնարավորություն կտար ռազմական գործողություններին մասնակցելու: Բնականաբար, մաթեմատիկայի քննությունը հաջողությամբ հանձնեցի, բայց չկարողացա հաստատել զինվորական ծառայությանը իմ պիտանելիությունը: Ցավալիորեն տապալվեցի ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև ձիավարության քննությանը: Ես բացարձակապես անպատրատ էի այդ քննություններին և ծեր ձիուց էլ վայր ընկա, որը նույնքան անշարժ էր, ինչպես մարմնամարզական ձին:
Ինչ վերաբերում էր բժշկական զննությանը, աչքերս ինձ դավաճանեցին, ինչպես նաև հայտնաբերվեց իմ տարիքի համար արյան բարձր ճնշում, չնայած հուրախություն ինձ, և ինչպես ցույց տվեց իմ երկար կյանքը, այն չէր անցնում կյանքի համար վտանգավոր սահմանները: Կարծես, բանակային բժիշկներն անմիջապես տեսան, որ շատ համառ բնավորություն ունեմ, որպեսզի պիտանի լինեմ բանակին: Եվ եթե սպայական կոչում ստանալու դեռ ինչ-որ հնարավորություն մնացել էր, դա էլ փլվեց այն պատճառով, որ ըստ այդ ժամանակի կեղծ ազնվական բարքերի, փորձում էի համոզել բժիշկներից մեկին և նրա հետ վիճում էի, որպեսզի իմ ֆիզիկական վիճակի մասին բարենպաստ կարծիք տա, ինչի պատճառով նա իր սենյակից ինձ դուրս վռնդեց:
Պահեստի սպայի պատրաստման ծառայությունն ավարտեցի մի փաստաթղթով, որը բացարձակապես չէր համապատասխանում սպայական կոչում ստանալուն: Մոտենում էր ամռան վերջը, և ես նրա մնացած մասը անց կացրի Նյու-Հեմփշիրում՝ Սիլվեր լճի մոտ: Ինչ-որ բան կարդացել էի թվերի հանրահաշվական տեսության մասին, երբ դեռ Մենում էի, և Բիրկհոֆի արդյունքներն ընդարձակելու ուղղությամբ մի քանի փորձ կատարեցի քառագույն խնդրում:
Այս խնդիրը, Ֆերմայի վերջին թեորեմի և ձետա ֆունկցիայի վերաբերյալ Ռայմանի վարկածի ցուցադրման հետ, մաթեմատիկայի հավերժական հանելուկներից է: Իր աշխատանքը բարեխղճորեն կատարող յուրաքանչյուր մաթեմատիկոս, փորձել է լուծել այդ խնդիրներից գոնե մեկը: Ես փորձել եմ երեք խնդիրն էլ լուծել, և ամեն անգամ իմ ենթադրյալ ապացույցը ցաք ու ցրիվ է եղել: Չեմ ափսոսում այդ փորձերի համար, քանի որ մաթեմատիկոսի ուժերից վեր այդպիսի խնդիրներ լուծելն է հենց նրան առավելագույն չափով իր կարողություններն օգտագործել սովորելու հնարավորություն տալիս:
Այդ ամառ մենք ապրում էինք պրոֆեսոր Օսհուդի ամառային տան հարևանությամբ, և ես նրա հետ հաճախ էի հանդիպում: Իր ամառային առանձնատանը Նյու Հեմփշիրում նա թվում էր շատ ավելի բարեհոգի և սրտաբաց, քան թվում էր իր փառքի ճառագայթներում՝ զբաղեցնելով իր դիրքը Հարվարդում։ Ես մի քիչ զբաղվում էի լեռնագնացությամբ, և պատանեկության այդ տարիների իմ պարծանքն այն էր, որ Կոնստանս քրոջս և մի ընկերոջ հետ մեկ օրվա ընթացքում Փասակոնավեյի և Ուայթֆեյսի լեռներում անցանք երեսունչորս մղոն և վերադարձանք: Իհարկե, ես հոգնեցի, և հաջորդ օրը ջերմությունս բարձրացավ, բայց քսան տարեկանում շատ կենսունակ ենք, և կարծես, մեր նախաձեռնությունը մեզ ոչ մի վնաս չհասցրեց:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
[1]Պարբերական հրատարակչություն
[2]Ի դեպ, գործի մեջ (ֆրանս)
[3]savoir-fair - կարողություն (ֆրանսերեն)։
- Բացվել է 746 անգամ