Անգլերեն դասավանդողի ուղեցույց: Լեզվական խաղեր
Primary tabs
Oտար լեզու սովորելու համար պետք է, նախ և առաջ, մեծ նպատակ ունենալ: Այդպիսի նպատակ են բուհական ընդունելության քննությունը, արտասահման մեկնելու կամ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորվելու ռեալ հեռանկարները: Սովորաբար այս ունկնդիրների հետ աշխատելիս ուսուցիչն առանձնակի դժվարություններ չի հաղթահարում դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար, որովհետև սովորողները ունեն ուժեղ արտահայտված արտաքին մոտիվացիա: Ուսանողի կարգավիճակը, շատ բարձր աշխատավարձը կամ էլ բարձր կենսամակարդակով արտասահմանյան երկրում ապրելու հեռանկարները միշտ խթանի դեր են կատարում, երբ սովորողը ծուլանում է: Բոլորովին այլ բան է մերօրյա հիմնական դպրոցում արդյունավետորեն օտար լեզու դասավանդելը: Դասավանդողի գերխնդիրը այստեղ սովորողի ներքին մոտիվացիան զարգացնելն է, երբ բացակայում է մեծ նպատակը`ամենօրա, ամենահաս խթանը: Սկզբնական խանդավառությունն իր տեղը զիջում է թերարժեքության զգացողությանը, որն այնուհետև փոխվում է անտանելի ձանձրույթի ու միակ ելքը ստեղծված իրադրությունից դառնում է օտար լեզու սովորելու մտադրությունից հրաժարվելը: Հիմնական դպրոցում դասավանդողը պետք է գտնի մեծ նպատակին փոխարինող մեկ այլ խթանիչ ուժ, որն է` հետաքրքրությունը:
Միջին դպրոցում օտար լեզվի դասերը ավելի հետաքրքիր դարձնելու ամենաարդյունավետ հնարքներից մեկը լեզվական խաղն է: Լեզվական խաղի ժամանակ սովորողը կարճ ժամանակահատվածում հայտնվում է մի անելանելի իրադրության մեջ, որից դուրս գալու միակ ելքը օտար լեզվով համապատասխան միտք արտահայտելն է: Դասն ինքնաբերաբար դառնում է աշակերտակենտրոն, գործածվում են խմբային ուսումնական գործունեության տեսակներ, աշակերտների մեծ քանակը մեծ խանգարիչ ուժ չի ունենում: Ստորև ներկայացնում եմ իմ մշակած և փորձարկված, ինչպես նաև` տարբեր աղբյուրներից վերցված լեզվական խաղեր, որոնք կարելի է գործածել անգլերենի և այլ օտար լեզուների դասավանդման ժամանակ: Որոշ լեզվական խաղեր կարելի է նույնիսկ գործածել մայրենիի լեզվական հմտությունները զարգացնելու նպատակով:
Խոսելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր
Դեմ և կողմ (խաղը նպատակահարմար է 8-րդ դասարանի համար)
Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը կողմ է կենդանաբանական այգու գոյությանը ու բերում է իր փաստարկները, իսկ մյուս խումբը դեմ է կենդանիներին ոչ իրենց բնական միջավայրում պահելուն և ներկայացնում է իր փաստարկները: Դասարանում խոսք կազմելու, մտածելու և հակափաստարկներ բերելու յուրօրինակ մրցույթ է ձևավորվում:
Մեկ րոպե տևողությամբ խոսքային մտագրոհներ (նպատակահարմար է 7-8-րդ դասարանների համար)
Դասարանը բաժանվում է 3-4 սովորողներից բաղկացած խմբերի: Դասավանդողը նախօրոք պատրաստել է մեկնաբանությունների համար հավասար դժվարություններ ներկայացնող բառեր, հասկացություններ, որոնց մասին սովորողները պետք է մեկնաբանություններ տան ուղիղ մեկ րոպե տևողությամբ իրենց ելույթներով: Երբ խմբի մի սովորողը մեկ-երկու վայրկյան կանգ է առնում, նրան օգնության է հասնում իր ընկերը: Պարտված է համարվում այն թիմը, որի սովորողները չեն կարողանում շարունակել իրենց խոսքը: Մի սովորող իր սմարթֆոնի վայրկյանաչափով հետևում է ժամանակին: Երբ մի րոպեն լրանում է, նա բարձրաձայն ասում է «Stop!»:
Ձնագունդ (խաղը հարմար է միջին դպրոցի բոլոր դասարանների համար)
Առաջարկվում է մի որևէ աշակերտի կազմել մի պարզ ընդարձակ նախադասություն: Երկրորդ աշակերտը պետք է կրկնի առաջին աշակերտի նախադասությունը և ավելացնի իրենը: Երրորդ աշակերտը կրկնում է առաջին երկու նախադասությունները և տրամաբանական շարունակությամբ ավելացնում իրենը և այդպես շարունակ: Ստացվում է այնպես որ վերջին աշակերտը հանպատրաստից հորինված մի ամբողջ պատմություն է պատմում: Խաղը մեծապես օգնում է մենախոսության կարողությունների զարգացմանը: Օրինակ` The first student:” Last summer I went to the seaside with my family.”
The second student:” Last summer I went to the seaside with my family. We hired a room in a house near the sea.”
The third student: “Last summer I went to the seaside with my family. We rented a room in a house near the sea. We went to the beach every morning.”
Եվ այդպես շարունակ…
Միջին դպրոցի վեցերորդ դասարանի սովորողները կարող են ավելի պարզ նախադասություններով խաղալ այս խաղը:
I have got a pet dog.
I have got a pet dog. Its name is Rex.
I have got a pet dog. Its name is Rex. Every day I take him out three times.
I have got a pet dog. Its name is Rex. Every day I take him out three times. Yesterday I took him out at 8 in the morning.
I have got …
Կենդանի բառարան (հարմար է 7-8-րդ դասարանցիների համար)
Դասարանը բաժանվում է երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր առաջնորդին, ով համեմատաբար լավ է կարողանում անգլերենով մտքեր արտահայտել: Դասավանդողը առաջնորդներին է տալիս նախօրոք պատրաստված անգլերենով գրված հինգական բառերի ցուցակ: Առաջնորդը պետք է, խոսքն ուղղելով իր խմբին, բառերն այնպես բացատրի, որ խումբը կռահի այն ու միմյանց հետ փոքր խորհրդակցելուց հետո արտաբերի կռահած բառը անգլերեն: Առաջնորդին չի թույլատրվում ցույց տալ առարկան կամ նրա նկարը: Պարտվում է այն թիմը, որը ավելի քիչ բառ է կարողացել գուշակել: Սեփական, չսերտած խոսք անգլերենով արտահայտելու կարողությունն է զարգացնում այս խաղը: Խաղի ընթացքում ուսուցիչը չի ուղղում առաջնորդների քերականական սխալները: Խաղի գերխնդիրը անգլերենով հասկացված լինելն է:
Օրինակ՝
Առաջին թիմ
Երկրորդ թիմ
elephant
rabbit
apple
apricot
school
teacher
telephone
computer
blog
mathematics
Իմ երազած բնակարանը (հարմար է միջին դպրոցի բոլոր դասարանների համար)
Դասարանը բաժանվում է երեքական աշակերտներից բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի իր երազած բնակարանը իր բոլոր ժամանակակից հարմարություններով ու ներկայացնի ամբողջ դասարանի դատին: Վերջում քվեարկությամբ որոշվում է ամենալավ բնակարանը:
Բանջարեղենային աշխարհ (հարմար է 6-7-րդ դասարանցիների համար)
Դասավանդողը նախօրոք կազմում է 5 բանջարեղենի անուններով մի ցուցակ և այդ ցուցակում գրված բանջարեղենի անունները կռահելու համար կազմված 10 հարց:
Օրինակ` 1. cucumber 2. potato 3. cauliflower 4 . cabbage 5. tomato
1. Can it be boiled?
2. Is it countable or uncountable?
3. Does it grow in the ground?
4. Can you eat it raw?
5. Is it bitter or sweet?
6. Do people eat many/much of them/it in Armenia?
7. What do you eat it with?
8. How big is it?
9. What colour is it?
10. What’s the first letter?
Առաջին հարցի պատասխանը լսելուց հետո բանջարեղենի անունը ճիշտ կռահողը ստանում է 10 միավոր: Երկրորդ հարցի պատասխանից հետո`9 միավոր և այդպես շարունակ: Փաստորեն որքան շատ հարց է տրվում, այնքան միավորը քիչ է ստանում:
Գրելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր
Ո՞վ, ու՞մ, որտե՞ղ, ի՞նչ … (հարմար է 8-րդ դասարանցիների համար)
Դասարանը բաժանվում է վեցական աշակերտներից բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խմբի տրվում է վեց հորիզոնական սյունակներով ծալված տետրի մի թերթ: Յուրաքանչյուր թերթի վերևի մասում գրված է մի հարց: Հարցերն ըստ հերթականության այսպիսին են. Who? (a man’s name) Whom? (a woman’s name) Where? What did he say? What did she say? What did they do? Առաջին խմբի առաջին աշակերտը պատասխանում է առաջին հարցին և թերթը ծալում է այնպես, որ իր գրածը չերևա: Այնուհետև երկրորդ աշակերտը գրում է երկրորդ հարցի պատասխանը և ծալում է այնպես, որ իր գրածը չերևա: Եվ այդպես մինչև վերջին հարցի պատասխանը: Երբ բոլոր հարցերին բոլոր խմբերը պատասխանել են, յուրաքանչյուր խմբից մի աշակերտ սկսում է կարդալ իրենց ստեղծած պատմությունը հետևյալ ձևաչափով. (man’s name ) met (woman’s name) He said … She said … And so they …
Բարեբախտաբար ու դժբախտաբար (8-րդ դասարան)
Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը ավետաբեր է, իսկ մյուսը` գուժող: Դասավանդողն ասում է ստեղծվող պատմության առաջին նախադասությունը: Ավետաբեր խումբը քննարկելով ասվածը` գրում է ասված մտքի շարունակությունը սկսելով իր նախադասությունը «բարեբախտաբար» բառով: Մյուս խումբը շարունակում է միտքը «դժբախտաբար» բառով և պատմության մեջ անհանգստացնող լարվածություն է ստեղծում: Եվ այդպես շարունակ:
Ընտանեկան արձակուրդ (7-8-րդ դասարաններ)
Դասարանը բաժանվում է վեց աշակերտից բաղկացած խմբերի: Սա դերախաղային գործունեություն է: Գործող անձինք են պապիկը, տատիկը, հայրիկը, մայրիկը, որդին և դուստրը: Պապիկն ուզում է արձակուրդն անցկացնել հանգստյան տանը, տատիկն ուզում է մեծ մաքրություն անել, մայրիկն ուզում է այցելել Սանկտ-Պետերբուրգ իր թանգարանններով, հայրիկն ուզում է ծովափ գնալ, որդին ուզում է միանալ լեռնագնացների խմբին իսկ դուստրը`մասնակցել «սուպերսթար» մրցույթին: Յուրաքանչյուր խումբ գրում է ընտանեկան վեճի իր տարբերակը և բանավոր ներկայացնում է դասարանին: Հաղթում է այն խումբը, որի երկխոսությունները ավելի անսխալ են ու հարուստ բառապաշարով: Հաղթողին որոշում է ուսուցիչը:
Թերություններ և առավելություններ
Դասարանը բաժանվում է երկու խմբի: Դասավանդողը ներկայացնում է որոշ մտքեր. Օրինակ`վրանային ճամբար, հանգիստը լեռներում, համակարգչային խաղեր, հեռուստատեսային սերիալներ, շատ փող ունենալ և այլն: Մի խումբը խոսում է տվյալ գաղափարի միայն առավելությունների մասին, իսկ մյուս խումբը` միայն թերությունների:
Հնարամիտ գովազդ. վաճառվում է ամեն ինչ
Դասարանը բաժանվում է երեքական աշակերտներից բաղկացած խմբերի: Դասավանդողը խմբերին է տալիս նախօրոք կազմված վաճառքի ամար ամենաանհավանական առարկաների ցուցակներ: Օրինակ`ձնագնդիկ, մեկ լիտր մաքուր անձրևաջուր, ծակ հատակով դույլ, ժանգոտած մեխ և այլն: Խմբերը այդ առարկաների գործածման այնպիսի հնարավոր տարբերակներ պետք է առաջարկեն, որ լսողի մոտ ցանկություն առաջանա գնել այն:
Հրավերքի մերժում
Դասարանը բաժանվում է զույգերի: Յուրաքանչյուր զույգի առաջարկվում է մերժման պատասխան նամակ գրել, երբ հրավիրված են` զբոսախնջույքի, նշանադրության արարողության, հարսանեկան խնջույքի, ժողովի, մի որևէ հարցի քննարկման: Վերջում զույգերը կարդում են իրենց մերժումները: Հաղթում է այն զույգը, ում անկարելի է չներելը:
Սովորողների մոտ մի որևէ լեզվական երևույթի ամրապնդմանը նպաստող լեզվական խաղեր
Առաջին տիպի պայմանական նախադասություններով խոսելու հմտության զարգացում (8-րդ դասարան)
Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը հարց տվողներն են, իսկ մյուսը՝ պատասխանողները:
Հարցերի և պատասխանների մի օրինակ.
I want to win 1000000 AMD.
What will you do if you win 1000000 AMD?
If I win 1000000 AMD, I will go to a travel agency.
What will you do if you go to a travel agency?
If I go to a travel agency, I will find out how I can go England.
What will you do in England if you manage to go there?
If I manage to go to England I will visit Stratford-upon Avon.
What will you do in Stratford-upon-Avon if you go there?
If I go to Stratford-upon-Avon, I will see the birthplace of Shakespeare.
Հարց ու պատասխանները սկսող ներածական մտքերի օրինակներ.
If it rains tomorrow, I will stay at home.
If I save enough money, I will leave for Greece.
I want to learn Spanish.
Հույս ունեմ, որ այս լեզվական խաղերը կօգտագործվեն անգլերենի պարապմունքների ընթացքում:
Օգտագործված գրականություն և աղբյուրներ համացանցից
David Seymour and Maria Popova “700 Classroom Activities”, Macmillan 2006
Games for Middle School Students
Classroom Games for Middle School Language Arts
- Բացվել է 1898 անգամ