Կամավոր ատեստավորման այլընտրանքը

Երևի թե նորություն չի լինի, եթե ասեմ, որ մասնագիտություն ընտրելիս մարդը նայում է տվյալ մասնագիտության հեռանկարին. դա տվյալ ժամանակահատվածում պահանջա՞րկ ունեցող մասնագիտություն է, ասել է, թե՝ վճարվո՞ւմ է հավուր պատշաճի: Իհարկե կան երիտասարդներ, որ իրենց ընտրած մասնագիտության նվիրյալներն են՝ իրենց կյանքի գործը ընտրում են անշահախնդիր: Բայց այդպիսիք սովորաբար քիչ են լինում:
Ինչպես յուրաքանչյուր ժամանակաշրջան, այնպես էլ այսօր կան պահանջված և ,,մարող,, մասնագիտություններ, որոնցով կա´մ աշխատանք դժվար է գտնել, կա´մ ցածր են վարձատրվում: Բուհերում մարող մասնագիտությունները միշտ ուսանողի պահանջ են ունենում, դիմողներ քիչ են լինում: Սրանով է պայմանավորվում նաև այն, որ այդ մասնագիտությամբ դիմողները հիմնականում լինում են այն շրջանավարտները, ում գրավում է հեշտությամբ, առանց մեծ մրցակցության բարձրագույն կրթություն ստանալու հեռանկարը, շրջանավարտներ, ովքեր վախենում են մրցակցությունից: Եվ այդպիսի դիմորդները սովորաբար լինում են դպրոցներում ցածր առաջադիմություն ունեցած շրջանավարտները:
Ցավոք, այդպիսի մասնագիտություն է այսօր դարձել նաև մանկավարժությունը:
Իսկ սա բավականին վտանգավոր երևույթ է, եթե նկատի ունենանք կրթության կարևորագույն դերը ցանկացած ժամանակաշրջանում: Ովքե՞ր են այսօր սերնդի կրթական գործը ստանձնող առաքյալները՝ մանկավարժական ԲՈՒՀ-եր ավարտող թույլ շրջանավարտնե՞րը:
Ահա այս հայացքով եմ ես նայում մանկավարժի աշխատավարձը վերանայելու հարցին և մի քիչ թերահավատորեն եմ նայում կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու փորձերին:
Կամավոր ատեստավորման առաջարկվող բովանդակության մասին ես արտահայտվել եմ իմ նախորդ հոդվածում, որտեղ մանրամասնորեն ներկայացրել եմ իմ դիտարկումները: Դրան ես չեմ ուզում նորից անդրադառնալ: Կան հանրակրթական պետական և հանրակրթական պետական այլընտրանքային-հեղինակային ծրագրեր: Դրանք իհարկե երկուսն էլ պետք է բավարարեն հանրակրթական պետական չափորոշիչներին: Սակայն դրանք ապահովելու միջոցները, մեթոդները, սկզբունքները էականորեն տարբերվում են իրարից: Հենց այդ պատճառով էլ մի ծրագիրը կոչվում է պետական այլընտրանքային ծրագիր: Հանրակրթական այս երկու պետական ծրագրերի ուսուցիչներին տարբեր պահանջներ են ներկայացվում: Հեղինակային-այլընտրանքային շրագիրը իր ուսուցչի ընտրելիս կարևորում է մի շարք որակներ, որոնք պարտադիր են այդ շրագիրն իրականացնելու համար: Եվ հետևապես կամավոր ատեստավորման բովանդակությունը չի կարող նույնը լինել հանրակրթական պետական և հանրակրթական պետական այլընտրանքային ծրագրերով աշխատող ուսուցիչների համար:

Ներկայացնեմ հայոց, լեզու, գրականության՝ հեղինակային ծրագրով աշխատող ուսուցչին ներկայացվող պահանջները։ Կարծում եմ, այս պահանջների հիման վրա պետք է ձևավորվի այն բովանդակությունը, որով կարող է ատեստավորվել հեղինակային ծրագիր իրականացնող ուսուցիչը։

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում գործող մայրենիի հեղինակային ծրագրով աշխատող դասավանդողը նա է, ով կարողանում է․

  1. Կազմել առարկայական հեղինակային ծրագիր:
    Սա նշանակում է, որ մեր ուսուցիչը պետք է կարողանա կազմել իր առարկայական ծրագիրը, որը կապահովի հանրակրթության չափորոշիչները և հեղինակային-այլընտրանքային ծրագրին ներկայացվող պահանջները:
  2. Ուսուցումը կազմակերպել՝ լեզվի իրական գործառության վրա հենվելով:
    Մայրենիի մեր ուսուցիչը պետք է կարողանա ուսուցումը կազմակերպել նախագծային ուսուցմամբ՝ հիմնվելով լեզվի իրական գործունեության վրա:
  3. Ուսուցումը կազմակերպել՝ խթանելով սովորողին ինքնակրթվելու, նախաձեռնելու, ստեղծագործելու, հետազոտական աշխատանքներ կատարելու, ընթերցելու:
    Կարևոր է, երբ հեղինակային ծրագիր իրականացնող մանկավարժը այնպիսի հմտություններ ունի, որ կարող է խթանել սովորողի ինքնակրթվելու, ընթերցելու, հետազություն-ուսումնասիրություն կատարելու ցանկությունը: Սովորողի մոտ այսպիսի որակներ զարգացնելու համար ուսուցիչը ինքը պետք է այդ որակների կրողը լինի:
  4. Կազմել ստեղծականությունը, հետազոտական կարողությունները, լեզվազգացողությունը զարգացնող ուսումնական նյութեր:
    Որոշակի պայմաններին բավարարող ուսումնական նյութեր կազմելը պահանջում են առարկայական գիտելիքների լավ տիրապետում, հետազոտական և ստեղծական կարողություններ:
  5. Ուսուցանել գրաբար, արևմտահայերեն և բարբառային գրականություն:
    Սա ևս ենթադրում է մայրենիի լիարժեք տիրապետում՝ իր գրաբարով, արևմտահայերենով և բարբառներով:
  6. Ուսուցանել դասական ուղղագրություն:
    Կարծում եմ, որ բանասերը չի կարող չտիրապետել նաև դասական ուղղագրությանը:Նախ՝ գրաբարի ուսուցանումը առանց դասական ուղղագրության հնարավոր չէ: Այսինքն՝ սովորողը որոշակի կարողություններ պիտի ունենա դասական ուղղագրությամբ կարդալու և գրելու:
  7. Տիրապետել օտար լեզվի (լեզուների), սովորողների թարգմանչական գործունեությունը կազմակերպելու համար:
    Լեզվագործունեության կարևոր բաղկացուցիչներից է սովորողների հետ թարգմանչական աշխատանքներ անելը:
  8. ,,Դպիր,, կամ մանկավարժական այլ ամսագրերում ունենալ մեթոդական-մանկավարժական հոդվածներ, թարգմանություններ:
    Հեղինակային ծրագրով աշխատող, իր առարկայական ծրագիրը կազմող, մեթոդներ մշակող և իրագործող ուսուցիչը իր փորձը, դրա արդյունքները ձևակերպում, ներկայացնում է ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում: Մանկավարժական այս ամսագիրը լավ հարթակ է դառնում ստեղծագործ ուսուցչի ձեռքբերումներին ծանոթանալու, այն գնահատելու համար:
  9. Վարել բլոգ՝ այն դարձնելով ուսումնական բաց տարածք:
    Բլոգավարությունը հեղինակային մանկավարժության կարևոր օղակներից է: Այստեղ առկա է ուսուցչի ամբողջ գործունեությունը՝ մանկավարժությունից մինչև ինքնակրթություն՝ ուսումնական նյութեր, նախագծեր և արդյունքներ, մանկավարժական-մեթոդական մշակումներ, ինքնակրթության համար գործածվող ռեսուրսներ և այլն:
  10. Իրականացնել հեռավար կրթություն:
    Հեռավար կրթության կազմակրպումը ապահովում է կրթության անընդհատությունը: Սա չի ենթադրում միայնն համաճարակային պարտադրված ժամանակաշրջանը: Սա նաև շուրջտարյա անընդհատ կրթություն է նախատեսում:  
  11. Կազմել և իրականացնել համագործակցային նախագծեր:
    Համագործակցությունը մարդկանց, այս դեպքում նաև դպրոցների, ուսուցիչների, սովորողների միջև բոլոր ժամանակների հրամայականն է: Համագործակցային որակների զարգացումը  արժեհամակարգի այն բաղկացուցիչն է, որը չի կարելի անտեսել և անընդհատ պետք է զարգացնել:
  12. Կազմել մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքներ:
    Սրանք այնպիսի ուսումնական նյութեր են, որոնք  կզարգացնեն սովորողների լեզվազգացողությունը, ստեղծականությունը, հետազոտական հմտությունները: Այս տիպի առաջադրանքների կազմումը նույնպես ստեղծական-հետազոտական որակներ է ենթադրում:
  13. Տարածել հեղինակային ծրագրի ձեռքբերումները:
    Մեր հեղինակային ծրագրի տարածումը մեր այլընտրանքային ծրագրի կարևոր բաղկացուցիչներից է: Սա ենթադրում է և´ համագործակցություն, և´ փոխանակումների նախագծերի իրականացում, սոցցանցերում ակտիվություն. բոլոր միջոցներով մեր մանկավարժության տարածում: 
  14. ՏՀՏ ամենատարբեր միջոցներ և ծրագրեր կիրառել (համակարգիչ,պրոեկտոր, ձայնագրիչ, տեսախցիկ․․․): Համացանցից ազատ օգտվել, օգտագործել որոնողական տարբեր միջոցներ:
    Համացանցը, ՏՀՏ միջոցները մեր ուսումնական ծրագրերում կարևոր դեր կատարող  գործիքներն են: Առանց այս միջոցների լիարժեք տիրապետման դասավանդողը չի կարող իրականացնել մեր հեղինակային ծրագիրը: Այս միջոցները մեր ծրագրով աշխատող դասավանողին անհրաժեշտ են հետազոտական, ուսումնական, ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար:

Ուսումնական բլոգների առկայության, դրանց ուսումնասիրության  դեպքում դժվար չէ որոշել մեր ծրագրով աշխատող լավագույն ուսուցիչներին: Բլոգի ուսումնասիրությունը ակնհայտ կդարձնի ուսուցչի ողջ մանկավարժական գործունեությունը, որն էլ կարող է հիմք հանդիսանալ կամավոր ատեստավորման:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский