Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթն անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում

Հայերենն իր տարբեր արտահայտչամիջոցներով, ձևաբանական և շարահյուսական երևույթներով, շատ հաճախ է օգնում հայերենը՝ որպես մայրենի լեզու իմացող սովորողին հաղթահարելու անգլերենի լեզվական այնպիսի դժվար յուրացվող երևույթներ, ինչպիսիք են անորոշ և որոշյալ հոդերը, «to do» օժանդակ բայը, «Simple Past» և «Present Perfect» բայական ժամանակաձևերի կիրառումները և այլն։    

Այդուհանդերձ, երբեմն մայրենի լեզվի քերականական, լեզվական կառույցները խանգարում են մի որևէ օտար լեզվի ուսուցման-ուսումնառության ընթացքին: Այդ երևույթը կոչվում է «մայրենի լեզվի ինտերֆերենցիա»:

Անգլերենի դասավանդման երկար տարիների ընթացքում ինձ միշտ էլ հետաքրքրել է այս երևույթը, և դրա ճիշտ հաղթահարումը մեծապես օգնում է սովորողների առաջընթացին:

Այս ուսումնասիրությամբ աշխատել եմ ուղեցույցի ձևով ներկայացնել հայերենում հաճախ հանդիպող ինտերֆերենցիայի երևույթները՝ հայ սովորողին անգլերեն դասավանդելիս:

Ինտերֆերենցիայի երևույթներ նախադասության ձևաբանական կառուցվածքի և շարադասության մեջ

Հայերենը, իր շրջուն շարադասությամբ, ճկուն լեզու է: Մեր մայրենիի նախադասության շարադասությունը կարող ենք տարբեր ձևերով փոխել՝ անփոփոխ թողնելով նրա իմաստը․  երբեմն էլ փոփոխությունը բանաստեղծական երանգ է տալիս:  Որպես օրինակ կարող ենք դիտարկել այս նախադասությունը՝ «Որսորդը սպանեց գայլին – The hunter killed the wolf»: Նույն միտքը կարելի է այլ կերպ շարադրել, մինչդեռ, անգլերեն տարբերակը մնում է անփոփոխ՝ «Գայլին որսո՚րդը սպանեց:  The hunter killed the wolf.» Իսկ եթե փոխենք հայերենի նախադասությունը արտաբերելու հնչերանգը, և այն սկսենք «սպանեց» ստորոգյալով՝ նախադասությունը արդեն մի փոքր բանաստեղծական հնչերանգ կունենա՝ «Սպանեց գայլին որսորդը: The hunter killed the wolf.»: Տեսնում ենք, որ անգլերենի շարադասությունը ճկուն չէ, և չենք կարող ուղիղ խնդիրը ենթակայից առաջ դնել: Անգլերեն նախադասություններ կազմելիս հայ սովորողների սխալների մեծ մասի պատճառը հայերենի ամենամեծ առավելությունն է՝ շրջուն շարադասությունը:      

Հայերենի «ես կարծում եմ, որ…» գլխավոր նախադասությանը հետևող խնդիր երկրորդական նախադասությունը կարելի է ժխտել, իսկ անգլերենում՝ ոչ: Նույնիսկ անգլերենի «գերազանց » իմացությամբ հայ սովորողները «Ես կարծում եմ, որ նա այսօր չի մասնակցի մեր քննարկմանը» նախադասությունը թարգմանում են այսպես՝ «I think that he won’t participate in today’s discussion», մինչդեռ, պետք է սկսեին՝ «I don’t think that…՚»: Այս դեպքում անգլերենում պետք է ժխտել գլխավոր նախադասությունը:

Հայերենում ասում ենք «Ո՚չ 10-րդ դասարանցիները և ո՚չ էլ տիկին Ստեփանյանը ներկա չէին այդ քննարկմանը», բայց նույն նախադասությունը անգլերենում կլինի «Neither the 10th graders nor Mrs. Stepanyan was present at that discussion»: Հայերենում ստորոգյալը հոգնակի թվով է, իսկ անգլերենում այն համաձայնեցվում է երկրորդ ենթակայի թվի հետ, որն այս նախադասության մեջ եզակի է: Ստորոգյալը հոգնակի թվով կլինի, եթե փոխենք ենթակաների տեղերը՝ «Neither Mrs. Stepanyan nor the 10th graders were present at the discussion»:

Անգլերենում բայական ժամանակաձևերի համաձայնեցում է կատարվում ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպելիս, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է, ինչը չի կատարվում հայերենում: Օրինակ՝ հայերեն «Նա ասաց, որ շատ է հավանում այդ ներկայացումը» նախադասությունը սովորողները վստահորեն թարգմանում են այսպես՝ «He said that he likes that performance very much», ինչը սխալ է անգլերենում, քանի որ հաշվի չի առնվել ժամանակների համաձայնեցումը և չի օգտագործվել «liked» անցյալի ձևը: Նույն պատճառով էլ նրանք սխալվում են՝ ուրիշի անուղղակի խոսքում գործածելով «Simple Future»` «Future in the Past»-ի փոխարեն, «Present Perfect»`«Past Perfect»-ի փոխարեն:

Հայերենում «բայց» շաղկապը օգտագործվում է զիջողական երկրորդական նախադասություններում, իսկ անգլերենում՝ ոչ: «Թեև նա դեռ դպրոց չէր գնում, բայց կարողանում էր կարդալ»: Անգլերենի համար նման նախադասություններում «but» շաղկապի չկիրառելը կարևոր է համարվում, և գրեթե բոլոր հարցաշարերում զիջողական երկրորդական նախադասություններով առաջադրանք են տալիս, իսկ մեր երեխաների համար էլ շատ հարազատ լեզվական երևույթ է նման դեպքերում «բայց» շաղկապի կիրառումը: Although he didn’t go to school, he could read. Թեև նա դպրոց չէր գնում, բայց կարողանում էր կարդալ:

Հավաքական գոյականով կազմված ենթակայի ստորոգյալը հայերենում եզակի թվով է օգտագործվում, իսկ անգլերենում՝ հոգնակի, եթե գործողություն է կատարվում: Օրինակ՝ Our team are playing well today. Մեր թիմն այսօր լավ է խաղում:

Ինտերֆերենցիայի վառ օրինակ է անգլերենի անջատական հարցի կարճ պատասխանը, երբ համաձայնում ենք խոսողի հետ կամ չենք համաձայնում: Օրինակ՝ «You do not smoke in the children’s room, do you? Դու չես ծխում երեխաների սենյակում, այդպես չէ՞»: Եթե համաձայնում ենք խոսողի հետ, հայերեն ասում ենք. «Այո՛, չեմ ծխում»: Իսկ անգլերեն պետք է ասել՝ «No, I don’t.»: Եթե համաձայն չենք խոսողի հետ, հայերեն ասում ենք․ «Ո՛չ, ծխում եմ», իսկ անգլերեն՝ «Yes, I do.» Ինտերֆերենցիայի ուժն այստեղ շատ մեծ է, և հայ սովորողների մեծ մասը միշտ սխալվում է:

Անգլերենում կա «բարդ խնդիր – complex object» երևույթը, ինչը բացակայում է հայերենում, ինչի պատճառով էլ մեր սովորողները անընդհատ սխալմամբ կազմում են խնդիր երկրորդական նախադասություններով բարդ ստորադասական նախադասություններ: Օրինակ՝ «Ես ուզում եմ, որ դու կարդաս այս գիրքը-I want you to read this book» նախադասությունը մեր սովորողներն իրենց միտքն անգլերեն գրեթե միշտ այս սխալ ձևով են արտահայտում՝  «I want that you read this book» ։

Հայերենով կարելի է ասել «լուր – լուրեր», «խորհուրդ – խորհուրդներ», «գիտելիք – գիտելիքներ», բայց անգլերենում այդ գոյականները միայն եզակի թվով են օգտագործվում: Օրինակ՝ «Այս լուրը հետաքրքիր է» և «Այս լուրերը հետաքրքիր են» նախադասությունները անգլերեն միայն մի ձևով են թարգմանվում՝ «This news is interesting.»։  Ձեր խորհուրդները շատ արժեքավոր են- Your advice is very valuable.

Ասվածին հակառակ օրինակներ են «scissors – մկրատ, մկրատներ», «trousers – տաբատ, տաբատներ», «pincers – աքցան, աքցաններ», «eye-glasses – ակնոց, ակնոցներ» գոյականները: «Where are my trousers? -Որտե՞ղ է իմ տաբատը: Որտե՞ղ են իմ տաբատները»: The scissors are on the table ․ - Մկրատը սեղանի վրա է: Մկրատները սեղանի վրա են:  

Ինտերֆերենցիայի հետաքրքիր երևույթներ կան նաև նախդիրների կիրառության մեջ

Հայերեն ասում ենք «ծառի վրա», որին համապատասխանում է անգլերեն «in the tree» ձևը: Հայերեն ասում ենք «Մի՛ պառկիր արևի տակ», բայց անգլերեն պետք է ասենք «Don’t lie in the sun»: Հետաքրքիր է, որ ռուսերենում էլ ասում են «на солнце»:

Երբ հայ սովորողը ուզում է անգլերեն արտահայտել այս միտքը՝ «Թոմը ամուսնացավ Քեյթի հետ ։ –Tom married Kate», նա միշտ օգտագործում է «with» նախդիրը, ինչը սխալ է: Հայ երեխան «to» նախդիրի փոխարեն «with» է օգտագործում նաև «Թոմը ամուսնացած է Քեյթի հետ։ – Tom is married to Kate» նախադասության մեջ:   

«Պարզ է ինձ համար։  – it is clear to me», «անսպասելի է ինձ համար – it is unexpected to me», «անհայտ է ինձ համար – it is unknown to me», «տարօրինակ է ինձ համար – it is strange to me» և նման այլ արտահայտությունները անգլերեն են թարգմանվում «to» նախդիրով՝ «for»-ի փոխարեն:

Կարելի է, իհարկե, շատ այլ օրինակներ բերել: Պետք է հիշել, որ մայրենիի լավ իմացությունը միշտ էլ օգնում է օտար լեզու սովորելիս, իսկ երբ սկսում է խանգարել լեզվամտածողության տարբերությունների պատճառով, դասավանդողի պարտքն է օգնել սովորողին՝ ուշադրություն դարձնելու դրանց՝ հաղթահարելու համար մայրենիի ինտերֆերենցիայի երևույթները:  

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский