Ինքնաշեն խաղերն ու խաղալիքները 5 տարեկանների զարգացման խմբում

Ես Սաթեն Քարաջյանն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ 2015 թվականից։ Աշխատել եմ նախակրթարանում՝ դաստիարակի օգնական,  այնուհետև՝ դաստիարակ։ 2019-ի մարտից գտնվել եմ ֆիզարձակուրդում։ Ֆիզարձակուրդի ընթացքում փորձել եմ մոտ լինել կրթահամալիրի գործունեությանը՝ մասնակցելով ծեսերին և նախագծերին։ Այդ ընթացքում սիրով հետևել եմ դաստիարակների աշխատանքին, ընթերցել եմ «Դպիրում» հրապարակված հոդվածները։ Ամեն անգամ, մի նոր հոդված ընթերցելիս, ոգևորվում էի և որոշում  անպայման կիրառել խմբում։ Չէ՞ որ մարդն անընդհատ կարող է և՛ սովորել, և՛ ինքնակրթվել։

2021թ. ապրիլից արդեն սկսել էի հանդիպել հինգ տարեկանների հետ։ Շաբաթը երկու անգամ ես իրենց հյուրն էի։ Միասին խաղում էինք, ծանոթանում։ Իրենք ոգևորվում էին այդ ամենից, քանի որ գիտակցում էին, որ արդեն մեծացել են և պետք է սովորեն 5 տարեկանների խմբում։

Հունիսին, անցնելով մուտքի ճամբարը, կրկին սկսեցի աշխատել սիրելի կրթահամալիրում, բայց այս անգամ ոչ թե որպես դաստիարակ, այլ որպես 5 տարեկանների դասվար ։

Ինչպես գիտենք, երեխաների կյանքում խաղն անընդհատ է, ամենուր։ Երեխաները աշխարհը ճանաչում, յուրացնում են խաղի միջոցով, խաղը զարգացման բնական ճանապարհն է։ Ինքնաբուխ, ինքնուրույն խաղերից բացի երեխաները ներգրավվում են նաև տարատեսակ խաղային գործունեությունների մեջ, որոնց ընթացքում միասին պատրաստում, ստեղծում ենք խաղեր՝ իրենց ձեռքով, իրենց համար։  Խմբասենյակում ունենք մի շարք զարգացնող սեղանի խաղեր, որոնց միջոցով էլ փորձում ենք սաների հետ և՛ խաղալ, և՛ սովորել։ Խցանների, փայտյա և պլաստմասե լեգոների միջոցով սաները կարողանում են պատրաստել տարբեր պատկերներ։ Իրենց ամենասիրելի խաղերից մեկն էլ խցանախաղն է, քանի որ ամեն թեմայով (օր՝ ամանորյա) կարողանում են ստեղծել նոր պատկերներ։

Սեղանի խաղերը նույնպես շատ կարևոր և արդյունավետ դեր ունեն ուսուցման մեջ։ Զարգացնող խաղերի միջոցով կարելի է հեշտությամբ սովորել երկրաչափական պատկերները, թվերը, բառերը։

Այժմ ուզում եմ խոսել 5 տարեկանների զարգացման խմբում ինքնաշեն խաղալիքների կիրառման մասին։

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5 տարեկանների Ամսիկների ընթացքում պատրաստեցինք մի շարք ինքնաշեն խաղեր, որոնք էլ խթան հանդիսացան նոր զարգացնող խաղերի ստեղծմանը։ Քանի որ սաները ոգևորվեցին այս աշխատանքով, որոշեցինք զարգացնել խաղերը և խմբասենյակում ստեղծել ինքնաշեն խաղերի անկյուն։ Խաղերի պատրաստման աշխատանքին սանն իր անմիջական մասնակցությունն ունի, որն է՛լ ավելի է ոգևորում իրեն։

Յուրաքանչյուր Ամսիկ ունի իր գործունեության նպատակը, որը կազմվում է ըստ տվյալ շաբաթվա ուսումնական բովանդակության։ Հենց այդ Ամսիկներից մեկի ընթացքում էլ ստեղծվեց խմբի առաջին ինքնաշեն խաղը և հետագայում դարձավ նախագիծ։ Առաջին ինքնաշեն խաղը պատրաստել ենք հոկտեմբեր ամսին։ Որպես օգտագործվող նյութ ընտրել էինք հաստ ստվարաթուղթը և փոքրիկ գնդակները․ պատրաստել էինք ուշադրությունը կենտրոնացնող լաբիրինթ։ Հաջորդ խաղը պատրաստել էինք փուչիկով և կարտոֆիլի ալյուրով։ Նպատակն էր զարգացնել շոշոփելի զգայարանները։

Ինքնաշեն խաղերը կարող են լինել մաթեմատիկական, լեզվական-ստեղծագործական,  տեխնոլոգիական,  մարզական։

Հաջորդ խաղը, որ պատրաստեցինք, մաթեմատիկական էր ․ անվանեցինք խցաններով մաթեմատիկա։ Գունավոր թղթի վրա նկարեցինք կետիկներ, իսկ խցանների վրա՝ թվեր։ Յուրաքանչյուր սովորող փորձեց հաշվել կետիկները ՝ թվերը դնելով տվյալ կետիկներն ունեցող խցանի վրա։ Հաջորդ խաղը կրկին մաթեմատիկական էր։ Նախ ֆետրի վրա նկարեցինք պատկերը, հետո համարակալեցինք և կտրեցինք։ Թվերի հաջորդականության միջոցով ստացանք ինքնաշեն փազլ, և հավաքվեց գունավոր խխունջ։ Եվս մեկ մաթեմատիկական ինքնաշեն խաղ պատրաստել էինք մեկանգամյա օգտագործման ափսեներով։ Ափսեի մի կողմում գրել էինք թիվը, իսկ մյուս կողմում կրկին նույն թիվը, բայց թվանշանի փոխարեն կետիկներ։ Այնուհետև կտրել էինք ափսեները և վերածել խառնաշփոթի։ Սաները պետք է արագ կենտրոնանային և գտնեին ափսեի ճիշտ զույգը։

Խաղերի ստեղծման համար օգտագործվում են զանազան պարագաներ՝ խցաններ, գնդակներ, ստվարաթուղթ, լեգո,ամրակ և այլն։

Աշխատանքը դառնում է ամբողջական, երբ իր անմիջական մասնակցությունն է  ունենում նաև ծնողը:Ամանորին նույնպես պատրաստեցինք ինքնաշեն խաղալիք: Այդ ընթացքում իր մեծ դերն ունեցավ Արինայի մայրիկը՝ Արմինեն: Նա մասնագիտությամբ արվեստագետ է: Փորձեցինք իր ձիրքն ու շնորհքը օգտագործել նաև մեր  խմբասենյակում: Արմինեն իր ձեռքով մշակել էր փայտից խաղալիքներ և բերել իր հետ: Մենք խմբասենյակում ներկեցինք  խաղալիքները հատուկ ներկերով և զարդարեցինք խումբը:

«Թումանյանական օրերի» ընթացքում պատրաստել էինք ինքնաշեն տիկնիկներ։ Ինքնաշեն տիկնիկ պատրաստելու նպատակը հետևյալն էր՝ թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, խմբով աշխատելու կարողությունը։ Սկզբում ընտրեցինք Հ. Թումանյանի հեքիաթներից «Անբան Հուռին» և փորձեցինք հերոսներին դարձնել տիկնիկներ, որոնք հետագայում օգտագործեցինք հեքիաթի բեմադրման խաղի ժամանակ։

Եվս մեկ ինքնաշեն տեխնոլոգիական աշխատանք ունեցանք «Ձոն մայրիկին» նախագծի ընթացքում, որը համընկավ նաև Ամսիկի հետ․ պատրաստեցինք ինքնաշեն թաղարներ։ Ինքնաշեն թաղարներ պատրաստելու խնդիրներից է տեխնոլոգիական հմտությունների և ստեղծագործական երևակայության զարգացումը։ Նախապես ընտրել էինք բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ էին աշխատանքի կազմակերպման համար, տվյալ դեպքում՝ մեկանգամյա օգտագործման բաժակներ։ Բույսերը տնկելուց հետո, յուրաքանչյուր սովորող ձևավորեց իր թաղարը և նվիրեց մայրիկին։  

Բառախաղերը ևս սկսեցինք  ինքնաշեն խաղով։ Նախապես տպեցինք մեզ ծանոթ բառերը, հետո կտրեցինք տառերը և փակցրեցինք մեկանգամյա օգտագործման բաժակի ետնամասում։ Տառերը առանձնացան և խառնվեցին։ Փորձեցինք ինքնաշեն խաղի միջոցով բառեր կազմել ու կարդալ։

Ինքնաշեն խաղերը իրենց շարունակությունն ունեցան նաև երկարացված օրվա կազմակերպման ընթացքում։ Առաջին ինքնաշեն խաղը սաները պատրաստեցին շրխկանի տեսքով։ Շրխկանները զարգացնում են տեխնիկական երևակայությունը, նպաստում են ռիթմիկայի և երաժշտական լսողության զարգացմանը։

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում էլ պատրաստվեց ինքնաշեն շրխկան, որն էլ հետագայում օգտագործվեց տարբեր նախագծերի ընթացքում։ Պլաստմասե թափոնները և խցանները դարձան շրխկաններ։ Իսկ Դավիթը այդ ամենից ոգևորվելով՝ տանը ինքնուրույն շրխկան էր պատրաստել kinder ձվիկից։

Հաջորդ ինքնաշեն խաղը, որ պատրաստեցինք երկարացված օրվա ընթացքում, կրկին թափոններով էր։ Այս անգամ որպես օգտագործվող նյութ ընտրել էինք հավկիթի հաստ ստվարաթուղթը։ Ներկել էինք, որից հետո կտրել էինք տարբեր ուղղություններով և ստացել գունավոր ինքնաշեն փազլ։

Ինքնաշեն խաղերի շարքը համալրվեց ևս մեկ մաթեմատիկական խաղով։ Նպատակը թվաճանաչությունն էր, թվի ու քանակի կապը տեսնելը։

Ինքնաշեն խաղերը լայն տարածում գտան նաև ընտանեկան դպրոցներում։ Նախագիծը դարձրինք շուրջտարյա ՝ անընդհատ զարգացնելով և ստեղծելով մեկը մյուսից հետաքրքիր խաղեր։ Ստորև ներկայացնում եմ ընտանեկան ինքնաշեն խաղերից մի քանիսը՝

Ամեն անգամ, մի նոր խաղ պատրաստելիս, ծնողների կողմից ստանում էի դրական արձագանքներ՝ այսինքն խաղն այնքան էր տպավորում սաներին, որ հա՛մ խաղում էին խմբասենյակում, հա՛մ էլ կիսվում տպավորություններով տանը։ Այդ պատճառով որոշեցինք խաղը դարձնել նաև ընտանեկան։ Ծնողները սիրով համաձայնում էին մեր առաջարկի հետ և պատրաստում մեկը մեկից հավես, զարգացնող ինքնաշեն խաղեր։

Որպես ամփոփում ցանկանում եմ նշել, որ շնորհակալ եմ ինձ՝  հինգ տարեկանների  խենթ միջավայրում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։ Այս մեկ տարին  եղել է իմ կյանքի մեծ ձեռքբերումներից մեկը։ Հուսով եմ՝ ճախրանքս կարճ չի լինի։

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский