Ծեսը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

Հեղինակ: 

Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ նշանային են, խորհրդանշական և չունեն նպատակային, գործնական բնույթ:

Ծեսերն աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով: Դրանք ստեղծվում են ոչ թե պատահական դեպքերի շուրջ, այլ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Հայ ավանդական ծեսեր

Յուրաքանչյուր ծես, ծիսական գործողություններից բացի, ունի տոնական մաս, որտեղ կարելի է կատարել ժամանակակից երգեր ու պարեր: Նախագծի նպատակն է ծեսը, տոնը դարձնել երեխայինը, որն էլ կլինի ոչ միայն մասնակից, այլև փոխանցող: Երեխան, քայլ առ քայլ, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ ու մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, յուրացնում է ծեսը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսը՝  որպես ինտեգրված թեմատիկ միավոր, վաղուց ի վեր դարձել է կրթության կարևոր բաղկացուցիչ մաս՝ ներառելով ամենատարբեր հմտությունների ու կարողությունների՝ առերևույթ միգուցե չերևացող, բայց իրականում շատ խորքային հիմք։

Կրթահամալիրյան ծեսեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են բազմաթիվ ծեսեր, որոնք սահմանված են կրթահամալիրյան օրացույցով։ Դրանք են՝ Սուրբ Ծնունդ -Նոր տարի, Ղափամայի ծես, Բարեկենդան, Ծառզարդար-Զատիկ-Կրկնազատիկ, Համբարձում-Ջանգյուլում, Վարդավառ, Թթուդրիկ-Հարիսա և այլն:

Սուրբ Ծնունդ-Նոր տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Սուրբ Ծննդյան ծեսը սկսում ենք երգեր ու պարեր սովորելով։ Միասին սովորում ենք ավանդական, ծիսական երգեր, պարերգեր՝ ծանոթանալով ամեն մի երգի, պարի պատմությանը։ Սաները տանից բերում են ընկույզներ, պատրաստում ընկույզներով չարխափաններ, վզնոցներ։ Միասին ուսումնասիրում ենք, քննում-զննում, վերլուծում, բացատրում, ապա բացում ենք ընկույզը ու մեջը դնում բարեմաղթանքներ, որոնք սաները նվիրելու են իրենց մայրիկներին: Ողջ ընթացքում սաները ծնողների հետ պարում են, երգում, հրճվում՝ շրխկացնելով ընկուզե չարխափանները, քշելով չարը կրթահամալիրից, տներից ու մեզնից։ Զարդարում ենք ծիսական ծառը և սեղանը, երգում, բարեմաղթանքներ հղում միմյանց։ Կտրում ենք նախօրոք միասին թխած տարեգաթան ու որոշում այդ տարվա հաջողակին։ Խաղում ենք ընկուզախաղեր՝ պտտում, հարվածում, գլորում, դե վերջում էլ՝ կոտրում ու համտեսում։ Այս ողջ գործունեությունը սաների մոտ ձևավորում, ապա և զարգացնում է տարատեսակ կարողություններ ու հմտություններ, ինչպես նաև բացում գիտելիքի շտեմարանի այս դուռը դեպի հայ ավանդական ամանորյա սովորույթների ու ավանդույթների ակունքները։

Ղափամայի ծես

Այս ծեսը հատկապես սիրելի է սաների համար, քանի որ շատ «քաղցրահամ ու մեղրանուշ» ծես է։ Ամեն մեկն իր հետ բերում է փոքրիկ դդում, ծանոթանում ենք, իմանում, թե ինչ է դդումը, ինչ գույն ունի, ինչ ձև ունի, ինչ համ ու հոտ։ Կտրում ենք դդումը, հանում կորիզները, իմանում, թե կորիզներն ինչի համար են, հաշվում ենք, տնկում ենք, որ նորից դդում աճի, իսկ մնացած կտորներով կերպարներ ենք ստանում։ Գունավոր թղթերը կտրատում ենք, ներկում, սոսնձում կորիզները և ստանում ենք դդմադիմակներ։

Եվ ամենակարևորը՝ Ղափաման։ Դդմի գլուխը կտրում ու հանում ենք կափարիչի նման, փորում ենք, միջուկը հանում, մեջը լցնում բրինձ, չամիչ, չիր, մեղր, կարագ, համեմունքներ ու դնում ջեռոցը՝ այս կարևոր իրադարձությունը համեմելով ուրախ ծիսերգերով։ Արդյունքում՝ մի սիրուն, շքեղ, փայլուն ու համեղ ղափամա։ Այս տարբեր աշխատանքների միջոցով սանի մոտ զարգացնում ենք զգայարանները․ կարողանում է համտեսել, իմանալ՝ ինչ համ ունի, ճանաչում է գույնը, ձևը, չափը, կառուցվածքը և այլն։

Սանը տեխնոլոգիական աշխատանք է կարողանում կատարել, ինքնուրույն կտրել, պտտել թելը, փակցնել, սոսնձել․ զարգանում է մանր մոտորիկան։ Ղափամայի ծեսը նշում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում՝  պատարագից հետո։ Մի իսկական գունազարդություն, դդմից համեղ տարատեսակ ուտեստներ ենք պատրաստում, եկեղեցու բակում սիրուն ղափամայացուցահանդես կազմակերպում, ու սկսվում է հյուրասիրությունը։ Սեբաստացի, ծանոթ-անծանոթ, հյուրասիրություն, համեցե՜ք, համեցե՜ք․․․

Բարեկենդան

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Ուրախության, զվարճանքի ծես է, որը կապված է գարնան սկսելու հետ։ Ծեսի նպատակն է զվարճանալու, ուրախանալու, հրճվելու միջոցով վերակենդանացնել մարդուն, դիմավորել բնության զարթոնքը։ Պարերի, խաղերի, զվարճությունների երկու շաբաթվա ընթացքում խաղում ենք տարբեր խաղեր ՝ ճոճախաղ, ընկուզախաղ, աքլորակռիվ և այլն։ Կատարում ենք ուղտախաղ, ուղտի կերպարով տիկնիկ ենք պատրաստում և պարեցնում։ Ուղտը փորձում է վազել երեխաներիի հետևից, բռնում նրանց, իսկ նրանք փախչում են այս ու այն  կողմ։ Պատրաստում ենք Ուտիս տատ  և Ակլատիզ։ Ուտիսը մեզ անընդհատ ասում է, որ յուղոտ ուտելիքներ ուտենք, իսկ Ակլատիզը՝ հակառակը։ Ակլատիզը պատրաստում ենք սոխի գլխից, որի վրա խրում ենք չորս սպիտակ և երեք սև փետուր, որոնք խորհրդանշում են սև հողը և սպիտակ ձյունը։ Ակլատիզի պարանոցից կախում ենք քարեր և կծու պղպեղ, որ եթե յուղոտ բան ուտի, քարն ընկնի գլխին, և բերանն այրվի պղպեղով։ Յոթ փետուրները խորհրդանշում են յոթ շաբաթները, որոնք ամեն շավաթ սաները հերթով պոկում են, իսկ վերջում Ակլատիզը թռչուն է դառնում և գնում։ Փայտե շերեփներով պատրաստում ենք զանազան տիկնիկներ և երգելով մեր տոնի ամենսիրված երգը ՝ «Գնացեք, տեսեք․․․»-ը՝ շրջում դպրոցով։ Սա է Բարեկենդանը․․․

 Տեառնընդառաջ

Նախապատրաստվում ենք Տեառնընդառաջի ծեսին։ Սաների հետ գնում ենք խանութ, իրենք փորձում են ինքնուրույն գնումներ անել․ ընտրում են ալյուրը, շաքարավազը, փոխինձը, մեղրը և վճարում։ Խմբասենյակում մի քիչ խաղում ենք փոխինձով ու ալյուրով, թվեր, տառեր, պատկերներ նկարում, շաղ տալիս այս ու այն կողմ։ Հետո ջուր ենք ավելացնում, պատրաստում փոխինձե գնդիկներ, հալվա, տանը մայրիկների օգնությամբ գաթաներ ենք թխում, որպեսզի ծեսի ժամանակ հյուրասիրենք մեր իսկ պատրաստած աղանդերը։ Չենք մոռանում, որ ծեսը շարունակվում է տանը, յուրաքանչյուր երեխա իր մայրիկի հետ «Տեառընդառաջի  ծես-նախագիծ» է իրականացնում՝ այսպիսով ապահովելով դպրոց-ընտանիք փոխադարձ կապը։ Սկսում ենք Տեառնընդառաջի սեղանը զարդարելու արարողությունը։ Զարդարում ենք հալվայով, փոխինձե գնդիկներով, կոնֆետներով, աղանձով, ադիբուդիով, որոնք սիրով պատրաստում և բերում են սաները մայրիկների հետ: Այգեպանի հետ հավաքում և դասավորում ենք փայտերը, որպեսզի միասին վառենք խարույկը: Մեծ շրջան ենք կազմում, վառում կրակը, և սկսում Տեառնընդառաջի՝ գարնանամուտն ազդարարող տոնակատարությունը:

Ծառզարդար-Զատիկ-Կրկնազատիկ

Ծաղկազարդը նախորդում է Զատկին, որի ընթացքում սկսում ենք պատրաստվել ծեսին, դիմավորել Ուտիսին ու Ակլատիզին։  Զատիկն ունի իր ծիսական ծառը, տիկնիկները և ծիսական զանազան խաղերը։ Ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան, ապագան։ Ծեսի ընթացքում միասին գունավորում ենք ձվեր և թելերով կախում ծառի ճյուղերից։ Ձվերը խորհրդանշում են աշխարհը։ «Տի՛զ, տի՛զ, Ակլատի՛զ․․․» բացականչություններով հարվածում ենք Ակլատիզին և քշում նրան բակից։ Այս ծեսը մի փոքր  առավել տեխնոլոգիական կարող ենք որակել։ Ծնողները մեզ հյուր են գալիս, ու սկսում ենք միասին պատրաստել զատկե ձվիկներ։ Սկզբում երկու կողմից փոքրիկ անցքեր ենք բացում ձվիկների վրա, ապա սովորողները փչելով դատարկում են ձվիկների պարունակությունը, զարգացնում ենք փչելու կարողությունը։ Փչում ու փչում են, բայց դեղնուցը դուրս չի գալիս, տեսնեք՝ ինչ ուժով ու ոգևորությամբ են փչում, ու ինչ ուրախություն, երբ վերջապես դեղնուցը դուրս է գալից անցքից։ Խառնում ենք մեզ մոտ եղած բոլոր գույներն ու ներկերը։ Խառնաշփոթը պատրաստ է։ Գույնե՜ր-գույնե՜ր․․․Բոլորով սկսում ենք զարդարել ներկերի տարատեսակ  երանգներով։ Արդյունքում՝ բազմապիսի զատկե ձվիկներ։

Սկսում ենք ցորենացանը, սաները բերում են բամբակ և ցորեն, ափսե ու ջուր։ Հագնում ենք գոգնոցները, դուրս գալիս բակ։ Սկզբում բամբակն ենք հարթ փակցնում տարայի վրա, հետո մի քիչ ջուր ենք ցողում, որ խոնավանա բամբակը, ապա լցնում ենք ցորենը, կարելի է նաև ոսպ ցանել, քանի որ ոսպից դուրս եկածը նույնպես գեղեցիկ է, հետաքրքիր կառուցվածք ունի։ Ցանում ենք ցորենը՝ անհամբեր սպասելով ածիկի աճելուն։ Ցանում ենք նաև քար, ավազ, ալյուր, որպեսզի որոշ ժամանակ հետո սաները որոշեն՝ ինչու չաճեցին դրանք։ Զատկածեսի ժամանակ ծիսական խաղեր ենք խաղում՝ ձուկռվոցի, ձուպտտոցի, ձուգլորոցի։ Իսկական տոնախմբության է վերածվում սեբաստացիական այս զատկական ծես-նախագիծը:

Զատկին հաջորդում է Համբարձումը, որը նշվում է հինգշաբթի օրը։ Գույնզգույն ծաղիկներ ենք սոսնձում ռեզինների վրա՝  համադրելով գույները։ Յոթ աղջիկների հետ գնում ենք պարտեզ։ Քանի որ չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում է հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, մի խումբ սովորող «ծաղիկներով» դուրս ենք գալիս բակ, մեր սիրուն, կանաչ լանջերից հավաքում երիցուկներ, խատուտիկներ, ծտապաշարներ, առվույտներ՝ վերհիշելով ծաղիկների անունները։

Ծաղկահավաքի ընթացքում ներկայացնում ենք, թե ինչպես է պետք ծաղիկը քաղել, որ չփչանա՝ նաև դրանից հետագայում դեղաբույս պատրաստելու համար։  Իրար օգնելով՝ հյուսում ենք ծաղիկները, պատրաստում երփնագույն ծաղկե ճակտնոցներ ու գունագեղ ծաղկաշղթաներ։ Վիճակի ծեսին նախապատրաստվելիս աղջիկների խմբով՝ յոթ հոգով, դուրս ենք գալիս, հավաքում յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակի ծաղկից յոթ տերև, յոթ տեսակի ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակի քար: Կատարում ենք տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստելով Վիճակի տիկնիկը։ Այցելում ենք սաների կամ պատահական մարդկանց տներ, ճակտնոց նվիրում, երգում ու ձու կամ որևէ այլ բան ստանում փոխարենը։

Վարդավառ

Հնում մարդիկ այնքան էին հավատում ծեսերի զորությանը, որ հնարել էին Անձրևաբեր և Անձրևախափան ծեսեր՝ դրանց միջոցով կարգավորելու բնության երևույթները: Հայտնի են շատ ծիսական երգեր ու խաղեր՝ կապված տարբեր ծեսերի հետ։ Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառը ամենամեծ ամառային տոնն է:  Վարդավառ բառն ունի տարբեր ստուգաբանություններ, որոնցից մեկի համաձայն կազմված է վարդ-ջուր և վառ-սրսկել արմատներից, նշանակում է ջրցանություն: Տոնը սկսվում է առավոտյան: Բոլորով իրար վրա ջուր ենք լցնում՝ հաշվի չառնելով տարիքը, սեռը: Ոչ ոք չպիտի նեղանա, քանի որ այդ օրը ջուրն ունի այսպես ասած բուժիչ ուժ: Միմյանց վարդեր ենք նվիրում, թերթիկները լցնում ջրի մեջ, ջուր ցողում վարդերով։ Վարդեր նվիրելով և վարդի ջուր ցողելով՝ սեր ենք տարածում բոլորի վրա և պայքարում ենք չարի դեմ։ Ծանոթանում ենք անձրևաբեր ծիսական կերպարների հետ, սովորում անձրևաբեր ծիսական երգեր, պատրաստում անձրևաբեր տիկնիկ-կերպարներ՝ մեր պատկերացմամբ և երևակայությամբ։

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքի հետ, դրա համար ցորենի հասկերից «Խաչբուռ» ենք պատրաստում: Այս ծեսի միջոցով ծանոթանում ենք ազգային ավանդույթներին ու սովորույթներին՝ դառնալով դրանց կրողն ու փոխանցողը։ Պատրաստած ծիսական պարագաներով,  ժողովրդական, ազգային ծիսական խաղերով դառնում ենք ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Հարիսա- Թթուդրիկ

Հարիսան  ու Թթուդրիկը կարծես մեկտեղվում են․ նախ՝ թթուդրիկ, ապա՝ հարիսա։

Ամեն մեկը բանջարեղեն է բերում՝ կաղամբ, լոլիկ, վարունգ, գազար, ծաղկակաղամբ, սխտոր, կանաչի և այլն։ Լվանում ենք միասին, համտեսում, կտրատում, սաները կարողանում են թե՛ ինքուրույն լվանալ, թե՛ կտրատել, սիրուն դասավորոում ենք տարաների մեջ։ Բանջարեղեններից պատրաստում ենք թթու-կերպարներ, թթու-դեմքեր։ Պատրաստում ենք աղաջուր, կատարում ենք բնագիտական փորձ և սպասում թթվելուն, որ Հարիսայի ծեսի ժամանակ համտեսենք։ Մեր պատրաստած թթուները մասնակցում են նաև կրթահամալիրյան «Թթու- էքսպո» ցուցահանդեսին։ Հարիսայի ծեսը շատ մեծ շուքով ենք նշում կրթահամալիրում։ Սաները տանից բերում են ձավար, համեմունք, ձեթ, կարագ, միս, եփում են մի մեծ կաթսայում, օր է որոշվում ըստ օրացույցի, ամբողջ դպրոցով սկսում ենք տոնել և ուտել, երգել ու պարել։ Ծեսը մեզ տալիս է հնարավորություն, ստեղծում միջավայր, որտեղ սովորողները  նախապատրաստման և իրականացման ընթացքում կիրառում են իրենց հմտություններն ու գիտելիքները՝ շարունակ ինքնակրթվելով ու ավելի առաջ շարժվելով։

Այսպիսով, բոլոր վերոնշյալ ծեսերով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, տարատարիք սովորողների հետ համատեղ խմբային և անհատական հետազոտական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ շփվելու, միջհամայնքային, միջմարզային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ծանոթացնել «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին։

 Այսպիսով՝ հայ ժողովրդական ծիսական համակարգի ավանդական ծեսերն իրենց բացառիկ կարևոր տեղն ու դերն ունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, քանի որ նրանց ակունքների վրա է հիմնվում, ապա և կառուցվում բարձրարժեք կրթությունը։ Մի շարք ծեսերի ու սովորույթ դարձած ծեսերի միջոցով զարգանում են սովորողի ստեղծագործելու ունակությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, շարժունակությունը, վարքը, ակտիվությունը, անկաշկանդվածությունը, ինքնուրույնությունը, ճանաչողությունը և  այլ հմտություններ ու կարողություններ:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский