Դասարանական ռադիոն՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ

«Կրթությունն արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու»: Շ. Ամոնաշվիլի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը «հավեսի» դպրոց է, «հավես» նախագծեր իրականացնող դպրոց: Կրթությունը իրականցվում է նախագծերով, ինչը հնարավորություն է տալիս սովորողների հետ աշխատել տարբեր հարթակներում: Հաճախ սովորողների հետ ենք մշակում նախագծերը, միասին սկսում աշխատել: Հատկապես, երբ սովորողը ոգևորված է իրականացնում նախագծերը, դրանք դառնում են շարունակական, ընդլայնվում է նախագծերի շրջանակը՝ ի նպաստ սովորողի կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Ցանկացած նախագիծ իրականացնելիս հաշվի են առնվում սովորողների նախասիրությունները, այդ փուլում իրենց կարողությունները․ ի՞նչ կտա իրենց, ինչպիսի՞ կարողություններ ու հմտություններ պետք է զարգանան այդ աշխատանքը կատարելու արդյունքում, արդյո՞ք սովորողներին կհետաքրքրի, սովորողները կշարունակեն աշխատել և այլն: Սովորողի հմտություններ,  կարողություններ բացահայտելու շատ հարթակներ կան կրթահամալիրում, որոնցից մեկն էլ դասարանական ռադիոն է։ Դասարանական ռադիո վարելը սովորողների համար դարձավ դասընթաց, ուսումնական նյութ սովորելու նոր, հետաքրքիր մոտեցում: Իհարկե, դասարանական ռադիոն՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ, որպես ուսումնական պարապմունք, անցավ շատ փուլերով, հղկվեց այնքան, որ ինքնաբերաբար դարձավ մեր ուսումնական պարպմունքների մի մասը: Առաջին դասարանում սովորողների հետ տարբեր թեմաներով էինք պատրաստում ռադիոնյութեր՝ հետևելով օրացույցին, տոներին: Այսպես, սովորողների հետ նոր ուսումնական նյութ սովորելուց, յուրացնելուց  հետո սկսում էինք ռադիոթողարկմամբ կիսվել  սովորած նյութով, նոր տեղեկություններով: Շատ կարևոր էր այս շրջանում ռադիոնյութերի թողարկումը, քանի որ այն նպաստեց սովորողների բանավոր խոսքի զարգացմանը: Մեկ, երկու թողարկումից հետո սովորողներն անկաշկանդ խոսում էին, պատմում: Բացի այդ,  այս փուլը սովորողների համար բացահայտելու, ուսումնասիրելու փուլ էր: Իրենք ծանոթանում էին գործընթացին՝ ինչպե՞ս և որտե՞ղ են ձայնագրում նյութը, ինչպե՞ս ենք սկսում թողարկումը: Առաջին դասարանում մենք չենք վարել դասարանական ռադիո, սովորողները դեռ պետք է ուսումնասիրեին ռադիո վարելու հմտությունները, գործընթացը: Հետևում էին, թե որտեղ ենք ձայնագրում ռադիոնյութը․ դա կարող էր լինել  բակը, ճամփորդելու վայրը: Հենց սկզբնական շրջանում սովորողների հետ էինք ընտրում թեման, միշտ քննարկում էինք միասին, որ իրենք էլ գիտակցեն, որ իրենց ընտրությունը շատ ավելի կարևոր է: Հետագայում արդեն իրենք էին առաջարկում թեման, նույնիսկ ոգևորությամբ առաջարկում էին մասնակցել ձայնագրությանը: Առաջին դասարանում հաճախակի ռադիոնյութեր թողարկելու շնորհիվ սովորողները ծանոթացան ռադիո վարելու նախնական փուլին, որոշակիորեն ազատվեցին կաշկանդված խոսքից, ավելի վստահ էին ներկայացնում ասելիքը: Առաջին փուլը՝   2019-2020 ուստարին, մեզ համար հետազոտական, ուսումնական շրջան էր, երբ սովորում էինք ռադիո վարելու հմտությունները, կարողությունները և փորձում զարգացնել: Սովորողների հետ պատրաստում էինք ռադիոնյութեր, թողարկում ամենտարբեր թեմաներով ռադիոնյութեր:  Ամեն անգամ ռադիոնյութ թողարկելիս հաճախ էինք ներկայանում՝ «Եթերում ուրախ արևներն են»: Ինչպես սովորողներն են ասում. «Մենք նման ենք արևների, երբ հագնում ենք մեր դեղին շապիկները»: «Ուրախ արևներ»- ը դարձավ մեր դասարանի, խմբի անունը, սովորողներն իրենք իրենց այդպես էին անվանում անգամ ջոկատների բաժանավելիս: Իրենց ցանկությամբ ջոկատն անվանում էինք «Ուրախ արևներ», որը հետո նաև իրենց ցանկությամբ դարձավ նաև մեր ռադիոյի անվանումը։ Առաջին դասարանում ռադիո վարելու որոշակի փորձ ձեռք բերելուց հետո, սովորողների ոգևորության, ռադիո վարելու մեծ ցանկության շնորհիվ երկրորդ դասարանում միասին որոշեցինք ունենալ մեր դասարանական ռադիոն: Այսպես, կրտսեր սեբաստացիներն իրենք ստեղծեցին իրենց դասարանական ռադիոն, իրենց ցանկությամբ ընթացք տվեցին աշխատանքին, ինչը խթան դարձավ սովորողների ոգևորությանը, պատրաստակամությանը, ռադիոնյութ պատրաստելու, թողարկելու կարողության զարգացմանը:

 Ճիշտ է, առաջին դասարանում սովորողները բավականաչափ փորձ ունեին ռադիոնյութ թողարկելու, գրեթե ամեն շաբաթ, երկու շաբաթը մեկ մի ռադինյութ էինք թողարկում, բայց դեռ այնքան հմուտ չէին, որ ինքնուրույն վարեին ողջ ընթացքը՝ մինչև ռադիոնյութի թողարկումը: Երկրորդ դասարանում որոշեցինք այնպիսի թեմա ընտրել, որը հնարավարություն կտար նաև մեր ռադիոթողարկումներին՝ ուսումնական պարպմունքի կազմակերպմանը, մասնակից դարձնել ընտանեկան դպրոցի անդամներին: Այսպես՝  երկրորդ դասարանում՝ 2020-2021 ուստարում, սովորողների հետ սկսեցինք թողարկել մեր դասարանական ռադիոն, իրենց որոշմամբ՝  «Ուրախ արևներ» անվանումով՝ «Ես և իմ մոլորակը» թեմայով:

Սովորողները մեծ պատասխանատվությամբ և մեծ ոգևորությամբ մասնակցում էին ռադիոյի թողարկումներին իրենց ծնողների, ընտանիքի այլ անդամների հետ: Այնպիսի թեմա էինք ընտրել, որ անհնար կլիներ նյութ պատրաստել առանց ծնողների մասնակցության: Սովորողները հարցերի միջոցով, իրենց ծնողների օգնությամբ պետք է պատմեին իրենց մասին, փորձեին բացահայտել իրենց՝ իրենց ծնողների աչքերով: Սովորողներից յուրաքանչյուրը տվյալ ամսվա ռադիոյի պատասխանատուն էր, պատմում էր իր մասին, հետաքրքիր տեղեկություն հայտնում իր մանկության մասին: Ռադիոնյութը միշտ դասարանում լսում էինք, քանի որ մյուս սովորողներին հետաքրքիր էր՝ ինչպիսին էին իրենց ընկերները փոքր տարիքում, ծնողները հաճախ պատմում էին զավեշտալի պատմություններ՝ էլ ավելի հետաքրքիր ու կենդանի դարձնելով թողարկումը: Ռադիոյի պատասխանատուները շատ էին ոգևորվում, երբ դասարնում լսում էին իրենց թողարկումը: Էլ ավելի շատ էր ոգևորությունը, երբ տեսնում էին իրենց նյութը գլխավոր կայքում, քանի որ  լսարանը մեծանում էր, շատերն էին  լսում իրենց թողարկումը: Հենց սա էլ սովորողի և ծնողի ոգևորության առիթն էր,   ծնողներն էլ էին ոգևորվում, սիրով սկսում էին մասնակցել, պատրաստել ռադիոնյութը: Սովորողներն իրենց մասին խոսելիս նաև պատմում էին իրենց նախասիրությունների մասին. ինչո՞վ են սիրում զբացվել, սկսում էին այդ թեմայի շուրջ նոր տեղեկություններ հայտնել: Ռադիոնյութը ձայնագրում էին ծնողները, հարցերը դասարանում դասընկերների հետ կազմում էին սովորողները: Երբեմն ընկերներն էին մտածում հարցը, օրինակ՝ ինչ կուզեին իմանալ իրենց ընկերոջ մասին: Սովորաբար սովորողները ընտանեկան դպրոցի հետ միասին էին  որոշում ՝ ինչպես ձայնագրել, ստեղծագործում էին, հետաքրքիր տարբերակներ մտածում ռադիոն սկսելու համար: Հենց այսպես էլ մենք ունեցանք մեր ռադիոյի նախերգը,  նախերգի հեղինակներն են Էմիլի Շահվերդյանը և Էլանա Շահվերդյանը:  Մայրիկի՝ Հասմիկ Շահվերդյանի  խորհրդով որոշեցին ռադիոն սկսել նախերգով․ լսելուց հետո բոլորիս շատ դուր եկավ նախերգը: Այն դարձավ մեր ռադիոյի նախերգը: Երկրորդ դասարանում մենք չսահմանափակվեցինք միայն «Ես և իմ մոլորակը» թեմայով:

Աստիճանաբար ռադիոյի թեման ընդլայնվեց, երկրորդ դասարանի երկրորդ, երրորդ ուսումնական շրջաններում,երբ սովորողները դեռ չունեին բլոգներ, բայց շատ լավ կարողանում էին օգտվել համացանցից,  սկսեցինք տեղեկատվական թեմայով նյութեր էլ թողարկել: Սովորողը փնտրում էր համացանցում հետաքրքիր տեղկատավական նյութ, ուսումնասիրում , առաջարկում թողարկել: Շատ սովորողներ սկսեցին խմբերով այսպես աշխատել: Ճամփորդություններին իրենք իրենց նախաձեռնությամբ էին ձայնագրում, իրենց բջջային հեռախոսների հավելվածներով, հարցարույզ վերցնում տեղի բնակիչներից: Սովորողներն աստիճանաբար ինքնուրույն էին դառնում, հաճախ էին առաջարկում հարցազրույց վարել, իրենք առաջարկում էին ռադիոյի թեման, ավելի անկաշկանդ էր խոսքը, ասելիքը: Այսպես ավելի հաստատուն քայլերով մենք մուտք գործեցինք երրորդ դասարան՝ 2021-2022 ուստարի․ բլոգավար և մեդիահմուտ  սովորողները շրունակեցին վարել դասարանական ռադիոն:

Նոր ուսումնական տարում, քանի որ սովորողները արդեն ունեին իրենց բլոգները, բոլորը բլոգավար են, շատ լավ կարողանում են օգտվել համացանցից, նյութ որոնել, դուրս բերել իրենց անհրաժեշտ նյութը, որոշեցինք «Ուրախ արևներ» ռադիոյի թեման դարձնել միայն տեղեկատվական։ Բացի այդ սովորողները կարողանում են նաև ինքնուրույն ձայնագրել՝ օգտվելով իրենց բջջայինի հավելվածից, ձայնագրիչից, ովքեր տանը ունեն։ «Ուրախ արևներ» տղեկատվական ռադիոյի թողարկման նյութը, թեման ընտրում են սովորողները, միասին փնտրում համացանցում, հրապարակում են իրենց բլոգներում։ Սովորողներն իրենք են ձայնագրում իրենց ռադիոնյութերը, արդեն շատ լավ գիտեն` դպրոցի որ մասում է ավելի անաղմուկ, որտեղ կարող են ձայնագրել: Հաճախ կարող եք շրջել դպրոցում, տարբեր անկյուններում նկատել սովորողների խմբերի, ովքեր ինքնուրույն ձայնագրում են: Երբեմն իրենց ձայնագրած ռադիոնյութն են իրենք խմբագրում, երբ որոշ հատվածներ իրենց դուր չի գալիս, կամ որևէ աղմուկ խանգարում է ձայնագրությանը: Թեմայի ընտրությանը սովորաբար մասնակցում են նաև ծնողները, ովքեր նույնպես կարող են մասնակցել ձայնագրությանը, օգնել տեղեկատվական նյութ որոնելիս: Հաճախ սովորողներն իրենց ծնողների հետ պատրաստում են հետաքրքիր ռադիոնյութեր, կազմակերպում հետաքրքիր տեղեկատվական  հարցազրույց։  Ծնողների հետ ռադիոնյութ պատրաստելու մասին ասում են սովորողները, քննարկում են նախօրոք՝ ինչ են ձայնագրելու։ Սովորողներն էլ առաջարկում են իրենց ծնողներին, ծնողները մեծ պատասանատվությամբ են մոտենում սովորղների առաջարկին, միշտ հետաքրքիր ռադոնյութեր են ներկայացնում: Սովորողն ինքն է իր ծնողին մասնակից դարձնում ռադիոնյութերի թողարկման ընթացքին: Արդեն այնքան են հմտացել, որ իրենք են ընտանեկան դպրոցի անդամներին «բերում» ուսումնական գործընթաց:

Ռադիո վարելու շնորհիվ  սովորողները ձեռք են բերում մեդիահմտություններ, համացանցից որոնում են նյութեր, ընթերցում են, հրապարակում բլոգում, պատրաստվում են, ոգևորված աշխատում մինչև ռադիոնյութի թողարկումը, որ հետաքրքիր լինի ընկերների կամ ռադիոլսողների համար։ Սովորողները ձեռք են բերում նաև խմբային աշխատելու կարողություն։ Միասին ընտրում են թեման, փնտրում են համացանցում, կարդում,  համեմատում իրենց գտած տեղեկությունները։  Իրար օգնում են, ոգևորում, միտքեր փոխանակում. «Ես դժվարանում էի, թե ինչ թեմայով պատրաստեի ռադիոհաղորդումը, բայց իմ ընկերներն առաջարկեցին՝ ինչ անել, և ես մտածում եմ այդ ուղղությամբ»։  Իհարկե, կան դժվարություններ էլ, որոնք հաղթահարելիս սովորողները ավելի շատ նոր հմտություններ են ձեռք բերում: Թեման ընտրելիս նյութը ընթերցում են, ընտրում անհրաժեշտ տեղեկությունը, սովորում են, հետո փորձում են վերարտադրել նյութը իրենց բառերով, երբեմն կարիք է լինում խմբագրության, երբեմն թողնում ենք այնպես, ինչպես իրենք են ներկայացրել, քանի որ այդպես թողարկումը ավելի կենդանի է ստացվում, բնական: Միշտ քննարկում ենք դասարանում, թե ռադիոթողարկումն ինչպես վարեն, արդյո՞ք դժվար չէ իրենց համար, և նրանք ասում են․

Դժվարույթյունների հետ սովորողները նաև թվարկում են առավելությունները. բոլորը ոգևորված  են, իրենց դուր է գալիս, երբ լսում են իրենց, ինչպես սովորողներն են ասում` իրենք  «խելացի բաներ» են պատմում, բոլորը լսում են։ Աշխատանքը կատարելիս սովորողները միշտ դասարանում պատմում են ռադիոնյութի որոնման մասին՝ ինչ թեմա են ընտրել, ինչպես են ձայնագրելու։

Միասին նաև ստեղծեցինք և ընտրեցինք մեր լոգոն: Այսպես սովորողներն իրենք դարձան ռադիովարողներ, դասարանական ռադիոն հիմնովին հեղինակային է, սովորողներինն է: Երբ միասին քննարկում էինք, համեմատում՝ արդյոք մեր դասարանական ռադիոն համապատասխանաում է ռադիոյի պահանջներին, բոլորս մեծ ուրախությամբ կարդում էինք պահանջները և անցնում առաջ, քանի որ դասարանական ռադիո ունենալու և վարելու ճանապարհին, անկախ մեր կամքից, այնպես էր ստացվել, որ մեր ռադիոն համապատասխանում  էր բոլոր պահանջներին: Այդ պահանջներին համապատասխանելու համար ոչինչ չենք ավելացրել, բացի լոգոյից: Իսկ սա մեր աշխատանքի, սովորողների ոգևորության, ստեղծական լինելու, ազատ աշխատանքի արդյունքն է՝ «Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո: Այսպես՝ քայլ առ քայլ, հասանք այս փուլին: Իսկ այս փուլում  մեզ համար տոն է դարձել ռադիո թողարկելը, հավես գործունեություն, երբ սովորողը և՛ հաճույք է ստանում, և՛ սովորում է, և՛ զարգացնում է միաժամանակ մեդիահմտությունները, նոր տեղեկություններ ստանում, և, ամենակարևորը, մենք այդպես կարողանում ենք ընտանեկան դպրոցին անմիջական մասնակիցը դարձնել մեր ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Ամենակարևորը, այնպես չենք արել, որ մեր ռադիոն պարզապես համապատասխանի պահանջերին, սկսել ենք աշխատել,  փորձել ենք զարգացնել մեր մեդիահմտությունները, կարողությունները ռադիո ունենալու, վարելու հարցում: Երբ պատրաստ ենք եղել, սկսել ենք վարել և ունեցել ենք այն ռադիոն, որին համապատասխանում են դասարանական ռադիոյի պահանջները, ոչ թե մենք մեր ռադիոն համապատասխանեցրել ենք պահանջներին:

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի պատասխանատուները՝ 3.2 դասարանի սովորողները, կիսվում են իրենց տպավարություններով, պատմում են ռադիո թողարկելու դժվարությունների, առավելությունների մասին՝

Ես՝ որպես ռադիոյի պատասխանատու

Կատրինա Լալայան- «Նույնիսկ մենք բոլորս մեր դասարանով ենք հորինել մեր «Ուրախ արևների» ռադիոյի երգը և անունը։ Ես դժվարանում եմ մտածել, թե ինչպես պատրաստել ռադիո, բայց իմ ընկերները միտք են տալիս և ես մտածում եմ՝ ինչ անել։ Եվ այսպես եմ ես պատրաստում ռադիյոնյութը․ երբեմն տանը ինձ միտք են տալիս, գալիս եմ դպրոց, ասում եմ՝ ես ուզում եմ այսպիսի ռադիո անել, մենք բալորով քննարկում ենք և անցնում ենք մեր գործին»:

Էդգար Մուրադյան-«Ես ուզում եմ լինել ռադիոյի պատասխանատու, որովհետև հաճելի է,որ քեզ լսում են, մենք խելացի բաներ ենք գտնում համացանցում, սովորում ենք, պատմում ռադիոթողարկմանը, մյուսները լսում են:Ես հարցեր եմ տալիս, և նրանք պատասխանում են, բացատրում»:

Լիլի Թորոսյան-«Ռադիո պատրաստելու դժվարություն ես չունեմ, միայն դժվար է շատ տեղեկություններ տարբեր կայքերից, դրանք  վերլուծել ու գրել»:

Էլանա Շահվերդյան-«Ինձ  դուր  է  գալիս  ռադիոյի  պատասխանատու լինել։ Ինչո՞ւ, որովհետև ռադիոն հետաքրքիր է ինձ համար։ Ռադիոն մեզ  սովորեցնում է տարբեր բաներ»։

Էմիլի Շահվերդյան-«Ռադիոյի  պատասխանատուն  պետք է  գտնի շատ հետաքրքիր փաստեր ինչ-որ հետաքրքիր բանի մասին, ես էլ եմ սովորում՝ նոր տեղեկություններ գտնելով»:

Ինեսա Թորոսյան-«Շատ հավես և հետաքրքիր է լինել  «Ուրախ արևներ» ռադիոյի  պատասխանատու, գտնել և սովորել հետաքրքիր փաստեր, տեղեկություններ և դրանք պատմել լսողներին» :

Վարդան Պողոսյան-«Իմ դասընկերներն ինձ պատմեցին ռադիոյի մասին, ինձ շատ դուր եկավ, և ես ուզում էի ամեն օր ռադիոյի պատասխանատու լինել»։ 

Սիլվի Թոփիկայն -«Ինձ  համար շատ հեշտ է,  հավես է գտնել տեղեկություններ ։Շատ հավես է ռադիո անել։ Ես ռադիո անելիս հաճույք եմ ստանում»։

Գևորգ Եղոյան-«Ինձ դուր է գալիս, որ ես տանջվում եմ,  հետ արդյունքը տեսնում եմ»։

Մարիամ Դանղյան-«Ինձ դուր է գալիս  ռադիոյի պատասխանատու լինել և ռադիո անել»։

Արեգ Գասպարյան-«Ինձ դուր է գալիս , երբ համանցանցից տեղեկություններ եմ գտնում»։ 

Էդգար Ճաղարյան-«Ինձ հաճելի է, որ ուրիշները հաճույքով  լսում են ռադիոն, նոր  հետաքրքիր    տեղեկություներ են իմանում»։ 

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский