Ինքնուրույնություն կամ կյանքով ուսուցում
Primary tabs
Սովորեցրու ինձ ինքնուրույն սովորել
Մարիա Մոնթեսորի
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չես արգելում, թողնում ես, օգնում-աջակցում, որ սանն իր կամքով, ուզելով, մեծերի ու փոքրերի հետ ազատ, առանց արգելք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի, ինքնասպասարկվի, սովորի-սովորեցնի։ Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով, այդ դեպքում՝ երեխա՞ն, նրա անհատականությու՞նը, նրա պահանջնե՞րը․․․ Արդյո՞ք նա չէ ամենակարևորը:
· Ինքնուրույնություն-ինքնասպասարկում
Կարևոր է սանին ազատություն տալ, չթելադրել, թո՛ղ նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի։ Երևակայությունից հետ հաջորդ քայլը ստեղծականությունն է․ ստեղծագործենք ազատ։
Դաստիարակը, ծնողը պետք է ոգեշնչեն, որ երեխան ինքնուրույն բացահայտի ու հայտնագործի, այլ ոչ թե սովորեցնի։
Այս հարթակում սանը զարգանում է «հավասարը՝ հավասարին» կարգախոսով՝ առողջ ու ջերմ միջավայրում։ Սանը չի ձանձրանում, իրեն զգում է մեծ, ինքնուրույն և փորձում է զարգացնել իր հմտությունները։ Տարածքը թափանցիկ է, տեսանելի, ու փակ դռներ չկան «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում, քանի որ չկա թաքցնելու ոչինչ․ ամեն բան հասանելի է սանին։ Խմբում չեմ միջամտում սանի ինքնուրույնությանը, փորձում եմ որսալ և տեսանկարել սանի ինքնաբուխ գործունեությունը խմբում և խմբից դուրս։
Մոնտեսորին ասել է․ «Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ»:
Պարտեզ մտնելու առաջին պահից նոր սեբաստացիները տեսնում են մյուսների ինքնուրույնությունը, ազատ գործունեությունը, խաղը, սովորեցնելը և իրենք էլ են փորձում ետ չմնալ։ Սաները շատ են ոգևորվում, երբ իրենց մի գործ ես տալիս՝ սեղան հավաքել, գնալ խոհանոց, օգնել ընկերներին, խնամել բույսերը, նախաճաշ-ճաշի կազմակերպումը, անկողին բացելը։ Սկզբում փորձում եմ ճանաչել սաներին, քանի որ բոլորը տարբեր են։ Ամեն մեկին մոտենում եմ յուրովի։ Որքան շատ սան, այնքան մարդկային տեսակ՝ աշխույժ, շփվող, հարմարվող, կամակոր, ամաչկոտ։ Քույրեր, եղբայրներ ունեն, որոնց շնորհիվ ավելի արագ են ներառվում խմբում։ Ավագ քույրը կամ եղբայրը այնքա՜ն հոգատար է լինում՝ ձեռքից է բռնում, ծանոթացնում ընկերների հետ, կերակրում, օգնում պատրաստվել քնի ծեսին։ Այս ամենը տեսնում են մյուսները և օգնում են բոլորին, իսկ ավելի շատ ոգևորվում են, երբ տեսնում են՝ ոնց եմ նկարում։
Օրվա անբաժան մասն է կազմում խաղը։ Երեխան խաղի միջոցով սովորում է մտածել: Խաղը զարգացնում է սրամտությունը, երևակայությունը, կարգապահությունը։ Երեխան ապրում է խաղով, խաղով է սովորում, խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում։ Կարևոր չէ, թե խաղը որտեղ պետք է կազմակերպել՝ կարող է սեղանի շուրջ կազմակերպվել, հարթակին, քնի ժամանակ, ու ես փորձում եմ մտնել այդ խաղի մեջ, օգնել նրանց։ Երբեմն էլ զարմացած հարցնում եմ, թե դա չգիտեմ, ու իրենք սկսում են ինձ պատմել։ Օգնում-հնարավորություն ես տալիս հաղթահարել իր ազատությունը սահմանափակող ամեն արգելք։ Իրենք պետք է ընտրեն իրենց խաղի ձևը։ Մեր փոխարեն իրենք կհսկեն իրենց գործը, կհարմարվեն միջավայրին, կյուրացնեն այն և փորձ ձեռք կբերեն՝ սանը դաստիարակի հետ, դաստիարակին հավասար կամ հակառակը՝ դաստիարակը սաների հետ, սաներին հավասար։
· Շաբաթվա ամփոփում․ Ազգային խաղեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կան բոլոր պայմանները մարզական պարտեզի համար՝ մեծ, ընդարձակ տարածք, որտեղ երեխան կարող է ազատ շարժվել, վազվզել, գլորվել, գլուխկոնծի տալ, խաղալ: Այստեղ ամեն ինչ կարող է դառնալ մարզական գործիք՝ աթոռը, սեղանը, ներքնակները։
Իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով՝ անվտանգ ընկնել-ելնելով… Ո՞վ է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով – քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը։
Այս ամենը դառնում է մեր օրակարգը՝ ինքնուրույն հողաթափ հագնել, լվացվել, սանհանգույցից օգտվել, խոհանոցից օրվա սնունդը բերել, սեղանը գցել, միմյանց օգնել, ինքնուրույն պատրաստվել քնի ծեսին, հետևել խմբասենյակի մաքրությանը, խնամել ծաղիկներն ու շրջակա միջավայրը։ Զարմանալի տեսարան է, երբ պառկելուց հետո սկսում են կողք կողքի զրուցել, բլբլալ: Ի՞նչ են բլբլում, ինչպե՞ս են պառկում, ի՞նչ իրեր են իրենց հետ վերցնում և պատրաստվում քնելու։ Շատ քիչ են այն դեպքերը, որ երեխան քունը «մենակ կիսի»։ Սովորաբար դա լինում է մոր գրկում, ծոցում։ Աշխատանքի ընթացքում ես դա տեսա, զգացի, ապրեցի․․․ Պահն այնքա՜ն հուզիչ է․ երբ նստում ես սանի կողքին, նա լալիս է, նվնվում, ու այդ պահին կողքից եղբայրը բռնում է ձեռքը, համոզում է, որ չլացի և այդպես, ձեռքը բռնած էլ, քնում։ Ես կողքից միայն կարող եմ հետևել ու պահը որսալ։ Խմբում ընկերների հետ ավելի հեշտ է ինքնակազմակերպվել, գործերն անել։ Ա՛յ, սա ծրագիր է, սաների համատեղ ծրագիր, որի նախատեսողն ու կարգավորողը խումբն ու դաստիարակն են՝ նույնքան ազատ ու ինքնուրույն, որքան իր սաներն են։
· Շաբաթվա ամփոփում. Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ
· Նախատոնական խառնաշփոթ ամփոփում
Ամենշաբաթյա ամփոփները շատ հավես նախագծի վերածվեցին։ Հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակներով քննարկումների արդյունքում միշտ նկատում էինք մեր կիքսերը, բացթողումները, փորձում էինք նոր մտքեր առաջ բերել, նորանոր գործիքներից օգտվել։ Բայց մտածում ենք նույն ձևաչափի մեջ չմնալ, այլ նոր ֆորմատի ֆիլմաշարով հեղինակային մանկավարժության մեջ թարմ շունչ բերել։ Կարծես թե միտքն իրեն-իրեն ծնվեց․ TV-ի հայտնվելու իսկական ժամանակն է։
Շարունակելի․․․