Իմ կարծիքը ուսուցիչներին շնորհվող տարակարգերի գործընթացի մասին

Չունեմ որևէ առարկություն հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության վերաբերյալ:

Իմ մտահոգությունը տարակարգի շնորհման գործընթացին է վերաբերում՝ այն փաստաթղթերին, որոնք պետք է ներկայացնի ուսուցիչը:

Առաջարկված է ուսուցչի չորս բնութագիր՝ դասավանդող ուսուցիչ, ավագ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ, հետազոտող ուսուցիչ։

Նորմատիվ փաստաթղթում հստակ ձևակերպված են վերապատրաստող և հետազոտող ուսուցչին ներկայացվող պահանջները:

Վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։

Անորոշություն է դասավանդող և ավագ ուսուցչին ներկայացվող պահանջներում:

 Դասավանդող ուսուցչի և ավագ ուսուցչի վերաբերյալ առաջին կետում գրված է, որ միայն պետք է դիպլոմը ներկայացնել: Իսկ նրանց մասնակցությունը կամավոր ատեստացիային և դրա արդյունքը հավաստող փաստաթուղթ պե՞տք չէ: Ի՞նչ բնութագրումով է տարբերվում ավագ ուսուցիչը դասավանդող ուսուցչից, եթե ներկայացվող բոլոր փաստաթղթերը նույնն են:

Որպեսզի ուսուցիչը ստանա «դասավանդող ուսուցիչ (առաջին տարակարգ), ավագ ուսուցիչ (երկրորդ տարակարգ), վերապատրաստող ուսուցիչ (երրորդ տարակարգ) և հետազոտող ուսուցիչ (չորրորդ տարակարգ)»,  պետք է նախարարին ուղղված իր դիմումի հետ ներկայացնի նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • Տվյալ ուստարվա համար իր առարկայի թեմատիկ պլանը և մեկ ամսվա ընթացքում իր դասավանդած բոլոր դասերի պլանները: (Սա հնարավոր է ներկայացնել)։
  • Նախորդ վեց ամիսների ընթացքում իր մոտ կատարված բոլոր դասալսումների արձանագրությունները և երկու դասի տեսաձայնագրություն: (Կասկածելի է, որ հնարավոր է այս պահանջը կատարել: Դասալսման արձանագրության կարգ կամ օրինակելի ձև կա՞ մշակված: Չի նշված նաև, թե քանի դասալսում պետք է արվի վեց ամսվա ընթացքում: Եթե երեք դասալսում արված լինի, հանձնաժողովը կարող է ասել, որ երեք դասալսումը քիչ է, պետք է 12 դասալսում արված լինի, և դիմումը հետ կվերադարձվի, չի դիտարկվի)։
  • ՏՀՏ-ի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, էլեկտրոնային գործիքների կիրառմամբ իրականացված երկու դասի համապատասխան հատվածների տեսագրություն։ (Հարց է առաջանում. արդյոք ԿԳՄՍՆ-ը մշակե՞լ է դասավանդողների մասնագիտական զարգացման հստակ ծրագիր, որտեղ հստակ ժամանակագրությամբ նշված են վերապատրաստումներ՝ նեղ ուղղություններով: Պարտադիր վերապատրաստման ծրագրում կա ՏՀՏ միջոցներով դասավանդման հմտությունների փոխանցում, բայց արդյո՞ք դա կարող է բավարար լինել և փոխարինել հատուկ ՏՀՏ հմտությունների վերապատրաստման վկայականին: Չափազանց կասկածելի և ինտրիգային կլինեն ուսուցիչների և սովորողների կողմից իրականացվող անանուն գնահատման արդյունքները)։
  • 21-րդ դարի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, (նույն դիտարկումը, որն արված է 3-րդ կետի վերաբերյալ)։
  • Ռեսուրսների կառավարման հմտությունների մասին վերապատրաստման վկայական, սովորողների և ուսուցիչների կողմից ուսուցչի անանուն գնահատման արդյունքները։ (ԿԳՄՍՆ երբևէ կազմակերպե՞լ է նման վերապատրաստում):
  • Ուսումնառության գնահատման մեթոդաբանությունը իմանալու և կիրառել կարողանալու մասին վերապատրաստման վկայական (Ե՞րբ է նախարարությունը այսպիսի վերապատրաստում կազմակերպել հանրապետության ուսուցիչների համար և հիմա էլ այդ վերապատրաստման վկայակա՞նն է ուզում)։
  • Ներառական մեթոդների կիրառման և սովորողների առաջադիմության մասին ծնողների անանուն գնահատման մասին տեղեկանք: (Անհնար է նման մի օբյեկտիվ տեղեկանք: Տարիներ առաջ, երբ ես իմ գործերն էի ներկայացնում տարակարգ ստանալու համար՝ այն ժամանակի պահանջներին համապատասխան, գնահատման նման մի տեղեկանք պետք է ներկայացնեի իմ սովորողների ծնողների կողմից: Նախ պետք է ասեմ, որ մի տեսակ նվաստացուցիչ է ծնողներին խնդրել, որպեսզի կարծիք գրեն: Մի երկու ծնողի ասացի, որ կարծիք գրեն, պատասխանեցին, որ կստորագրեն իմ գրածի տակ: Հայ ենք, կեղծիքներ անելու ու սուտ ասելու մեջ հավասարը չունենք: Այդպես էլ չներկայացրեցի ծնողների կարծիքները: Նախարարությունում էլի ինչ-որ ձևական բաներ ուզեցին, որից հետո ընդհանրապես հրաժարվեցի ներկայացնել գործերս: Հիմա տասնապատիկ անգամ շատացել են պահանջվող տեղեկանքների, վկայականների ու այլ փաստաթղթերի քանակը)։
  • Մասնագիտական զարգացման պետական պարտադիր վերապատրաստումներից դուրս այլ վերապատրաստումների մասին վկայականներ, գիտական կամ մանկավարժական հոդվածներ, միջազգային բանաժողովներին մասնակցությունը հաստատող տեղեկանքներ, գիտական աստիճաններ … Պարզ է, որ այս կետում նշվածները պարտադիր չեն, բայց ինչո՞ւ չի գրված, որ սրանք պարտադիր չեն: Նորից անորոշությու՞ն:
  •  Ուսուցչական կազմակերպությունների արհմիությունների հետ աշխատանքների մասնակցության մասին տեղեկատվություն:  Ձևական տեղեկատվություն, չէ՞:

Եզրակացություն

Նախարարությունը «ուզում է» ինչ-որ կերպ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, բայց չափազանց սուղ են կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցները, և այդ պատճառով էլ վարվում է այնպես, ինչպես Շառլ Պերոյի «Մոխրոտիկի» խորթ մայրը՝ այնպիսի պահանջներ է դնում ուսուցիչների առջև, որոնց անթերի կատարումը գրեթե անհնար է: Հրաշքի համար բարի փերի է պետք:

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский