Ոչ ֆորմալ կրթություն
Primary tabs
Կրթություն, հատկապես հանրակրթություն ասելով` այսօր էլ պատկերացնում ենք հաստատություն` շենքի տեսքով, դաս֊ դասաժամ, 20-22 ժամ ծանրաբեռնվածությամբ աշխատող դասավանդող, սահմանված ուսումնական կարգեր, ուսումնական դասագրքեր, ընդունված ուսումնական պլաններ և այլն։ Հանրակրթության մեջ այդպես էլ չեն ներառվում ընտանեկան դպրոցները, ինքնակրթությունը, կյանքով տրվող և կյանք դարձող, դպրոցական դաս-դասաժամից դուրս կրթությունը, այսպես կոչված՝ անընդհատ կրթությունը։ Հանրակրթությունը շարունակում է մնալ իր գծած, ժամանակավրեպ սահմաններում, կյանքից կտրված ու դեպի կյանք չտանող։
Ներկայացնեմ մեր այլընտրանքային հեղինակային ծրագրի ոչ դաս-դասաաժամային ուսումնական պարապմունքները։ Ուզում եմ խոսել կրթական այն կարևոր բաղկացուցչի մասին, որն իրականացվում է դասաժամերից դուրս։
Նախ` ընդհանուր պարապմունքները։ Այս պարապմունքները մեզ մոտ առավոտյան են, ժամը՝ 09․00-09․15, երբեմն նաև առանձին օրերն՝ 09․00-09․30։ Եթե նկատի ունենանք, որ այս 15-֊րոպեանոց ուսումնական պարապմունքը ամբողջ ուսումնական տարվա ընթացքում է, կարելի է պատկերացնել, թե ինչ ժամաքանակի մասին է խոսքը; Ինչ է տալիս ընդհանուր պարապմունքը սեբաստացի սովորողին։ Ընդհանուր պարապմունքի ընթացքում հնչում են միասնական երգեր, բանաստեղծություններ, պարում են միասնական պարեր։ Էստեղ հնչում են կրթահամալիրյան տեղեկատվություն, հայտարարություններ, ծննդյան շնորհավորանքներ․․․Կարծում եմ յուրաքանչյուր հավաքանու համար կարևոր է նաև միասնականության զգացումը։ Սա այլ շունչ ու ոգի է փոխանցում, ոգեղեն ուժի մի այլ ցուցադրություն է։ Այս ընդհանուր պարապմունքներին երբեմն միանում են նաև ծնողներ, և սեբաստացիական համայնքն ամբողջանում է` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ։ Այս ընդհանուր պարապմունքների ընթացքում կրկնվում են նաև այն երգերը, պարերը, բանաստեղծությունները, որոնք ուսուցանվել են։ Հասկանալի է, որ գործնականում կիրառվելով դրանք յուրացվում֊ ամրապնդվում են սովորողների կողմից։
Ուրբաթօրյա ուսումնական ժամերգություններ։ Սա սեբաստացիական մեր կյանքի կարևոր բաղկացուցիչն է։ մենք շարունակում ենք մնալ այն համոզման, որ հանրակրթությունը կյանքից կտրված, կյանքից դուրս լինել չի կարող։ Իրական կրթությունը գործունեություն է՝ համակարգված ու հետևողական։ Ամեն ուրբաթ՝ առավոտյան ժամը 09․00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում սկսվում է ուրբաթօրյա ուսումնական ժամերգությունը, որն ամեն անգամ համակարգում է մեր յոթ հեղինակային, ուսումնական ծրագրերից մեկը՝ Արևելյան, Արևմտյան , Հարավային , Հյուսիսային դպրոց-պարտեզները, Ավագ դպրոցը, Միջին դպրոցը, Քոլեջը։ Ի՞նչ ենք ներկայացնում ուսումնական ժամերգության ընթացքում․ երգում և ընթերցում ենք ենք շարականներ, լսում ենք հոգևոր երաժշտություն և կատարումներ մեր երաժշտության ուսուցիչների և համակարգող ուսումնական ծրագրի երգեցիկ սովորողների կատարմամբ։ Ունկնդիրները և միասնական երգերի և ընթերցումների մասնակիցները մյուս ուսումնական դպրոցներից եկած խմբերն ու ուսուցիչներն են՝ ամեն անգամ նոր խմբեր և կատարողներ։ Եվ պատկերացրեք՝ շուրջտարյա այս իրականացվող ծրագրի արդյունքում քանի սեբաստացի սովորող և ուսուցիչ է մասնակից դառնում այս հոգևոր -ոգեղեն ծեսին։ Իսկ այս ամեն ինչին հասկանալի է, որ նախորդում է ուսուցում․ մայրենիի ուսումնական պարապմունքներին գրաբարի՝ շարականները փոխադրելու և հասկանալու համար, երաժշտության ուսումնական պարապմունքներին՝ հոգևոր երգերի կատարման համար։ Կարևոր տեղ է գրավում նաև տարբեր ծեսերի ուսուցումը, գործնականում նաև դրանց կիրառումը, ինչպես հարսանեկան, զատկական, Տյարնընդառաջի, ծառզարդարի, վարդավառի և այլ ծեսեր։ ԵՎ այս ամենի գործնական իրականացմանը նախորդում է ուսուցում՝ ուսումնական համապատասխան նյութերոի իմացություն։
Մեդիաուրբաթներ։ Սրանք նույնպես ամենշաբաթյա են՝ հետևողական և նախօրոք հրապարակված ծրագրով։ Մեդիաուրբաթները ուսումնական ծրագրերի- դպրոցներ-քոլեջի, ծնողական հավաքանիների հաշվետու ներկայացումների տեսակ են, են, միասնականության, ուժի, հեղինակային ծրագրի յուրացման, դրանից չշեղվելու ցուցադրություններ։ Այս ընթացքում էլ ներկայացվում են նախօրոք յուրացված, յուրայնացված նյութը, հղկված ու բազմաքանակ հանդիսատեսին տպավորիչ ներկայացնելուն պատրաստ ուսումնական ծրագիրը։ Սովորողների հագուստը, հնչող երաժշտությունը, երգն ու պարը, ծրագրի ներկայացման հետաքրքիր, անսպասելի լուծումները նախապես ուսումնական բավականին մեծ, լուրջ, ժամանակատար աշխատանք են ենթադրում, որին մասնակցում են տվյալ ծրագրի սովորողներն ու ուսուցիչները։
Կլոր սեղաններ – Կլոր սեղանները մեր հեղինակային կրթական ծրագրին անընդհատ ուղեկցում են։ Ստուգատեսների, փառատոների, տարբեր հավաքների ժամանակ, ինչպես նաև ուսումնական պարապմունքների ընթացքում կազմակերպվում են կլոր սեղաններ։ դրանք համակարգում են և ուսուցիչները, և սովորողները։ Երկուսի դեպքում էլ հիմնական դերը սովորողներինն է։ նրանք են վարում քննարկումները, տարբեր ձևաչափերով՝ տեսանյութերի, կայք-բլոգ-էջերի, պրեզենտացիաների միջոցով։ Հասկանալի է, որ նախօրոք պատրաստվում են, մշակում են և՛ ներկայանալի բանավոր, և՛ գրավոր խոսք, քննարկում են ձևաչափը, կլոր սեղանի կազմակերպման մանրամասնությունները և այլն։ Սրանք ուսումնական գործ լինելուց բացի ձևավոում են կազմակերպչական հմտություններ, որոնք պակաս կարևոր չեն նաև սովորողների հետագա գործունեության համար։
Հանդիպումներ մտավորականների հետ – Ամենատարբեր մտավորականների հետ հանդիպումները մեր հեղինակային կրթական ծրագրի մաս են կազմում։ Ուսուցիչը կարևոր գործ ունի իհարկե սովորողի ուսումնական գործը կազմակերպելու մեջ, բայց դա չի կարող և չի սահմանափակվում դաս-դասարանային ուսումնական պարապմունքներով։ Տարբեր մտավորականների, գրողների, հասարակական գործիչների, մշակութային ամենատարբեր ոլորտների գործիչների հետ հանդիպումները, մինչ հանդիպումն իրականացվող ընթերցում-ուսումնասիրություն-ծանոթացումները կարևոր կրթական միջավայր են ապահովում։ Երբեմն սովորողներն իրենք են կազմակերպում այդ հանդիպումները, կազմում են ուսումնական փաթեթներ, առաջարկում են մյուս սովորողներին, որոում են հանդիպման ձևը, բովանդակությունը, իրականացնում կազմակերպչական տարբեր աշխատանքներ։
Ոչ ֆորմալ կրթության այս ցանկը կարելի է շարունակել՝ ցուցադրություններ, ցուցահանդեսների կազմակերպում, ուսումնական ամենատարբեր ճամբարներ /նաև ամառային/, հասարակական նախագծեր, թատերական, երաժշտական, ընթերցողական ակումբներ, ինքնակրթություն․․․ Այսպես արդեն ստացվում է, որ ոչ ֆորմալ կրթությունն անընդհատ է, բազմազան է, նախասիրությունների զարգացմանն է նաև ուղղված և իր կարևորությամբ չի զիջում հանրակրթությանը և արդյունավետությունը բավականին բարձր է։
- Բացվել է 1343 անգամ