ՏՀՏ-ի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում

Ինչպե՞ս դասն ավելի արդյունավետ անցկացնել, ի՞նչ գործիքներ կիրառել 21-րդ դարի առանցքային հմտությունները՝ քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, երևակայությունը, հաղորդակցությունը, համագործակցությունը և թվային գրագիտությունը զարգացնելու համար: Արի՛ BELCAST: BELCAST-ը (Building English Language Capacity for Armenian Students and Teachers) ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող՝ կարողությունների զարգացման և մանկավարժական մենթորության «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» ծրագիրն է: Փորձը ցույց է տալիս, որ ուսուցման նոր մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) արդյունավետ կիրառությունը դյուրինացնում է ուսուցանվող նյութի յուրացումը սովորողների կողմից և հնարավորություն է տալիս անգամ ամենաքիչ մոտիվացված սովորողին ներգրավվել դասընթացին, նպաստում է սովորողների առաջադիմության բարձրացմանը՝ ներառյալ խոցելի խմբերը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները (ԿԱՊԿՈՒ), ազգային փոքրամասնությունները և այլ երեխաներ, ինչպես նաև որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմաններ է ապահովում բոլորի համար: ՏՀՏ արդյունավետ կիրառումը հնարավորություն է տալիս թվային  տեխնոլոգիաները համակցել ուսուցման ավանդական մեթոդների հետ, ինչպես նաև նպաստում է ուսումնական գործընթացում հայալեզու էլեկտրոնային տարատեսակ ռեսուրսների ստեղծմանը և օգտագործմանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հաճախ են կիրառում Google Forms-ը և այլ ամպային տեխնոլոգիաներ: Օրինակ՝ անգլերենի դասավանդող Աննա Գանջալյանի սովորողներն անգլերեն տեսահոլովակները դարձնում են հայերեն: Ռուսերենի դասավանդող Ժաննա Հակոբյանն օգտագործում է Padlet-ը, Հերմինե Անտոնյանի սովորողները դյուրությամբ կիրառում են զանազան գործիքներ, անգամ Նարե Մանուկյանը դասընթաց է վարել Quizizz գործիքի կիրառության վերաբերյալ:

Որոշ դասավանդողների, օրինակ՝ ֆրանսերենի դասավանդող Կարինե Թևոսյանի սովորողները հայկական մուլտֆիլմն են դարձնում ֆրանսերեն: ՏՀՏ-ն դասապրոցեսում արդյունավետ կիրառում են իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանը, անգլերենի դասավանդողներ Իրինա Ապոյանը, Սիլվա Հարությունյանը, Հերմինե Գևորգյանը, հայերենի դասավանդողները և այլք:      

Տեսնենք, թե հուլիսի 21-25-ին տեղի ունեցած «ՏՀՏ-ի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում» հնգօրյա դասընթացն ինչ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ է ընձեռել՝ անդրադառնալով ՏՀՏ գործիքներին, որոնց մի մասը, ինչպես արդեն նշվեց, մեր որոշ դասավանդողներ և սովորողներ արդեն իսկ արդյունավետ կիրառում են: Ինտենսիվ դասընթացի ընթացքում «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի մասնագետների կողմից անդրադարձ է կատարվել ուսուցման կառավարման համակարգերին՝ առարկայական էլեկտրոնային ուսուցման Google Classroom,  Microsoft Teams հարթակներին, Moodle ուսուցման համակարգին, ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորման առցանց ՏՀՏ գործիքներից Mind mup առցանց հավելվածին, գնահատում իրականացման Google Forms, Quizizz, Socrative առցանց գործիքներին, LearningApps  առցանց տիրույթին, My Story Book, Plot Generator, Cloze Text creator գործիքներին, Screencast-O-Matic տեսաշարերի խմբագրման գործիքին, առցանց սահիկաշարերի պատրաստման Office Sway գործիքին և այլն:

Ուսումնական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառումը նոր մակարդակի է հասցնում  ուսումնառության որակը՝ ապահովելով բոլոր սովորողների համար տարատեսակ էլեկտրոնային ռեսուրսների, համակարգչային սարքերի և համացանցային կապի հավասար մատչելիությունը: Քանի որ գործիքները խիստ բազմազան են, կներկայացնեմ դրանցից մի քանիսը: Քանի որ գործիքները խիստ բազմազան են, կներկայացնեմ դասընթացի ընթացքում «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի դասընթացավարներ Նարինե Զաքյանի և Հայկ Մկրտչյանի տրամադրած նյութերից մի քանիսը: Սկսենք Padlet-ից:

Padlet առցանց գործիքը՝ որպես համագործակցային աշխատանքային տիրույթ

Padlet-ի` վիրտուալ գրատախտակի միջավայրում գրանցվել կարելի է մուտքագրելով padlet.com հասցեն և սեղմելով «գրանցվել» կոճակը: Սա Padlet-ի վերաբերյալ տեսանյութն է, որի անվճար տարբերակը թույլ չի տալիս 3-ից ավելի Padlet օգտագործել: Ես 3 Padlet-ի միջոցով ներկայացրել եմ իմ՝ 2021-2022թթ. նախագծերը:

Padlet-ը հնարավորություն է տալիս իրականացնել հիբրիդ ուսուցում․ 

  • միաժամանակ  ստեղծել 4 տարբեր վիրտուալ գրատախտակներ
  • վերբեռնել տարբեր ֆայլեր (docx., ppt, pdf, jpeg և այլ)
  • աշխատանքային տիրույթում փոխանակվել անձնական հաղորդագրություններով 
  • մուտք գործել մասնակիցների աշխատանքային տիրույթ
  • հրապարակել վիրտուալ գրատախտակը՝ համապատասխան հղման միջոցով
  • իրականացնել առցանց կրկնուսուցում, հետազոտական աշխատանքներ, պատրաստել էլեկտրոնային պաստառներ, կազմակերպել առցանց քննարկումներ:

Google Classroom հարթակը՝ որպես առարկայական էլեկտրոնային ուսուցման հարթակ

Google Classroom-ը դասապրոցեսներ կազմակերպելու համապարփակ գործիք է և հեշտացնում է սովորողների և ուսուցիչների միջև նյութերի փոխանակումն ու թույլ է տալիս ներգրավված մնալ ուսումնական գործընթացում՝ առկա կամ հեռավար: 
Google Classrom մուտք գործելու համար անհրաժեշտ է այցելել www.classroom.google.com կայք: Արդեն գրանցված Google հաշիվ ունենալու դեպքում կարելի է համակարգ մուտք գործել այդ հաշվով:

Google Classroom-ի հիմնական առանձնահատկություններն են.

  • Հայտարարություններ փակցնել․ Google Classroom-ի առաջին էջում կարող են լինել ողջույնի խոսքեր, հայտարարություններ, առաջադրանքների հիշեցումներ, գնահատականների գրառումներ կամ ցանկացած հաղորդագրություն, որն անհրաժեշտ է հաղորդակցվելու համար:
  • Առաջադրանքներ կատարել: Ուսուցիչը կարող վերբեռնել ֆայլեր, հանձնարարել առաջադրանքներ, նշել վերջնաժամկետներ, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվություն։  Սովորողները ծանուցումներ են ստանում առաջադրանքների վերաբերյալ և ավարտելուց հետո տեղադրում դրանք Google Classroom-ում:
  • Անցկացնել թեստեր և վիկտորինաներ: Google Classroom-ը հնարավորություն է տալիս ստեղծել վիկտորինաներ, թեստեր և տեղադրել հարթակում:  Վիկտորինաները կարող են լինել ցանկացած ծավալի և բարդություն, օրինակ՝ բազմակի ընտրությամբ և կարճ պատասխանով:
  • Ծառայել որպես փաստաթղթերի գրադարան/պահոց։  Քանի որ Google Classroom-ը և Google Drive-ը ինտեգրված են, ապա Google Classroom-ը կարող է ծառայել որպես հարմարավետ գրադարան, որի միջոցով հնարավոր է Google Drive-ում առկա տարբեր նյութեր հասանելի դարձնել սովորողներին:

Mind mup առցանց հավելվածը՝ որպես դասի պլանավորման և էլեկտրոնային ռեսուրսների պաշարման տիրույթ

Mind Mup   («Մտքերի քարտեզ») առցանց գործիքը օգտագործվում է նյութը սխեմաների միջոցով ներկայացնելու համար։ Նպատակահարմար է գործիքն օգտագործել դասի պլանը սխեմատիկ ներկայացնելու համար, որի արդյունքում հնարավոր կլինի մեկ հղմամբ ներկայացնել մեկ դասի պլան ՝ դասին անհրաժեշետ բոլոր դիդակտիկ նյութերով, հղումներով և էլեկտրոնային պաշարներով:

Mind Mup   («Մտքերի քարտեզ») առցանց գործիքը, որպես «դասի պլան» հնարավորություն է տալիս․

  • դասի բոլոր կառուցվածքային տարրերը ներկայացնել առանձին-առանձին՝ կցելով դրանց անհրաժեշտ նկարագիր և տարբեր ֆայլեր  (docx., ppt, pdf, jpeg և այլ) և հղումներ 
  • պատրաստի  Mind Mup-ը հնարավոր է ներկայացնել docx., ppt, pdf, jpeg և այլ ֆորմատներով
  • հրապարակել հղմամբ և խմբագրել (կարող են անգամ այն օգտատերերը, ովքեր հեղինակ չեն, սակայն ունեն համապատասխան թույլտվություն)
  • ստեղծված Mind Mup-ը («Մտքերի քարտեզ») հնարավոր է պահպանել ամպային տեխնոլոգիաների միջոցով:

Գնահատման իրականացում Quizizz առցանց գործիքի միջոցով

Այս ծրագրի օգնությամբ հնարավոր է իրականացնել սովորողների առցանց, համաժամանակյա միավորային գնահատում: Գործիքն օգտագործելիս սովորողները պետք է իմանան համապատասխան հարցման մուտքի կոդը: Հարցման ավարտին հնարավոր է MS Excel ֆորմատով ներբեռնել սովորողների միավորային գնահատականները: Այս տիրույթում աշխատելիս գնահատվում է սովորողների կատարած առաջադրանքների և՛ արագությունը, և՛ ճշտությունը:
Վարժություններ ստեղծելիս հնարավոր է կազմել հարցադրումներ «բազմակի ընտրանք» ձևաչափով: Հարցերի հաջորդականությունը խառնվում է համակարգի միջոցով:

Quizizz  առցանց գործիքը հնարավորություն է տալիս․

  • միաժամանակ  ստեղծել տարբեր թեմաներով և տարբեր քանակի հարցերից կազմված վարժություններ
  • պատրաստի վարժությունները խմբագրել, առցանց պահպանել 
  • առցանց հետևել սովորողների առաջադիմությանը
  • տարածել պատրաստի վարժությունների հղումերը
  • յուրաքանչյուր հարցի համար ժամանակ սահմանել 
  • հրապարակման համար ընտրել լեզուն և սահմանել հասանելիության աստիճանը։ 

Ուսուցանող գնահատման իրականացում LearningApps առցանց գործիքի միջոցով

LearningApps հավելվածն ունի վարժությունների ձևաչափերի լայն ընտրանի (20 տեսակ), ինչը կարող են օգտագործվել ուսումնական խաղեր ստեղծելու համար: 

Այսօրինակ վարժություններ հանձնարարումը սովորողներին հնարավորություն կտա դասավանդողներին հեշտությամբ կատարել ուսուցանող գնահատում։ 

LearningApps առցանց գործիքը հնարավորություն է տալիս․

  • ստեղծել առցանց խմբեր (դասարաններ) և տալ համապատասխանաբար առանձին հանձնարարաություններ
  • տարբեր թեմաներով և ձևաչափերով ստեղծել առցանց ինտերակտիվ վարժություններ՝ վերբեռնելով տարբեր ֆորմատների ֆայլեր
  • տարածել ստեղծված առցանց վարժությունները հղման և QR կոդի միջոցով
  • հեշտությամբ խմբագրել պատրաստի թեմատիկ վարժությունները
  • այս տիրույթում համագործակցել գործընկերների և սովորողների հետ
  • հնարավոր է իրականացնել առցանց քվեարկություններ, նոթատետրում գրառումներ կատարել 
  • «օրացույց» գործիքը հնարավորություն է տալիս այս տիրույթում աշխատել անգամ չգրանցված մարդկանց հետ
  • հնարավոր է տարածել հայտարարություններ և կազմակերպել քննարկումներ զրուցարանի (chat) օգնությամբ

Տեսաձայնագրում մոնիտորի էկրանից՝ Screencast-O-Matic գործիքի օգնությամբ

Screencast-O-Matic պարզ գործիքի օգնությամբ կարող եք ստեղծել ուսումնական տեսադաս:
Տեսադասը ձայնագրելու համար 3 եղանակ կա․

  • տեսադասի ձայնագրում մոնիտորի էկրանից
  • տեսադասի ձայնագրում վեբ տեսախցիկի օգնությամբ
  • վեբ տեսախցիկով էկրանի և պատկերի միաժամանակ ձայնագրում:

Անվճար տարբերակը, տեսահոլովակը ձայնագրում է 15 րոպեում:
Դրանից հետո ֆայլը կարելի է պահպանել համակարգչում կամ հրապարակել YouTube-ում:

Ծրագրի անվճար տարբերակում տեսահոլովակի վրա երևում է տվյալ կազմակերպության լոգոն, իսկ եթե վճարովի է, չի երևում լոգոն:
Այստեղ չի պահանջվում մուտք գործել Google հաշիվ: Google հաշիվը օգտագործվում է այն դեպքում, երբ ուզում եք տեսահոլովակը պահպանել այս կազմակերպության ամպային տարածքում: 

Office sway գործիքի միջոցով առցանց սահիկաշարերի պատրաստում

Office Sway առցանց գործիքը նախատեսված է ցուցադրական սահիկաշարեր, թվային հաշվետվություններ և պատմական ակնարկներ ստեղծելու նպատակով: Այն ստեղծվել է համալրելու PowerPoint գործիքը: Այժմ այս ծրագիրը լայն կիրառվում է:

Office Sway առցանց գործիքը հնարավորություն է տալիս.

  • հարթակների հետ համատեղելիություն․ կարելի է աշխատել Windows 10, IOS , Android համակարգերում
  • վեբ բովանդակության ինտեգրում․ Office Sway  գործիքը հատուկ ստեղծված է, որպեսզի նրանում հեշտորեն ինտեգրվեն սլայդներ Twitter-ից, Facebook-ից և Pinterest-ից, ինչպես նաև մուլտիմեդիա OneDrive, YouTube, SoundCloud, Vine, Vimeo, Flickr, Giphy ամպային և այլ առցանց հարթակներից։
  • պարզություն․ եթե PowerPoint ծրագրով աշխատելիս անհրաժեշտ է որոշակի վարպետություն, ապա Office Sway գործիքով աշխատելիս կարելի է առանց հատուկ ջանքեր գործադրելու կողմնորոշվել և ստեղծել հետաքրքիր ու դինամիկ սահիկահանդեսներ
  • հաշիվ ունեցող օգտատերերն ունեն անվճար հասանելիություն Microsoft տիրույթ
  • պատրաստել առցանց «հարստացված հոլովակներ», սահիկաշարեր՝ վերբեռնելով տարբեր ֆայլեր (նկար,տեսահոլովակ, տեքստ) և հղումներ
  • դուրս բերել պատրաստի սահիկաշարը
  • հրապարակել հղումեր և խմբագրել (կարող են անգամ այլ օգտատերեր, ովքեր հեղինակ չեն, սակայն ունեն համապատասխան թույլտվություն)

Office Sway-ի վեբ տարբերակում աշխատանքն սկսելու համար պետք է ունենալ Microsoft տիրույթում հաշիվ: Բացել https://sway.office.com/  կայք-էջը և  մուտք գործել համակարգ:

Մանկավարժական գործիքներին առանձին կանդրադառնամ մեկ այլ հոդվածում: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ առաջնահերթը մանկավարժությունն է, և ՏՀՏ կիրառությունը ոչ մի կերպ չպետք է ինքնանպատակ լինի:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский