Մանկավարժությունն իմ պատկերացմամբ

Թե ինչպես են իրար հետ կապված մանկավարժությունը, ուսուցչությունը, կրթություն տալը, դժվարանում եմ ասել, բայց որ բոլորի հիմքում ընկած է անհատը, երեխան, մարդը, ում պետք է օգնել կողմնորոշվել կյանքում, վստահ ասում եմ․ անմիջական պատասխանատուն մենք բոլորս ենք՝ ուսուցիչ, ծնող, ընկեր, բարեկամ, շրջապատ:

Ուստի սահմանել, թե մանկավարժությունն ինչ է, կամ ով է մանկավարժը, ինձ համար պարզապես աքսիոմ է:
15 տարի աշխատելով դպրոցում, անընդհատ լինելով տարատարիք սովորողների կողքին՝ ոչ միայն ես եմ նրանց կրթում, ուղղորդում, այլ նաև սովորողներն են ինձ կրթում, փոխում իմ աշխարհայացքը: Նկատել եմ, որ սովորողներին սկսել եմ նայել իրենց աչքերով, նրանք են ինձ մղում ինքնակրթության, փոխանցում գիտելիք, նրանք են իմ ընկեր-մանկավարժները, խորհրդատուները, իմ աշխատանքի էներգիայի աղբյուրը:

Այս երկար տարիների փորձը ինձ սովորեցրեց.

Չկա սովորող-դասավանդող հարաբերություն, կա սովորող-ընկերոջ և սովորեցնողի կապ, և կարևոր չէ՝ այդ պահին ով է սովորեցնողը, և ով է սովորողը:

Ակամայից հիշեցի այս ամռանը՝ հուլիսին կազմակերպված մաթեմատիկական ճամբարը, ճամբարականների հետ մեր պատրաստած ուտեստները՝ միասնական, բոլորս հավասար սկզբունքով․  իսկական ապրումակցային օրեր էին ինձ համար, նրանց համար՝ նույնպես (կարդա՛ Նարե ՀովհաննիսյանիՏիգրան Բարսեղյանի բլոգներում):
Իմ վեցերորդցիները փախլավա պատրաստելու համար տարբեր բաղադրատոմսեր էին բերել, միասին համեմատեցինք, լավ ու վատ արեցինք, գնեցինք բաղադրիչներ՝  նախապես հաշվարկ անելով,  իրար օգնելով թխեցինք փախլավա, այն էլ ի՜նչ փախլավա, հարսանեկան փախլավա։ Ե՛վ սովորողներից, և՛ հյուրերից ոչ մեկը չկասկածեց, որ մենք բոլորս էլ, ինձնից սկսած, առաջին անգամ ենք թխում, և դժվար է հասկանալ, թե ով ում էր սովորեցրել (տե՛ս հղումը, տեսանյութի հեղինակ` Անահիտ Ամիրխանյան):

Կարևոր է սովորողների հետ անկեղծ լինելը:

Երբեք չեմ վախեցել սովորողի հարցերից, եթե չգիտեմ, համարձակ ասում եմ, որ չգիտեմ, թող չմտածեն, որ ուսուցիչը պետք է լինի ամենակարող: Ի դեպ, ունեմ այդպիսի սովորողների մի խումբ, որ սիրում է բերել տարբեր խնդիրներ, գլուխկոտրուկներ, մեկ-մեկ էլ անլուծելի խնդիրներ են բերում և առաջարկում են լուծել: Օրինակ՝ Քալլոթցի խնդիրը, որ ամռան ամիսներին «Մաթեմատիկա» ամսագրում հանդիպել էր իմ սովորող Էդմոն Սահակյանը։ Ասում է` ոչ ոք գիտնականներից դեռ չի լուծել այդ խնդիրը, ընկեր Լիանա, դուք մեզ կօգնեք լուծել:

Մենք դասարանում, իհարկե, փորձեցինք, կարդացինք խնդիրը, հետևեցինք խնդրի պայմաններին, քայլերին, մեկ-երկու թվի համար փորձեր կատարեցինք, ստուգեցինք խնդրի ճշմարտությունը և պայմանավորվեցինք, որ հենց Էդմոնն էլ մի քանի տարի անց գտնելու է լուծումը:

Սովորողին պետք է վստահություն փոխանցել, հավատալ իր ուժերին, վստահեցնել, որ ինքն ավելին է կարող, քան փորձում է:

Այստեղ ես հիշեցի իմ սովորող Թևոսյան Ալեքսանդրին, ով անցյալ տարի էր տեղափոխվել կրթահամալիր: Մեկ շաբաթ դասերիս լուռ նստում էր և ոչինչ չէր անում, երբ մոտենում էի, հարցնում էի՝ ինչո՞ւ չես աշխատում, դու էլ աշխատիր, փորձիր, կստացվի, միշտ ասում էր՝ ես տանն եմ անում, մայրիկիս հետ, նա է ինձ օգնում, ես մենակ չեմ կարող:
Այդ պահին լռեցի, զարմացա, որ հասել է վեցերորդ դասարան, և ծնողը իր վրա է վերցրել ուսման ամբողջ պատասխանատվությունը, երեխային համոզել, որ ինքը մենակ ոչինչ չի կարող:
Հաջորդ օրերին սկսեցինք մեր համատեղ աշխատանքը, բացեցինք բլոգ՝ իր ճաշակով, հետո օրվա առաջադրանքներից մեկը խնդրեցի բանավոր լուծել՝ փորձելու համար, թե ինչ կստացվի, պարզվեց՝ լավ էլ ընդունակ երեխա է, կարողացավ։ Հաջորդ օրը լուծեց երկու առաջադրանք։ Այսպես շարունակելով՝ հասանք նրան, որ Ալեքսանդրը ամեն օր գնում է տուն՝ առանց լրացուցիչ աշխատանք ունենալու մաթեմատիկա առարկայից։ Ավելին, մաթեմատիկական ֆլեշմոբի հինգերորդ մակարդակի խնդիրները հենց ինքն է պատրաստում՝ հորինելով տարբեր խնդիրներ։ Մի օրինակ մեջբերեմ.
Թռվռան ճպուռը քնում էր  ամառվա յուրաքանչյուր օրվա կեսը, պարում էր ամեն օրվա մեկ երրորդ մասը և երգում էր մեկ վեցերորդ մասը: Մնացած ժամանակը նա որոշեց տրամադրել ձմռանը պատրաստվելուն։ Օրական քանի՞ ժամ էր ճպուռը պատրաստվում ձմռանը:

Սովորողի ինքնագնահատականը միշտ բարձրացնել:

Այստեղ նորից պետք է հիշեմ ամառային մաթեմատիկական ճամբարը: Կրթահամալիրի սովորողների խմբին միացել էին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի 5-7-րդ դասարանների մի խումբ սովորողներ: Զարմանալի և ուրախալի փաստ էր, որ եկել էին առանց ուղեկցորդի, առանց ուսուցչի։ Սոցցանցերում կարդալով մեր հրավերը՝ հայտագրվել էին և հասել Երևան, մեր մաթեմատիկական ճամբար՝ մասնակցելու մաթեմատիկական խաղերին, իրենց դրսևորելու, ուժերը փորձելու։ Իսկական օրինակելի երեխաներ։ Տեսանյութը տե՛ս այստեղ։ 

Սովորողներին սիրել, հարգել հավասարապես՝ անկախ նրանց կարողությունից, առաջադիմությունից:

Ուզում եմ ներկայացնել տարեվերջյան մեր կլոր սեղան-հանդիպումը ծնողների հետ․ անկախ սովորողների կարողությունից, սովորողների թվից, անկախ նրանից՝ ով քանի խնդիր էր լուծել ամբողջ տարի, ով քանի նախագիծ էր ներկայացրել՝ հանդիպմանը մասնակցում էին բոլորը: Ամեն մեկը ներկայացրեց իր ձեռքբերումը մաթեմատիկա առարկայից, ինչը ամենից շատն էր տպավորվել ամբողջ տարում։ Սահիկաշարը տե՛ս այստեղ:

Սովորողների հետ ճամփորդել։

Երեխաների հետ աշխատելիս կարևորում եմ արպրումակցումը՝  բառի ուղիղ իմաստով:
Կրթահամալիրի սովորողները ճամփորդող են, և միասին շատ ենք ճամփորդում (հիմնականում մեկօրյա): Ուզում եմ առանձնացնել վերջին եռօրյա ճամփորդությունը դեպի Արատես՝ Լուսինե Ներսեսյանի և ճամբարականների հետ: Ինչքան հաշտ են երեխաները ճանապարհին, ինչքան իրար զիջող, իրար օգնող, անասելի է: Ի դեպ, խումբը տարատարիք էր, ֆլեշմոբի հաղթողներն էին, նույնիսկ շատերը իրար չէին ճանաչում: Երեք օր միասին ապրելով՝ կազմակերպել ենք մեր ճաշը, սենյակների մաքրությունը, խնամքը, բոլորը հավասար մասնակցել են, ոչ ոք չի առանձնացել: Խմբում կային ավելի հմուտ ճամփորդողներ, ովքեր արդեն տասներորդ անգամ էին Արատեսում, նրանք էին մեզ օգնում, ուղղորդում՝ ինչպես իջնել Արատեսի ձորը, ինչպես հաղթահարել բարձունքը, և այլն․  տե՛ս Միքայել Հովհաննիսյանի պատումը: Մի հատված Արատեսյան ճամբարից տե՛ս այստեղ։ 

Այսպիսով՝ կրթահամալիրի սովորողներին, ուսուցիչներին, աշխատողներին կապում է մեկ բան՝ սերը:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский