Հոկտեմբերյան հավաքը՝ մանկավարժական քննարկումներ սկսելու, տարեկան նախագծերը ներկայացնելու հնարավորություն

Մանկավարժությունը զրույց է՝ կարևոր զրույց ինքդ քեզ հետ, սովորողներիդ, գործընկերներիդ։ Մենք քիչ ենք զրուցում։ Դարաշրջանը, որում մենք ապրում ենք, արագընթաց է․ օրվա խելահեղ շրջապտույտում մենք դադար առնելու ու մանկավարժությունից խոսելու ժամանակ հաճախ չենք ունենում։ Հայաստանյան մերօրյա իրականությունը ծանր է, ամենօրյա ու անսպասելի մարտահրավերներով լի։ Կրթությունը նոր ու անխուսափելի մարտահրավերների առաջ է կանգնած, հետևաբար՝ կրթական գործընթացի՝ դրա կազմակերպման, բովանդակության, սովորողի՝ սովորելու իրավունքի պահպանման ու անհատակենտրոն ուսուցման մասին խոսելն այսօր նաև օրվա պահանջ է։

Հոկտեմբերյան հավաքն ամենամյա է՝ ուսումնական օրացույցով որոշված, արդեն 17-րդ աշնանային հավաքն է։ Յուրաքանչյուր հավաք առանձնանում է բովանդակային շեշտադրումներով, ասելիքով, որովհետև կրթությունը չի կարող քարացած մարմին լինել, այն կենդանի է, իրական՝ սովորողի, ուսուցչի պես, հետևաբար՝ փոխվող, զարգացող։

Հոկտեմբերյան հավաքի հայտարարությունը տարածվել է, կոնկրետ ու հետևողական ուղարկվել գործընկերներին։

Կազմվել է հավաքի բովանդակային ուղեցույցը՝ ներառելով աշխատանքի հիմնական ուղղությունները, անհրաժեշտ կայքերը, կրթական կացարանները, աշխարհագրությունը, հարցերի դեպքում ում և ինչպես դիմելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Հավաքի գործունեությունը որոշվել է Մանկավարժության կենտրոնի կազմած աշխատակարգով, որն ամենօրյա գրանցում է ստացել օրվա աշխատակարգերում։

Հավաքի բովանդակությունը, առանցքային շեշտադրումները թարգմանվել, բերվել են կրթահամալիրի օտարալեզու էջեր, ներկայացվել նաև օտարալեզու գործընկերներին։

Առանցքային է այն շեշտադրումը, որ աշնանային հավաքներին ներկայացվում, ամփոփվում է ուսումնական հինգերորդ շրջանը՝ ինքնակրթության, սովորողների նախասիրությունների, հմտությունների զարգացման ճամբարային փուլը, մշակվում՝ նոր նախագծերը։ Հաջորդ առանցքային շեշտադրումը նոր ուսումնական տարվա համար ձևակերպված նախագծերն են, դրանցում առանցքային շեշտադրումները, արդեն գործող նախագծերի զարգացումներն ու սովորողների առաջարկած նախագծերը։ Հոկտեմբերյան հավաքն այս տարի ունի նաև հետևյալ շեշտադրումը՝ կրթությունն արտակարգ պայմաններում՝ ներառող, ճկուն, քաղաքացիական։

Աշնանային հավաքին մասնակցել, մասնակցում են մեր գործընկեր դպրոցները՝ Գագարին կլաստերը, Վայոց Ձորը, ԿԶՆԱԿ-ը, ԱԻՆ տարածաշրջանային ակադեմիան, Հրազադանի թիվ 2 դպրոցը, այլ գործընկերներ։

Նաև անհատ գործընկերներ են մասնակցում՝ Արծվի Բախչինյանը, թուրքիայի Կաթողիկե հայոց առաջնորդ, արքեպիսկոպոս, հայագետ, Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանի» իտալերեն թարգմանության հեղինակ Լևոն Զեքիյանը, Արամ Մանուկյանը և այլոք։

Բազմաթիվ են ծնող-գործընկերների, շրջանավարտների վարած վարպետաց դասերը, գործնական պարապմունքները։

Միշտ հետաքրքիր ու կարևոր է տեսնել գործընկեր-ծնողների, շրջանավարտների, գործիչների աջակցությունը, հետևողական ներառումը, հեղինակային կրթական ծրագրի հանդեպ հարգանքն ու աջակցությունը։

Կրթահամալիրի դպրոցները՝ որպես բաց լաբորատորիաներ՝ իրենց ներսի-դրսի ուսումնական բաց ու ներառող միջավայրով, ներկայացնում են հավաք բերվող իրենց նախագծերն ու դրանց կազմակերպումը, ծանոթանում միմյանց արածներին, առաջարկներ անում, զարգացումներ նախանշում։

Մանկավարժական հավաքների կարևոր բաղադրիչ է փորձի փոխանցումը․ չմոռանանք, որ հավաքները նաև ուսուցման՝ ոչ ֆորմալ ուսուցման կարևոր փուլ են, երբ և՛ սովորողները, և՛ դասավանդողները կարևոր փորձ են ձեռք բերում, միմյանց հմտություններ փոխանցում, հմտություններ ձեռք բերում ու զարգացնում, ինչպես, օրինակ․

  • սովորող-սովորեցնող նախագծով այն (դրանք) միմյանց փոխանցելը
  • աշխատանքը նախագծելն, այն հանրայնացնելը
  • հանրային քննարկում կազմակերպելը, ընկերներին ներառելը
  • աշխատանքի արդյունքները ներկայացնելը
  • աշխատանքը պաշտպանելը
  • թիմում և թիմով աշխատելը
  • ընկերների, գործընկերների արածը կարևորելը
  • դիտարկումներ անելը
  • այլ․․․

Մանկավարժական հավաքները ոչ միայն հեղինակային կրթական ծրագրի փորձը ներկայացնելու, տարածելու հարթակներ են, այլև՝ միմյանց առաջ ներկայանալու, ինչ-որ փուլ ամփոփելու, նորը գծագրելու լավ հնարավորություն։

Այս տարվա հավաքն առանձնացավ կլոր սեղանների հետևյալ ուղղություններով․

Կլոր սեղանները հետաքրքիր էին և՛ իրենց ներկայացումային, և՛ քննարկումային մասով, սովորողների ոգևորությամբ, հնչող հարցադրումներով։ Նման հավաքները ուսուցման ոչ ֆորմալ ձևեր են, երբ սովորողները պատրաստվում են, միմյանց լրացնում, թիմով ներկայանում, լսում իրենց ուսուցիչներին։ Ուսուցիչների համար էլ օգտակար է լսել գործընկերների, հյուրերի, մենթորների դիտարկումները, որոնք օգնում են զարգացնել, լրամշակել նախագիծը։

Կրթահամալիրային համագործակցությունները կրթական բաց ցանցի զարգացման, հեղինակային մանկավարժության տարածման, միմյանց հետ ստեղծագործելու, ապրելու լավ հնարավորություններ են։ Դրանք օգնում են ուղիղ՝ չմիջնորդավորված ճանաչել միմյանց, ուղիղ խոսել ու ընկերություն անել․ կրթական կամուրջները հենց այդպիսի կենդանի համագործակցությունների արդյունք են։

Համագործակացային-ճամփորդական, հյուրընկալման նախագծեր, օրինակ․

Աշնանային հավաքի ընթացքում մեկնարկեցին մասնագիտական զարգացման մի քանի սեմինարներ, որոնք միմյանց փորձին ծանոթանալու, միմյանց խրախուսելու, սովորածը փոխանցելու լավ հարթակներ են։ Հավաքներին պատրաստվելը, գործընկերների առաջ պատշաճ ներկայանալը, փոխանցելը նույնպես մասնագիտական զարգացմանն ուղղված լուրջ խթան է։

Մասնագիտական զարգացման սեմինարներ․

Բաց կլոր սեղաններ` Գագարին կլաստերի շրջանակում։ Ուսուցչաց տան բացում, գործունեության մեկնարկ Դդմաշեն գյուղում

Ուսուցչաց տունը լավ հարթակ է միասին ապրելու, ակումբային, մասնագիտական սեմինարներ կազմակերպելու, հեղինակային մանկավարժության փորձը ներկայացնելու համար։

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Կլոր սեղանի թեմաներն են․

  • Կլաստերի դպրոցների օտար լեզուների ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթաց
  • Առողջ դպրոցական սննդի ծիսական խոհանոց
  • Ռազմամարզական և բուժօգնության հանրակրթական պարապմունքներ
  • Կարի մեքենան դպրոցում
  • Երաժշտության լրացուցիչ կրթությունը կլաստերի դպրոցներում
  • Կերպարվեստ, տեխնոլոգիայի լրացուցիչ կրթությունը կլաստերի դպրոցներում
  • Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով
  • Ազգային պարը Գագարին կլաստերում
  • Ուսուցչի տունը 2022-2023 ուստարում

Ամփոփենք․ հավաքը հետաքրքիր էր, լեցուն ու հաջորդ հավաք բերվող, ներկայացվող նախագծերի արդյունքներին շատերս ենք սպասում։

 

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский