Մարտակերտի շրջանի հոգևոր և մշակութային արժեքները

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց
Հետազոտական աշխատանք

Թեմա՝ Մարտակերտի շրջանի հոգևոր և մշակութային արժեքները
Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան
2022

                   Ներածություն

Աշխատանքը նպատակ ունի կատարված հետազոտությունների հիման վրա ներկայացնել Արցախի Մարտակերտի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանները՝ վանքերը, բերդերը, ամրոցները և այլն: Աշխատանքը կարող է հետաքրքրել ինչպես Արցախի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվողներին, այնպես էլ Արցախ այցելող հյուրերին:
Քանի որ ես ծննդով Մարտակերտից եմ և միշտ հետաքրքվել եմ Մարտակերտի պատմությամբ և մշակութային հարստությամբ, նաև ինքս եմ այցելել մեր պատմական վայրերը, այս հոդվածում կփորձեմ ներկայացնել դրանք։
Նախ մի փոքր Մարտակերտի մասին:
Մարտակերտի շրջանը գտնվում է Արցախի հյուսիսում ՝ զբաղեցնելով Խաչեն և Քոլատակ գետավազաններից հյուսիս ընկած տարածքը: Հյուսիսում այն սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարվաճառի շրջանին, հարավում՝ Ասկերանի և Քաշաթաղի շրջաններին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին։
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1795 քառ․ կիլոմետր։
Շրջկենտրոն Մարտակերտից դեպի հյուսիս՝ Թարթառ գետի վրա են գտնվում Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար։
Անվանումը «Մատուռակերտի» հնչյունափոխված ձևն է։ Կան նաև «Մարդակերտ»՝ մարդու կերտած, կամ «Մարտակերտ»՝ մարտերում կերտված տարբերակները։ 1992 թվականի հուլիսի 7-ին ադրբեջանցիները գրավում են Մարտակերտը և անվանում «Աղդերե»: Քաղաքի ադրբեջաներեն անվանումը նշանակում է «սպիտակ ձոր»․ Մարտակերտում շատ են կրաքարի հանքերը, և որպես շինանյութ օգտագործվում էր կրաքարը:
 Ադրբեջանցիները Մարտակերտը վերահսկեցին գրեթե մեկ տարի։ Շուրջ 50 հազար բնակիչ ունեցող շրջանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց: 1993 թվականի հունիսի 27-ին քաղաքն ազատագրվեց։ 1994 թվականին կնքվում է զինադադար, և Մարտակերտի մի քանի գյուղեր մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մարտակերտը որպես գյուղ հիշատակվում է առնվազն 19-րդ դարից, երբ այստեղ կառուցվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Այդ ժամանակ վարչականորեն գտնվում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։ 1923 թվականին, երբ կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, գյուղը խոշորագույնն էր դրա հյուսիսում, ուստի դառնում է շրջանի կենտրոն։ Քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստանում 1960 թվականին՝ Մատաղիսից հետո (1943)։ Արցախի անկախության տարիներին բնակավայրը ստանում է քաղաքի կոչում։

Մարտակերտը հայտնի է իր պատմական և ճարտարապետական հուշակոթողներով, ինչպիսիք են Գանձասարը (XIII-րդ դար), Երեք մանկունքը, Հակոբավանքը, Եղիշե Առաքյալ վանքը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Ջրաբերդը, Կաչաղակաբերդը, Խոխանաբերդ ամրոցները և այլն։
Մարտակերտն առաջին տեղն է գրավում Արցախի շրջանների շարքում իր հնագույն հուշարձանների քանակով: Ցավոք, շատ վանքեր մինչև վերջ ուսումնասիրված չեն, և տեղեկությունները շատ քիչ են:

Գանձասար

Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։
Գանձասար վանական համալիրն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Չքնաղ Գանձասարի վանքը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Վանքի գլխավոր՝ Հովհաննես Մկրտչի եկեղեցու կառուցումն սկսվել է 1216 թ. և ավարտվել 1238 թ: Եկեղեցու խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Երից մանկանց վանք

Երից մանկանց կամ Իրեք մանգունք վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինության  փայլուն օրինակ է: Կառուցվել է 1691 թ., գտնվում է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 18 կմ հարավ-արևմուտք՝ պատմական Ջրաբերդից 7 կմ հեռավորության վրա, Թարթառ գետի վտակ Թրղի գետակի ձախ ափին: Եկեղեցու մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խստորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը:

Երից մանկանց վանքը եղել է Աղվանի հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Պահպանված արձանագրությունների համաձայն՝ վանքի եկեղեցին կառուցվել է Մելիք-Իսրայելյանների կողմից:

Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Սարգիսը՝ կաթողիկոս Սիմեոնի և իր եղբայր Իգնատիոս վարդապետի օժանդակությամբ, որի վկայությունն է ճարտարապետի անունն ամփոփող՝ ‹‹Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս›› արձանագրությունը:

Եկեղեցում պահպանված արձանագրության մեջ նշվել էր, որ եկեղեցին ունեցել է դպրատուն, բնակելի սենյակներ, որոնց տակ եղել են նկուղներ՝ ծառայելով որպես պահեստներ և թաքստոցներ: Բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները դեռ կանգուն են: Վանական տարածքում պահպանված բազմաթիվ բնակելի սենյակները, վանականների կացարանները, դահլիճները՝ իրենց բուխարիներով, խոսում են Երից մանկանց վանքի միաբանության թվակազմի մասին։

Ասում են՝ Երից մանկանց վանքը կոչվում է Հին Կտակարանի երեք հայազգի մանուկների անունով, որոնց կրակն է նետել Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը՝ կուռքին խոնարհվելուց հրաժարվելու համար: Հայազգի մանուկները փրկվել են Միքայել հրեշտակապետի կողմից և դժոխքից դուրս եկել անվնաս:
Ըստ մի այլ պատմության՝ պատերազմի ժամանակ հայազգի մանուկները սպանվել են օտար բռնակալների կողմից: Ուղտով տեղափոխելիս՝ ճանապարհին ուղտը չոքել է և չի կարողացել գնալ: Այդ ժամանակ որոշել են մանուկներին թաղել վանքի տարածքում: Այստեղից էլ առաջացել է Երից մանկանց անվանումը: Սպանված մանուկների գերեզմանաքարերը մինչև այսօր էլ պահպանվում են:

Երից մանկանց եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է, այն գտնվում է սահմանամերձ գոտում, սակայն այդ հանգամանքը չի խանգարում ուխտավորների այցելությանը:

Ամենափրկիչ վանք

Ամենափրկիչ վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Չլդրան, Ղազարահող, Պողոսագոմեր, Դրմբոն գյուղերի արանքում, Թարթառ գետի աջ ափին, մի գեղատեսիլ լեռնահովտում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախկինում եկեղեցու տեղում եղել է ավելի հին կառույց, որի մասին է վկայում երկաստիճան պատվանդանը, որն ավելի հին է, քան նրա վրա բարձրացող շենքը: Կառուցման ժամանակը թեև ստույգ նշված չէ, բայց Հասանի իշխանի և նրա որդու՝ Վախթանգի հիշատակությունը ցույց է տալիս, որ հուշարձանը կառուցվել է 13-րդ դարի սկզբներին:
Եկեղեցու մերձակայքում պահպանվում են օժանդակ շինությունների ավերակներ, հին և նոր գերեզմանների խնամքով մշակված տապանաքարեր և խաչքարեր:

Հավապտուկ վանք կամ Ռուզանի բերդ

Հավապտուկ վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Վերին Խաչենում, Վանք գյուղից 5կմ դեպի հարավ: Վանքն այն լեռան անունով է, որի վրա գտնվում է: Լեռան անվան ստուգաբանությունը հայտնի չէ: Հայտնի է նաև Ռուզանի բերդ անվամբ: Վանքը բաղկացած է մեծ և փոքր եկեղեցիներից, գավթից և վերջիններիս շուրջն ընդլայնվող այլ աշխարհիկ կառույցներից: Վանքի արևելյան հատվածում՝ բլրի թեք լանջին, ձգվում են գերեզմանոցները:
Ըստ եկեղեցու հարավային խորանի ճակատի քարին պահպանված արձանագրության՝  վանքը կառուցվել է 1163թ. Հասանի՝ Վախթանգ և Մամքանա որդիների իշխանության օրոք: Կառուցվել է Յոհանի կողմից իր և մերձավորների փրկության համար, ինչպես նաև որպես իր ծնողների հիշատակ: Այդ արձանագրությունից հայտնի է դառնում նաև, թե ինչու է վանքը կոչվում Ռուզանի վանք:
Հասան Ջալալ Ա-ն ունեցել է երեք դուստր՝  Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը: Ստացվում է, որ վանքը կոչել են նրա դուստր Ռուզուդանի անունով: Իսկ մեկ այլ արձանագրության շնորհիվ իմանում ենք, որ վանքը վերակառուցվել է 1223թ. Հասան Ջալալ Դոլմի իշխանության տարիներին:
Հավապտուկ վանքի և շրջակա խաչքարերի արձանագրությունները կարևոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների, նշանավոր մարդկանց մասին: Այդտեղ է գտնվում նաև Արցախի նշանավոր զորավարներից մեկի՝ Խաղբակ Բ իշխանի խաչքար- տապանաքարը, 1194թ.:

Խաթրավանք կամ Խադարի վանք

Վանական համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից 5-6 կմ արևմուտք, դժվարամատչելի վայրում, համարվում է Արցախի նշանավոր, բայց մինչև վերջ չուսումնասիրված վանական համալիրներից մեկը: Ինքնատիպ և եզակի այս կառույցը առանձնահատուկ տեղ է գրավում Վերին Խաչենի վանական համալիրների շարքում:
Տարբեր աղբյուրներում անունը վկայվում է հետևյալ ձևերով՝ Խադավանք, Խադայի վանք, Խադի վանք, Խադարի վանք: Այս բոլոր անվանումների ուղիղ ձևը Խադն է,անձնանուն,որը պատկանում է Սյունիքում և Արցախում քարոզչություն կատարած հայ առաջին հոգևորականներից մեկին`Խադ եպիսկոպոսին:Արցախի բարբառի արտասանական առանձնահատկություններին ենթարկվելով` Խադավանք, Խադարի վանք անվանումները հնչում են որպես Խաթրավանք:
Վանքի գլխավոր տաճարի արևմտյան պատի տակ մինչ օրս կոտրված ընկած է մի տափակ քար, որի վրա փորագրված են ՌԿԴ` 1215, և արձանագրություն, որն ասում է. «Ես Հասան և մայրն իմ Շուշիկ շինեցանք զսուրբ Կարապետն նույն վանական համալիրում ի Խադա տապատունս»: Մի այլ արձանագրության մեջ էլ նշվում է, որ ՌԾԳ՝ 1204 թվականին Տեր Հովհաննեսը կառուցել է մի եկեղեցի, հավաքել խաչեր և այլ սրբություններ , տնկել մի մատաղ այգի և նվիրել վանքին:
Վանական համալիրի արձանագրություններից և այլ աղբյուրներից հայտնի է դառնում, որ Խաթրավանքը եղել է Արցախի Վախթանգյան տոհմի հոգևոր կենտրոններից մեկը և տապանատունը:
Վանական համալիրի տարածքում գտնվում է խաչքարերի արժեքավոր հավաքածու, հին խաչքարեր շատ կան նաև  Խաթրավանքի պատերի մեջ:

Հակոբավանք կամ Մեծառանից վանք

Հակոբավանքը, կամ ինչպես պատմագրության մեջ նշվում է Մեծառանից վանքը, գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հեռավորության վրա (պատմական Մեծ Հայք նահանգի Մեծառանք գավառ, որը հետագայում վերանվանվել է Ներքին Խաչեն): Վանքն իր անունը ստացել է Հակոբ Մծբնա հայրապետի մասունքներն այստեղ պահվելու համար: Ըստ ամենահին արձանագրության, որը քանդակված էր խաչքարի պատվանդանի վրա, թվագրվում է 853թ.: Համաձայն տարեգրական աղբյուրների՝ վանքի առանձին շինությունները, այդ թվում` եկեղեցիները, կառուցվել, վերակառուցվել և ձևակերպվել են IX դարից մինչև XVIIIդ.: Մատենադարանում գտնվող հին ձեռագրերից մեկում ասվում է, որ Մեծառանից եկեղեցին վերակառուցել է Հասան-Ջալալի մայրը, Իվանե և Զաքարե ամիրսպասալարների քույր իշխանուհի Խորիշահը (XIIդ.): Միջնադարում Հակոբավանքը Արևելյան Հայաստանի նշանավոր ուխտատեղի էր, կրթության և ձեռագրերի ստեղծման կարևոր կենտրոն: XIII դարում վանքը, որը մինչ այդ թեմական կենտրոն էր, դարձավ կաթողիկոսանիստ: Մեծառանից վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, երկու գավիթներից, բնակելի և տնտեսական շինություններից, շրջապատված պարսպապատով:

Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդ կամ Խաչենի բերդ, գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մոտակայքում: Բնության ստեղծած այս բերդը VIII դարում ամրապնդվել է Մեծառանք գավառի իշխանների կողմից` բնակչությունը արաբական զավթիչներից փրկելու համար:

Համաձայն Մովսես Կաղանկատվացու՝ 9-րդ դարում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դստերը, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»։

Իր դիրքով և անմատչելիությամբ բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի։ Պատահական չէ, որ ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։

«Կիչանի Անապատ» վանական համալիր

Վանական համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից 1․5 կմ արևմուտք։ Ըստ պահպանված վիմական արձանագրության՝ հայտնի է նաև «Խութավանք» անվամբ։ Տեղացիները այն կոչում են նաև Նապատ, «Անահիտին տոն»․ վանքի մոտակայքում գտնվում է Անահիտի աղբյուրը։
Վանքը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից, գավթից, միաբանների խցերից, իսկ հենց վանքի մերձակայքում և վանքից հարավ-արևմուտք ձգվում է մի ընդարձակ գերեզմանատուն։ Մի խաչքարի վրա պահպանվել են համալիրի ամենահին արձանագրության հետքերը, որը թվագրվում է 1191 թվականին։ Դա միակ արձանագրությունը չէ, քանի որ վանքի տարբեր մասերում գտնվել են 10-ից ավելի արձանագրություններ, որոնք հետագայում հրատարակվել են։
Վանքը խոնարհված վիճակում է:

Սուրբ Ստեփանոս վանք

Գտնվում է Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից հյուսիս- արևմտյան հատվածում:
Խաչեն գետի ձախ կողմում գտնվող այս գյուղը Հասան Ջալալյանն է արձանագրություններում անվանել Ծմակահող և հիշատակել այնտեղ գտնվող Սուրբ Ստեփանոսի մասունքների ու 1229թ. կառուցած եկեղեցու մասին:
Ըստ հնագետների՝ Սուրբ Ստեփանոսի դամբարանը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 5-6-րդ դարերում, մի ժամանակաշրջանում, երբ Վաչագան Բարեպաշտը ռեֆորմներ էր իրականացնում, ստեղծվում էին Երուսաղեմում գտնվող Քրիստոսի գերեզմանին նմանվող արևելյան մուտքով դամբարաններ:

Քոլատակի «Կոշիկ Անապատ»

Կոշիկ անապատ վանական համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Քոլատակ գյուղից 7 կմ դեպի հարավ-արևմուտք, Անապատ կոչվող բարձունքի վրա՝ անտառածածկ տարածքում: Ըստ ուսումնասիրողների կառուցվել է 12-րդ դարում: Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են պարզապես Անապատ: Բաղկացած է 3 եկեղեցիներից, սեղանատնից, գերեզմանատնից, խաչքարերից: Արձանագրություններն ունեն 1179, 1181, 1191, 1194, 1265 թվագրություններ:
Համալիրում պահպանվել են նաև բաղնիքի կիսավեր կառույցի պատերը և կավե ջրատար խողովակները:

Ջրաբերդի ամրոց

Ջրաբերդի  կամ Չարաբերդի ամրոցը գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Թարթառ՝ Տրտու գետի ափին, հայկական միջնադարյան կառույց է։ Ջրաբերդի միջնադարյան նկարագիրը մեզ է հասել Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» ստեղծագործությունից․
«Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթառ գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթառը և Թըրղին»։
Ջրաբերդի մելիքության առաջին տերերը եղել են Մելիք-Իսրայելյանները: Այնուհետև ամրոցը կառավարվել է Վախթանգյանների տոհմի իշխանների և նրանց ուղիղ շառավիղների կողմից։ Նրանցից նշանավորներն էին Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, Մալիկ Իսրայելյանը, Մելիք-Իսրայելյանը, Մելիք-Ալավերդյանն ու իշխան Վանի Աթաբեկյանը։
18-րդ դարի սկզբներին հայտնի արցախյան հզոր պաշտպանական կառույցներից մեկը՝ Չարաբերդ-Ջրաբերդի սղնախը, գտնվել է այստեղ և հետագայում ևս շարունակել է մնալ գավառի կարևոր մելիքական հիմնական ամրոցը։
Ներկայումս մեզ են հասել միայն ամրոցի ավերակները։ Պահպանվել են ամրոցի դարպասները։

Խոխանաբերդ

Խոխանաբերդ, Խավախան, Խոյախան, գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։ Նրա ուղիղ դիմացը Գանձասարն է, իսկ հարավում բարձրանում է անտառապատ Թարխանասարը, որի գագաթը 13-րդ դարում Հասան-Ջալալը կառուցապատել և վերածել է անմատչելի բերդի, այն Հասան-Ջալալյանների գլխավոր ամրոցն էր: Մոնղոլների արշավանքների և ասպատակությունների ժամանակ գավառի բնակչության մեծ մասն այնտեղ էր ապաստանում և պաշտպանվում։ Վերջնականապես ավերվել է XV — XVI դդ. թուրքերի արշավանքների ժամանակ։ Պահպանվում են պարիսպների ու շինությունների մնացորդները։
Անունը, ըստ մի ավանդության, ստուգաբանվում է հետևյալ կերպ. Ջալալ Դոլուն լուր են բերում, թե «կնեգդ խոխան պերալ ա»։ Իշխանն ի պատիվ երեխայի՝ բերդն անվանում է Խոխանաբերդ։ 

Գրականություն

Բագրատ Ուլուբաբյան
Արցախի հուշարձանները
Վիքիպեդիա
Մակար Բարխուդարյան՝ Արցախ
Հայ մշակույթի գրչություն

Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն»
Անահիտ Բարսեղյան «Արցախի վանքերը»
Րաֆֆի «Խամսայի մելիքությունները»

Լուսանկարները՝ անձնական արխիվից և համացանցից։ 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский