Պարտադիր վերապատրաստում: Դիտարկումներ
Primary tabs
Վերապատրաստումները մասնագետի զարգացման կարևորագույն բաղկացուցիչն են: Ցանկացած ոլորտում ճահճացող, իր իմացածով բավարարվող, ավելիին չձգտող մասնագետը ի վերջո դառնում է բեռ այդ ոլորտի համար: Մեր իրականության կողմից անընդհատ ներկայացվող մարտահրավերները չեն կարող շրջանցել իրականության հետ համընթաց շարժվել ձգտողները: Եվ յուրաքանչյուր զարգացման հեռանակար ունեցող կազմակերպություն կազմում է իր աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտ սեմինարների ցանկը՝ նախօրոք ուսումնասիրելով շահառուների մասնագիտական կարիքները: Այս առումով պետական համակարգի կրթության կազմակերպիչների կողմից համակարգված իրականացվող պարտադիր ատեստավորումները կարևոր են դասավանդողների համար: Իհարկե, այն լրացուցիչ , բավականին շատ ժամանակ և ջանքեր է պահանջում ամբողջական ուսուցչական ծանրաբեռնվածությամբ աշխատող դասավանդողի համար, սակայն դրա անհրաժեշտությունը քննարկման առարկա չենք դիտում: Այլ հարց է վերապատրաստման բովանդակությունը, նորարարությունը, արդիականությունը: Ի՞նչ նոր հմտություններ և կարողություններ են փոխանցելու ուսուցիչներին, և արդյո՞ք վերապատրաստումներին տրված ժամանակը արդյունավետ է գործածվում, արդարացվում են ներդրված ջանքերը:
Վերապատրաստման սեմինարները մեր կրթահամալիրում աշխատող դասավանդողների համար նորություն չեն, միշտ են եղել՝ տարբեր կազմակերպումներով և տարբեր բովանդակություններով:Բայց հիմա ուզում եմ խոսել պարտադիր ատեստավորումների մասին։ Պետական մակարդակով բավականին մեծ ռեսուրսներ են ներդրվում դրանց իրականացման համար` մասնագետներ, դրամական միջոցներ, ժամանակ, ջանքեր։ Իհարկե ողջունելի է, որ պետական մակարդակով կարևորվում են մասնագետ ուսուցիչների վերապատրաստումները։ Բայց էստեղ ամենակարևորը կա և մնում է բովանդակությունը։ Երբ ծանոթ ուսուցիչներիցս մեկի հետ քննարկում էինք վերապատրաստման բովանդակությունը, պարզվեց, որ բովանդակության մեջ դեռ կարող է վայելչագրոյթյուն ներառվել։ Այո, 21֊րդ դար, տեխնիկական թռիչքային առաջընթաց, համակարգչային գրագիտության անընդհատ զարգացում ու…վայելչագրության դասընթաց, որը վարում է յոթանասունը վաղուց լրացրած մասնագետը։ Ամենայն հարգանքով հեղինակավոր, վաստակաշատ մասնագետի նկատմամբ, այնուամենայնիվ չեմ կարող չասել` մենք ժամանակ և իրավունք չունենք ժամանակավրեպ լինելու։ Մանկավարժությունն էլ այն ոլորտը չէ, որտեղ կարող ենք իրականացնել երբեմնի, գուցեև այն ժամանակ էլ ոչ հիմնավորված հմտությունների փոխանցումը։
Պարտադիր վերապատրաստում իրականացնողների մեջ արդեն երկրորդ տարին է իրականացնող կազմակերպություն է նաև մեր կրթահամալիրը:
Ես անցած տարի վարել եմ առարկայական վերապատրաստման պարապմունքները։ Դա ինձ համար էլ էր հետաքրքիր․ նոր զարգացում, նոր հմտություններ, նոր հարաբերություններ: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով վերապատրաստման դասընթացները երկկողմանի զարգացման հնարավորություններ պիտի տան և´ վերապտրաստողին, և´ վերապատրաստվողին: Հայոց լեզու, գրականության առարկայական վերապատրաստման մոդուլներում ներառված էր մեր այլընտրանքային հեղինակային ծրագիրը:
2021-2022 ուստարվա պարտադիր վերապատրաստման բաղադրիչների մեջ ի թիվս այլ բաղադրիչների ավելացել էր «Դիրքորոշում և արժեք» բովանդակությունը, որը կրթահամալիրում իրականացնելու էի նաև ես: Պարզվեց, որ գրականություն և այդ խնդիրը արծարծող հոդվածներ այդքան էլ հեշտ չէ գտնելը: Ընտրեցի այն գրականությունը, որին, իմ կարծիքով, պետք է ծանոթ լինեին վերապատրաստվողները: Առանձնացրի հոդվածները: Կազմեցի մոդուլները: Ըստ կազմած աշխատակարգի՝ սկսվեցին աշխատանքները: Գիր-գրականության, ուսումնասիրվող նյութի առումով ամեն ինչ պարզ էր՝ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթուղթ, Հանրակրթական չափորոշիչներ, մանկավարժական հոդվածներ, բայց… Առաջին հարցերից մեկը, որ տրվեց սեմինարին հետևյալն էր.«Իսկ արժեհամակարգը հնարավոր է փոխանցե՞լ: Ի՞նչ հմտություններ պիտի փոխանցի վերապատրաստողը դիմացինի արժեհամակարգը փոխելու համար»:
Հարցն ինձ չզարմացրեց, որովհետև այն առաջացել էր նաև ինձ մոտ: Իհարկե կարելի է քննարկել, ուսումնասիրել փաստաթղթեր, հոդվածներ, հստակեցնել այն պահանջները, որոնք ամրագրված են հանրակրթական չափորոշիչներում, բայց մի՞թե ուսուցչի՝ ձևավորված, կայացած մարդու արժեհամակարգում կարող են քննարկում-ուսումնասիրությունները էական բան փոխել: Ո՞ր ուսուցիչը չգիտի բարոյական հիմնական սկզբունքները՝ վիրավորել չի կարելի, արժանապատվությանը դիպչել չի կարելի, հավասար-բարյացակամ վերաբերմունք է պետք դրսևորել բոլոր սովորողների նկատմամբ, հոգատար, հանդուրժող, բարյացակ մթնոլորտ է պետք ապահովել, անհատական մոտեցում և այլն, և այլն… Այս ամեն ինչը ամրագրված է նաև հանրակրթական չափորոշիչներում: Բայց չէ՞ որ սրանք բարոյական, արժեհամակարգային, աշխարհայացքային նորմեր են: Ո՞վ և ինչպե՞ս պիտի ապահովի սրանց կատարումը: Դրանց կոպիտ խախտումները կարող են բարձրաձայնվել, պատժվել, բայց առերևույթ խախտումներ չարձանագրող շատ երևույթներ էլ կան, որ կարող են վիրավորել, արժանապատվությանը դիպչել: Ո՞վ և ինչպե՞ս կարձանագրի դրանք, ինչպե՞ս կապացուցվեն:Արհամարհական քմծիծաղը, սովորողին անտեսելը, չարացած հայացքը, ի վերջո՝ ընդգծված վերաբերմունքը չափելի՞ միավորներ են: Ինչպե՞ս արձանագրվեն,ոչնչով չխրախուսող, չօգնող, թույլ կարողություններ ունեցող սովորողի նկատմամբ ներքին քամահրանք ունեցող ուսուցչի վերաբերմունքը։ Բոլոր մանկավարժներն էլ խոսում են արժեհամակարգից, լավ գիտեն ուսուցչին ներկայացվող չափորոշչային պահանջները: Բայց մարդը եթե այդ ամենի կրողը չէ, իմանալը կփրկի՞ իրավիճակը։
Վերապատրաստվող խումբը բավականին հետաքրքիր, նաև տարիների փորձ ունեցող դասավանդողներից էր կազմված: Քննարկեցինք ներկայացված փաստաթղթերը, հոդվածները: Այնուհետև սկսեցինք քննարկել այդ արժեհամակարգի արտահայտության ձևերը ուսումնական գործընթացում: Հետաքրքիր շատ պատումներ, մանկավարժական մոտեցումների բազմազան օրինակներ գրեցին դասավանդողներն իրենց բլոգներում։ Երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող ռուսերենի դասավանդող Լաուրա Հակոբյանը գրում է.«..Թեոդոր Ռուզվելտն ասել է․ ,,Տալ երեխային ինտելեկտուալ, այլ ոչ թե բարոյական դաստիարակություն-նշանակում է մեծացնել հասարակության համար սպառնալիք,,։
Շատ տարիներ առաջ, ավագ դպրոցի 10-րդ դասարան եկավ մի տղա։ Միանգամից ասաց, որ չի սիրում ռուսաց լեզուն, քանի որ չի սիրել իր ուսուցչուհուն։ Ոչ տնային աշխատանքներ էր կատարում և ոչ՝ դաս լսում։ Պատահաբար ես իմացա, որ նա ցանկանում է շուն ունենալ, բայց ծնողնորը չէին գնում։ Ես նրան ասացի․ ,,Եթե սկսես սովորել ռուսերեն, կհամոզեմ ծնողներիդ, որ քեզ համար շուն գնեն,,։ Ծնողները իմ հետ համաձայնեցին, և մենք պայմանավորվեցինք։ Դասերից հետո ես մնում և լրացուցիչ աշխատում էի նրա հետ։ Երկու ամսից տեսանք առաջին արդյունքները։ Իսկ առաջին կիսամյակի վերջում նա սկսեց ինքնուրույն կատարել բոլոր տնային աշխատանքները։ Ամանորին ծնողները նրան նվիրեցին այդքան երազած շնիկին։ Ե՛վ ես էի երջանիկ, և՛ երեխան։ Չպետք է մանկավարժ սովորող հարաբերությունները լինեն պատի երկու կողմում, չպետք է մտածել, որ չի կարելի սովորողի հետ համագործակցել, ապրումակցել նրան։ Յուրաքանչյուր երեխա պահանջում է անհատական մոտեցում։ Մանկավարժը յուրաքանչյուր պարագայում պետք է դրսևորի հավասարակշռություն և համբերատարություն։ Եթե ինչ- որ բան չի ստացվում, պետք է նախ՝ մտածել, վերլուծել, հասկանալ, ինչու չի ստացվում, ո՞րն է խնդիրը, ի՞նչն եմ ես սխալ անում, կամ ի՞նչ ուղղակի չեմ անում, ոչ թե՝ սովորողը չի կարողանում, չի հասկանում։
,,Մանկավարժության մեջ մեծագույն սխալը չափից դուրս շտապողականությունն է,, Ժ․ Ժ․ Ռուսսո։.»
Դիրքորոշում և արժեք՝ պարտադիր վերապատարաստումների բաղադրիչ:Կարդում ենք, քննարկում ենք, մեր փորձն ենք ներկայացնում: Իսկ ես շարունակում եմ մտածել. արժեհամակարգը հնարավո՞ր է փոխանցել:
- Բացվել է 637 անգամ