Ուսուցիչների պարտադիր ատեստավորման դասընթացը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2022 թվականի օգոստոսի վերջին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որին մանսակցեց 87 ուսուցիչ Երևանի հինգ տարբեր դպրոցներից։ 

Մասնակիցների մասին մանրամասն տեղեկությունները՝ այստեղ:

Մայիս-հուլիս ամիսներին Վերապատրաստման կենտրոնի աշխատանքային խումբն սկսեց նախապատրաստական աշխատանքները․ կազմվեց Վերապատրաստման կենտրոնի օրացույց, ըստ որի մասնագիտական խումբն սկսեց զբաղվել դասընթացի բաժինների բովանդակությամբ, մշակմամբ: Կրթահամալիրի կայքում, ֆեյսբուքյան էջում, Վերապատրաստման կենտրոնի բլոգում հրապարակվեց Վերապատրաստման հայտարարությունը:

Դասընթացի ծրագրերը կազմվեցին 2022-ի համար ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակված պահանջներին համապատասխան, բովանդակային շեշտադրումներով ներկայացվեց կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը, փորձը։

2022 թվականին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը բաղկացած էր 8 հիմնական բաժիններից․

  1. Հանրակրթական բնագավառի օրենսդրություն, 10 ժամ
  2. Տեղեկատվական և հաղորդակացական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում, 20 ժամ
  3. Տարիքային հոգեբանություն, 10 ժամ
  4. Դիրքորոշում և արժեք, 10 ժամ
  5. Համընդհանուր ներառում, 10 ժամ
  6. Գնահատում, 15 ժամ
  7. Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ
  8. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները, 5 ժամ

Այս տարի դասընթացում ավելացան նոր բաժիններ, ինչի համար վերապատրաստող մասնագետների խումբը համալրվեց կրթահամալիրի առաջատար այլ մասնագետներով, կազմեցին դասընթացի բաժինների մոդուլները, որոնք քննարկվեցին Վերապատրաստման կենտրոնի նախագծային խմբում։

Բոլորովին նոր էր նաև ուսուցչի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքը։ Հետազոտական աշխատանքի թեմաները առաջարկեցին վերապատրաստող մասնագետները։ Թեմաների ընտրությունը պայմանավորված էր դասընթացի բաժինների թեմաների և հեղինակային մանկավարժության փորձի, ծրագրերի, նախագծերի բովանդակության համադրմամբ։

Օգոստոսին 21-ին՝ վերապատրաստվողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացվեց վերապատրաստման ընդհանուր աշխատակարգը, դասացուցակը:

Ըստ աշխատակարգի՝ 87 վերապատրաստվող ուսուցիչները 1-6-րդ շաբաթների ընթացում աշխատեցին 4 խառը խմբերով (տարբեր առարկա դասավանդող ուսուցիչներ), ուսումնասիրեցին ընդհանուր մասնագիտական զարգացմանը վերաբերող բաժինները, 7-9-րդ շաբաթների ընթացքում «Առարկայի դասավանդման մեթոդիկա» բաժինն ուսումնասիրեցին մասնագիտական խմբերով: Վերապատրաստման առաջին շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալ հետազոտական աշխատանքների թեմաներին, ընտրել կամ առաջարկել թեմա: Թեմայի ընտրությամբ էլ պայմանավորվեց հետազոտական աշխատանքի խորհրդատու-մասնագետը։

Վերապատրաստման ընթացքում յուրաքանչյուր ուսուցիչ իր բլոգում ստեղծեց վերապատրաստման համար համապատասխան բաժին, որտեղ պարբերաբար հրապարակեց իր աշխատանքները, այդ թվում՝ հետազոտական: Այլ դպրոցների դասավանդողների համար բլոգավարությունը ներառվեց «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» բաժնի մեջ: Արդյունքում այլ դպրոցներից 21 ուսուցիչ ունեցավ իր բլոգը, սովորեց այն վարել:

Բլոգային աշխատանքը հնարավորություն տվեց ավելի լավ ծանոթանալ միմյանց փորձին, ստեղծել, հարստացնել անհատական աշխատանքային մեդիատիրույթը, թափանցիկ ու տեսանելի դարձրեց Վերապատրաստման դասընթացի ողջ գործընթացը:

Վերապատրաստումը տևեց ինը շաբաթ: Դասընթացն սկսվեց օգոստոսի 21-ին և ավարտվեց հոկտեմբերի 21-ին: Հոկտեմբերի 25-ին Վերապատրաստման կենտրոնի բլոգում Հայկական կրթական միջավայր կայքի պաշարների շտեմարանում հրապարկվեցին նաև հետազոտական աշխատանքները: Հոկտեմբերի 28-ին վերապատրաստովողներն իրենց անհատական էլեկտրոնային փոստերին ստացան իրենց վկայագրերը:

Վերապատրաստման ավարտին դասընթացի մասին իրենց կարծիքներն ու դիտարկումները անհատական բլոգներում հրապարակեցին վերապատրաստող մասնագետները և վերապատրաստվող ուսուցիչիները։

Քննարկումներն ամփոփվեցին Հեղինակային մանկավարժության ամենամյա աշնանային ստեղծագործական 17-րդ հավաքի կլոր սեղանին։

Կարող ենք փաստել, որ վերապատրաստման ավարտին ուսուցիչները, բացի ծրագրով որոշված մասնագիտական զարգացումից, ծանոթացան միմյանց փորձին, ձեռք բերեցին նոր գործընկերներ, ծնվեցին համագործակցություններ, կազմակերպվեցին համատեղ հանդիպումներ արդեն ուսուցիչների, սովորողների հետ, ոմանք սեբաստացի ուսուցիչների հետ հաղթահարեցին Արագածի հյուսիսային գագաթը:

Ուսուցչի հերթական ատեստավորման դասընթացի վերջին երկու տարիների ծրագրերի համեմատությունը

2021 թվականին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը բաղկացած էր 3 հիմնական բաժիններից․

  1. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում՝ 20 ժամ 
  2. Հանրակրթական բնագավառի օրենսդրություն՝ 9 ժամ 
  3. Մասնագիտական զարգացում՝ 81 ժամ 

Դասընթացի ձևաչափը կարող էր լինել առկա, համակցված և հեռավար:

Կրթահամալիրում վերապատրաստվողներն ընտրեցին հեռավար կամ համակցված ձևաչափերով պարապմունքները:

Վերապատրաստման ամփոփման ժամանակ կարևոր ձեռքբերում համարվեց նաև կրթահամալիրում իրականացվող հեռավար, համակցված, առցանց ուսուցման փորձին ծանոթանալը:

Վերապատրասվող ուսուցիչները, ընտրելով համակցված կամ հեռավար պարապմունքները, սկսեցին յուրացնել այդ ձևաչափով պարապմունքներ կազմակերպելու մեթոդները և տեխնիկական գործիքաշարը / ծրագրեր, գործիքաշարեր/:

2022 թվականին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը բաղկացած էր 8 հիմնական բաժիններից․

  1. Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
  2. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում
  3. Տարիքային հոգեբանություն
  4. Դիրքորոշում և արժեք
  5. Համընդհանուր ներառում
  6. Գնահատում
  7. Առարկայի դասավանդման մեթոդիկա
  8. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները

Դասընթացի ձևաչափը կարող էր լինել միայն առկա:

Իմ դիտարկումները 2021-ի և 2022-ի բովանդակության և կազմակերպման մասին

Ողջունելի է, որ կառավարության կարևոր ու առաջնային խնդիրների մեջ են հայտվել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը խթանող նախաձեռնությունները: Կարևոր է նաև ամեն տարվա արդյունքների վերլուծությունը և հաջորդ տարվա համար ծրագրերի լրամշակումը, զարգացումը։

Նոր կարգում շեշտադրվում է նաև ուսուցչի ինքնագնահատման հիման վրա կարիքների գնահատումը և ըստ դրանց՝ ուսուցիչների վերապատրաստումը։

Փաստենք․ ուսուցիչը, ով սովորեցնում է, պիտի լինի սովորող: Իսկ սովորել սովորեցնողն իր ամենօրյա աշխատանքի ընթացքում, կամա թե ակամա, գնահատում է իր գործունեությունը, հետևաբար նաև իր կարիքները, գտնում իրեն անհրաժեշտը, սովորում: Իսկ այսօրվա՝ համացանցի ընձեռած հնարավորությունների դեպքում սովորել ցանկացող ուսուցիչը չի կարող չսովորել:

2021-ի և 2022-ի վերապատրաստման դասընթացների ընթացքում մենք աշխատեցինք ոչ միայն կրթահամալիրի դասվանդողների, այլ նաև այլ դպրոցների շուրջ 15 դասավանդողների հետ: Վերապատրաստվող ուսուցիչներից մեծամասնությունը հետաքրքիր, բանիմաց, իրենց առարկային և դասավանդման ժամանակակից մեթոդներին տիրապետող մասնագետներ էին, հրաշալի գնահատում էին իրենց կարիքները և գիտեին դրանց լուծման ճանապարհները: Եվ բոլորովին չէին սպասելու, որ իրենց օգնելու համար կազմակերպվեն վերապատրաստումներ։

Ի՞նչ տվեց նրանց վերապատրաստման դասընթացը:

  • Առաջին հերթին ծանոթացան կրթահամալիրի միջավայրին, դասավանդողներին, պատկերացում կազմեցին հեղինակային ծրագրի, դրա առանձնահատկությունների մասին:
  • Երկրորդ՝ հաստատեցին նոր կապեր, ոմանք հասցրին համագործակցային նախագծեր կազմել: Միասին ճամփորդեցին:
  • Երրորդ՝ ծանոթացան միմյանց տեսակետներին, վերընթերցեցին իրենց աշխատանքին վերաբերող փաստաթղթեր, տեղեկանքներ, ծանոթացան միմյանց փորձին:

Որպես վերապատրաստման կազմակերպիչ՝ առանձնացնում և կարևորում եմ ուսուցիչ-ուսուցիչ կապը, փորձի փոխանակումը և համագործակցությունը:Այդ իմաստով՝ առկա ձևաչափով հանդիպումները կարևոր էին և արդյունավետ:

Սակայն, ընդհանուր ուսումնառությանը վերաբերող աշխատանքի մեծ մասը ուսուցիչը կարող էր կատարել հեռավար: Ինչո՞ւ պիտի օրվա առաջին մասում 4-5 ժամ պարապմունք վարած ուսուցիչը երկու ամիս շարունակ շտապեր վերապատրաստման: Ե՞րբ պիտի ամփոփեր օրը, պատրաստվեր հաջորդ օրվան, հանգստանար:

Իհարկե, ըստ օրենքի՝ ուսուցիչը կարող էր ազատվել իր աշխատանքից: Բայց ինչպե՞ս կարող է տարբեր դասարաններում դասավանդող ուսուցիչը համաձայնել չգնալ աշխատանքի և երկու ամիս շարունակ զբաղվել վերապատրաստմամբ: Ուրախալի է, որ 87 վերապատարվող ուսուցիչներից այս հարցը որևէ մեկը չբարձրացրեց՝ չնայած այն բանին, որ ակնահայտ է, որ ուսուցիչները վերապատրաստման երկու ամիսների ընթացքում գերծանրաբեռնված էին և օրվա երկրորդ կեսին՝ հոգնած:

Վերապատրաստման մասնակիցների և վերապատրաստող մասնագենտերի կողմից առաջացավ այս հարցադրումը. ինչու՞ 2021-ին դասընթացի համակցված, հեռավար կազմակերպման հաջողած փորձը այս տարի զարգացնելու փոխարեն արգելակվեց:

Ինչու՞ վերապատրատող կազմակերպությունների համար հեռավար, համակցված պարապմունքներ կազմակերպելուն ուղղված մասնագիտական զարգացման դասընթացներ չկազմակերպվեցին, որպեսզի 2022-ին հեռավար կամ համակցված ձևաչափով դասընթացի կազմակերպումը խթանվեր՝ միաժամանակ հեռավար, համակցված ուսուցման կազմակերպումը դարձնելով նաև վերապատրաստման դասընթացի բաժիններից մեկը:

Երկու տարիներին էլ դասընթացի բոլոր բաժինները կարևոր էին, իհարկե, սակայն դրանց բովանդակությանը ուսուցիչը պիտի որ ծանոթ լինի, կամ, անհրաժեշտության դեպքում, դրանց բովանդակությունը հանգիստ կարողանա գտնել համացանցում՝ տեքստերի, տեսանյութերի, դասախոսությունների տեսքով:

Մի՞թե ուսուցչին պետք է որևէ մեկը, որ խթանի, դրդի կամ պարտադրի կարդալ իր աշխատանքին վերաբերող տեղեկանքներ, եթե դրանք իրեն իսկապես անհարժեշտ են: Մի՞թե ուսուցման համար, թեկուզ ինտերակտիվ մեթոդներով, այդքան ժամանակ և աշխատանք է պետք ՝ գործող ուսուցիչն ինչ-որ տեքստեր կարդալ տալու, սովորեցնելու համար:

Փոխարենը սակավաթիվ են գործընկեր դպրոցների, ուսուցիչների փորձին, սովորողների արդյունքներին ծանոթանալու աղբյուրները: Այդ իմաստով վերապատրաստման աշխատանքներում ոչ ձևակերպված, բայց իրական էր միմյանց փորձին ծանոթանալը, քննարկումներին մասնակցելը:

2022-ին նոր էր նաև ուսուցչի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքը:

Ի՞նչ պիտի հետազոտի ուսուցիչը վերապատրաստման երկու ամսիների ընթացում՝ միաժամանակ մասնակցելով վերապատրաստման մնացած յոթ բաժինների պարապմունքներին՝ չհաշված իր հիմնական աշխատանքը՝ դասավանդումը:

Ի՞նչ տվեց հետազոտական աշխատանքը ուսուցչին, իր սովորողին, իր դպրոցին:

Քանի՞ նոր գաղափար քննարկվեց, քանի՞ նոր ծրագիր կամ նախագիծ ծնվեց այս վերապատրաստման ընթացքում: Գործնականում ինչպե՞ս այս վերապատրաստումը ազդեց սովորողի վրա:

Քանի՞ համագործակցություն սկսվեց տարբեր դպրոցների, տարբեր ուսուցիչների-սովորողների միջև:

Ինչպե՞ս լավացավ առարկայական ծրագիրը, հավաքվեցի՞ն քննարկումների ընթացքում առաջացած հարցադրումները և առաջարկները:

Հիմա նոր նախագծի մասին

Փաստենք՝ ընդունակ, սովորող ուսուցիչը ամեն օր, անընդհատ է գնահատում իր կարիքները և դրանք բավարարելու միջոցներ գտնում՝ համացանից անհրաժեշտ տեղեկությունը, հարցերի պատասխանը որոնում, քննարկում գործընկերների հետ, հարցադրումներ անում ֆորումներում: Մի՞թե ուսուցչին, ով սովորեցնում է սովորել, պետք է մեկը, որ իրեն սովորեցնի սովորել:

Այո՛, ուսուցիչը կարող է ինչ-որ բան մոռացած լինել, վերհիշելու անհրաժեշտություն լինի: Մի՞թե դրա համար իրեն ինչ-որ մեկի օգնությունն է պետք: Եթե ուսուցիչը սովորելու հմտություններին չի տիրապետում, չի կարողանում ինքնակրթվել, ապա ինչպես է այդ հմտությունները փոխանցելու սովորողներին:

 

 

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский