Անվանական մրցանակներ 2022․ «Մուտք մանկավարժություն»

2019թ-ից  դասավանդում եմ ՄՍԿՀ-ում՝ որպես «Ոսկեգործության» ուսուցիչ: ՄՍԿՀ-ի այս տարվա պատվավոր մրցանակաբաշխության ժամանակ արժանացա մրցանակի՝ «Մուտք մանկավարժություն» անվանակարգում: Շնորհակալություն գնահատման համար:

Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր

«Մուտք մանկավարժություն»

Տրվում է Դավիթ Պետրոսյանին՝ մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոց գործարկման, ուսումնական ծրագրերի ստեղծման, համագործակցային նախագծերի իրականացման համար:

Տարիներ առաջ սկսված գործընթացը հասավ իր տրամաբանական առաջին գնահատականին: Ուրախացնողն այն է, որ ստացվեց: Ինչ նպատակներ ունեի սկզբնական փուլում, գրեթե բոլորը իրագործվել են: Հին Վարպետ եմ, այնքան հին, որ դեռ հիշում եմ Սարյանի այգում ստեղծված իսկական վերնիսաժը: Այնտեղ այցելում էին 90-ականների ծանր առօրյայից շաբաթ-կիրակի հանգստացող, այն ժամանակ դեռ ոչ սակավաթիվ ինտիլիգենցիայի ներկայացուցիչները, ճարտարագետ վարպետները, կիրառական արվեստում մեծ ձեռքբերումներ ունեցող, տարիքն առած, ինչու ոչ, նաև երիտասարդ  հետաքրքրվողները  և արվեստասերները: Այդտեղ սկսվեց իմ կարիերան՝ որպես արծաթագործ: Այն ժամանակ պատրաստում էի շատ մոդայիկ և թանկ, ազգային ձեռագիր կրող «ֆիլիգրանե» զարդեր:

 Տարիների ընթացքում կայացա որպես մետաղագետ, նյութագետ, ոսկեգործական մասնագիտական բիզնեսում սեփականատեր, կազմակերպիչ և այլն: Բայց սերը դեպի գեղեցկություն չթուլացավ՝ հակառակը, վարպետացա նաև կյանքում: Տարիների դեգերումները, ապրումները, խնդիրները և հաջողությունները ձևավորեցին անգնահատելի փորձ: Հենց այդ փորձը ինձ թույլ տվեց առանց մասնագիտական-մանկավարժական կրթության հաղթահարել նշաձողը՝ ոլորտի փոփոխության կամ մասնագիտության, քանի որ ՀՊՃՀ-ն ավարտեցի, այնուհետև ասպիրանտուրան ՀՊՃՀ-ի, դարձա ճարտարագետ-նյութագետ-մետալուրգ: Մանկավարժությունը ինձ գերեց: Իմ ամբողջ կյանքում, որպես ոսկեգործ, շփվել եմ թանկարժեք նյութերի, մետաղների և քարերի հետ, բայց իրական թանկարժեքությունը ես գտա իմ նոր մեծ ընտանիքի՝ մանուկների մեջ: Այդ իսկ պատճառով շատ նուրբ, սիրով լեցուն խնամքով փորձում եմ իմ կյանքի հմտություններով, ձեռքբերումներով, երազանքներով կիսվել ինձ մոտ հաճախող սովորողների հետ: Կրկին և կրկին վերապրել երջանկություն՝ թանկարժեքի և մաքուրի հետ շփվելիս: Այդ ամենը պատասխանատու է: Ցանկացած թանկարժեք բան պահանջում է հատուկ խնամք, հոգատարություն և պատասխանատվություն: Հենց դա է մանկավարժությունը: Իմ կարծիքով, հե՛նց դա է մանկավարժությունը: Այդ ամենը շատ հետևողական ձեռք է բերում գիտական մեթոդի ուրվագծեր: Դժվար է բնազդային գործողությանը տալ գիտական ձևակերպում, բայց կհաղթահարեմ:

Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ դպրոցի՝ ՄՍԿՀ-ի ողջ անձնակազմին, հատկապես՝ մեր Տիարին՝  կազմակերպած աշխատանքի համար: Առանց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային դպրոցի՝ բրենդի, դա անհնար կլիներ իրականացնել:

Չեմ դադարի ստեղծագործել մանկավարժության ոլորտում: Շատ ու շատ «իդեաներ» ունեմ, որոնք պետք է իրականացնեմ թե՛ հենց մանկավարժության ոլորտում, թե՛ ուսումնաօժանդակ մշակութային, ուսումնաարտադրական դաշտում: Շարունակելի…

 

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский