«Արվեստ» դասընթացի հանրային ներկայացում
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանով որոշված «Արվեստ» առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ ուսումնական նախագծերի, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական նախագծերի միջոցով: Կարևոր է դասընթացի հանրային ներկայացումը, որի գլխավոր հարթակներն են դառնում կրթահամալիրի օրացույցով որոշված ուրբաթ-համերգները, ամենշաբաթյա ժամերգությունները, սովորող-սովորեցնող և կրթական փոխանակման նախագծերով ծրագրի փոխանցումը։
Ուրբաթ համերգի կազմակերպումը դպրոցի համար դառնում է մի մեծ նախագիծ՝
- երաժիշտների, սովորողների հետ ծրագրի երգացանկի առաջարկների քննարկում, կազմում
- անհատական դասացուցակով որոշված պարապմունքներ
- պարապմունքներ դասարանական խմբերով, ապա՝ դպրոցով
- սրահի դասավորվածություն, համարների հերթականություն
Իրականում բավականին դժվար է 600-ի չափ պատանիներին հավաքել մի հարթակում, բայց միասնականության գաղափարը հաղթում է։
Կարևոր է թիմում աշխատելու, համագործակցելու կարողությունը։ Դպրոցում ցանկացած ծրագիր ստացվում է իրականացնել, եթե այն նախապես պլանավորվում է։ Նախապատրաստական փուլը թերևս ամենակարևորն է։ Այստեղ մեծ է դպրոցի ղեկավարի դերը՝ որպես ուսումնական պլանի կազմակերպման պատասխանատու։ Հեղինակային կրթական ծրագրի դպրոցի ղեկավարը դառնում է և՛ երաժիշտ, և՛ խմբավար, և՛ կազմակերպիչ։ Սովորողներին ոգևորելը, մեկ-մեկ էլ «սպառնալը» իր դրական ազդեցությունն է ունենում։ Տարբեր օղակներին համախմբելը նույնպես բարդ գործ է, որը ճկունության, աշխատանքը ճիշտ կազմակերպելու հնարամտության շնորհիվ է ստացվում։
Սկսեմ ծրագրի բովանդակությունից։ Ավագ դպրոցի սովորողները հասուն են, ինքնուրույն, ունեն ձևավորված ճաշակ և շատ կարևոր է, որ բազմազանության մեջ գանք մեկ ընդհանուր հայտարարի, ու բոլորը սիրեն և ընդունեն ծրագիրը։
«Տրամադրություն» ուրբաթ-համերգը դեկտեմբերի 16-ին էր նախատեսված։ Այս տարի Հայաստանի Հանրապետությունում տոնական տրամադրությունը բավականին շուտ սկսեց թևածել, ուստի մենք էլ որոշեցինք, որ ուրբաթ-համերգի ծրագիրն էլ կազմենք ամանորյա և սուրբծննդյան երգացանկով։ Մարմարյա սրահն ունի իր առանձնահատկությունը․ դանդաղ, մելոդիկ երգերը կորում են սրահի ահռելիության մեջ, ուստի կարևոր է դինամիկությունը։ Կարևոր է նաև, որ երգերը լինեն սիրված, ճանաչված ու տրամադրություն փոխանցող, որ ամենապասիվ հանդիսատեսն էլ սկսի երգել և տեղում շարժվել։
Ծրագրի երգացանկի ընտրությունը կատարվում է երաժիշտների և սովորողների հետ համատեղ։ Ավագ դպրոցի սովորողների դերն այս հարցում շատ ենք կարևորում, քանզի նրանք եթե ծրագիրը չընդունեն, համերգը չի ստացվի։
Ուրբաթ-համերգի կազմակերպման նպատակը մեկն է՝ ստեղծել տրամադրություն՝ ապահովելով հեղինակային ծրագրի բովանդակության պահանջները։
Խնդիրներն են՝
- համագործակցությունը երաժիշտների միջև
- համընդհանուր ներառականությունը
- տեխնոլոգիական աշխատանքը
Ավագ դպրոցը տրամադրություն ստեղծող համերգների մի քանի փորձ ունի՝
- «Պարող դպրոց» ուրբաթ-համերգը միասնականության ուժի դրսևորման առաջին հաջողված փորձն էր
- Ռետրո երգերի հանրակրթական երգչախմբերի համերգը եղավ հաջողված փորձի զարգացումը
- Ավագ դպրոցի ուսուցչական երգչախմբի համերգային ծրագրեր, որոնց ընտրանին այս հղումով է։
«Տրամադրություն» ուրբաթ համերգի գաղափարը կար, բայց կային նաև կազմակերպական հարցեր, որոնք պետք է հեղինակային լուծում ստանային։ Ավագ դպրոցի երաժիշտ Լիլիթ Վերմիշյանը դաշնակահար է։ Իսկ երգչախմբերին հարկավոր է խմբավար։ Ու այստեղ մեզ օգնելու և ծրագիրը ամբողջացնելու համար միացավ Արևելյան դպրոցի երաժիշտ Մարինե Ոսկանյանը, ով մասնագիտությամբ խմբավար է։ Ստեղծվեց համագործակցությունը։ Երկու երաժիշտ համերաշխ աշխատանքային վեճերով, ծրագիրը լավագույնը դարձնելու մղումով սկսեցին աշխատանքը։
Ավագ դպրոցը մի առավելություն էլ ունի՝ «Զենիթ» բենդը, ղեկավար՝ Արամ Սարգսյան։ Բենդը, բացի անհատական կատարումներից, նաև գործիքային նվագակցումներով է միանում ծրագրին, որը համերգը դարձնում է ավելի դինամիկ։
Դպրոցը հանրակրթական երգչախմբերի բաց հարթակ է, որտեղ ներկայացվում է «Արվեստ» դասընթացը։ Այս հարթակը ձևավորվում է կազմակերպիչների, երաժիշտների, դպրոցի և գրասենյակի ղեկավարի, ուսուցիչների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Եվս մեկ կարևոր բան, որն ապահովում է հաջողությունը։ Դպրոցի ուրբաթ-համերգը տեղի է ունենում տարվա մեջ 2 անգամ, ու դպրոցը հնարավորություն է ունենում պատշաճ պատրաստվելու՝ ներառելու բոլոր սովորողներին, ուսուցիչներին։ Այստեղ բոլորը դառնում են մասնակից։
Ուսումնական ժամերգություն
«Արվեստ» դասընթացի հանրային ներկայացման մի հարթակ էլ դառնում է ուսումնական ժամերգությունը։ Սա բոլորովին այլ մշակույթ է, այլ մոտեցում։ Սովորողն ամեն շաբաթ դառնում է ժամերգության մասնակիցը կամ ունկնդիրը։ Ամեն անգամ սովորողների տարբեր խմբեր են մասնակցում նախագծին։
Ներկայացնեմ Ավագ դպրոցի կազմակերպած ուսումնական ժամերգություններից հատվածներ՝ 1, 2, 3։
Ուսումնական ժամերգությունների ժամանակ կարևոր է Լիլիթ Առաքելյանի հետ աշխատանքը։ Նա սովորողների նախագծային խմբերի հետ անհատական աշխատանք է տանում։ Ժամերգությանը ելույթ ունենալը շատ նուրբ աշխատանք է։
Հոդվածի վերջում կուզեի անդրադառնալ նաև կրթական փոխանակումների նախագծով հեղինակային ծրագրի տարածմանը։
Կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնն առանձնացնում է ծրագրային երգացանկ, որոնք սովորողները մեծ սիրով և ոգևորությամբ փոխանցում են։ Ստեղծված երգարանները արտացոլում են օրացուցային նախագծերը՝ հարսանեկան, բարեկենդանի, սուրբծննդյան, այլ։ Սովորող-սովորեցնող նախագծով փոխանցում ենք նաև ազգային պարերն ու պարերգերը։ «Արվեստ» դասընթացի հանրային ներկայացման հարթակ են դառնում գյուղի, համայնքի եկեղեցին, բակը, դպրոցը։
Այսպիսով պետք է նշեմ, որ դասընթացը բավականին ընդգրկուն է, և յուրաքանչյուր սովորող դառնում է ծրագրի կրողն ու տարածողը։