Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա
Primary tabs
Գլուխ 2. Փչացած հեռախոս
«Դժվար» ծնողների մասին
Իմ միակ սխալը` կասկածում եմ ծնողների` մտածելու ընդունակությանը…
Յանոշ Կորչակ
Լուսամփոփի թույլ լույս, գրադարակներ, գրքեր, ձեռագրեր. սա թերապևտ-հոգեբան, մի քանի գրքերի հեղինակ դոկտոր Է.-ի տնային աշխատասենյակն է:
Է.-ն նստած է սեղանի մոտ, նյարդայնացած նայում է հեռախոսին, ժամացույցին: Բազկաթոռին ազատ փռված է հասարակության կողմից ընդունված «Փռշտացող¦ ամսագրի լրագրող Ս.-ն:
- Միացա՞ծ է… Ստուգեք ձայնագրման մակարդակը:
- Մեկ-երկու, մեկ-երկու… ստուգում եմ… թերապևտ-հոգեբանների դերային հարցում, խաղային սեանս… Հիմա ժամը քանի՞սն է… Հեռախոսն աշխատո՞ւմ է: Հետ եմ պտտում:
«...Քեզ տեսնես ուրիշի մեջ ապրելիս, ուրիշին տեսնես քո մեջ ապրելիս...»: Սա հին ձայնագրությունից է, թողնե՞մ… Դուք, ավելի լավ է, այստեղ նստեք… միկրոֆոնը մի քիչ ետ տարեք…
Հասկանալով մանկությունը` հասկանանք մարդուն
Ս.- Խնդրում եմ, բժիշկ, ավելի անկաշկանդ, ազատ եղեք… Ձեր մեթոդով լիցքաթափվեք, մոռացեք, որ սա հարցազրույց է: Պատկերացրեք, որ մենք պարզապես զրուցում ենք, մի լարվեք, թուլացրեք Ձեր ուսերը: Համարենք` ես անջատել եմ միկրոֆոնը:
Է.- Ես լավ եմ, հանգիստ...
Ս.- Ըհը, հրաշալի է: Դուք ամեն օր հիվանդներ եք ընդունում:
Է.- Ոչ միայն հիվանդներ:
Ս.- Լավ, ասենք` մարդկանց, սովորական մարդկանց: Բուժում եք նրանց...
Է.- Ոչ միայն բուժում եմ...
Ս.- Ուսումնասիրում եք:
Է.- Ես եմ ուսումնասիրվում:
Ս.- Տարբեր ճակատագրերի հետ եք գործ ունենում, տարբեր իրավիճակների...
Է.- Շատ տարբեր...
Ս.- Հետո գրում եք այդ ամենի մասին:
Է.- Ոչ ամեն ինչի…
Ս.- Ամենակարևորի, ամենաանհրաժեշտի, հետաքրքիրի...
Է.- Ոչ ամենաների:
Ս.- Հասկանում եմ, ամենահետաքրքիրը միշտ հետո է լինելու: Մեր մեջ, ոչ հրապարակման համար, թույլ տվեք հետաքրքրվել` ինքներդ, այսքան զբաղված լինելով, կարողանո՞ւմ եք անձնական կյանքով ապրել, երեխաներին դաստիարակել:
Է.- Հասկանո՞ւմ եք…(հեռախոսի զանգ): Ներեցեք… Լսում եմ… Հա~, ողջույն…Ների´ր, խնդրում եմ, ես… Հասկանո՞ւմ ես... ես... ավելի լավ է` վաղը…Ո~չ, ոչ մի կերպ չեմ կարող… Մինչև վաղը… (անջատում է): Տեսնում եք…
Ս.- Տեսնում եմ… (երկուսն էլ ծիծաղում են): Իսկ կարդո՞ւմ եք…
Է. – Նայած ինչ: Նոր ստեղծվող գրականության «ետևից չեմ հասնում», բայց այս գրքից աշխատում եմ չբաժանվել` Յանուշ Կորչակ` «Ինչպես սիրել երեխային», սա էլ է նույն հեղինակի գիրքը` «Մանկավարժական ստեղծագործությունների ժողովածու»: Կարդացե՞լ եք:
Ս.- Ցավոք...
Է.- Գոնե գիտե՞ք` ով է Յանուշ Կորչակը:
Ս.- Մանկավարժ…
Է.- Բժիշկ` ամենից առաջ: Հավասարապես և դաստիարակ, հոգեբան, հետազոտող, գրող և ավելին… Գրել է լեհերեն, բայց համամարդկային արժեք է… Անցել է Առաջին համաշխարհայինը, «Ինչպես սիրել երեխային» գիրքը խրամատներում է գրել: Մինչև Երկրորդ համաշխարհայինի վերջը չապրեց:
Ս.- Գիտեմ: Զոհվել է գազախցիկում:
Է.- Իր սաների հետ միասին: Կարող էր փրկվել, բայց չուզեց թողնել իր երեխաներին…
Ս.- Այո… Եվ նա Ձեր…
Է.- Կուռքեր չեմ ստեղծում: Նա կենեդանի է, հասկանո՞ւմ եք: Ոչ նրա համար, որ ամեն ինչ ասել է, կամ ճիշտ է ասել. ոչ ամեն ինչ չէ, թեև ասածն էլ անհամատեղելի է…
Հասկանալ մանկությունը` նշանակում է հասկանալ մարդուն: Այս հասարակ բանը նա բոլորից լավ էր հասկանում:
Յուրայնացրել է մանկությունը, տեսել նրա բոլոր գույները, հազարավոր մանրամասնությունները, շեղումները: Հենց նա էլ խոստովանել է (ի՛նչ խոստովանել, գոչել), որ երեխային չի ճանաչում: Դուք երեխաներ ունե՞ք:
Ս.- Այո, իսկ ինչո՞ւ եք հարցնում:
Է.- Դուք նրանց ճանաչո՞ւմ եք:
Ս.- Ե՞ս:
Է.- (Նայում է ժամացույցին): Հիմա մեզ կընդհատեն: Ահա թե ինչ էի ուզում Ձեզ ասել: Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի գիրք (Հեռախոսազանգ: Նայում է ապարատին: Զանգը կրկնվում է) չի օգնում, այո` ոչ մի գիրք: Չի օգնում:
Ս.- Կարծես լավ չհասկացա:
Է.- Հիմա կհասկանաք: (Վերցնում է խոսափողը): Այո: Բարի երեկո, Վիտա Վիտալևնա: Այո, իհարկե… Դարձյալ նույն բա՞նը.. Ես այդպես էլ ենթադրում էի: Բայց ես ձեզ բացատրեցի, չէ՞… Ես խնդրեցի հաշվի առնել… Ոչ, ես այդպիսի բան չեմ ասել, մի վայրկյան, …Ես ուզում էի ասել…լավ, լսում եմ…
(Խոսափողի միջից լսվում է կանացի հաճելի ձայն. «Նա շարունակում է ոչինչ չանել, չգիտես՝ որտեղ է քարշ գալիս… կոպտում է, ստում… ») Լսո՞ւմ եք ( Ձեռքով ծածկում է խոսափողը):
Ս.- Ձեր հիվա՞նդն է:
Է.- Վիտա Վիտալևնա… Իմ հիվանդն է, հիվանդների դուստրը, հիվանդի կինը, հիվանդի մայրը: Կարդացող է, Կորչակը միշտ ձեռքի տակ է: (Խոսափողի միջից լսվում է. «Անտանելի է… Ձեր ողջ հոգեբանությունը…»):
Ս.- Մի քիչ լսվում էր. ինչ-որ դժբախտությո՞ւն է պատահել…
Է.- Արատառոց ոչինչ, տարիների պատմություն է…Վիտա «կյանք» է նշանակում, ուշադրություն դարձրեք` Վիտա Վիտալևնա… Բարձրահասակ է, շիկահեր, դեռևս երիտասարդ ու հմայիչ…Հիմա երկխոսություն պետք չէ, նա դեռ պիտի թեթևանա: (Խոսափողի մեջ` մեղմ, կարեկցաբար) Այո, հասկանում եմ… Այո, իհարկե… (Զրուցակցին) Այո, գրքերը… Հիմա հասկանալի՞ է…
Ս.- Ճիշտն ասած` այնքան էլ չէ…
Է.-Ոնց թե… Լսո՞ւմ եք (Խոսափողից` «Խենթանոց է… հնարավոր չէ դիմանալ… Դարձյալ գիշերվա ժամը 2-ին…):
Ս.- (Մատը քունքի մոտ պտտելով) Առանձնահատուկ դե՞պք է:
Է.- Շատ սովորական… (Խոսափողից` «Նրա համար ես եղած-չեղած՝ մի հաշիվ է… խոզ…»): Տեսեք` ինչ է ստացվում, ում ամենից շատ են պետք մեր գրքերը, նրանց ամենից քիչ են օգնում, նույնիսկ եթե դրանք կարդում են… (Խոսափողի մեջ) Այո՞, մի՞թե, մի տես, է…)
Ս.- Ներեցեք, ոչ, չեմ կարող Ձեզ հետ համաձայնել: Մի դեպքը դեռ ոչինչ չի նշանակում, Դուք տրվեցիք տրամադրությանը: Դուք, որ գրում եք, ինչպե՞ս կարող եք մերժել Ձեր աշխատանքի իմաստը: Լավ գրքերը, իսկական գրքերը…
Է.- Չեմ ժխտում, ոչ: Հսկայական ազդեցություն ունեն, դաստիարակում են , զարգացնում են, աշխարհներ են բացում… Խոսափողից միջից ամանների զրնգոց է լսվում, ինչ-որ բացականչություններ։ Խոսափողը դռռում է։ Մլ վայրկան. կարծես սկսվում է… (Խոսափողի մեջ` բարձր և ոգևորված) Այո։ Ամեն ինչ շատ ճիշտ է… Բանն էլ հենց դա է… (Էլի մի քանի բղավոց ու ձայնարկություն, ու հոգնած թիկնում է) Ահա և ամբողջը… Այսօր այսքանը:
Ս.- Օրիգինալ մեթոդ է… Պողպատե նյարդեր ունեք…
Է. (Մատը մոտեցնելով շուրթերին): Սըսս…Լուռ: Վիտա Վիտալևնա, ինձ լսո՞ւմ եք: (Խոսափողը տալիս է Ս-ին) Լռություն:
Հնչում էր մշակված մագնիտոֆոնային ձայնագրություն: Բժիշկ Է.-ի դերում` Դ.Ս. Կստոնով, լրագրողի դերում՝ Վ. Լ., Վիտա Վիտալևնայի դերում՝ Վիտա Վիտալևնա:
Դոկտոր Կստոնով
Ով չի հասցրել կարդալ «Առանձնահատուկ լինելու արվեստը» (ԱԼԱ), նրանց թույլ տվեք նորին ներկայացնել՝ դոկտոր Դմիտրի Սերգեևիչ Կստոնով, իմ գործընկերը, բարեկամը և համահեղինակը: Մի փոքր հատված մեջբերեմ՝ որպես դիմանկարի փորձ. «Դ.Ս.-ի արտաքին տեսքը առանձնանում է անսովոր սովորականությամբ. նա ոչ բարձրահասակ, երկարուկ, չորուկ, չափազանց հաստլիկ տղամարդ է, նեղ հզոր ուսերով, համարյա սապատավոր, գավազանի նման ձիգ, մուգ մազերով մի տղամարդ, խիտ ու կոկիկ, ձյութի նման սև, գանգուր, սպիտակահեր մազերի թավ գլխարկը բոլորովին ճաղատ գանգին:
Նրա կճատ կիսադեմը, որ նման է նորալուսնի, Դանթեին է հիշեցնում, իսկ ամպի տակ մտած արևի նման նեղաչք մոնղոլական երեսը, բանն էլ այն է, որ դաժանորեն ժպտում է: Մաշկը մեկ գունատ է, բայց՝ հարթ, մեկ՝ կնճռոտվում է, բայց` վարդագույն… Անտեսք, տղայանման տղամարդ: Ճոճվելով քայլում է (նստել չի սիրում), կանգնեց հայելու մոտ, կծկվելով խրվեց խալաթի մեջ:
Քայլեց նորից, ուղղվեց... Կզակը հաստ, պարանոցը՝ բարալիկ, կիսաթափանց. դեմքի փոխարեն (շրջվեց, գալիս է դեպի ինձ) հարթ, չոր, շտապ պատրաստված շրջանակ անորոշ գույնի աչքերի համար, որոնց գույնը կախված է լուսավորությունից. այ, աչքերը թեթևակի թարթում են…
Մի փոքր շտրիխ էլ. չգիտես ինչու՝ սոճու հոտ ունի, գուցե օդեկոլոնից է: Քանի դեռ այդ մարսեցի ճուտիկը քայլում է աշխատասենյակում, շրջանակը թարմանում է, հասակն ու թիկունքի լայնությունը մեծանում են, մեղմ տենորից դուրս է լողում ձիգ, փափլիկ բարիտոնն ու զարգանալով դառնում է ջրալի արևային բաս, անգույն շիկահերը փոխվում է սևուկի…»:
Այդ ժամանակվանից դոկտորն ամենևին չի փոխվել, այսինքն՝ շարունակել է փոխվել բոլոր ուղղություններով՝ և՛ ծերացել է, և՛ երիտասարդացել:
Դոկտոր Կստոնովը առաջվա նման զբաղվում է անհատական և խմբային հոգեթերապիայով: Վարում է «Պիտաչոկ»[1] հոգեբանական ակումբը: Այդ ակումբ ես էլ եմ հաճախում իմ ընտանիքով: Ընդունելությունը նույն սենյակում ենք անցկացնում՝ հերթով:
Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. երբ մենք սկսեցինք, հինգից երեքը երեխայի էինք ընդունում: Հիմա ամեն երկրորդն է երեխա, նույնիսկ՝ ավելին: Ամեն երկրորդ-երրորդ նամակում ինչ-որ մեկի մայրը կամ հայրը խուճապի մեջ է՝ երեխան այնպես չի մեծանում, ինչ-որ բան այնպես չէ...
Երեխաները նույնպես մեզ կարդում են, իսկ երբեմն էլ նամակներ են գրում և դժգոհում ծնողներից, իրենցից, կյանքից:
Սովորաբար ծնողները շատ են խոսում, երբ խոսքը իրենց զավակներին կամ իրենց է վերաբերում, երեխաները հանճարեղ չխոսկաններ են: Ոչ թե պատմելու բան չունեն, այլ ՝ լսող չկա:
- Դու մայրիկին սիրո՞ւմ ես:
- Ըհը… (Սա օրը մի անգամ նշանակում է` սիրում եմ, հինգ անգամ` չեմ սիրում):
Բժշկի առաջ փոքրիկները դողում են, մի քիչ մեծերը խառնվում են իրար, մեծերը՝ փակվում:
Ինչպե՞ս կապացուցես, որ դու դավադրության մասնակիցը չես: Պատասխանատու են, որքան պարկեշտ են: Երբեմն միանգամայն անկեղծ են...
Թե ինչպես է երեխան վերաբերվում մեծերին, մասամբ կարելի է իմանալ նրա վարքից, աչքերից և կեցվածքից, մասամբ՝ խաղերից, նկարներից, թեստերից և այլ կողմնակի դրսևորումներից, բայց միայն մասամբ:
Ինչ-որ տեղեկատվություն կարելի էր քաղել, եթե անտեսանելի հասանելիություն ունենայինք մանկական հավաքներին. սակայն եթե նույնիսկ մեր ճանաչողական տեխնիկան այդքան առաջ էլ գնար, մենք, վախենում եմ, որ գիտական իմաստվ հիասթափված կմնայինք։
Մեծերի, հատկապես ծնողների հարցում երեխաներն այնքան էլ չեն անկեղծանում իրար հետ: Դեռ պետք է հավատան գոնե, որ իրենք եթե ոչ խոսելու, գոնե անկեղծ մտածելու իրավունք ունեն:
Երեխաները մեծերի մասին
Դ.Ս.-ի գրառումներից
Գոշա, 5 տարեկան
- Իմ տատիկը բարի է։ Բայց նա չի կարողանում բարի լինել:
- Չի կարողանո՞ւմ:
- Չէ:
- Էդ ո՞նց:
- Նա գոռում է:
- Գոռո՞ւմ է: Բարիներն էլ են մեկ-մեկ գոռում: Դու էլ մեկ-մեկ, չէ՞…
- Երբ ես գոռում եմ, ես չար եմ: Իսկ տատիկս անընդհատ է գոռում:
- Բա ի՞նչ գիտես, որ նա բարի է:
- Մայրիկն է ասում:
(Վախեր, ճգնաժամեր):
Դանյա, 7 տարեկան
- Իմ մայրիկը շատ լավն է և շատ ձանձրալի: Իսկ իմ հայրիկը շատ հետաքրքիր է և շատ վատը:
- Իսկ ինչո՞վ է հայրիկդ հետաքրքիր:
- Նա մեծ է, ուժեղ: Նա կարողանում է … (թվարկում է): Նա գիտի … (թվարկում է):
- Դու, երևի, ուզում ես մայրիկի նման լավը լինել, հայրիկի նման` հետաքրքիր:
- Չէ, Ես ուզում եմ անտեսանելի լինել: Ուզում եմ ոչ մի ձև լինել:
(Գիշերային անմիզապահություն, բարձր գրգռվածություն: Ծնողները բաժանված են: Մայրը «լաչառ» է, հայրն պարբերաբար հարբեցողության մեջ է ընկնում):
Դաշա 11 տարեկան
-Հայրիկիս ես շատ եմ սիրում: Ես առաջ ուրիշ հայրիկ ունեի, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Հայրիկս հրաշալի է, ու ես նրան շատ…
- Մայրիկին էլ, իհարկե:
- Մայրիկին էլ: Բայց նա չի թողնում…
- Ի՞նչ չի թողնում:
- Նա խանգարում է… Դե, չի թողնում, որ իրեն սիրես: Աչքերով ինչ-որ ետ է մղում: Ոնց որ ասի, թե ես իրեն չեմ սիրում:
(Ներքին խորը հակասություն, որի պատճառը չգիտակցված խանդն է, ընկճվածություն):
Դիմա 12 տարեկան
- Թակոց եմ լսում… Հայրիկն է ներս գալիս. վերջ, ոչինչ չեմ հասկանում… այ, այստեղ ինչ-որ բան սեղմվում է: Հանվում է… դոփում է, հևում… Դեռ չգիտեմ` ինչու եմ մեղավոր, բայց որ մեղավոր եմ, դա հաստատ է: Տես` ժամը քանիսն է, իսկ ես դասերս դեռ չեմ արել, սենյակն աղբանոցի է նման, դույլը դուրս չեմ տարել, լամպը գնդակով ջարդել եմ, գորգին թանաք եմ թափել… Ես ինչ իմանայի, որ գնդակն այդ կողմ կթռչի:
(Լավ զարգացած է, սպորտային, սակայն նևրոզ է` ներքին օրգանների հիվանդությամբ: Ծնողները պատժի կողմնակից են):
Օքսանա, 13 տարեկան
Իմոնք հրաշալի են, ամենա-ամենա… Դեռ ութ տարեկանում ես որոշել եմ, որ երբ նրանք մեռնեն, ես էլ կմեռնեմ… Նրանք ինձ լավ չեն ճանաչում: Ես պատմել չեմ կարողանում, իսկ նրանք անմիջապես ասում են` վատ է կամ լավ, ճիշտ է կամ սխալ… Նրանք խելացի են, բարի: Ես երբեք նրանց նման չեմ դառնա: Իսկ հիմա ես ուզում եմ մեռնել, ես էլ չեմ կարող նրանց սիրել… (Ճգնաժամային իրավիճակ: Ծնողները ուսուցիչներ են)։
Սաշա, 14 տարեկան
Երբ տանն եմ լինում, նրանք ասում են, որ ես խանգարում եմ իրենց ապրել: Բայց ես նրանց ի՞նչ եմ անում: Երաժշտություն եմ միացնում… Մի անգամ սանրից արբանյակ սարքեցի, մի քիչ հոտ եկավ… Գնում եմ, աշխատում եմ ուշ տուն գալ: Երբ տուն եմ գալիս, նորից նույն բանը` էլի թրև ես գալիս, ոչ մի բան չես անում, դիտմամբ ես անում, որ մենք հուզվենք, խանգարում ես ապրել… Փիսո բերեցի: Մեկ է` իրենց համար վատ է, հոտը դուր չի գալիս: Դե, ես էլ մի անգամ ասացի.
- Դե, պետք չէր ինձ ծնել:
(Խուսափում ուսումից, հակվածություն ստի նկատմամբ և մանր գողության: Շարժուն է, խելացի: Ծնողները հումոր չունեն, իրար հետ լեզու չեն գտնում)։
Մարինա, 18 տարեկան
- Երեկ ես նրանց առաջին անգամ ասացի, որ էլ չեմ կարող տրորած խաշած ձու ուտել: Արդեն քսան տարի է` նրանք ամեն առավոտ խաշած ձու են ուտում, որ մի օր բաց չեն թողել:
Մեծերն ավելի խելացի չեն, նրանք ավելի փտած են:
Նամակ Դ. Ս-ի պատասխանով
Բարև Ձեզ, Դմիտրի Սերգեևիչ: Իմ ընկերուհի Գալկան ու ես սովորում ենք նույն 7-րդ դասարանում, նստում ենք նույն նստարանին: Ես էլ եմ Գալկա: Էնքան էլ վատ չենք սովորում. կարող էր ավելի վատ լինել: Երեկ կյանքում առաջին անգամ մենք միասին մտածեցինք և իրար հարց տվեցինք, թե ինչու սովորել չենք ուզում: Ես ասացի.
- Ես կարող է և ուզեի, եթե իմանայի, թե հետո ինչ է լինելու: Մայրս անընդհատ երեսով է տալիս, որ ինքը գերազանցիկ է եղել, շատ է կարդացել: Նա հիմա էլ է կարդալ սիրում, բայց ժամանակ չունի: Աշխատում է ինչ-որ գրասենյակում, փողը քիչ է, հաճախ է հիվանդանում: Ապրելը նրան դուր չի գալիս, նա ապրել չգիտի, ինքն է ասում: Ինչ իմաստ ուներ գերազանց սովորել, և հիմա էլ նույնը ինձ ստիպել: Չեմ հասկանում:
Գալկան ասաց.
- Մինչև հիմա չե՞ս հասկացել, որ այդ մեծերն ընդհանրապես հիմար են: Նրանք ուզում են, որ մենք էլ իրենց նման լինենք: Մենք հենց իրենց նման էլ լինելու ենք:
Ես ասում եմ.
- Չէ, ես չեմ լինելու:
- Կլինես, ուրիշ ճար չունես: Այ, կտեսնես:
- Իսկ ես չեմ ուզում ու չեմ դառնալու:
- Հա-հա-հա…Կստիպեն:
- Ոչ ոք ինձ չի ստիպի:
- Հա-հա-հա…Դու առանց այդ էլ լավ հիմար ես:
- Իսկ դո՞ւ:
- Ես էլ: Միայն թե ես արդեն հասկանում եմ, որ ես հիմար եմ, իսկ դու դեռ չես հասկանում:
- Որովհետև դու ոտքից գլուխ հիմար ես:
- Իսկ դու միայն «ոտքի՞ց» ես հիմար:
Վիճեցինք, դե ինչ: Իսկ հիմա ես մտածում եմ, կարող է` Գալկան ճիշտ է: Փոքր ժամանակ միամիտ էի, բայց խելք ունեի, հաստատ եմ հիշում: Իսկ հիմա հիմարացել եմ, ճիշտ որ: Որովհետև ինձ ստիպում են ոչ թե իմ, այլ ուրիշի խելքով ապրել: Ես հիմա գիտեմ, որ մեծերն ավելի խելացի չեն, քան փոքրերը, նրանք ընդամենը ավելի մեծ են: Ասենք` մեծ էլ չեն, պարզապես ավելի ինչ-որ հի~ն են, ի~նչ են: Ասացեք խնդրեմ` հնարավո՞ր է խելքի գալ: Եվ իմաստ ունի՞: Սա է գլխավորը:
Բարև, Գալկա: Այս կյանքում հիմարանալու և փտելու շատ պատճառներ կան: Այս հարցում դու ու Գալկան ճիշտ եք. միայն հեռուստացույցը հերիք է, կամ համակարգչային խաղերը: Իսկ հնարավո՞ր է խելոքանալ (իմաստ ունի՞), ամբողջ կյանքում դրա վրա գլուխ եմ ջարդում: Եվ ամեն անգամ թվում է, թե այդ մասին առաջին անգամ եմ մատծում: Լավ սովորելը, իմ կարծիքով , պարտադիր չէ, բայց եթե դա առողջությանը չի վնասում, ինչո՞ւ չսովորել որ: Ո՞րն է ավելի պակաս հիմարություն` լավ սովորե՞լը, վատ սովորե՞լը, թե՞ ընդհանրապես չսովորելը: Դրա պատասխանը ես դեռ չգիտեմ, մտածում եմ: Եվ քանի որ պատասխան չկա, ստիպված պիտի ընտրես հիմարություններից մեկը և այդ հիմարությունը համարես քո միտքը: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով, խելքը հիմարության տարատեսակներից մեկն է: Մի խոսքով, արի միասին խելք հավաքենք, պայմանավորվեցի՞նք: Դ.Ս.
… Մեր նյութերը` հատվածներ իմ և Դ.Ս.-ի օրագրերից, զրույցների և հանդիպումների գրառումները, նամակները…, այդ ամենը միավորելը, խոստովանում եմ, այնքան հեշտ գործ չէ: Երբ նամակ ես ստանում կամ գրում, հասկանում ես, որ ամեն մարդ մի աշխարհ է: Եվ գալիս է մի պահ, երբ դեղատոմս է պետք` կատակ, հեքիաթ, լռություն…
Ահա գրավոր հաղորդակցության մի տեսակ էլ, որ ես ու Դ.Ս-ն ենք մտածել մեզ և մեր ընթերցողների համար: Մոտ հոմանիշներ` հիշողության քարկապեր, NB (նոտա բենե` լավ հիշիր), մտքեր դաշտերում, անմոռուկներ…
[1] Пятачок – 1. հնգյակ, 2. հինգկոպեկանոց մանրադրամ, 3. խոզուկի, ճագարի կլոր մռութ, խորհրդային մանկական մուլտֆիլմի հերոս (խմբ.)
- Բացվել է 3948 անգամ