Կրթահամալիրի տոնածիսական համակարգի մասին
Primary tabs
Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում «Ապոլոն» գիտակների ակումբի մի խումբ սովորողների մասնակցությամբ իրականացրինք ազգագրական հարցում, որն իր մեջ ներառում էր կրթահամալիրում տոնածիսական վարքի արտահայտման ուսումնական նախագիծը: Սույն հոդվածում կներկայացվեն այդ հարցման ընդհանուր նկարագիրը և արդյունքները: Հարցումն իրականացվել է չորս խմբով: Հարցմանը մասնակցել են 120 մարդ՝ 100 սովորող (ամենատարբեր տարիքային խմբերի), 20 դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ և դասավանդողներ: Բացի անհատական հարցումներից, կիրառվել է նաև ֆոկուս-խմբային հարցման մեթոդը: Հարցումներն իրականացվել են կրթահամալիրի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ Արհեստագործական ավագ դպրոցի, որտեղ հրաժարվել են դրան մասնակցելուց: Հարցումն իրականացվել է երկու թիրախային թեմաներով. «Սեբաստացու օրեր կրթահամալիրում. կրթահամալիրի տոն» և «Կոմիտասյան օրեր»: Ընտրությունը պատահական չէր, քանի որ առաջինն արդեն ունի խոր արմատներ, ապա երկրորդն այս տարի նշվեց բավականին մեծ շուքով, և թողած տպավորությունը կարող էր որոշակի արդյունք տալ հարցման ընթացքում: Առաջին հարցաշարն ուներ այս տեսքը.
Սեբաստացու օրեր կրթահամալիրում
Դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին, դասավանդողներին ուղղված հարցախումբ
1. Ի՞նչ եք հասկանում տոն ասելով:
2. Ձեր կարծիքով` այս տոնն իր մեջ ի՞նչ բաղադրիչներ է պարունակում:
3. Գնահատեք այլ հաստատություններից մարդկանց մասնակցությունը տոնին։
4. Ի՞նչ սոցիալական խմբեր են ներգրավված տոնին:
5. Գնահատեք ծնողների մասնակցությունը տոնին (միջոցների առումով):
Սովորողներին ուղղված հարցախումբ
1. Ի՞նչ եք հասկանում տոն ասելով:
2. Տեղյա՞կ եք, որ կրթահամալիրում անցկացվում են Սեբաստացու օրեր:
3. Արդյո՞ք հաճույքով եք մասնակցում տոնին:
4. Ի՞նչ մասնակցություն ունեք տոնին, ինչպիսի՞ն կուզեիք, որ տոնը լիներ, ի՞նչ փոփոխություններ կմտցնեիք:
Արդյունքում ունենք հետևյալ մոտավոր պատկերը: Սովորողների պատասխանները հիմնականում կրկնվող են: Առավել ավագ տարիքային խմբի սովորողները դժկամության են մասնակցում հարցմանը (հատկապես միջին և ավագ դպրոցի սովորողները): Սովորողների գերակշիռ մասը տոնի պասիվ մասնակիցներ են: Ծրագրերի ղեկավարների, կազմակերպիչների և դասավանդողների մի մասը (մոտ կեսը) դժվարանում է մի քանի նախադասությամբ նկարագրել «տոն» հասկացությունը, կոնկրետ այս տոնի հիմնական բաղկացուցիչները: Փոխարենն ավելի ակտիվ և ոգևորված են ավելի փոքր տարիքային խմբի սովորողները, ովքեր հիմնականում տոնի ակտիվ մասնակիցներ են՝ օժտված որոշակի կազմակերպչական գործառույթներով: Այս տոնի շրջանակում համեմատաբար ակտիվ է ծնողական համայնքը:
Երբ տոնը դիտարկում ենք ոչ շահագրգիռ անկյունից, այսինքն՝ «դրսի աչքով», ապա փաստում ենք հետևյալը. տոնում առկա են ուսումնական-մշակութային բազմաթիվ տարրեր: Այդ տարրերը չափորոշվում են ինչպես ակադեմիական «տոն» հասկացության պատկերացմանը վերաբերող հատկանշական կողմերով, այնպես էլ անհատի կրթական և գեղագիտական պահանջմունքերը բավարարելու համատեքստում: Տոնի անվանումը, այդ ընթացքում ներկայացվող նյութերը և փաթեթներն ինքնին ուսումնական բաղկացուցիչներ են: Իսկ կոնկրետ անցկացման վայրերը կարելի է դիտարկել տոնին անհրաժեշտ միկրոհամալիրի բաղկացուցիչ՝ բնակավայր, բնակարան կամ «հրապարակ»: Տոնի կարևոր և առկա բաղկացուցիչներից են երաժշտական ստեղծագործությունները, ծիսաշարը, խաղերը, ուտեստը, ցուցահանդեսները: Հատկապես կարևոր է նաև դրացիական համայնքի, այս պարագայում ծնողների ակտիվ ներգրավվածությունը: Կրտսեր տարիքային խմբի սովորողների համար այն գրավիչ է իր աշխուժությամբ: Ավագ տարիքային խմբի սովորողների հետաքրքության պակասը հիմնականում հիմնավորվում է այլ արժեհամակարգի ընկալումներով, տոնի գաղափարի ոչ լիարժեք մատուցմամբ և ուսումնական-մշակութային որոշակի բարդույթի առկայությամբ:
Կոմիտասյան օրերը կրթահամալիրում
Հարցաշար՝ ուղղված կազմակերպիչներին և ծրագրի ղեկավարներին
1) Ի՞նչ եք հասկանում տոն ասելով:
2) Ըստ Ձեզ, որո՞նք են Կոմիտասյան օրերի բաղադրիչ մասերը:
3) Ե՞րբ են մեկնարկում Կոմիտասյան օրերը կրթահամալիրում:
4) Ի՞նչ գիտեք Կոմիտասի մասին:
5) Ինչպիսի՞ ակտիվությամբ են մասնակցում տոնին կրթահամալիրից դուրս անձիք, այդ թվում` ծնողները:
6) Հաճույքո՞վ են մասնակցում միջոցառումներին սովորողները:
7) Ի՞նչ արդյունք է տալիս նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների համար:
8) Ի՞նչ կցանկանայիք փոփոխել տոնի անցկացման կարգի և կազմակերպվող միջոցառումների մեջ:
9) Արդյո՞ք տոնն անցկացվում է միայն կրթահամալիրի տարածքում, թե՞ կրթահամալիրից դուրս նույնպես:
10) Դպրոցի սովորողներն ի՞նչ աստիճանի են ներգրավված տոնի ընթացքում կատարվող միջոցառումների մեջ:
Հարցաշար՝ ուղղված սովորողներին
1) Ի՞նչ եք հասկանում «տոն» ասելով:
2) Ի՞նչ գիտեք Կոմիտասի մասին:
3) Ե՞րբ են մեկնարկում Կոմիտասյան օրերը կրթահամալիրում:
4) Հաճույքո՞վ եք մասնակցում տոնին, թե՞ ոչ:
5) Կրթահամալիրից դուրս տեղի ունենու՞մ են ինչ-որ միջոցառումներ:
6) Ձեր ընկերներին, բարեկամներին կփորձե՞ք ներգրավել տոնի մեջ:
7) Կոմիտասյան օրերի բաղադրիչներից որո՞նք են Ձեզ ամենից շատ դուր գալիս:
8) Ի՞նչ եք սովորում նմանատիպ միջոցառումներից։
Այս պարագայում, եթե չենք անդրադառնում ընդհանրապես տոնի և դրա բաղադրիչների պատկերացումներին առնչվող, վերը նշված և մատուցված բաղադրիչներին, այլ կոնկրետ քննարկման առանցք ենք վերցնում բուն կոմիտասյան օրերը, ապա պատկերը հետևյալն է: Ինչպես և ակնկալվում էր, երգ-երաժշտություն դասավանդողները կարողացան շատ հստակ ներկայացնել այս տոնը, տոնի հիմնական բաղադրիչները և դրա հետ կապվող ուսումնական միջավայրը: Ծրագրի ղեկավարների և դասավանդողների պարագայում կրկին նկատվեց ոչ ամբողջական պատկերացում: Կազմակերպիչները կարծես ավելի էին ներգրավված: Հատկապես ոգևորիչ էին արդյունքները Դպրոց-պարտեզում և Գեղարվեստի կրտսեր և ավագ դպրոցներում: Վերջինի դեպքում կարող է դերակատարում ունենալ մասնագիտական ուղղվածությունը, բայց դա նույնպես արդյունք է: Հատկանշական է նաև, որ այս պարագայում ևս կրտսեր տարիքային խմբերի համար տոնի ուսումնական բաղադրիչն առավել արդարացված էր, չնայած այն հանգամանքին, որ այդ օրերի հետ կապված ուխտագնացությանը մասնակցեցին նաև մեծ թվով բարձր տարիքային խմբի սովորողները: Այստեղ արդյունքներն առավել մտաhոգիչ են, քանի որ թվում էր, թե հայրենագիտական-ուսումնական բաղադրիչը ևս պետք է նպաստեր Կոմիտաս ճանաչելուն և յուրացնելուն: Նման միտում կա նաև որոշ դասավանդողների պարագայում: Կոմիտասյան օրերին ցածր էր ծնողական համայնքի մասնակցությունը:
Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք, տոնածիսական համակարգի կայացումը և հիմնավորումն առավել արմատավորված է կրտսեր դպրոցներում: Սա նշանակում է, որ հիմնային մասում կա աճի միտում և ներուժ: Սա ունի իր փաստարկները՝ ղեկավարների, դասվարների և այլ օղակների աշխատողների հետևողականություն, դրական առումով ճաշակի ուղղորդում, սովորողի՝ առանց բարդույթների հանդես գալու սոցիալական հենք: Միջին և ավագ դպրոցներում այս համակարգի առաջ ծառացած են մի շարք խնդիրներ, չնայած պետք է փաստել, որ փոքր թիվ ունեցող ակտիվ մասնակիցների դեպքում առաջանում է արդյունավետ ուսումնական միջավայր: Խնդիրներից թերևս կարելի է փաստել սովորողների տարիքային ցենզին բնորոշ այլ հետաքրքրասիրությունների դրսևորումը, արժեքային կողմնորոշվածության մասնակի թերացած հիմքը, դասավանդողների մի մասի կրավորական վերաբերմունքը:
1. Թոքմաջյան Վ., «Պատմություն և մշակույթ», Երիտասարդության մասնակցությունը Էրեբունի-Երևան տոնակատարություններին, Եր., 2011թ.:
2. «Ապոլոն» գիտակների ակումբ, ԴԱՆ, Եր., 2012թ.:
- Բացվել է 1788 անգամ