«Դստրիկ» ընթերցարանները կրթահամալիրում

Հեղինակ: 

Կրթահամալիրում ընթերցանության կազմակերպումը  իրականացվում է կրթական ծրագրերի միջոցով: Անընդհատ ընթերցանությունը խթանելու համար մշակվում են մեթոդներ և ձևեր, տարբեր հանդիպումներ և միջոցառումներ են կազմակերպվում ընթերցողների հետ:

Գրքի և ընթերցողի հանդիպումը հեշտացնելու, ընթերցարանը կրտսեր տարիքի սովորողներին մատչելի դարձնելու համար որոշեցինք կրթահամալիրի  կրտսեր դպրոցներում ստեղծել նոր ընթերցասրահներ: Առիթը եղավ այն, որ սովորող Արևիկ Տատինցյանն իր ծննդյան օրվա առթիվ պապիկից՝ Աշոտ Բլեյանից, որպես նվեր խնդրել էր կրտսեր դպրոցում ընթերցարան բացել:

Ընթերցարանը կոչվեց «Գրադարան-ընթերցարան», որի նմանությամբ մյուս կրտսեր դպրոցներում էլ բացվեցին ընթերցարաններ, որոնք գրադարանում անվանվում են դստրիկ-ընթերցարաններ: Ընթերցասրահները համալրվում են կրթահամալիրի միջոցներով և սովորողների, ծնողների, դասավանդողների նվիրատվություններով: Համագործակցելով հրատարակչությունների հետ, մասնակցելով նրանց կազմակերպած միջոցառումներին՝ համալրում ենք դստրիկ-ընթերցասրահները:

Գրականությունն ընտրելիս հաշվի ենք առնում սովորողների տարիքային առանձնահատկությունը:

Դստրիկ-ընթերցարանների հիմքում ընկած է ինքնասպասարկումը: Այսինքն՝ կրտսեր դպրոցների սովորողներն իրենք պիտի կազմակերպեն իրենց ընթերցասրահը և սպասարկեն իրենց հասակակից ընթերցողներին: Իհարկե, մեծերի օգնությամբ: Այդպես, յուրաքանչյուր դստրիկ-ընթերցասրահին կցվեց գրադարանի մեկ ավագ տարիքի սովորող-գրադարանավար:

Մայր-գրադարանի սովորող-աշխատողները, ովքեր արդեն սովորում էին գրադարանային գործ, ինքնուրույն կազմակերպեցին ընթերցասրահների գործունեությունը և Ձմեռային ճամբարի ժամանակ սեմինար-պարապմունքներ անցկացրին կրտսեր դպրոցների աշակերտների հետ` այդ մասին պատմելով գրադարանի կայքում (տե´ս «Գրադարանային դասընթացներ դպրոց-պարտեզում», «Ճամբարային դասընթաց կրտսեր դպրոցների  ընթերցասրահներում», «Վերապատրաստում ենք կրտսեր ընթերցավարներին»): Ինչպես և Մայր-գրադարանում, դստրիկ-ընթերցարաններում նույնպես սպասարկումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:

Ընթերցասրահում կազմակերպվում են դասարանային, խմբային, անհատական ընթերցումներ, ուսումնական պարապմունքներ, մեդիացուցադրություններ, քննարկումներ, հեքիաթների, ընթերցված գրքերի քննարկումներ:

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский