Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն

Երեխաները ապրում, մեծանում և զարգանում են այն աշխարհում, միջավայրում, որը կա և որը ստեղծել ենք մեծահասակներս: Մեր՝ մեծահասակներիս խնդիրն է ապահովել անվտանգ, զարգացնող, դինամիկ, ստեղծական, ինքնակրթման, ինքնադրսևորման հնարավորություններ տվող կրթական միջավայր (մեդիամիջավայր):

Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Ուսումնական ճամփորդությունը չի սահմանափակվում միայն տվյալ տարածք այցելությամբ ու ուսումնասիրությամբ: Այն պիտի դառնա դասարան-լաբորատորիայում իրականացվող նախագիծ-թեմայի բաղկացուցիչ:

Թեմա` Աշուն
4-րդ դասարան

Խնդիրները` ստեղծագործականության, դիտողականության, դիտարկումներ անելու, բանավոր խոսքի խմբագրման, թվային գործիքներից օգտվելու, համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտությունների զարգացում:
Թեման ընդգրկում է լեզվագործունեությունը, մեդիատեխնոլոգիան, ուսումնական ճամփորդությունը:
Թեմայի տևողությունը մեկ շաբաթ է:

Մեկնարկը

Դրսում գույնզգույն ու սիրուն աշուն է, այնքան սիրուն, որ նայելդ, նկարելդ ու խոսելդ գալիս է: Դե, մենք էլ սկսեցինք: Սկսեցինք Աշուն բառից: Եվ որպես դասի սկզբնական, խթանման փուլ կիրառվեց «Պրիզմա» մեթոդը: Սովորողների հետ գտանք աշնան հետ կապված իրենց զգացողություններն արտահայտող բառերը, որոնք վերջում դարձան անսպասելի ու երևակայական մտքերի հիմք:

Հաջորդ աշխատանքն ուղղված էր էլի նրանց ստեղծագործական երևակայության ու անսպասելի լուծումներ գտնելու հմտության զարգացմանը: Հորինեցինք «աքրոստիկոսներ» աշուն բառով, որտեղ գովում էինք աշնանը: Հորինվածքներով ու paint նկարչական ծրագրում արված նկարներով հավաքվեց էլեկտրոնային ընթերցարան` Աշնանային ընթերցարան:

Աշնան մասին ունեցած մեր տեղեկություններն ամփոփելուց հետո դուրս եկանք բակ: Դպրոցի բակի աշունը նկարեցինք ջրաներկով ու ֆոտոխցիկով: Իսկ դիտարկումներն ամփոփվեցին առցանց քննարկման ընթացքում: Կարդա Մեր դպրոցի բակի աշունըվերնագրի տակ:

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդությունը բաժանվում է երեք մասի` նախապատրաստական փուլ, ճամփորդություն, ճամփորդության ամփոփում:
Նախապատրաստական փուլում ներկայացվեց այն վայրը, ուր այցելելու էինք: Նպատակը աշնան դիտարկումների շարունակությունն էր: Ընտրվել էր «Ջրվեժ» անտառապարկը: Համառոտ ծանոթացանք վայրին: Ինֆորմացիան ու նկարները դուրս էին բերվել համացանցից: Բացի դրանից, կատարեցինք աշխատանքի բաժանում: Մի խումբը ստացավ աշնանային տեսարանները լուսանկարելու հանձնարարություն, երկրորդ խումբը` հետևելու և գրանցելու էր, թե որքան ժամանակում դպրոցից հասանք Ջրվեժ: Երրորդ խումբը համեմատելու էր Ջրվեժի և «Բանգլադեշի» եղանակային տարբերությունները:

Ճամփորդության մեկնեցինք նոյեմբերի 8-ին: Շրջեցինք, տեսանք աշունը: Ավելի մանրամասն այս ֆոտոշարքում` Աշնան խշխշան ուրախությունը:
Ճամփորդությունը սովորողների կողմից ամփոփվեց կայքում, երբ նրանք հրապարակեցին իրենց հաշվետու նյութերը` վերը նշված հանձնարարություններին անդրադառնալով:

Շարունակվում է լեզվագործունեությունը, որին գումարվում է մեդիատեխնոլոգիան` թվային գործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառությամբ:

Աշնան թեման շարունակվեց երկու ոտանավորները սովորելիս: Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» ոտանավորը կարդացինք, գտանք անհասկանալի բառերի բացատրությունը, չափածո ստեղծագործությունը պատմեցինք արձակ, այն բաժանեցինք երկտողերի և նկարեցինք ըստ երկտողերի: Թղթային տարբերակից բացի Paint նկարչական ծրագրում նկարեցինք դրանք: Հավաքեցինք ըստ երկտողերի և Power Point ծրագրում ստացանք ոտանավորի թվային տարբերակը` մեր նկարչական մեկնաբանությամբ: Ստացված աշխատանքներից ամենահաջողվածները հրապարակվեցին կայքում (օրինակ` Կարինե Ոսկանյանի Էլեկտրոնային ընթերցարանը):

Հաջորդ ստեղծագործությունն էր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել էր»: Լեզվական աշխատանքներից հետո ձայնագրեցինք այն: Այս դեպքում էլ ընտրվեց հաջողված արտասանությունը: Այս փուլում կարևորվում էր գեղեցիկ ու ճիշտ առոգանությամբ արտասանությունը: Նկարագրված աշունը շատ էր համապատասխանում անտառապարկի աշնանը: Սովորողների արված լուսանկարներից ընտրվեցին մի քանի հաջողվածները և պատրաստեցինք ֆիլմ` «Աշուն + դիտարկում + ճամփորդություն + բանաստեղծություն= ֆիլմ»:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский