«Վահան Տերյան» նախագիծն ընթացքի մեջ

Հեղինակային կրթական ծրագրի 2012  թվականի  հոկտեմբերյան ստեղծագործական բաց հավաքին  իբրև շարունակական  նախագիծ՝  առաջարկել էի  տարաբնույթ  աշխատանքների   մի փաթեթ՝ նվիրված Վահան Տերյանին:  Հենց սկզբից   անհրաժեշտ ու նպաստավոր պայմաններ ստեղծվեցին  նախագիծն իրականացնելու համար:  Առաջին քայլը  աշնանային  արձակուրդին  դեպի  Գանձա   կատարած  ուսումնական  ճամփորդությունն էր:  Ճամփորդություն,  որն իսկական ներշնչանքի աղբյուր   եղավ  թե´ ինձ և թե´ մասնակից  սովորողների համար:

Տերյանական հարազատ միջավայրը,  գյուղը՝ իր երկու  միջնակարգ  դպրոցներով,  գյուղի մարդիկ,  Տերյանի  տուն-թանգարանը,  Սուրբ Կարապետ  եկեղեցին,  ամեն-ամեն ինչ  մեր հայացքի առջև էր, և  հենց Գանձայից  մեկը մյուսին  էին  հաջորդում   հոդվածների շարքը,  որ  տեղ էր գտնում  կրթահամալիրի  գլխավոր  կայքում:

Ճամփորդությունն ավարտվեց,  և իբրև   ամփոփում   այդ  հրաշալի  ուղևորության՝   հաջորդեցին  ճամփորդության և  հաստատված նոր բարեկամության  մասին պատմող  ֆիլմերն ու  իմ հաշվետվությունը:  

Ապա նախագծի  աշխատանքները շարունակվեցին  արդեն  ուսումնական պարապմունքների ժամանակ:  «Աշուն»  մեդիաօլիմպիադայի՝ իմ կազմած   առաջադրանքներից  մեկում  առաջարկել էի  ստեղծել  ուսումնական տեսանյութ՝  Գանձայի  բնապատկերների  վրա   հնչեցնելով   Տերյանի՝   Գանձային,  սիրելի ծնողներին,   հարազատ միջավայրին   նվիրված  բանաստեղծությունները:    Տեսանյութը ստեղծվեց  հենց  դասի  ժամանակ ավագ  դպրոցի 10-4   դասարանի  աշակերտների   անմիջական մասնակցությամբ  ու ջանքերով:   Սովորողներն իրենք էին  ձայնագրում,   դասավորում,  երաժշտություն  ընտրում, մոնտաժում,  ունկնդրում,  հետո  շտկումներ անում ու դարձյալ ունկնդրում   իրենց   աշխատանքը:    Մեդիաօլիմպիադայի  մյուս  առաջադրանքով   առաջարկել էի Գանձայում   գտնել  Տերյանի  գերդաստանի   շառավիղներին   և   նոր  մանրամասներ  ներկայացնել հանրությանը  մեծ բանաստեղծի  ընտանիքի   ու ժառանգների մասին:  Վահան Տերյանի  տուն-թանգարանի  անմխիթար  վիճակի մասին    պատմող տեսանյութը  կոչ  է  Վրաստանի, Հայաստանի իշխանություններին, Գանձայի  գյուղական համայնքին և  սովորողներին`  հոգատարությամբ շրջապատելու այն ամենը, ինչ կապված է  մեծ բանաստեղծի անվան հետ: Այսօր այս երեք  ֆիլմերն էլ որպես ուսումնական նյութեր՝ ներկայացված  Դիջիթեք  2013-ին:

Որպես   դասավանդող՝   իմ իսկ  առաջարկած  նախագծում  ինձ շատ  հետաքրքիր  աշխատանք  էր  ներկայանում   Տերյանի՝  որպես  հասարակական-պետական  գրծչի  գործունեությունը   1918-1920 թթ:  Ուրախ  եմ, որ   այդ աշխատանքի ծանրությունն  իր վրա վերցրեց   ավագ դպրոցի  10-րդ    դասարանի  աշակերտ Արման Բլեյանը, ով  մեծ ոգևորությամբ  ու պատասխանատվությամբ    աշխատեց, կարդաց, համադրեց  փաստերը, զրույցներ ունեցավ իր պատմության  ուսուցիչների հետ,  և  աշխատանքը  հաջողությամբ   պսակեց:  Նրա  պատրաստած նյութը  նույնպես  «ուսումնական  նյութ»  անվանակարգում  ներկայացվել է   Դիջիթեք  2013-ին: 

Վահան Տերյանի նամականին. այս աշխատանքն  իրականացնելու համար հենց սկզբից ակնկալում էի  ավելի լուրջ  ու հասուն  հայացք, ավելի կազմակերպված մոտեցում:  Ահա թե ինչու  այն ձեռնարկեցի  քոլեջի  առաջին  կուրսի  ուսանողների հետ:  Չեմ սխալվել, որովհետև  այս պահին տեսնում եմ  նրանց ոգևորությունն ու  պատրաստակամությունը:  Ուսանողների կողմից արդեն ընտրվել են ընթերցվելիք  նամակները,  կատարվել է  ձայնագրությունների մի մասը, ընտրվել  երաժշտությունը:  Աշխատանքն  ավարտին  հասցնելը   օրերի խնդիր է:

 «Վահան Տերյան»  նախագծի շարունակականությունը  առիթ է  այն  այսօր էլ  համալրելու  նոր  առաջադրանքներով:   Այսպես՝ «Ձմեռ»  մեդիաօլիմպիադայի  համար  Արմինե Բաբայանի  հետ  կազմեցինք «Սալոմեի  կերպարը Վահան Տերյանի՝  Օսկար  Ուայլդի «Սալոմե»  պիեսի   թարգմանության  մեջ  և համաշխարհային արվեստում»   առաջադրանքը։ «Կրթահամալիրը  Տերյան է  արտասանում» տեսանյութի  գաղափարը, որ  այս պահին իրականացնում են իններորդ դասարանցիները, նույնպես  նոր  մտահաղացումներից մեկն է:

Ես  ուրախ եմ, որ  նախագծում տեղ գտած առաջադրանքներ են այսօր իրականացնում նաև օտար լեզուներ դասավանդող իմ գործընկերները (վրացերեն, անգլերեն և այլն):

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский