Էլեկտրոնային բացիկների ստեղծում
Primary tabs
Ուսուցումը հետաքրքիր և կենդանի դարձնելու համար շատ կարևոր է այն կազմակերպել երեխայի հետաքրքրություններին համապատասխան: Հատկապես կրտսեր դպրոցում‚ որտեղ բոլոր առարկաները դասավանդում է դասվարը‚ ուսումնական նախագծերով աշխատելն ավելի արդարացված է: Նախագիծը կազմվում է այնպես‚ որ այն ներառի ուսումնական բոլոր բնագավառները‚ ունենա ընդհանուր ուղղվածություն և նպատակ:
Սովորաբար ծրագիրը‚ նախագիծը քննարկում ենք ուսումնական կենտրոնում‚ ուսուցողական ծրագրի դասավանդողների խմբով: Ընտրվում են թեմաներ‚ որոնք ներառված են կրթահամալիրի ուսումնական օրացույցում‚ համապատասխանում են հանրակրթական պետական չափորոշիչներին‚ արտացոլում են կրթահամալիրի զարգացման ծրագրի պահանջները: Իսկ քանի որ կրթահամալիրը մեդիակրթություն իրականացնող հաստատություն է‚ յուրաքանչյուր նախագիծ իրագործվում է թվային զանազան միջոցների կիրառմամբ:
Համակարգչային հմտությունները սովորողների մոտ ձևավորվում են համակարգչային ծրագրերի ամենօրյա օգտագործմամբ: Դրա շնորհիվ ուսումնական գործունեության ընթացքում ստեղծվում են էլեկտրոնային տարաբնույթ նյութեր՝ ֆիլմեր‚ ընթերցարաններ‚ հարցազրույցներ‚ հոլովակներ‚ բացիկներ և այլն:
Կրտսեր դպրոցում սովորողներն ավելի շատ աշխատում են Paint նկարչական‚ MovieMaker մոնտաժային ծրագրերով: Չորրորդ դասարանի սովորողն արդեն հեշտությամբ կարողանում է Movie maker ծրագրով փոքրիկ ֆիլմեր‚ կարաոկեներ‚ աուդիոգրքեր ստեղծել: Համատեղ աշխատանքի արդյունքում և՛ սովորողը‚ և՛ ուսուցիչը փորձում են արդեն յուրացրած ծրագրերն օգտագործել նորովի և ստեղծել ավելի գրավիչ ու հետաքրքիր նյութեր:
Մենք որոշեցինք այդ ծրագրերի միջոցով ստանալ շարժապատկերներ: Հենց այդպիսի մի փորձնական աշխատանքի արդյունքում էլ ստեղծվեցին մեր ամանորյա ուրախ բացիկները‚ որոնք մեծ հետաքրքրություն և աշխուժություն առաջացրեցին շատերի մոտ (նմուշ 1‚ նմուշ 2):
Հետո` «Հանրակրթական Դիջիտեքի» ուսումնական բաց մեդիապարապմունքին փորձեցինք ներկայացնել շարժվող բացիկներ ստեղծելու մեր փորձը:
Ինչի՞ց սկսել:
Նախ ընտրվում է թեման‚ որով պետք է ստեղծվի «շարժվող» բացիկը: Հանրակրթական Դիջիտեքի՝ արդեն խորհրդանիշ դարձած դդումը այդ շաբաթվա մեր ուսումնական գործունեության հիմնական թեման էր:
Սովորողները դդում բանջարեղենի‚ նրա օգտակար հատկությունների մասին հետաքրքիր տեղեկություններ էին հավաքել՝ օգտվելով համացանցից‚ ծնողների ու հարազատների հարցազրույցներից‚ դդումով ուտեստների հետաքրքիր բաղադրատոմսեր էինք գտել:
Դդում կերպար ստեղծելու համար հորինեցինք «ռոդարիկներ» (երևակայական պատմություններ)‚ տարբեր «դդմապատմություններ», աքրոստիկոսներ:
Հետո որոշեցինք մեր հորինած պատմությունները պատկերել շարժական բացիկների տեսքով:
Ինչպե՞ս ստեղծել բացիկը:
Օգտագործվող թվային միջոցներ՝ անհատական նոթբուք-նեթբուքներ
Կիրառվող ծրագրեր՝ Paint; MovieMaker
Աշխատանքի ընթացքը։ Բացիկը ստեղծելու համար սովորողը շարժապատկերի բովանդակությունը բաժանում է նախապես ծրագրած մասերի: Paint ծրագրով քայլ - քայլ նկարում է բոլոր կադրերը և բոլոր նկարները պահպանում մեկ թղթապանակում: Նկարները պահպանելու համար նպատակահարմար է դրանք անվանել հաջորդական թվերով‚ որպեսզի հետագայում հեշտ լինի կցել իրար:
MovieMaker ծրագրով ստեղծված նկարները հաջորդաբար կցում է իրար: Ավելացնելով ծրագրի՝ կադրերն արագացնող գործիքը (էֆեկտ)‚ նկարներն արագ-արագ հաջորդում են իրար և տպավորություն է ստեղծվում‚ որ պատկերը շարժվում է:
Կցում է համապատասխան երաժշտությունը և ֆիլմը պահպանում: Ստացվում է անիմացիոն‚ երաժշտական‚ ուրախ բացիկ:
Նման առաջադրանքները զարգացնում են սովորողների մաթեմատիկական մտածողությունը‚ երևակայությունը‚ ձևավորում են գեղագիտական ճաշակը:
Մեր ուրախ դդմաբացիկները կարող եք դիտել այստեղ:
- Բացվել է 2760 անգամ