Նախագծի ամփոփում

Կրթահամալիրում ավարտվեցին թումանյանական օրերը, և մեր 2-րդ դասարանում էլ ամփոփեցինք այն նախագիծը, որն սկսել էինք մեծ սիրով և ոգևորությամբ: Հիմա կարծես ժամանակն է հաշվետու լինելու ինքս իմ առջև: Պետք է խոստովանեմ, որ նախագիծն ավելի հաջող ստացվեց, քան գրել էի մի քանի ամիս առաջ: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ոչ մի նախօրոք գրված նախագիծ և ոչ մի ամփոփում-հաշվետվություն նույնիսկ ամենապերճախոս մարդու ներկայացմամբ չեն կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ իրականում կատարվում է դասարանում: Այն հոգեկան բավարարվածությունը, ոգևորությունը, ստեղծական միջավայրը, սերը  որը  լցվում է դասարան, իմ մեջ, սովորողի մեջ և փոխանցվում բոլորին, հնարավոր չէ ներկայացնել:

Դասարանում թումանյանական նախագիծ անում եմ արդեն երրորդ տարին: Առաջին նախագիծը 2010-11 ուսումնական տարում էր՝ նախորդ դասարանիս հետ, երբ նրանք չորրորդ դասարանում էին:  Նախագիծն  ավարտվեց «Հեքիաթների շիլափլավ» ներկայացմամբ: Շատ ոգևորված էի և կարծում էի դրանից ավելի լավ ոչինչ հնարավոր չէ անել, բայց… Անցյալ տարի՝ էլի թումանյանական օրեր, այս անգամ առաջին դասարանցիների հետ: Հետաքրքիր, զավեշտալի փոքրիկ միջադեպերով, մանկական միամտությամբ ու անկեղծությամբ կարդացինք Թումանյան, քննարկեցինք, փոխեցինք հեքիաթների սկիզբն ու ավարտը, նոր հեքիաթներ հորինեցինք, սովորեցինք շատ բանաստեղծություններ, ստեղծեցինք բանաստեղծությունների աուդիոգիրք (խմբային աշխատանք): Վերջում՝ էլի ներկայացում «Անխելք մարդը»: Ոգևորված և բավարարված էի և արդեն մտածում էի, թե ինչ կարելի է անել հաջորդ տարի, որ հանկարծ չկրկնվի, սովորական ու ձանձրալի չդառնա:

Հաջորդ տարին իրեն երկար սպասել չտվեց: Հիմա արդեն համոզված եմ, որ ուսումնական նախագծերն անընդհատ նոր գաղափարներ մշակելու և իրագործելու հնարավորություն են տալիս: Այսպիսի նախագծերի իրականացմամբ ուսուցումը դառնում է ավելի կենդանի, հետաքրքիր և ստեղծական: Ամեն օրը հաջորդ օրվա տրամաբանական շարունակությունն է, մի ամբողջական, ավարտուն աշխատանքի հերթական «օղակը». կարծես տուն ես կառուցում, և ամեն օր մի քար ես դնում:
Նախագծերով աշխատելիս կարելի է կատարել պետական չափորոշչով նախատեսված բոլոր պահանջները և միարժամանակ երեխային տալ ստեղծագործական մեծ ազատություն: Այս դեպքում ուսուցիչը նույնպես  ազատ է՝ նյութի ընտրության, հարցման ձևի, նյութի ներկայացման մեջ: Փոխվում են նաև տնային հանձնարարությունների ձևն ու բովանդակությունը: Այն, ինչ անում ես դասարանում, մտնում է ընտանիք, ընտանիքն սկսում է սովորողի հետ  մասնակցել և կատարել տարբեր տեսակի աշխատանքներ: Սովորողներն իրենք են ընտրում, թե նախագծով նախատեսված որ աշխատանքը կատարեն, ում հետ և ինչպես այն ներկայացնեն: Փոքր տարիքից սովորողի մոտ ձևավորվում է ինքնուրույն որոշումներ կայացնելու, խմբով աշխատելու, երկարատև ուսումնական աշխատանք կատարելու կարողություններ: Իր ստեղծած նյութը տեսնելով` սովորողն  ինքնավստահություն է ձեռք բերում, սկսում է գիտակցել, որ ինքը կարող է մենակ կամ խմբով ինչ-որ կարևոր բան ստեղծել: Այստեղ շատ կարևոր է նաև այս ամենի սոցիալական կողմը: Նախագծերը հիմնականում սերտորեն կապված են սովորողի առօրյայի, նրա ընտանիքի, հասարակության մեջ ընդունված տոների հետ: Այսպիսով, եթե մենք իրականացնում  ենք որևէ նախագիծ սովորողին դարձնում ենք հասարակության լիիրավ անդամ և, որ կարևոր է, ոչ թե պասիվ, այլ ակտիվ, իր շրջապատը փոխող, գեղեցկացնող, նորացնող, հետաքրքիր լուծումներ գտնող և ստեղծագործող անդամ: Լինում են նաև դեպքեր, որ հենց դպրոցում իրականացվող նախագծերի շնորհիվ այս կամ այն ծեսը, տոնը սովորողների միջոցով տարածվում է ընտանիքներում, դառնում հասարակության սեփականությունը: Կարողանում ես ներգրավվել ընտանիքի մյուս անդամներին, վարակել նրանց: Ուսումնական նախագծերով աշխատելիս սովորողները  ժամանակ են ունենում պլանավորելու իրենց անելիքները և ավելի որակով և հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնում:
 Այս տարի ես նախօրոք սովորողներին ներկայացրել և նրանց հետ քննարկել եմ,  թե ինչ ենք անելու թումանյանական օրերին: Ընտրած հեքիաթներն ու բանաստեղծությունները դառնում էին ուսումնական նյութ, ուսումնական գործունեության ամբողջ ընթացքում թումանյանական նախագիծը կարմիր թելի պես գնում էր, և ինձ միայն մնում էր կայքում թողարկել արդյունքները: Իհարկե, ամեն ինչ չէ, որ հնարավոր էր կայքում թողարկել: Այս ընթացքում կատարում էինք տեքստային աշխատանքներ, որոնք շատ հետաքրքիր էին (շնորհակալություն, Թերզյան Գայանեի սեմինարների արդյունք էր), ես զգացի, թե որքան են նրանք մեծացել, զգացի, թե նախագծից նախագիծ ինչպես ենք «աճում» և' ես, և' նրանք: Նրանք ինձ զարմացրին իրենց առաջարկներով, դատողություններով, իրենց ոգևորությամբ:

Այս տարի թումանյանական նախագծից ուզում եմ առանձնացնել ուսումնական ճամփորությունը և ճամփորդության հաշվետվությունը, որը նախորդ տարիներին չէի արել: Ճամփորդությունից  առաջ սովորողների հետ զրուցեցի Թումանյանի մասին, սովորողները պատմեցին՝ ինչ գիտեին Թումանյանի մասին, հետո կարացինք փոքրիկ տեղեկատվական նյութ Թումանյանի մասին նշումներ արեցինք (ինչ գիտեի, ինչ իմացա, ինչն ինձ զարմացրեց): Խաղ-վիկտորինայի միջոցով (սովորողներից մեկն ասում էր բանաստեղծությունից մեկ կամ երկու տող մյուսները սկսում էին կարդալ բանաստեղծությունը) կրկնեցինք բոլոր այն բանաստեղծությունները, որոնք գիտեինք:

Թանգարանում ինձ շատ լավ զգացի: Երեխաները հենց սկզբից զբոսավարին հայտնեցին, որ մեր դպրոցում թումանյանական օրեր են, և այս այցը այդ նախագծի շրջանակում է: Թանգարանի սրահներում շրջելու ընթացքում նրանք համարյա բոլոր հարցերին արագ պատասխանում էին, պատմում էին բոլոր հեքիաթները, որոնց նկարները ցույց էր տալիս կամ որոնց մասին խոսում էր. նույնիսկ երգեցին «Ախ ինչ լավ է սարի վրա» երգը: Երեխաներն էլ էին տպավորված, ես էլ, թանգարանի մասնագետն էլ: Հա, մոռացա ասել, որ ճանապարհին էլ էինք թումանյան կարդում և երգում: Հաշվետվության մեջ հենց այդ ձայնագրություններն են տեղադրված:
Հաջորդ նորությունն առցանց քննարկումն էր: Առցանց քննարկում թումանյանական նախորդ նախագծում և այս տարվա նախագծում չէի նախատեսել: Առցանց քննարկումը հետաքրքիր է, բայց  դա ամբողջական հաշվետվություն չէր: Ինչ-որ կենդանի բան էր պետք: Երեխաներին հարցրի, թե ինչ և ինչպես կուզեն պատմել մեր ճամփորդության մասին և…
Մեր հաշվետվությունն էլ դարձավ ստեղծական աշխատանք, ուսումնական նյութ, մի փոքրիկ ներկայացում:


Եվս մի աշխատանք, որն այս նախագծում կարևորեցի և ուզում եմ մի քիչ էլ դրա մասին խոսել՝ բանաստեղծության ուսուցում նկարելու միջոցով: Շատ հետաքրքիր աշխատանք էր:
Սովորողների հետ կարդացինք «Շունն ու կատուն» (երեխաների մի մասն անգիր գիտեր) հետո բաժանվեցինք խմբերի, սովորողներին առաջարկեցի գուաշներով  նկարել այն հատվածը, որն իրենց ամենից շատ է դուր եկել: Խմբի յուրաքանչյուր անդամ նկարում էր այն հատվածը, որն իրեն էր դուր եկել: Ներկայացնելու ընթացքում խմբի անդամներից  յուրաքանչյուրը  պետք է բերանացի կարդար այն հատվածը, որը նկարել էր, և  հիմնավորեր իր ընտրությունը: Խմբի  արդյունքը կախված էր յուրաքանչյուր մասնակցի ներկայանալուց: Երեխաները և' նկարում էին, և' ընթացքում սովորում: Մի խմբում կարդում էին այդ հատվածը, որպեսզի կարողանան բերանացի ասել, մյուս խմբում իմացողները սովորեցնում էին մյուսներին, օգնում իրար: Խմբերից յուրաքանչյուրն ուզում էր լավ ներկայանալ, և դա իրար օգնելու համար լրացուցիչ խթան էր: Շատ լավ ստացվեց. Նրանք ավելի արագ սովորեցին ամբողջ ստեղծագործությունն անգիր, քան ես սպասում էի: Նաև շատ կարևոր եզրակացություններ արեցին.

  • խմբում չկան կարևոր և ոչ կարևոր մասնակիցներ.
  • խմբի բոլոր անդամները հավասար են և ունեն նույն իրավունքները.
  • խմբի հաղթանակը կախված է յուրաքանչյուրի հաղթանակից.
  • հաղթանակի հասնելու համար պետք է իրար օգնել։

Մի քիչ էլ կխոսեմ թումանյանական նախագծի ամփոփման մասին: Սովորողների հետ բեմադրում ենք «Կիկոսի մահը»: Սցենարը գրել ենք սովորողների հետ. իսկական «Լճակի մեջ նետված քար»: Մտքերի ու լուծումների տարափ տեղաց գլխիս, երբ մի երկու միտք փորձեցի տալ: Հատկապես շատ օգնեց Ծատուրյան Երվանդը, որը չէր ուզում մասնակցել ներկայացմանը որպես «դերասան». նա դարձավ իմ համար մեկ օգնականը: Երաժշտությունն ընտրել ենք Երվանդի հետ, ներկայացման տարբեր մասեր փորձելիս նա ուներ իր հեղինակավոր կարծիքը: Գիտե՞ք` ինչ է հետաքրքիր, ընկերները (այս պարագայում) լսում և ընդունում են նրա խոսքը: Ներկայացման փորձերը նկարագրել հնարավոր չէ, դա պետք է տեսնել։ Շուտով այն կլինի կրթահամալիրի մեդիադահլիճում: Այդ օրը բոլորի առաջ հաշվետու կլինենք և կներկայացնենք այն ամենը, ինչ հասցրել ենք անել այս նախագծով: Մինչ այդ` ծանոթացեք.

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский