Ինտերակտիվ դաս
Primary tabs
«Ինտերակտիվ» նշանակում է փոխազդող, համագործակցող («Inter»`փոխադարձ, «act»` գործողություն): Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը, ուսուցման ժամանակակից մեթոդները, սովորողների անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը պարտադրում է ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը, ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով: Այս պահանջներին բավարարում է ուսուցման ինտերակտիվ մեթոդների կիրառումը:
Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը:
Ինտերակտիվ դասերի ժամանակ կարելի է օգտագործել հատուկ դասարանային ցանցային ծրագրային ապահովումներ, ինտերնետային վեբինարներ (ցանցային, օնլայն սեմինարներ) ապահովող ծրագրերը (օրինակ՝ Microsoft Lynk Attendy), Flash ծրագրով ուսուցողական խաղեր և ինտերակտիվ թեստեր: Առավել հաճախ ինտերակտիվ դասերն անցկացվում են էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի միջոցով, որը հատուկ ծրագրային ապահովում ունի՝ Smart Notebook: Ինտերակտիվ կապ ապահովում են տարբեր սարքավորումներ՝ լոկալ ցանցին միացված անհատական համակարգիչներ, էլեկտրոնային գրիչներ, թեստային կամ քվեարկության վահանակներ, գրատախտակ, պրոյեկտոր:
Ինտերակտիվ դասի անցկացման ժամանակ դասավանդողը պետք է կատարի միայն ուղղորդող դեր: Դասի պլանը կազմելիս անպայման անհրաժեշտ է հաշվի առնել դասի աստիճանական զարգացումը, գործիքների համատեղ օգտագործումը, թիրախները, վերջնական նպատակը: Ինտերակտիվ առաջադրանքները և վարժությունները սովորականից տարբերվում են նրանով, որ սովորողները ոչ միայն ամրապնդում են իրենց գիտելիքները, այլև ուսումնասիրման, դիտարկման միջոցով յուրացնում են նորը:
Ինտերակտիվ դասերը մեր կրթահամալիրում օգտագործվել են դեռևս 6-7 տարի առաջ, երբ բոլոր դասարաններում չէ, որ կային էլեկտրոնային գրատախտակներ և պրոյեկտորներ, և այդ ժամանակ այդ դասերը չէինք անվանում ինտերակտիվ: Դասերը պատրաստվում էին Microsoft PowerPoint ծրագրով՝ օգտագործելով ծրագրի անիմացիոն և հիպերհղումային առանձնահատկությունները: Ազնիվ լինելու համար, ուզում եմ նշել, որ այդ աշխատանքներից շատերը իրենց կատարման որակով և ծրագրի ներուժի ամբողջական կիրառմամբ չեն զիջում ժամանակակից ծրագրերով պատրաստված ինտերակտիվ դասերին:
Ըստ «Մեդիատեխնոլոգիա» առարկայի ծրագրի մեդիատեխնոլոգիա առարկայի դասավանդումը ներառում է նաև համակարգչի տեխնիկական սպասարկումը, ապահովությունը և համակարգչին վերաբերող ընդհանուր գիտելիքներ: Դասի ընթացքում սովորողներին ծանոթացնում եմ համակարգչի կառուցվածքին, լրացուցիչ և ներքին սարքավորումներին, ցանցային տարրական ադմինիստրացիային:
Այս նպատակով հաճախ օգտագործում եմ Smart Notebook ծրագիրը, որի օգնությամբ դասեր եմ ստեղծել: Դրանք օգնում են, որ սովորողները ավելի լավ և հեշտ յուրացնեն գիտելիքիները, քան դա կարող էին անել սովորական դասերի կամ դասախոսությունների միջոցով: Դասերը անցնում են ակտիվ, սովորողները ոգևորվում են, ցանկանում են մասնակցել բոլորը, արդյունքն ակնհայտ է դառնում, աշխատանքը՝ արդյունավետ:
Սկզբում տեղեկություններ եմ տալիս թեմայի վերաբերյալ, քննարկում ենք, փորձում բանավոր հարց-պատասխանի միջոցով ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան, որն ամրապնդվում է ինտերակտիվ դասի միջոցով: Smart Notebook ծրագրով պատրաստված դասերը ավելի գունեղ են, սովորողներին գրավում է դրանց դինամիկան, ինքնաստուգում կատարելու հնարավորությունը: Թեմաներից յուրաքանչյուրի համար ունեմ պատրաստված ինտերակտիվ դասեր՝ հայերեն և ռուսերեն:
Օրինակ՝ համակարգչի հետին պանելի կառուցվածքը. սովորողները ոչ միայն տեսնում են պանելի վիզուալ պատկերը, այլև կարողանում են անհրաժեշտ անվանումները ճիշտ տեղերում դնել, ասել հայերեն և միջազգային անվանումները, միևնույն ժամանակ ստանում են լրացուցիչ ինֆորմացիա սարքավորումների աշխատանքի, օգտակարության և անհրաժեշտության վերաբերյալ: Կարևոր է նաև այն, որ սովորողները իրենք են ստուգում իրենց կատարած աշխատանքի ճիշտ և սխալ լինելը: Հետո միասին քննարկում ենք, իսկական համակարգչի վրա ավելի լավ ուսումնասիրում և վերջնականորեն ամրապնդում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:
Օրինակ՝ մուտքի, ելքի և մուտք-ելքի սարքավորումներ. դասարանը բաժանվում է երեք խմբի, յուրաքանչյուր խումբ փորձում է ընտրել սարքավորման ճիշտ խումբը (ես չեմ ասում՝ ճիշտ է, թե սխալ), գրանցում ենք յուրաքանչյուր խմբի տված պատասխանը: Վերջում ստուգում ենք, ամենաշատ միավորներ հավաքած խումբը ստանում է 10 միավոր, մյուսը՝ 6, հաջորդը՝ 2: Այնպես եմ անում, որ բոլորը գնահատված լինեն, չլինեն պարտվողներ. կարծում եմ՝ դա կարևոր է. ոչ ոք իրեն պարտված չի զգում, բայց առաջանում է, մի տեսակ, մրցակցային դաշտ, և հաջորդ անգամ սովորողները փորձում են ավելի հիմնավորված, մտածված պատասխաններ տալ: Այստեղ կարևոր է նաև այն, որ յուրաքանչյուր սարքավորման մասին տալիս եմ լրացուցիչ տեղեկություն, ծանոթացնում սարքավորումների անվտանգ և ճիշտ շահագործման կանոններին, բացատրում յուրաքանչյուր սարքավորման դերը և նշանակությունը:
Դասավանդման ընթացքում օգտվում եմ նաև ինտերակտիվ ֆլեշ խաղերից, օրինակ՝ Հավաքում ենք համակարգիչ, «Դառնում ենք համակարգչային մասնագետ» և այլն:
Ծրագրերի տեղադրման, ուսուցման, հնարքների կիրառման համար պատրաստում եմ տեսադասեր, որոնք նույնպես, ինչ-որ տեղ, իրենցից ներկայացնում ինտերակտիվ դասերի օրինակներ: Այդ դասերը սովորողները վերցնում են իմ բլոգի համապատասխան բաժնից և դրանցից օգտվելով՝ կատարում են իմ տված տնային առաջադրանքները, սովորում տարբեր ծրագրերի ճիշտ տեղադրման և գրանցման կանոնները, ծանոթանում նոր ծրագրերի կիրառման կանոններին և առանձնահատկություններին, կիրառում տարբեր հնարքներ: