Ճանաչենք Տիգրան Հայրապետյան քաղաքացուն
Primary tabs
Կրթահամալիրում «Տիգրան Հայրապետյան» օրերի առթիվ
20-րդ դարի վերջին սկսվեց խորհրդային միության փլուզման գործընթացը, որը իր արձագանքը գտավ նաև հայ իրականության մեջ: Գորբաչովյան` այսպես սկսված վերակառուցման քաղաքականությունը արագացրեց երկաթյա վարագույրներ ունեցող խորհրդային բռնապետության փլուզումը: Հենց այդ ժամանակշրջանում հանդես եկավ երիտասարդ քաղաքագետ, հասարակագետ, միջազգայնագետ Տիգրան Հայրապետյանը:
Բազմիցս անրադարձել ենք Տիգրան Հայրապետյանի կյանքին և գործունեությանը,նրա կատարած հասարակական ակտիվ քայլերին, քաղաքական և քաղաքագիտական վերլուծություններին, եզրահանգումներին, որոնք, իհարկե, մեր օրերում ունեն անչափ կարևոր նշանակություն. դրանք ոչ միայն ուսանելի են, այլև դարձել են օրակարգի հարցեր և խնդիրներ: Տիգրանը` որպես քաղաքագետ, իր գրեթե բոլոր վերլուծություններում առաջնային է համարում հասարակության դերն ու նշանակությունը` արժևորելով անձին, անհատին որպես գործիչ: Ուսումնասիրում ենք քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի «3-րդ աշխարհամարտի մատույցներում» գիրքը, որը հայտնի է «Ռուսական խռովք» անունով: Ես կուզենայի ներկայացնել այդ գրքից մի քանի հոդված. հատկապես ուսանելի է հեղինակի կողմից շարադրված, խորը վերլուծության ենթարկված «Թղթյա շերեփի» սինդրոմը, հայ քաղաքական մտքի մեջ:
Հեղինակը գրում է. «Վերջին հարյուրամյակներում հայ ժողովրդի ռազմաքաղաքական թուլության, ամենադիպուկ և ընդգրկում որակավորումը, թերևս, տվել է Խրիմյան Հայրիկը»: Այնուհետև ավելացնում է. «Մեր օրերում իրադարձությունների զարգացումը իրականացվում է թե´ ուժային մեթոդներով, թե´ քաղաքական-դիվանագիտական պայքարի ձևերով»: Հոդվածի վերջում նա քննադատաբար է մոտենում հայ իրականության մեջ տեղի ունեցող, ավելի շատ վախեցնող, քան սթափեցնող քաղաքական գործընթացներին: «Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց,- գրում է հեղինակը,- որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած ուժը հիմնականում անընդունակ է պետականության կառուցման գործում»։ Շարունակելով` Տիգրան Հայրապետյանը խորհուրդ է տալիս հայ քաղաքական դաշտը լցնել լիարժեք գիտելիքներով օժտված ազգային պետական գործիչներով, որոնք և արդյունավետ ընթացք կտան պետականության կառուցման ծանր և պատասխանատու գործին»: Քաղաքագետը նշում է` «Պետք է կանխել «թղթյա շերեփի» սինդրոմի ժառանգականությունը ու նոր բեռլինյան կոնգրեսի սպառնալիքը հայ ժողովրդի գլխին»:
Կցանկանայի անրադառնալ Տիգրան Հայրապետյանի մեկ այլ հոդվածի ևս` «Դուրս գալ փակուղուց» հոդվածին: Հեղինակը շշմեցուցիչ վերլուծության է ենթարկում քաղաքական իրավիճակը: Չնայած նրա հոդվածներն ունեն ավելի քան 10 տարվա վաղեմություն, բայց կարծես վերաբերվում են մեր օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Փորձեմ համառոտ մեկնաբանել վաստակաշատ քաղաքագետի այս հոդվածը, որը սկսվում է Ուոլքերի խոսքերով «որպեսզի այսօր Հայաստանը խուսափի Ռուսական մուրճի և թուրքական սալի միջև կրկին կոխկրտված լինելու վտանգից, շատ կարևոր է, որ լսելի լինի Հայաստանի ինքնուրույն ձայնը: Բայց այն բացակայում է»: Մեր օրերում, գրում է քաղաքագետը, Հայաստանի իշխանությունները որդեգրել են թույլ, սխալ և անհեռանկարային քաղաքականություն: Վերլուծաբանը բերում է ստեղծված իրավիճակի գնահատման հիմնավորումներ: Նա կարողանում է ոչ միայն պարզաբանել իր իսկ կողմից գրվածը, այլ խորը վերլուծությամբ առաջարկում է փակուղուց դուրս գալու իր տեսակետները` կատարելով կոնկրետ հիմնավորումներ: Այդ հիմնավորումներից ներկայացնում եմ մի քանիսը` 1. Հայաստանը պետք է հրաժարվի իրեն պարտադրվող քաղաքականությունից: 2. Պետք է ձևավորել բազմակուսակցական կառավարություն, որտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ: 3. Անհրաժեշտ է ստեղծել ազգային անվտանգությունն ապահովող հզոր կառույցներ: 4. Ամեն կերպ պետք է ձգտել սառեցնելու ռազմական և քաղաքական իրադարձությունների զարգացումը ԼՂՀ-ում: 5. Անհրաժեշտ է ԼՂՀ-ի խնդիրը «ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներից հանել և ուշադրությունը կենտրոնացնել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը անհեռանկարային է և միջազգային հանրության շրջանակներում չի պաշպանվում»: Հեղինակը ավելացնում է, որ ԼՂՀ-ի հարցի լուծման հիմքում պետք է ավելի շատ իրավական խնդիրները դնել, այսինքն` ԼՂՀ-ն իբրև Ադրբեջանի տարածքի մասը դիտարկելու իրավական հարցերը: Իսկ հետագայում քայլեր կատարել` ԼՂՀ-ում անցկացնելով հանրաքվե, որի արդյունքում արցախահայությունը կհայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ահա այսպիսին էր Տիգրան Հայրապետյանը` իր խորքային վերլուծություններով: Այսպես կարելի է բնութագրել քաղաքագետի գրեթե բոլոր հոդվածները:
Ցանկանում եմ բնութագրել Տիգրան Հայրապետյանին` որպես լուրջ գիտակ, հայրենասեր, իր գործին նվիրված, քաղաքագետ և քազաքացի. «Չէ՞ որ, - նշում է հրապարակախոսը, - հասարակական քաղաքական բոլոր տեսակի գործընթացներում, եթե հասարակությունը ակտիվ է և անմիջական մասնակցություն է ունենում, շահում է ոչ միայն անհատը, քաղաքացին, այլև պետությունը: Առողջ և ակտիվ հասարակությունը ամրապնդում է դեռ նոր կայացած պետականության հիմքերը»:
Տիգրան Հայրապետյանը իր գրառումներում, հոդվածներում, աշխատություններում ոչ միայն մակերեսային հաղորդում է անում` ուղղակի տեղեկատվություն փոխանցում ընթերցողին, այլև նրա գրեթե բոլոր մտքերը, հայացքները, մեկնաբանությունները տալիս են լուծման ուղիներ, դառնում բանալի` բացելու այն դռները, այն փականքները, որոնք հասարակության առջև դրվել են, եղել անանցանելի:
Մեծ է Տիգրան Հայրապետյանի դերը մեր կյանքում. ծանոթ լինելով նրա մասնագիտական գործունեությանը` ես խորհուրդ կտամ մեզ բոլորիս հաճախ հաղորդակցվել նրա թողած վերլուծություններին: Տիգրան Հայրապետյանի` խոհեմ, գիտակից քաղաքագետի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավում նրան ճանաչողների շրջանում: Բազմիցս հանդիպել եմ նրան ճանաչողների հետ, բոլորն էլ Տիգրանին բնութագրում էին որպես ազնիվ, շիտակ, ընկերասեր և բարի ազնավորություն: Որպես Հայաստանի քաղաքացի` նա շատ մտահոգված էր իր հայրենիքի համար, չէր հանդուրժում, աչք չէր փակում կյանքում տեղի ունեցող բազմաթիվ անօրինական, ոչ արդար երևույթների նկատմամբ:
Տիգրանը նաև շատ լավ հրապարակախոս էր: Նրա հրապարակային ելույթները, նպատակասլաց հարցադրումները կառուցողական խոսքը հանրության համար դառնում են պարզ և հասկանալի: Իր գործունեության ընթացքում Տիգրանը կարող էր լսել իր դիմացինին, հաշվի առնել նրա կարծիքը: Կարողանում էր բանավեճերի ժամանակ պահպանել էթիկայի նորմերը: Նա համարձակ անձնավորություն էր, չէր վախենում, չէր խուսափում իր խոսքերից, ճշտի և ճշմարտության ջատագովն էր: Նրա առաջադիմական գաղափարները, հայացքները խորը հետք են թողել մեր իրական կյանքում: Անցել են տարիներ, սակայն Տիգրանի մտքերը, գաղափարները վերաբերվում են հենց այս օրվան: Դրանք երբեք անցյալ լինել չեն կարող, այլ ընդհակառակը, տարեցտարի դառնում են ավելի արդիական: Հասարակությունը այսօր զգում է տաղանդավոր հրապարակախոսի, քաղաքագետի` Տիգրան Հայրապետյանի շունչը: Միշտ նրա մասին գրելիս կամ խոսելիս ես իմ ընթերցողին կամ զրուցակցին ասում եմ` պետք է ճանաչել և հասկանալ Տիգրան Հայրապետյանին:
- Բացվել է 2567 անգամ