Մեր գրական սխալ ոճերը
Primary tabs
1. Լեզուն «մաքրելու» մարմաջը1
1.1 Սխալներ` տերմինները հայացնելիս
Լեզուն «մաքրելու» մեր այս հարատև մարմաջն անհեթեթ է, հակագիտական, անիմաստ, ծիծաղելի ու վնասակար` մի քանի պաճառով:
Աշխարհում չի եղել, չկա ու չի լինի գոնե մի «մաքուր» լեզու, որովհետև առանց բառային փոխառության լեզուն չի ապրի, իսկ փոխառությունները արհեստական «համարժեքներով» փոխարինելը բառային մի ահավոր աղմուկ է ստեղծում ու լեզուն դարձնում է ծանրաշարժ, խրթին, ստերիլ, «անհամ ու անհոտ ու ջրիկ» մի բան ու սպանում է դա:
Սա լեզվաբանության այբբենական ճշմարտություններից է, բայց մերոնք հակառակ են սրան: Բացի սա, ցանկացած լեզվի բառապաշարի առնվազն 60 տոկոսը փոխառություն է, ու հայերենը բացառություն չի:
Թե որ մարդը սա գիտի ու տրամաբանությունից էլ լրիվ զուրկ չի, ոչ մի անգամ լեզու «մաքրելուց» չի խոսի:
Երկրորդ` երկու-երեք հարյուրամյակ առաջ եվրոպական գիտությունը որոշեց, որ տերմինների համար պիտի գործածեն հին հունարենն ու լատիներենը, որ լեզուները չծանրաբեռնվեն սինոնիմներով ու «բառային աղմուկը» չխաթարի լեզվական ինֆորմացիան:
Սա արվեց նաև այն բանի համար, որ տարբեր լեզուներով խոսող գիտնականներն իրար հնարավորին չափ հեշտ հասկանան, որովհետև երբ հրաժարվեցին գիտական գործերը լատիներեն գրելուց, պարզվեց, որ սա´ է գիտության ասպարեզում իրար հասկանալու ամենահեշտ ու անխուսափ ուղին:
Սրա համար էլ բոլոր ժողովուրդները ողջ աշխարհում, բացի Հայաստանն ու հայերը, համարում են, որ թե´ դպրոցական, թե´ բուհական կրթության առաջին խնդիրներից մեկը մանուկներին ու պատանիներին գիտական միջազգային կոչվող տերմինները սովորեցնելն է:
Նեղմիտ մտավորականը հակառակ է սրան ու չի հասկանում, որ հայերենը բացառություն չի:
Երևի բոլորն էլ լավ գիտեն, որ «հայացրած» բառ ու տերմինների մեծագույն մասը մեռած է ու բանավոր խոսքի մեջ չի գործածվում, բայց համարյա բոլոր մտավորականներն էլ (շատ անգամ` վախենալով, թե իրենց կհամարեն տգետ) «հայացնում են» օտար համարվող բառ տերմինները:
Այս մարդիկ չեն էլ պատկերացնում, թե քանի՜-քանի՛ տասնյակ հազարի է հասնում գիտական տերմինների թիվն ու չեն հասկանում, որ հակառակվում են լեզվի հենց էությանն ու բնավորությանը:
Իրոք` ասենք բենզինը թարգմանեցիք քարյուղով, դե հմի էլ «թարգմանեք» մազութը, սոլյարկան, կերոսինը, նավթը, էթանը, բութանը, էթիլմեթանը, դիէթիլմեթանը, բասկետբոլը, ֆուտբոլը, թենիսը, պինգպոնգը, հոկեյը, գալակտիկան, նեյրոնը, աքսոնը, քվանտը, ասպիրինը, անալգինը, պենիցիլինը, ատոմը, բակտերիան, վիրուսը, ֆագը,գենետիկան, քլորը, արսենը, հելիումը, նատրիումը, կալիումը, բրոմը, յոդը, սիլիցիումը, արգոնը, քսենոնը, ռադոնը, ռադիումը, դեյտոնը, դեյտերիումը, տրիտիումը, ատոմը, պրոտոնը, նեյտրոնը, նեյտրինոն, ֆերմիոնը, բոզոնը, սպինը, նուկլոնը, պոզիտրոնը, բարիոնը, մյուոնը, մեզոնը, հիպերոնը, կաոնը, գլյուոնը, քվարկը ևն, ևն:
Լեզվաբանության փորձով հաստատված ամենահիմնական դրույթներից մեկն ասում է, որ ամեն մի լեզու էլ անընդհատ ու պարտադիր փոխվում է, ու փոփոխության հիմնական ձևերից մեկը` օտար բառերի փոխառությունն է: Մեկ ուրիշ հիմնական դրույթն էլ, ինչպես ասվեց, պնդում է, թե լեզուն չի ենթարկվում անհատի կամ անհատների ոչ մի խավի կազմած ծրագրին: Սրանցից ու լեզվի գլխավոր օրենքից բխում է, որ փոխառած բառերը հայերեն են, եթե լեզվի կրողների մեծ մասը գործածում է դրանք:
«Թարգմանական» մարմաջով տառապող «հայրենասերը» չի հասկանում ու չի ուզում հասկանա սա, չի ուզում հասկանա, որ իր այս «ելակետը» թե´ անհեթեթ է, թե´ շատ անգամ ծիծաղելի ու նույնիսկ ողորմելի: Օրինակ` մի տիտղոսավոր գիտնական ֆոտոն ու էլեկտրոն բառերի համար առաջարկել է լուսիկ ու սաթիկ (կամ` լուսոն ու սաթոն) «հայերեն համարժեքները»:
Թարսի պես էլ, ֆոտոնները ենթարկվում են Բոզե-Էյնշտեյնի, իսկ էլեկտրոնները` Ֆերմի-Դիրակի ստատիստիկային, ու սրա համար էլ ասում են, թե «ֆոտոնը բոզոն է, իսկ էլեկտրոնը` ֆերմիոն»: Հիմա ի՞նչ, սրանից հետո ասենք, թե «սաթիկը ֆերմիոն է, իսկ լուսիկը բոզո՞ն» (կամ` իրար բախվեցին մի ֆերմիոն սաթոն ու մի բոզոն լուսո՞ն): Էլեկտրոնի հակամասնիկին` պոզիտրոնին ի՞նչ ասենք` պոզիսաթո՞ն: Ի՞նչ ասենք էլեկտրականությանը, սաթականությո՞ւն: Իսկ էլեկտրամագնիսականությա՞նը, էլեկտրասուբկորտիկոգրաֆիայի՞ն, էլեկտրասխեմայի՞ն, էլեկտրահաշվիչի՞ն, էլեկտրատաբլոյի՞ն, էլեկտրատակսի՞ն, էլեկտրոտելուրոգրաֆի՞ն, էլեկտրաստրիկցիայի՞ն, դիէլեկտրիկի՞ն, ևն, ևն: Միայն այս էլեկտրա-ով բառերի թիվը մի քանի հարյուր հատ է: Ու սա հանուն ինչի՞ ենք անում, ուրիշ գործ չունե՞նք: «Հայացրած» տերմինը, համարյա երբեք, «հայացնելու» հարցը լրիվ չի լուծում:
Կամ իզոթերմ պրոցես-ի տեղն ասենք նույնաջերմ գործընթա՞ց: Այսպես ասելով, ինչքա՞ն կխելոքանանք ու ինչքա՞ն կհզորացնենք հայ գրականությունն ու գիտությունը: Թե կդառնանք ծիծաղելի ու նույնիսկ ողորմելի, որովհետև հետամուտ կլինենք միայն ձևին` մոռանալով բովանդակությունը, քանզի տերմինը պիտի այնքան «մասնագիտացած լինի», որ չխառնվի տվյալ լեզվի նույնանուն բառերին:
Երբ ասածս ձևով տերմինը իբր «հայացնում են», հնարավոր է, որ առնվազն հինգ բան, հինգ «վթար» լինի: Հնարավոր է, որ տերմինի իմաստային դաշտը լայնանա, նեղանա կամ (նաև սրանց հետ միասին) շեղվի: Սրանցից երրորդն ավելի հաճախ է լինում:
1. Հնարավոր է, որ տերմինը «հայացնելիս» այդ տերմինի իմաստային դաշտն անասելի լայնանա:
Օրինակ, երբ բժիշկների գործածած տամպոնի փոխարեն գրում են` միջադիր, այս տերմինի իմաստային դաշտն առավելագույն չափով լայնանում է, որովհետև մեջը դնելու ամեն մի բանին էլ կարելի է` ասվի միջադիր: (Այս անգամ, ի՞նչ ասենք, օրինակ, ռուսերեն` втулка, вкладыш և այլ բառերին):
Երբ տերմին բառը դարձնում ենք եզր, իմաստային դաշտը լայնանում է, որովհետև ամեն բանն էլ եզր ունի, ու ամեն մի բանի եզրը տերմին չի, սա անվիճելի է: Բայց այս անգամ տերմին բառի նաև իմաստն է շեղվում ու դառնում է լրիվ անորոշ, այնինչ, տերմինի իմաստը լրիվ որոշակի է:
2. Հնարավոր է, որ տերմինը «հայացնելիս» այդ տերմինի իմաստային դաշտը նեղանա:
Օրինակ, երբ ռեսուրսի փոխարեն գրում ենք աղբյուր, իմաստային դաշտը նեղանում է մինչև մեր սար ու դաշտերի աղբյուրները, ու այս անգամ` էլ չի լինի, որ երկրի ողջ ռեսուրսների փոխարեն գրենք` երկրի ողջ աղբյուրները, կամ երկրի ջրային ռեսուրսների փոխարեն գրենք` երկրի ջրային աղբյուրները: (Իհարկե, կարելի է, որ ռեսուրսի տեղը երբեմն ասվի` աղբյուր կամ պաշար: Բայց մեկ է, մարդկային ռեսուրսների տեղը չի ասվի մարդկային պաշարներ: Բայց սա էլ չպիտի լինի կատեգորիկ պահանջ: Թող սրանք բոլորն էլ գործածվեն):
3. Հնարավոր է, որ տերմինը «հայացնելիս» այդ տերմինի իմաստային դաշտը շեղվի:
Օրինակ, երբ վոլտմետրի ու ամպերմետրի փոխարեն գրում ենք` վոլտաչափ ու ամպերաչափ, իմաստային դաշտը շեղվում է, որովհետև հայերենի օրենքներով սրանք, այս իբր «հայացրածները», նշանակում են` վոլտի չափ (վոլտի «թայը») ու ամպերի չափ (ամպերի «թայը»):
Իրոք բա չե՞նք ասում` գրկաչափ (մի գրկաչափ ցախ, խոտ ևն), մի արմնկաչափ (արմունկի չափ) կտոր, մատնաչափ (մատի չափ) ու նույնիսկ` Մատնաչափիկ, ոտնաչափ (ոտի չափ) ևն, ևն:
Ու եթե սրանք նույնիսկ ճիշտ էլ լինեին, վոլտմետրն ու ամպերմետրը իբր «հայացնելով» հարցը չէր լուծվի, որովհետև հունարեն մետր բառն արդեն իրո´ք է հայացել ու հայերենն առանց սրան ոչ մի կերպ յոլա չի գնա: Օրինակ, հազար մետր-ի տեղը ոչ մեկը երբեք չի ասի հազարաչափ: Բացի սա, ամպերն ու վոլտն է´լ են բառ (Գուրգենի ու Արշակի պես, որ նշանակում են` գայլուկ ու արջուկ), իսկ սրանք «չհայացան», ուրեմն, մեկ է, խնդիրը չլուծվեց: Հայերենի անուն-ազգանունների մեծագույն մասը սրանց պես փոխառություն է. Հիմա ի՞նչ անենք, մեր համարյա բոլորի անուն-ազգանունները հայացնե՞նք, ու օրինակ` Վարուժան Վազգենի Արշակյանի տեղը գրենք Արութռչուն Գորտուկի Արջուկյա՞ն:
4. Երբ մանոմետրի փոխարեն գրում ենք` ճնշաչափ, նախորդ կետի համաձայն, իմաստային դաշտը շեղվում է, որովհետև հայերենի օրենքով սա նշանակում է` ճնշելու չափով (կամ ճնշելու «թայը»): Բայց սրա իմաստային դաշտը նաև լայնանում է, որովհետև, օրինակ, արյան ճնշումը չափելու տոնոմետրն է´լ է «ճնշաչափ», բարոմետրն է´լ, ու հլը աներոիդն է´լ, ու այս չորս տերմինը դառնում են մեկ: Մանոմետրը, տոնոմետրն ու բարոմետրն ու աներոիդը «մասնագիտացել» են, ամեն մեկն ի´ր ոլորտում կիրառվելու համար: Ցավոք, հայերենի ֆիզիկայի դասագրքի հեղինակները բարոմետրը «հայացրել են» ու դարձրել` ծանրաչափ, ինչը արդեն լրի´վ է սխալ, որովհետև եթե նույնիսկ համաձայնենք, որ -աչափ-ը չափողն է, բարոմետր-ծանրաչափը կդառնա ծանրություն չափող, այսինքն, կշեռք:
5. Մեր 2-4 դասարանի մայրենի լեզվի դասագրքերն իրենց վարժությունների բաժնում անընդհատ աշակերտին ասում են. «Բնագի´րը կարդա» (օրինակ, Թումանյանի որևէ հեքիաթինը): Սրանց հեղինակները իբր «հայացրել» են տեքստ բառը, բայց այս «հայացրածի» իմաստային դաշտը թե´ նեղացել է, թե´ շեղվել: Պարզ չի՞, որ ամեն բնագիր էլ տեքստ է, բայց ամեն տեքստ` բնագիր չի: Հետաքրքիր է, հենց իրե´նք, այս «հանճարեղ» հայացնողները, երբևէ Թումանյանի գոնե մեկ տեքստի բնագիրը կարդացե՞լ են:
Մեր մաքրամոլների այս «սկզբունքներով» մոգոնած համարա բոլոր «հայերեն» բառերն էլ ահավոր երկար են, ու դրանց գործածությունը, օրինակ, պոեզիայում համարյա անհնար է, ու սրանց մեծագույն մասը Չուկովսկու ասած լեզվական հրեշներից է:
1.2. Մանկամտությո՞ւն, թե՞ մոլորություն
Կազմակերպված ու արդեն ոչ պրիմիտիվ լեզուն նոր արմատ չի ստեղծում: Սրա փոխարեն կազմակերպված լեզուն նոր արմատներն (ու բառերը` առհասարակ) փոխ է առնում ա´յն լեզուներից, որոնք ավելի պատվելի է համարում: Կազմակերպված լեզվի համար սա´ է նոր արմատ ստեղծելու ամենալավ ու ամենահեշտ ձևը:
Սրա համար էլ, առանց բառային փոխառության լեզուն կորցնում է նոր պայմաններին իսկույն հարմարվելու իր ունակությունն ու դառնում է` ստերիլ, ու անհամ, անհարմար, ու այդ լեզվով խոսողները արհամարհում են հենց իրե´նց լեզուն ու ձգտում են ուրիշ, իրենց կարծիքով, ավելի ազդեցիկ ու պատվավոր լեզուներն իմանալուն:
Բառային փոխառությունների դեմ պայքարելը լեզուն սպանելու ամենաարագ ուղին է:
Տերմինները «հայացնող» բոլոր «մասնագետները» սա չեն հասկանում, առանց բացառության, կարծում են, թե որևէ օտար բառին անպայման համապատասխան է հայերենի միայն ու միայն մեկ բառ: Օրինակ, կարծում են, թե անգլերեն problem կամ ռուսերեն проблем բառը հայերենով նշանակում է միայն ու միայն հիմնախնդիր (կամ` հիմնահարց), standard-ը` միայն չափանմուշ, function-ը` միայն միայն գործառույթ, process-ը` միայն գործընթաց, constructive-ը` միայն կառուցիկ (կամ` կառուցողական) ևն: Չասեմ, որ այս հայերեն համարժեքները տգեղ են (սա, ի վերջո, ճաշակի հարց է), բայց բերեմ այս բառերից մեկի համարժեքները:
Standard – 1. չափ; նորմա; նմուշ; ստանդարտ; չափանիշ: 2. մակարդակ (կուլտուրայի, կրթության, կյանքի ևն): 3. (հոգնակիով) բարոյական ու սոցիալական նորմերը: 4. էտալոն, ստանդարտ; standard cell –սովորական մարտկոց; standard deviatiգn - սովորական շեղում; standard kilգgram –կիլոգրամի ստանդարտը (երկրորդային էտալոնը); standard resistգr - արտադրական (սովորական) ռեզիստոր; standard temperature and pressure (s.t.p.) – նորմալ ջերմաստիճանն ու ճնշումը; standard units fգr particle physics մասնիկների ֆիզիկայի գործածական միավորները ևն: 5. հարգ (ոսկու, արծաթի ևն): 6. դաս, մակարդակ (կրտսեր դպրոցի): 7. դրոշ, շտանդարտ: 8. հանրահայտ ու խիստ տարածված երգ: 9. հիմք, պատվանդան, հենարան ևն: 10. հրետասայլ; հաստոց; հենոց: 11. մոմակալ: 12. ստանդարտային, տիպային, ընդունված: 13. շաբլոն; շաբլոնային; յուրօրինակությունից զուրկ, միապաղաղ, միօրինակ ևն ևն:
Մեր «հայացնողներն» այս բոլորի փոխարեն գրում են չափանմուշ, չափանմուշային (կամ էլ` սրանց պես մի անհարմար բան): Սա մանկամտություն է:
Մեր «հայացնողները» կարծում են, թե բառարաններում գրված են բառի բոլոր արժեքները, բայց աշխարհում չկա գոնե մի բառարան, ինչն ունենա բառերի բոլոր արժեքները, որովհետև բառերն առհասարակ չափազանց բազմարժեք են:
1.3. Օտար անունները տառադարձելու մասին
Վերջերս մեր մաքրամոլները մի անհեթեթ ու գեշ բան է´լ են անում. օտար անունները գրում են իբր իրենց «մայրենի արտասանությունով»: Օրինակ, հենց ասածս ֆիզիկայի գրքի հեղինակները: Իհարկե, ոչ ոք էլ չի պահանջում, որ սրանք նաև լեզվաբան լինեն: Բայց սրանք (ինչպես որ մեր հեղինակներից շատ ու շատը) հայերենի իմացության թունդ հավակնություն ունեն (ինչը լրի´վ է անհիմն), ու կամա, թե ակամա, բոլորին ստիպում են, որ իրենց գրածները «հայացնեն», բայց միայն հենց իրե´նց հասկացածի պես:
Բայց այս պարոնները թող ասեն (եթե իրենց այդքան լեզվաբանությանն ու թարգմանությանը գիտակ են համարում ու կվարցի տեղը գրում են` քվարց, ու Էյնշտեյնի տեղն էլ` Այնշտ(թ)այն), բա ինչո՞ւ են այդ գրքում, օրինակ, գրել` Մարիոտ, Բրոուն, Դալտոն, Իսահակ Նյուտոն, Ռոբերտ Հուկ, Ռեզերֆորդ, Յունգ, փոխանակ գրեին` Մաղիո (ֆրանսերեն այսպես են ասում), Բրաուն, Դոլթն, Այզեք Նյութն, Րոբըթ Հուք, Րադըֆոդ, Յանգ (համարյա` անգլիացիների արտասանելու պես):
Այս պարոնները իրար հետևից գրում են` Դեմոկրիտ, Լևկիպոս, չիմանալով, որ պիտի առաջինն էլ գրեին երկրորդի պես` Դեմոկրիտոս: Ու եթե այս հեղինակները (ու սրանց կողմնակիցները) հետևեին հենց իրե´նց «կանոններին», պիտի գրեին` Արքիմեդես, Յուկլիդես, Պաղի, Շեյքսպիը ևն, փոխանակ` Արքիմեդ, Էվկլիդ կամ Էվկլիդես, Փարիզ ու Շեքսպիր ևն, ևն: Ուրեմն, այս պարոնների «հայացնելու-ուղղելու» աստիճանը կախված է իրենց լեզվաբանական գիտելիքի աստիճանից, բայց ասածիցս երևում է, որ ա´յս մի աստիճանը շատ ցածր է:
Ավելի լավ չէ՞ր լինի, որ այս պարոնները, «հայացնելու» այս վնասակար ու մանկամիտ գործն անելու տեղը (օրինակ, թերմոդինամիկա-յի տեղը ջերմադինամիկա գրելու փոխարեն) բարեխիղճ լինեին ու դասագրքի հարյուրավոր մանր, միջին ու վիթխարի սխալը չանեին: (Սխալ են ձևակերպված, օրինակ, թերմոդինամիկայի (իրենց գրածով` ջերմադինամիկայի) առաջին ու երկրորդ սկզբունքները` ջերմային շարժչի լեզվով):
Մի քանի բան էլ ասեմ օտար անունները տառադարձելու մասին:
Նախ ասեմ, որ անգլերենի t, p, k, ch տառերով նշանակվող հնչյունները միշտ չի, որ հնչեղ խուլ են, որ հայերենով նշվեն մեր թ, փ ու ք տառերի հնչյուններով: Եթե անգլերենի այս տառերին նախորդում է անգլերենի s տառը, սրանք ավելի մոտ են մեր պարզ խուլերին` տ-ին, պ-ին ու կ-ին:
Երկրորդ, անգլերենի, օրինակ, տ-ն ու դ-ն (ուրիշ շատերն էլ) նույնական չեն հայերենի իրենց համալուծներին (տ-ին ու դ-ին): Թող սա կարդացողն իր լեզվի ծայրը կպցնի իր վերի ատամնաշարի վերևին (համարյա լնդին) ու արտասանի` թութ ու դոդ բառերը: Անգլիացին համարյա այդպես է արտասանում իր տ-ն ու դ-ն: Անհնար է, որ մեր այսօրվա այբուբենով նույնիսկ մեր մյուս բարբառների բառերից շատ-շատը բացարձակ ճիշտ տառադարձվի, էլ ո´ւր մնաց` անգլերենի ու մնացած լեզուների բառերը բացարձակ ճիշտ տառադարձվեն:
Երրորդ, մերոնք հեց որ մի արևմտյան օտար բառի մեջ t, p ու k են տեսնում, սրանց տեղը գրում են` թ, փ ու ք, չմտածելով, որ օրինակ ֆրանսերենն այս հնչեղ խուլերը չունի. ունի միայն պարզ խուլերը` տ-ն, կ-ն ու պ-ն: (Գերմաներենն էլ` հակառակը. պարզ խուլերը չունի, ու ունի միայն հնչեղները` թ-ն, փ-ն ու ք-ն): Մեր այս «իմաստուններն» այս «մանրունքները» չգիտեն, ու որտեղ էլ որ t, k ու p են տեսնում, տառադարձում են` թ, ք ու փ:
Սրանց պես հազար ու մի բան կա, ու անհնար է, որ ոչ լեզվաբանը այս ամենն իմանա: Իսկ մեր համարյա բոլոր հեղինակերն էլ լեզվաբան չեն (մեր ժուռնալիստները, գրողները, դասագրքերի հեղինակները, ու նույնիսկ…):
Ուրիշ բան, որ պիտի այս տեսակ մաքրամոլների սխալներն ուղղվեն: Օրինակ, մեր մաքրամոլ «իմաստուններից» ոմանք կարծում են, թե ռուսերենի ա´յն փոխ առած բառերը, որ սկսվում են գ-ով, իրենց մայր լեզուների մեջ անպայման սկսվում են հ-ով, որովհետև ռուսերենը հ տառը չունի: Ու սրանք ռուսերենի (օրինակ) гейзер ու Гейгер բառերը հայերենով գրում են` հեյզեր ու Հեյգեր, չիմանալով, որ իրենց մայր լեզվով սրանք գրվում են` geyser ['gaizə], ['gi:zə] ու Geiger ['gaigə], այսինքն, գայզը (կամ գի՛զը) ու Գայգը: Թե շատ-շատ էինք ուզում սրանք «հայացնենք», հայերենով այս բառերը պիտի գրեինք` գայզեր ու Գայգեր, բայց գեյզեր-ն ու Գեյգեր-ն էլ են լրիվ ընդունելի, իսկ, հեյզեր-ն ու Հեյգեր-ը ծիծաղելի են ու անընդունելի:
1.4. Ի՞նչ պիտի արվի
Մենք ունենք «Լեզվի տեսչություն» անունով մի հիմնարկ, ինչը ճիշտ հենց այսպես է վարվում, ու երբեք չի զգում, որ արդյունքը ոչ միայ զրո է, այլև` բացասական, որովհետև հակառակ է ԼԳՕ-ին ու վնասակար է:
Հենց այսպես էր վարվում նաև մեր նախկին տերմինաբանական կոմիտեն, ինչն այսօր չի գործում:
Բայց ավելի ցավալի է, որ այս մարդիկ, համարյա առանց բացառության, հայրենասերի կեցվածքով հայտարարում են, թե «հույժ կարևոր ու հայրենանվեր գործ են անում»: Ու թե որ սրանց հանկարծ իշխանություն են տալիս, սրանք տանջում ու չարչարում են օրինակ` ա´յն դասագիրք կամ ձեռնարկ գրողներին, ովքեր հանկարծ հետևում են կենդանի հայերեններին ու «ոչ հայերեն» բառ են գործածում, այսինքն, մարդավարի են գրում, ու հլը մարդավարի գրողներին էլ «տգետ» կամ «ազգի դավաճան» են հռչակում:
Այս իրոք որ համազգային աղետից փրկվելու մի ճար կա միայն, որ մեր մտավորականները պետական օրենքի հարկադրանքով (երևի նախկին Տերմինաբանական կոմիտեի պես մի զսպող (ու համարյա միայն զսպող, ոչ թե նորից բառ ու տերմին «հայացնող») հիմնարկի միջոցով) ընդունեն հետևյալ չորս կանոնը.
Կանոն 1. Եթե տերմին կոչվածը արդեն հաստատվել ու գործածվում է հայոց կենդանի լեզվի ու գրական ոճերի մեջ, դա այլևս չպիտի «հայացվի» ու պիտի համարվի հայերեն ու գործածվի առանց սահմանափակության:
Կանոն 2. Եթե տերմինը նոր է ու լեզվի մեջ դեռ չի գործածվել, դա պիտի գործածվի իր «օտար» ձևով, եթե դրա հայերեն «համարժեքը» բազմիմաստ է կամ անհարմար: Եթե տերմինը գիտական է ու խիստ տարածված, պիտի ընտրվի դրա միջազգային ձևը:
Կանոն 3. Եթե մեկնումեկը վերջերս իբր «հայացրած» տերմինի փոխարեն գործածում է սրա միջազգային ձևը, սա պիտի համարվի թույլատրելի, ու նույնիսկ` խարախուսելի, որովհետև սա շատացնում է հայերեն գրական ոճերի ադապտացիայի ունակությունը, ուրեմն նաև կենսունակությունը:
Կանոն 4. Արդեն կայունացած անունները չպիտի «ուղղվեն» կամ փոխարինվեն ուրիշներով, թե չէ` այս պրոցեսը երբեք վերջ չի ունենա:
Լրիվ նոր անունները տառադարձելիս` ավելի լավ է` հետևենք անվան մայր գրությանը, հաճախ փակագծերի մեջ դնելով (եթե հնարավոր է) մայր գրությունը. օրինակ, Ռոբերտ Թաչեր (Thatcher):
Ես չեմ ասում, թե ոչ մի բառ չպիտի հայացնենք: Պիտի հայացնենք, բայց չափով ու գիտությամբ:
Օրինակ, պիտի թույլատրելի համարվի, երբ լայնույթի ու զանգվածի փոխարեն ասում ու գրում են` ամպլիտուդ ու մասա: Եթե նորից պիտի Տերմինաբանական մի կոմիտե ստեղծվի, սրա դերը պիտի ա´յն բանը կլինի, որ չթողնի, որ ամպլիտուդ-ի տեղը գրեն ամպլիտուդա, կամ մասա-ն գրեն երկու ս-ով: Պիտի թույլատրելի լինի, օրինակ, կոսմոս տերմինը, որովհետև սրանով, մեծ մասամբ, նկատի ունեն Տիեզերքի մի մասի տարածությունը, իսկ Տիեզերքի փոխարեն չպիտի թողնի որ գրեն Ունիվերս:
Եթե ապագա Տերմինաբանական կոմիտեն չպիտի այս չորս կանոնը գործադրի, չպիտի զսպի մեր կեղծ հայրենասերների անհեթեթ ու վնասակար գործունեությունը, ու թե սա պիտի մեր Լեզվի տեսչության պես ինքն է´լ զբաղվի «հայերենը մաքրելով», ավելի լավ է, որ այս տեսակ ո´չ մի կոմիտե էլ չլինի (ու ոչ է´լ որևէ լեզվի տեսչություն լինի):
2. Գրական շտամպը
2.1 Գրական ոճեր, ոչ թե գրական լեզու
Օտար բառ ու տերմինը հայացնելու մեր այս տարօրինակ մարմաջը չի թողնում, որ նկատենք օտար լեզուներից փոխ առած անսահման քանակով քերականական երևույթը, չնայած քերականական փոխառությունը շատ ավելի վտանգավոր է, քան բառինը, որովհետև հենց քերականական փոխառությունն է սպանում լեզուն:
Եթե չենք ուզում, որ մեր հայերեն գրական ոճերը մեռնեն, պիտի անպայման պայքարենք քերականական օտարաբանությունների դեմ, իսկ սրա համար էլ պիտի դրանք ճանաչենք, ու երկրորդ` պիտի իմանանք դրանց հայերեն համարժեքները:
Սա դժվար գործ է: Պարզ ու հասարակ ու հասկանալի հայերենով գրելը շատ ավելի դժվար է, քան մեր խրթին գրական ծամծմած շտամպով գրելը, ինչին մենք սխալ-սխալ ասում ենք գրական լեզու: Այս ծամծմած շտամպով գրելու համար բավական է, որ մարդ մի քանի տասնյակ դարձվածք ու մի քանի հարյուր «սիրուն ու ընտիր» բառ անգիր անի ու հետևի գրական կամ քաղաքական մոդային, այսինքն, ուղեղն անջատի ու թութակի պես կրկնի կոնյուկտուրայի պահանջները:
Մեր այս «գրական լեզու» կոչվածը, ուրեմն, նաև «գիտականը», չունի կենդանի լեզվի բոլոր հատկություններն ու միայն առանձին մտավորականների (հիմնականում` հին ու նոր լրագրողների ու միջակ գրողների) անհատական ոճերի մեխանիկական գումարն է: Սրա համար էլ գրական լեզու տերմինը սխալ է, ու լավ կլինի, որ սրա տեղը ասվի` գրական ոճեր:
Գրական լեզու տերմինը սխալ է հենց ա´յն պատճառով, որ այս գրական լեզու կոչվածով խոսող գոնե մի փոքրիկ գյուղ չկա այս ողջ աշխարհում, ու մեկ էլ ա´յն պատճառով, որ լեզվով խոսում են ամբողջ օրը, առավոտից իրիկուն, առանց կակազելու ու կմկմալու, անբռնազբոս ու ազատ, այնինչ հայերի 99, 999 %-ը այս գրական լեզու կոչվածով հենց նոր ասածս ձևով երբեք չի խոսում:
Մեր գրական ոճերը կապկում են օտար լեզուներին ու խաթարում են հայերենը` չթողնելով, որ բոլոր հայերն էլ հեշտ ու հանգիստ հասկանան գրվածը: (Մանավանդ մանուկները, ում ուսման գլխավոր խոչընդոտներից մեկը մեր հայերեն դասագրքերի գրական խրթին ոճն է, ընդ որում, բոլո´ր դասագրքերի, առանց բացառության):
Գրական ոճերի օտարաբանություններն անխուսափելի են, որովհետև գրական ոճերի գլխավոր հատկությունը օտար քերականությունների կույր-կույր ընդօրինակությունն է, օտար լեզուներից արած թարգմանական կալկաները կամ կլիշեներն են: Բարբառները, գրական ոճերին հակառակ, օտար քերականություն չեն վերցնում, չնայած օտար բառ վերցնում են` ինչքան ասես:
Այս քերականական կլիշեներն ու վերջերս տարածված` գիտական տեքստերի, մանավանդ խնդրագրքերի «լեզուն» իբր «մաքրելու, ճշտելու, խստացնելու ու գիտական դարձնելու» մարմաջը ստեղծում են բառային «աղմուկի ֆոն», ինչը խանգարում է տեքստն արագ ու հեշտ ընկալելուն` խիստ մեծացնելով տեքստի ծավալն ու գրածն էլ դարձնելով անասելի խրթին:
Այս իրավիճակի պատճառը, ինչքան էլ որ տարօրինակ ու զարմանալի թվա, այն հանգամանքն է, որ մեր այսօրվա հայ լեզվաբանության մեջ «լեզվական երևույթի» ճիշտ ու սխալը ջոկելու որևէ գիտական չափանիշ չկա:
Բնագիտության ասածների ճիշտ ու սխալը ջոկում են փորձով ու դիտելով: Մաթեմատիկայի ասածների ճիշտ ու սխալը ջոկում են տրամաբանությունով` սկսելով աքսիոմներից ու հասնելով եզրակացություններին (որոնց ասում են` թեորեմ), իսկ այսօրվա հայ լեզվաբանությունը սրանց պես մի չափանիշ` չունի´:
Ես արդեն յոթ տարի է, ինչ մամուլով պահանջում եմ մեր լեզվաբաններից, որ ասեն, թե ինչ չափանշով են որոշում իրենց ասածների ճիշտ ու սխալ լինելը, բայց մեր լեզվաբանները ծպտուն անգամ չեն հանել այս ընթացքում, որովհետև նման չափանիշ` իրո´ք չունեն: Ուրեմն, մեր այսօրվա հայերենի քերականությունը անտրամաբանական է:
Չնայած ճիշտ է, որ լեզուն ոչ միշտ է տրամաբանական, բայց լեզվաբանությունը, մասնավոր առումով` քերականությունը, անպայման պիտի տրամաբանական լինի, որովհետև սա լրիվ իրական (ու լայն իմաստով էլ` բնական) մի երևույթի, այսինքն` տվյալ կենդանի լեզվի (կամ բարբառի) գիտական նկարագրությունն է:
Բայց մեր գրական ոճերի օտար լեզուներից արած քերականական կալկաների իրավացիությունն ու տեղինությունը ոչ մի տրամաբանությունով չի բացատրվում:
Այս վիճակի պաճառն ա´յն հանգամանքն է, որ մեր հայ լեզվաբանները գաղափար անգամ չունեն, որ կա Լեզվի գլխավոր օրենք, Գլխավոր սկզբունք:
2.2 Լեզվի գլխավոր օրենքը
Հայերենի լեզվաբանությունը երբևէ չի ձևակերպել ու երբևէ հետեւողական ու տրամաբանական խստությամբ չի կիրառել այս սկզբունքը, ու մեր գրական ոճերը հենց սրա´ համար են հեղեղված քերականական օտարաբանություններով:
Բայց այս սկզբունքը կա´, ու ես սա ընդհանրացրել ու անվանել եմ Լեզվի գլխավոր օրենք (ԼԳՕ): Այս սկզբունքը վաղուց է հայտնի, օրինակ, անգլիացիներին ու ռուսներին:
Անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթը (1845-1912) ասում է. «Այն ամենը, ինչն ընդհանուր գործածություն ունի լեզվի մեջ, հենց իր գոյությամբ միայն` քերականության տեսակետից ճիշտ է»:
Լավ կլինի, որ հնդեվրոպաբանության այս հիմնական դրույթը լրացվի այսպես.
Որևէ (կենդանի) լեզվի, այսինքն, բարբառի կամ, ավելի ճիշտ, խոսվածքի ամե՛ն-ամե´ն ինչը, լինի սա՝ հնչյունաբանություն, բառակազմություն, ձևաբանություն, շարահյուսություն, կամ նույնիսկ՝ առոգանություն, արտասանություն, ձայնարկություն ու միմիկա ու ժեստ, ճի´շտ է, «բնի´կ» է, ընտի´ր է, սիրո´ւն է ու ա´նպայման ընդունելի է՝ հենց այն միակ պատճառով, որ այդ խոսվածքը կրողների մեծ մասի խոսքի մեջ ուղղակի կա´, գոյությո´ւն ունի (ու ոչ թե լեզվաբանների կամ ուրիշ մարդկանց ասելով կամ ցանկությունով):
Օրենք 1. Տնտեսագիտությունից ու հնդեվրոպաբանությունից հայտնի է, որ լեզուն ու սրա պես համակարգերը (օրինակ, ազատ շուկան), ինքնակազմակերպ են ու ինքնակառավար: Սրանց (ու նաև լեզվի) ապագան, սկզբունքով իսկ, լրի´վ է անհայտ: Այսինքն, լեզվի ընթացքը սպոնտան է ու ինքնին, ուրեմն իրավունք կա ասելու, որ լեզվի կազմակերպողն ու կառավարողը ԼԳՕ-ն է։
Օրենք 2. Լեզվի ապագայի այս անհայտությունից էլ բխում է, որ. Անհնար է, որ որեվէ անհատ կամ անհատների որևէ փոքր խումբ (մեր Ակադեմիայի կամ Լեզվի տեսչություն կոչվածի պես մեկը կամ մի քանիսը) մարդկային ծրագրով կառավարի ողջ հանրության կենդանի լեզուն:
Ու թե որ հենց ԼԳՕ-ն է կառավարում կենդանի լեզուն, ուրեմն, հենց այ´ս սկզբունքը, հենց ԼԳՕ´-ն պիտի կառավարի նաև գրական ոճերը:
Իմիջիայլոց, գիտական լեզվաբանությունը բարբառի իսկական կրող է համարում միմիայն ուսումից համարյա զուրկ մարդկանց, մանավանդ, դպրոց ու նաև պարտեզ չգնացող մանուկներին, ովքեր շատ քիչ են առնչվում գրական ոճերին, այսինքն, ժողովրդի մեծագույն մասին (ինչքան էլ որ այս դրույթը դուր չգա «ուսյալներին»):
2.3. Ինչո՞ւ է ԼԳՕ-ն ճիշտ, ու ինչո՞ւ ուրիշ սրա պես չափանիշ չկա
Գերբարդ ու բաց համակարգերը, ու սրանց հետ էլ՝ նաև լեզուն, չեն ենթարկվում մարդու կամ մարդկանց խմբերի գիտակցական ծրագրերին։
Եթե սրանց պես բարդ համակարգերին ստիպես, որ սրանք ենթարկվեն մարդկային ինչ-որ մի ծրագրի, «չե´ն լսի», չե´ն ենթարկվի այդ ծրագրին, ու այդ ծրագրի հետևանքն այդ ծրագրածից անպայման մի անսպասելի տարբեր, մի ուրի´շ բան կլինի, (ինչքան էլ որ մեր Լեզվի տեսչությունն ու մեր լեզվաբանները ծրագիր կազմեն ու լեզուն կառավարելու փորձ անեն):
Հենց այս պատճառներով էլ` պիտի լեզվի տվյալ պահին արդեն ընդհանրացած լեզվական բոլոր երևույթներն էլ համարենք ճիշտ, ընտիր ու անպայման ընդունելի, որովհետև եթե ուրիշ մի «հավերժական» ու «ճշգրիտ» սկզբունքով որոշենք լեզվական երևույթի ճիշտն ու սխալը, այս ուրիշ «ճշգրիտ» սկզբունքը, ի վերջո, անպայման կդադարի ճիշտ լինելուց, քանզի լեզուն անպայման է փոխվում, իսկ փոխվելու ուղիներն էլ լրի´վ են անհայտ:
Օրենք 3. Քանի որ կենդանի ցանկացած բարբառն էլ անըդհատ ու աննկատելի փոխվում է, ուրեմն, տվյալ բարբառի տվյալ պահի վիճակը միշտ է´լ ճիշտ է։ Ուրեմն, ԼԳՕ-ից բացի, լեզվական երևույթի ճիշտ ու սխալը, սիրունն ու տգեղը, ընդունելին ու անընդունելին որոշելու ուրիշ ոչ մի օբյեկտիվ օրենք, մարդուց անկախ ոչ մի ուրիշ չափանիշ` ուղղակի չկա ու չի եղել. չկա ու չի եղել` ողջ աշխարհում:
Ուրեմն. Լեզվի Գլխավոր Օրենքն անպայման է ճիշտ, ու սրան այլընտրանք չկա:
(Սա չի նշանակում, որ լեզվական չընդհանրացած կամ ժարգոնային երևույթներն էլ պիտի համարվեն ընդհանուրի համար ընդունելի, բայց սա նաև չի նշանակում, որ, օրինակ, համարյա բոլոր երևանցիները ժարգոնով են խոսում: Երևանցիները խոսում են Արարատյան բարբառի Երևանի խոսվածքով, ու սրան հակառակը պնդելը տգիտություն է:
1. 2012թ. հոդվածն ամբողջությամբ հրապարակվել է «Գարուն» ամսագրում։
2. Հոդվածի քննարկումը mskh.am-ում, «Դիտողություններ»
- Բացվել է 5746 անգամ