Գիտնականը և գիտությունը
Primary tabs
Գլուխ1. Փաստերի ընտրությունը
Կոմս Լև Տոլստոյը ինչ որ տեղ բացատրում է, թե իր կարծիքով ինչու է «գիտությունը գիտության համար»-ն իմաստազուրկ գաղափար: Մենք չենք կարող իմանալ բոլոր փաստերը, քանի որ դրանց թիվը իրականում անսահմանափակ է: Հետևաբար, անհրաժեշտ է դրանցից ընտրություն կատարել: Կարո՞ղ ենք այդ ընտրություն անելիս ղեկավարվել բացառապես մեր հետաքրքրասիրության քմահաճույքով: Ավելի լավ չէ՞, որ օգտակարությամբ, գործնական և հատկապես բարոյական մեր կարիքներով առաջնորդվենք: Մի՞թե ավելի լավ գործ չունենք, քան մեր մոլորակի վրա ապրող զատիկները հաշվելը:
Պարզ է, որ նրա համար «օգուտ» բառն այն իմաստը չունի, ինչ սովորաբար վերագրում են գործարար մարդիկ, նրանց հետևելով՝ նաև մեր ժամանակակիցների մեծամասնությունը: Նրան քիչ է մտահոգում գիտությունը արդյունաբերության շահերին ծառայեցնելը, էլեկտրականության հրաշագործությունը կամ ավտոմոբիլային սպորտը, որոնց մեջ բարոյական զարգացման արգելքներ է տեսնում. օգտակար է համարում միայն այն, ինչը մարդուն ավելի լավն է դարձնում:
Ինչ ինձ է վերաբերում, ապա արժե՞ ասել, որ ես չէի կարող բավարարվել ոչ այդ, ոչ մյուս գաղափարով: Ես չէի ցանկանա ո´չ այդ պլուտոկրատիան՝ ագահ և սահմանափակ, ո´չ մաքրաբարո և միջակ այդ ժողովրդավարությունը` միշտ պատրաստ ձախ այտը դեմ տալու. ժողովրդավարություն, որտեղ կապրեին հետաքրքրասիրությունից զուրկ իմաստուններ, մարդիկ, ովքեր խուսափելով ցանկացած ավելորդությունից, ոչ թե հիվանդությունից կմահանային, այլ հավանաբար ձանձրույթից: Սակայն, սա ճաշակի հարց է, և սրա մասին չէ, որ ցանկանում էի խոսել:
Վերևում բերված հարցը, այնուամենայնիվ, մնում է ուժի մեջ, և դրա վրա պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը: Եթե մեր ընտրությունը կարող է որոշվել միայն մեր քմահաճույքով կամ անմիջական օգուտով, ապա չի կարող լինել գիտություն գիտության համար, բայց, այդ պատճառով էլ, ընդհանրապես չի կարող գիտությունը գոյություն ունենալ: Այդպե՞ս է արդյոք: Որ ընտրություն պետք է արվի, սա ոչ ոք չի վիճարկում. ինչպիսին էլ որ լինի մեր գործունեությունը, փաստերը մեզնից արագ են շարժվում, և չենք կարող նրանց ետևից հասնել. այն ժամանակում, երբ գիտնականը ինչ-որ փաստ է բացահայտում, նրա մարմնի յուրաքանչյուր խորանարդ միլիմետրում միլիարդավորավոր փաստեր են տեղի են ունենում: Գիտության կողմից ամբողջ բնությունն ընդգրկելու ցանկությունը կնշանակեր ամբողջին ստիպել տեղավորվել իր մասի մեջ:
Բայց գիտնականները համարում են, որ փաստերի որոշակի ստորակարգում կա, ու դրանց մեջ կարելի է ողջամիտ ընտրություն կատարել. և նրանք ճիշտ են, հակառակ դեպքում գիտություն գոյություն չէր ունենա, իսկ գիտությունը այնուամենայնիվ գոյություն ունի: Բավական է ընդամենը բացեք աչքերը, որպեսզի համոզվեք, որ արդյունաբերական ձեռքբերումները, որոնք այդքան գործարար մարդկաց հարստացրել են, երբեք չէին լինի, եթե միայն պրակտիկները լինեին, եթե նրանցից առաջ չանցնեին աղքատության մեջ մահացող, երբեք իրենց օգուտի մասին չմտածող և ոչ թե սեփական քմահաճույքով, այլ ինչ-որ ուրիշ բանով առաջնորդվող անդավաճան խենթերը:
Հենց այդ խենթերն են, ինչպես Մախն է արտահայտվել, մտքի աշխատանք խնայել իրենց հետնորդների համար: Նրանք, ովքեր աշխատել են բացառապես անմիջական ներդրման նպատակով, իրենցից հետո ոչինչ չեն թողել. նոր կարիքի դեպքում պետք էր ամեն ինչ նորից սկսել: Բայց մարդկանց մեծ մասը մտածել չի սիրում, և, հնարավոր է, որ դա լավ է, քանի որ նրանց բնազդն է ղեկավարում, և այն սովորաբար ավելի լավ է ղեկավարում, քան մտավոր դատողությունները, համենայնդեպս այս դեպքերում, երբ մարդիկ նկատի ունեն միևնույն անմիջական նպատակը: Բայց բնազդը լճացում է, և եթե նրան միտքը չբեղնավորի, ապա այն մարդու մեջ ավելի շատ չէր զարգանա, քան մեղվի կամ մրջյունի: Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի ինչ-որ մեկը մտածի նրանց փոխարեն, ովքեր չեն սիրում մտածել, իսկ քանի որ վերջինները շատ-շատ են, ապա անհրաժեշտ է, որ մեր մտքերից յուրաքանչյուրը օգուտ տա այնքան հաճախ, որքան հնարավոր է, և այդ պատճառով էլ յուրաքանչյուր օրենք կլինի ավելի գնահատելի, ինչքան այն ավելի ընդհանուր է:
Սա ցույց է տալիս, թե ինչպես պետք է ընտրություն կատարենք: Առավել հետաքրքիր են այն փաստերը, որոնք իրենց ծառայությունը կարող են բազմաթիվ անգամներ մատուցել, որոնք կարող են կրկնվել: Մենք բախտ ենք ունեցել ծնվելու այնպիսի աշխարհում, որտեղ այդպիսի փաստեր գոյություն ունեն: Պատկերացրեք, որ գոյություն ունենար ոչ թե 60 տարր, այլ 60 միլիարդ և, որ դրանց մեջ չլինեին սովորական և հազվագյուտ, այլ բոլորը հավասարապես տարածված լինեին: Այդ դեպքում ամեն անգամ, երբ գետնից քարի կտոր վերցնեինք, ապա հավանականությունը մեծ կլիներ, որ այն կազմված լիներ նոր, մեզ անծանոթ տարրերից: Այն ամենը, ինչ գիտեինք մյուս քարերի մասին, կարող էր բոլորովին կիրառելի չլինել այդ քարի նկատմամբ: Յուրաքանչյուր նոր առարկայի առաջ կկանգնեինք նորածնի նման, և նրա նման կարող էինք ենթարկվել միայն մեր կարիքներին ու քմահաճույքին: Այդպիսի աշխարհում գիտություն գոյություն չէր ունենա. գուցե միտքը և հենց կյանքը այնտեղ անհնար կլինեին, քանի որ էվոլյուցիան չէր կարողանա զարգացնել տեսակի պահպանման բնազդը: Փառք Աստծո, վիճակն այդպիսին չէ: Ինչպես յուրաքանչյուր երջանկության դեպքում, որին սովորում ենք, սա էլ չենք գնահատում իր ամբողջ կարողությամբ: Կենսաբանը լրիվ ընկճված կլիներ, եթե միայն անհատականությունները լինեին, և տեսակներ գոյություն չունենային, եթե ժառանգականությունը չվերարտադրեր իրենց հայրերին նման երեխաներ:
Ինչպիսի՞ն են այն փաստերը, որոնք վերարտադրման հնարավորություն ունեն: Այդպիսին են, ամենից առաջ, պարզ փաստերը: Միանգամայն ակնհայտ է, որ բարդ փաստերում պատահարի բերումով հազարավոր հանգամանքներ են համակցված, և դրանք նորից մեկ տեղ հավաքել կարող է միայն պատահարը, որը ավելի քիչ հավանական է: Իսկ գոյություն ունե՞ն պարզ փաստեր: Եվ, եթե այդպիսիք գոյությունն ունեն, ինչպե՞ս դրանք ճանաչենք: Ո՞վ կվստահեցնի մեզ, որ փաստը, որը պարզ ենք համարում, սարսափելի բարդ չի լինի: Դրան կարող ենք միայն պատասխանել, որ այն փաստերը, որոնք մեզ պարզ են թվում, պետք է նախընտրենք այն բոլոր փաստերից, որոնց մեջ մեր անզեն աչքը տարբերում է առանձին մասեր. այդ դեպքում էլ երկուսից մեկը՝ կա´մ պարզությունը իրական է, կա´մ դրա տարրերն այնպես են իրար միացած, որ ի վիճակի չենք դրանք իրարից տարբերելու: Առաջին դեպքում մենք հնարավորություն ունենք այդ պարզ փաստը նորից տեսնելու կա´մ հենց իր մաքուր տեսքով, կա´մ որպես բարդ համակարգի մաս: Երկրորդ դեպքում այդ համասեռ խառնուրդն ավելի մեծ հնարավորություն ունի վերարտադրման, քան բոլորովին տարատեսակ խառնուրդը: Պատահարը կարող է խառնուրդ ստեղծել, բայց չի կարող այն բաժանել, և որպեսզի տարատեսակ տարրերից կարգավորված կառույց ստեղծենք, որտեղ հնարավոր է ինչ-որ բան տարբերել, պետք այն գիտակցաբար կառուցել: Այդ պատճառով էլ շատ քիչ հնարավորություն կա, որ այն խառնուրդը, որտեղ ինչ-որ բան տարբերում ենք, երբևէ կրկնվի: Հակառակը, մեծ է հնարավորությունը, որ առաջին հայացքից համասեռ թվացող խառնուրդը, բազմակի անգամներ վերարտադրվի: Պարզ թվացող փաստերը, եթե նույնիսկ իրականում դրանք այդպիսին չեն, ավելի հեշտ են վերարտադրվում պատահարով:
Ահա, թե ինչն է արդարացնում գիտնականների կողմից բնազդաբար յուրացրած մեթոդը, և, հնարավոր է, ավելի շատ արդարացնում է այն հանգամանքը, որ փաստերը, որոնց մենք ամենից հաճախ ենք հանդիպում, մեզ պարզ են թվում, քանի որ վարժվել ենք դրանց:
Բայց որտե՞ղ են այդ պարզ փաստերը: Գիտնականները դրանք փնտրել են երկու եզրային բնագավառներում՝ անվերջ մեծերի և անվերջ փոքրերի բնագավառներում: Դրանք գտել է աստղագետը, քանի որ լուսատուների միջև հեռավորությունները չափազանց մեծ են, այնքան վիթխարի, որ որակական տարբերությունները հարթվում են, քանի որ կետը ավելի պարզ է, քան ձև և որակ ունեցող մարմինը: Հակառակը, ֆիզիկոսը փնտրել է տարրական երևույթներ՝ մտովի մարմինը բաժանելով անվերջ փոքր խորանարդների, քանի որ խնդրի պայմանները, որոնք դանդաղ են փոփոխվում մարմնի մի կետից մյուսին անցնելիս, մի խորանարդի սահմաններում կարող են դիտարկվել որպես հաստատուններ: Այդպես էլ կենսաբանը բնազդորեն հանգել է նրան, որ բջիջն ուսումնասիրելը ավելի հետաքրքիր է, քան ամբողջ կենդանին, և հետագայում այդ տեսակետն իսկապես հաստատվեց, քանի որ նմանությունը նկատող մարդու համար ամենատարբեր օրգանիզմների պատկանող բջիջները ավելի նման են իրար, քան այդ օրգանիզմները: Սոցիոլոգն ավելի դժվարին դրության մեջ է. մարդիկ, որոնք նրա համար տարրեր են, չափազանց տարբեր են, չափազանց փոփոխական, չափազանց կամակոր, մի խոսքով՝ չափազանց բարդ. և պատմությունն էլ չի կրկնվում: Այստեղ ինչպե՞ս հետաքրքիր փաստ ընտրի, այսինքն՝ այնպիսին, որը վերարտադրվում է: Իրականում մեթոդը հենց փաստերի ընտրությունն է, և, հետևաբար, ամենից առաջ պետք է հոգ տանել մեթոդի հայտնագործման մասին, և այդպիսի մեթոդներ շատ են հայտնագործել, քանի որ դրանցից ոչ մեկը ինքն իրեն չի առաջարկում: Յուրաքանչյուր ատենախոսություն սոցիոլոգիայում նոր մեթոդ է առաջարկում, մեթոդ, որը, իմիջայլոց, յուրաքանչյուր նոր դոկտոր վախենում է կիրառելուց, այնպես որ սոցիոլոգիան գիտություն է, որը հարուստ է մեթոդներով, բայց արդյունքներից աղքատ է:
Եվ այսպես, պետք է սկսել պարբերեբար կրկնվող փաստերից, բայց երբ կանոնը սահմանված է և այնքան հաստատուն է սահմանված, որ ոչ մի կասկած չի հարուցում, ապա այն փաստերը, որոնք դրանց հետ լրիվ համաձայնեցված են, մեզ արդեն հետաքրքիր չեն, քանի որ դրանք ոչ մի նոր բան չեն սովորեցնում: Այսպիսով, հետաքրքրություն ներկայացնում եմ միայն բացառությունները: Ստիպված ենք դադարեցնել նմանությունների ուսումնասիրությունը, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնենք հնարավոր տարբերություններին, իսկ վերջիններից պետք է ընտրել ամենացայտունները, և, ընդ որում, ոչ միայն նրա համար, որ դրանք ավելի են աչքի զարնում, այլ, որ դրանք ավելի ուսուցանող են: Հասարակ օրինակը միտքս ավելի լավ կպարզաբանի: Ենթադրենք, որ մենք ցանկանում ենք որոշել կորը՝ նրա մի քանի կետերի միջոցով: Կիրառողը, ով հետաքրքրված կլիներ միայն անմիջական կիրառմամբ, կդիտարկեր բացառապես այն կետերը, որոնք իրեն պետք էին այս կամ այն նպատակի համար. բայց այդպիսի կետերը կորի վրա վատ բաշխված կլինեին. նրանք հավաքված կլինեին որոշակի տիրույթներում և ավելի սակավ այլ տիրույթներում, այնպես որ անընդհատ գծով հանրավոր չէր լինի միացնել, դրանցից ուրիշ նպատակներով օգտվել հնարավոր չէր լինի: Գիտնականը լրիվ այլ կերպ կվարվեր: Քանի որ նա ցանկանում է կորն ուսումնասիրել, դիտարկման ենթակա կետերը կբաշխեր հավասարաչափ, և երբ այդ կետերն ունենար, կմիացներ անըդհատ կորով, և կստանար կորն ամբողջությամբ: Բայց դրա համար ի՞նչ է անում: Եթե նախօրոք որոշել է կորի եզրային կետը, անընդհատ չի մնա այդ կետի մոտակայքում, այլ ամենից առաջ կանցնի մյուս սահմանային կետին: Երկու ծայրակետերից հետո ամենահետաքրքիրը կլինի նրանց միջնակետը և այլն:
Այսպիսով, եթե որևէ կանոն է սահմանված, ապա ամենից առաջ պետք է ուսումնասիրենք այն դեպքերը, երբ այդ կանոնը ամենամեծ հնարավորությունն ունի ճիշտ չլինելու: Ի դեպ, սրանով է բացատրվում այն հետաքրքրությունը, որ ներկայացնում են աստղագիտական փաստերը, ինչպես նաև այն փաստերը, որոնք անցած երկրաբանական ժամանակաշրջաններին են վերաբերում: Հեռանալով տարածության և ժամանակի մեջ՝ կարող ենք սպասել, որ սովորական կանոնները այնտեղ բոլորովին կքանդվեն: Եվ այդ մեծ փլուզումը հաճախ կարող է մեզ օգնել ավելի լավ ընկալելու և ավելի լավ հասկանալու այն ոչ մեծ փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ մեր շրջակայքում, Տիեզերքի այն փոքրիկ հատվածում, որտեղ կոչված ենք ապրելու և գործելու: Այս անկյունը ավելի լավ ենք ճանաչում, եթե լինենք հեռու երկրներում, որտեղ, իրականում, ոչինչ չունենք անելու:
Սակայն մեր ուշադրությունը պետք հիմնականում կենտրոնացնենք ոչ այնքան նմանություններ և տարբերությունների վրա, որքան այն անալոգիաների, որոնք թաքնված են թվացյալ տարբերությունների տակ: Առանձին կանոններ սկզբում տարամետ են թվում, բայց ավելի մոտիկից ծանոթանալով՝ սովորաբար համոզվում ենք, որ դրանք նմանություն ունեն: Բովանդակությամբ տարբեր, բայց դրանք նմանություն ունեն ձևի և մասերի իմաստով: Այսպիսով, եթե դրանց կողքից նայենք, կտեսնենք, թե ինչպես են նրանք աճում մեր աչքի առաջ՝ ձգտելով ամեն ինչ ընդգրկել: Հենց սա է շատ փաստերի արժեքը, որոնք լցնելով մի համալիրը, միևնույն ժամանակ մեզ հայտնի ուրիշ համալիրների ճշգրիտ պատկերն են:
Չեմ կարող այլևս կանգ առնել, բայց, կարծում եմ, ասվածից պարզ է, որ գիտնականը պատահական չի ընտրում այն փաստերը, որոնք պետք է դիտարկի: Նա չի հաշվում զատիկների քանակը, ինչպես կոմս Տոլստոյն էր ասում, քանի որ որքան էլ հետաքրքիր լինի, այդ միջատների քանակը ենթակա է շատ քմահաճ տատանումների: Նա ձգտում է կենտրոնացնել փոքր ծավալում շատ փորձեր, շատ գաղափարներ, և այդ պատճառով էլ ֆիզիկայի ոչ մեծ գիրքը պարունակում է արդեն կատարված շատ փորձեր և հազար անգամ ավելի շատ հնարավոր փորձեր, որոնց արդյունքը նախօրոք հայտնի է:
Բայց առայժմ դիտարկել ենք հարցի մի կողմը: Գիտնականը բնությունն ուսումնասիրում է ոչ թե այն բանի համար, որ դա օգտակար է, այլ ուսումնասիրում է, քանի որ դա իրեն հաճույք է պատճառում, իսկ հաճույք է պատճառում, որովհետև բնությունը գեղեցիկ է: Եթե բնությունը գեղեցիկ չլիներ, չարժեր այն ճանաչել. կյանքը չէր ունենա այն արժեքը, որպեսզի ապրվեր: Այստեղ չեմ խոսում այն գեղեցկության մասին, որն աչքի է զարնում, տեսանելի հատկությունների և որակի գեղեցկության մասին, և, ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ այդպիսի գեղեցկությունը չեմ ընդունում, ամենևին ոչ, այլ այն պատճառով, որ դրանք ոչ մի կապ չունեն գիտության հետ: Նկատի ունեմ այն խորը գեղեցկությունը, որը թաքնված է մասերի ներդաշնակության մեջ, և որը հասանելի է մաքուր մտքին: Այդ նա է հող ստեղծում, այսպես ասած կմախք ստեղծում այն տեսանելի գեղեցկությունների համար, որոնք շոյում են մեր զգայարանները, և առանց այդ աջակցության անցողիկ տպավորությունների գեղեցկությունը լրիվ անկատար կլիներ, ինչպես անորոշ և անցողիկ ամեն բան: Հակառակը, մտավոր գեղեցկությունը տալիս է ինքաբավարարում, և, հավանաբար, ավելի շատ դրա համար, քան թե մարդկային տեսակի ապագայի համար է գիտնականը իրեն դատապարտում երկարատև և ծանր աշխատանքի:
Այ, հենց այդ հատուկ գեղեցկությունը, աշխարհի ներդաշնակության զգացողությունն է մեզ ղեկավարում այն փաստերի ընտրության հարցում, որոնք կարող են ավելի ուժեղացնել այդ ներդաշնակությունը, ինչպես դերասանը իր հերոսի բնավորության մեջ փնտրում է ամենակարևորները, որոնք կհաղորդեն նրա բնավորության և կյանքի մասին, և ոչինչ, որ այդ անգիտակցական, բնազդային կանխակալ վերաբերմունքը գիտնականին կհեռացնի ճշմարտության փնտրտուքից: Կարելի է երազել ամբողջովին ներդաշնակ աշխարհի մասին, բայց որքա՛ն կզիջի այդպիսի աշխարհը իրական աշխարհին: Երբևէ գոյություն ունեցած նկարիչներից ամենամեծերը՝ հույները, ստեղծել են իրենց երկինքը, բայց այն որքա՛ն աղքատ է իրական երկնքի համեմատ:
Եվ սա այն պատճառով, որ գեղեցիկ է պարզությունը, գեղեցիկ է վիթխարիությունը, որովհետև մենք նախընտրելիորեն փնտրում ենք պարզ և վիթխարի փաստեր, որովհետև մեզ հաճույք են պատճառում մե´կ լուսատուների շարժման հսկայական տիրույթում սավառնելը, մե´կ խոշորացույցով անչափելի փոքրերի տիրույթը թափանցելը, ինչը էլի փառահեղ բան է, մե´կ խորասուզվում ենք երկրաբանական դարաշրջաններում՝ փնտրելով անցյալի հետքերը, ինչ մեզ հատկապես գրավում է նրանով, որ շատ հեռավոր է:
Այսպիսով տեսնում ենք, որ գեղեցիկի փնտրտուքը մեզ հասցնում է նույն ընտրությանը, ինչին և օգտակարի փնտրտուքը. և միանգամայն նույն կերպ մտքի խնայումը և աշխատանքի խնայումը, ինչին, ըստ Մախի, հանգում են գիտության բոլոր ձգտումները, աղբյուր են ինչպես գեղեցկության, այնպես էլ կիրառական օգուտի: Ամենաշատը զարմանում ենք այն շինություններով, որոնցում ճարտարապետին հաջողվել է համաչափ դարձնել միջոցները նպատակին, որոնցում սյուները, կարծես, առանց լարումի ազատ պահում են իրենց վրա դրված ծանրությունը, ինչպես հսկայական են Էրեխտիոնի կարիատիդները (կնոջ կերպարանքով հենասյուներ):
Ո՞րն է այս զուգադիպության պատճառը: Պայմանավորված է ուղղակի նրանո՞վ, որ հատկապես այն առարկաները, որոնք մեզ գեղեցիկ են թվում, ամենշատն են համապատասխանում մեր գիտակցությանը և այդ պատճառով միևնույն ժամանակ այն գործիքն են, որին մեր միտքը ամենալավն է տիրապետում: Կամ միգուցե սա զարգացման և բնական ընտրության խա՞ղն է: Արդյո՞ք այն ժողովուրդները, ում գաղափարներն ամենաշատն են համապատասխանում իրենց ճիշտ հասկացված շահերին, դուրս են մղել մյուս ժողովուրդներին և գրավել են նրանց տեղը: Ինչպես մեկը, այնպես էլ մյուսները հետապնդել են իրենց գաղափարները՝ առանց հաշիվ տալու հետևանքների մասին, բայց այն ժամանակ, երբ այդ փնտրտուքը որոշներին հասցրել է կործանման, մյուսներին իշխանության է բերել: Կարելի է և այսպես մտածել. եթե հույները իշխում էին բարբարոսներին, և, եթե Եվրոպան, հունական մտքի ժառանգորդը, իշխում է աշխարհին, ապա դա այն պատճառով, որ վայրենիները սիրում էին վառ գույներ և թմբուկների աղմկոտ ձայները, որոնք միայն նրանց զգացմունքներն էին զբաղեցնում, մինչդեռ հույները սիրում էին մտավոր գեղեցկությունը, որը թաքնված է զգայական գեղեցկության ետևում, ինչը և միտքը ամուր և հաստատ է դարձնում:
Անկասկած է, որ այսպիսի հաղթանակը կսարսափեցներ Տոլստոյին, որը ոչ մի կերպ չէր հավատա, որ այն կարող է օգտակար լինել: Բայց իրականության այս անշահախնդիր փնտրտուքը հանուն նրա գեղեցկության իր մեջ առողջ սերմեր ունի և կարող է մարդուն ավելի լավը դարձնել: Գիտեմ, որ այստեղ բացառություններ կան, որ մտածողը այս փնտրտուքների ժամանակ միշտ չէ, որ հոգու մաքրություն փնտրում, ինչը պետք է, որ գտներ. կան շատ վատ բնավորությամբ գիտնականներ:
Բայց արդլո՞ք դրանից հետևում է, որ պետք է հրաժարվել գիտությունից և միայն բարոյականություն ուսումնասիրել: Եվ արդյո՞ք բարոյագետները մնում են անհասանելի բարձունքում, երբ ամբիոնից իջնում են:
- Բացվել է 2801 անգամ