Դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունք

Առավոտյան ընդհանուր պարապմունքով է սկսվում  մեր օրը դպրոցում: Օրը միասին սկսելը` իրար բարևելը, միասին երգելը, կարևոր լուրեր փոխանակելը, ծննդյան շնորհավորանքները  առավոտյան դրական լիցքեր ու տրամադրություն են ապահովում, որը կարևոր է թե´ սովորողների, թե´  դասավանդողների  համար:

Դպրոցում սովորողների ընդունելությունը սկսվում է 8:45-ից:  Մինչև բոլորը կհավաքվեն, հնչում է դասական երաժշտություն , որը ենթագիտակցորեն խաղաղեցնում ու դրական լիցքեր է հաղորդում բոլորին: Սա շարունակում, լրացնում  է երաժշտության ունկնդրման ծրագիրը, նաև անուղղակի ազդում է է սովորողներին  ուղեկցող  ծնողների, հարազատների վրա`մղում դասական երաժշտություն լսելու, սովորելու, սիրելու և գնահատելու:

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը Նոր դպրոցում  ունի հետևյալ կառուցվածքը.

  • Կրթահամալիրի հիմն
  • Հոգևոր երգ
  • Բոլորին վերաբերող նորություն, հայտարարություններ
  • Ուսումնական օրացույցով որոշված ծիսական երգ-պար (2-3)
  • Կայքի նյութերի դիտում
  • Ծննդյան շնորհավորանք
  • Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված օրերից բխող միասնական արտասանություն կամ անգիր
  • Ուրախ մարմնամարզություն
  • Օտար լեզվով կարաոկե
  • Պար

Առավոտյան պարապմունքի ծրագիրը մշակելը և վարելը ուսումնական մեկշաբաթյա նախագիծ է, որում 3-6-րդ դասարանցի սովորողներն ընդգրկվում  են խմբերով` դասվարի, կազմակերպչի կամ դասավանդողներից մեկի ղեկավարությամբ:

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման գործում ներգրավված են նաև 5-6-րդ դասարանցի մի խումբ  տեխնիկական-սպասարկողներ: Նրանք նախապես ծանոթանում են օրվա ծրագրին, առավոտյան միացնում են համակարգիչը, ձայնարկիչը, պրոյեկտորը, նախապատրաստում օրվա բոլոր տեսանյութերը և ըստ ծրագրի ապահովում տեսանյութերի, կարաոկեների ցուցադրությունը:

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը բխում է ուսումնական օրացույցից:

Դասարանում  սովորած բանաստեղծությունը, երգն ու պարը կրկնելով, ամրապնդելով, ընկերոջը օգնելով, լսելով, ոգևորելով ու ոգևորվելով` սկսվող առավոտները անընդհատ հետաքրքիր և կենդանի դարձնելու համար զգուշությամբ են ընտրվում և´ երգացանկը, և´ բանաստեղծությունները, և´ պարերը:

Ծրագրի երգացանկը մեկ շաբաթվա համար` պայմանավորված կրթահամալիրի ուսումնական օրացույցով, կազմում է երաժշտության մասնագետը, ով կիրակի  օրվա վերջում այն հրապարակում է  կայքում։ Շաբաթվա ընթացքում միասնական արտասանվող բանաստեղծությունների ցանկն ավելացնում է դպրոցի ղեկավարը. ծանոթ լինելով բոլոր դասարաններում իրականանցվող ծրագրերին, նա առանձնանցում է ընդհանուր արտասանության համար հարմար բանաստեղծությունները` էլի նախ և առաջ նկատի ունենալով կրթահամալիրի ուսումնական օրացույցը: Այնուհետև պատասխանատու դասարանը, խումբը,  ղեկավարի հետ  աշխատելով, յուրաքանչյուր օրվա վերջում  մանրամասնում է  հաջորդ օրվա ծրագիրը:

Օրվա հայտարարությունները, նորությունները  հիմնականում հրապարակում են  ծրագրի ղեկավարը կամ դասավանդողներից մեկը, բացառությամբ այն շաբաթների, երբ պարապմունքները, ելնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցից, տևում են 30 րոպե: Այդ ժամանակ պարապմունքի այս մասն էլ են իրագործում սովորողները` առանձնացնելով օրվա կարևոր իրադարձությունները և  ներկայացնելուվ համապատասխան տեսանյութեր: Օրվա հայտարարությունները նախապատրաստելու համար սովորողները տարբեր տեղեկատվական աղբյուրներից փորձում են հավաքել հետաքրքիր լուրեր` տվյալ օրվա, իրադարձությունների, հանրահայտ մարդկանց  մասին,  դպրոցում նախատեսված  կարևոր  աշխատանքներն են հրապարկում:

Երգ ու պար: Երգերի արագ ուսուցմանը նպաստում են կարաոկեները։ Մեկ երգի համար սովորողները ստեղծում են տարբեր կարաոկե-հոլովակներ, որոնցից ընդհանուր պարապմունքի ժամանակ ընտրվում են լավագույնները:

Դրանք սրահի էկրանից օգնում են 300 և ավելի սովորողներին միասին երգել: Այսպես երգի բառերը չիմացող ծնողն ու սովորողն էլ են ներգրավվում  առավոտյան ընդհանուր պարապմունքի մեջ:

Հոլովակների հեղինակները սովորողներն են, ովքեր  այդ աշխատանքն անում են  տեխնոլոգիայի, մեդիատեխնոլոգիայի, երաժշտության և մայրենիի ուսումնական պարապմունքներին:

Պատասխանատուները  երգացանկում ընդգրկված երգերի համար բեմադրություն են մշակում և բեմադրում` զուգակցելով  խաղն ու պարը, ապա պարապմունքի ժամանակ սովորեցնում կրտսեր ընկերներին:

Կայքի նյութերի դիտում։ Ընդհանուր պարապմունքի  ժամանակ  կայքի ուսումնական նյութերի դիտումը սովորողների և դասավանդողների  կատարած աշխատանքների գնահատման ևս մի տարբերակ է. պարապմունքի պատասխանատուներն առանձնանցնում են կայքում նախորդ օրը թողարկված լավագույն մեկ-երկու լավագույն նյութերը, որոնք ցուցադրելուց առաջ մի քանի խոսքով ներկայացնում են և պատճառաբանում իրենց ընտրությունը։ Եթե ընտրված են լինում կարճ տևողությամբ նյութեր, ապա դիտում ենք ամբողջությամբ, եթե նյութերի տևողությունը երկար է, դիտում ենք հատված, իսկ շարունակությունը սովորողները դիտում են դասասենյակներում: Ընտրված նյութերի վերնագրերը և հեղինակների անունները մեկ օր առաջ հրապարակվում են առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրում:

Միասնական ընթերցանություն կամ անգիր

Պարապմունքի պատասխանատուները կրթահամալիրի ուսումնական օրացույցից բխող նախագծերից պարապմունքի ժամանակ նախատեսում են նաև միասնական ընթերցանությունը կամ անգիրը: Համագործակցելով 1-6-րդ դասարանցիների հետ` պատասխանատուներն առանձնանցնում են սովորողների կողմից թվայնացված ամենահարմար  տեսանյութ-հուշաթերթիկները` ֆիլմերը, պրեզենտացիաները, որոնք օգնում են բանաստեղծությունները հասկանալուն և  բերանացի իմանալուն:

Ուրախ մարմնամարզություն: Պատասխանատուները  պատրաստվում են ուրախ մարմնամարզությանը. ընտրում   մարմնամարզական վարժությունները, որոշում դրանց կատարման հաջորդականությունը (աչքերի վարժություններից  սկսած մինչև ոտքերի վարժություններ` աչքեր, գլուխ, ուսեր, թևեր, ձեռքեր, դաստակներ, մատներ, դարձումներ, գոտկատեղ, ոտքեր, կքանիստ, թռիչքներ), ապա գտնում համապատասխան երաժշտություն, այն  քննարկում  երաժշտության մասնագետի հետ:

Սովորողներն ուշադիր ու պատասխանատվությամբ են կատարում մարմնամարզական վարժությունները, քանի որ գիտեն, որ իրենց շարժումները կրկնօրինակելու են բոլորը:

Ծննդյան շնորհավորանք: Առավոտյան պարապմունքի ամենաջերմ և սպասված հատվածը ծննդյան շնորհավորանքներն են։ Հոբելյարի ընկերները, ուսուցիչները կայքում նախապես թողարկում են շնորհավորանք (ֆիլմ, ֆոտոշարք, բացիկ), իսկ առավոտյան բոլորը դիտում են այն և նվիրում արդեն սպասված  ծննդյան փուչիկը: Օրվա ընթացում կայքում թողարկված մեդիաշնորհավորանքին սովորողներն ավելացնում են նաև իրենց անհատական շնորհավորանքները:

Ընդհանուր պարապմունքը կրթական ծրագրի, դրա դասընթացների յուրացման միջոց է` ներառելով ընդհանուր կրթությանը, սովորողների արժեքային համակարգի զարգացմանն ուղղված բովանդակությունը, այստեղ դպրոցը` որպես մեծ հավաքանի, միասնաբար է հանդես գալիս, մեծերն ու փոքրերը, սովորողներն ու աշխատողները այդ միասնական աշխատանքում մտերմանում են, որի արդյունքում ստեղծվում է համերաշխ և առողջ միջավայր:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский