Առակներ
Primary tabs
Հոգևոր զարգացման խարույկ
Մի անգամ, երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:
- Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա, ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ, երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում: Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:
- Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի` փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:
- Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ, քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ վառել, այդ ժամ աշխարհը խավարի մեջ կընկղմվի:
Երջանիկների քաղաքը
Հին պերուական լեգենդը պատմում է մի քաղաքի մասին, ուր ապրում էին երջանիկ մարդիկ: Այս քաղաքի բնակիչները լավ էին վերաբերում միմյանց, անում էին այն ամենը, ինչն իրենց բավականություն էր պատճառում և հաճելի էր: Բոլորը երջանիկ էին, բացի քաղաքապետից, ով տխուր էր, որովհետև ղեկավարելու բան չկար: Բանտը դատարկ էր, դատարանին երբեք չէին դիմում, նոտարը ոչինչ չէր անում, որովհետև այնտեղ մարդկային խոսքը ավելին էր, քան թղթի վրա գրված օրենքը:
Մի անգամ քաղաքապետը հեռու մի երկրից աշխատողների հրավիրեց` քաղաքի գլխավոր հրապարակի կենտրում ինչ որ բան կառուցելու համար: Մեկ շաբաթ շարունակ հրապարակից լսվում էին մուրճի և սղոցի ձայներ: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլոր բնակիչներին հրավիրեց ներկա գտնվել հրապարակի հանդիսավոր բացմանը: Մեծ հանդիսավորությամբ բացվեցին հրապարակը փակող արտաքին վահանակները և մարդիկ տեսան մի կախաղան: Մարդիկ միմյանց հարցնում էին` ինչ գործ ունի այնտեղ կախաղանը:
Վախեցած մարդիկ սկսեցին դատարան դիմել` ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Հարցեր, որոնք մինչ այդ առանց դժվարության լուծում էին փոխադարձ համաձայնությամբ: Նրանք գնում էին նոտարի գրասենյակ, որպեսզի գրանցեին փաստաթղթերը, որոնց մինչ այդ փոխարինում էին պարզ մարդկային խոսքերը:
Եվ նրանք օրենքից վախենալով` սկսեցին ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը:
Կախաղանը երբեք չօգտագործվեց: Բայց նրա ներկայությունը փոխեց ամեն ինչ:
Հիշելու ունակություն
Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ տեսավ արտասվող մի տարեց կնոջ:
- Ինչո՞ւ եք լալիս, -հարցրեց նա:
-Որովհետև ես մտաբերել եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, որ տեսել եմ հայելու մեջ, հիշել եմ այն տղամարդուն, որին սիրել եմ: Աստված դաժան է, որ մարդուն տվել է հիշելու ունակություն: Նա գիտե, որ ես հիշելու եմ իմ կյանքի գարունը և լաց եմ լինելու:
Իմաստունը կանգնել էր ձյունածածկ դաշտում և ուշադիր նայելով մի կետի` մտածում էր: Կինն անսպասելի դադարեց արտասվելուց:
- Ի՞նչ տեսաք այնտեղ,- հարցրեց կինը:
- Վարդերի մի դաշտ,- պատասխանեց իմաստունը:- Աստված մեծահոգի է իմ հանդեպ` օժտելով հիշելու ունակությամբ: Նա գիտե` ձմռանը ես գարուն կհիշեմ ու կժպտամ…
Ներելու ունակություն
Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը:
Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն:
- Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է` թշնամուն ներելն է, -ասաց ուսուցիչը:
Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին:
- Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ:
- Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել,- հարցրեց ուսուցիչը:
-Իհարկե´ ոչ, -պատասխանեց աշակերտը:
- Բայց և այնպես, դու նրանից ներում ես խնդրում, այդպե՞ս չէ: Վարվի´ր նույն կերպ և հակառակորդիդ դեպքում, եթե անգամ դու նրան ոչ մի վնաս չես տվել:
Այն մարդու սիրտը, ով կարողանում է ներել, մաքուր է ու անուշ:
Դա հնարավոր չէ
- Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը` կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,- վերադարձի´ր ինձ մոտ և տեղեկացրու` ինչ է գրված այնտեղ:
Մի անգամ, մարմնի և հոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:
- Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ»,- տեղեկացրեց նա:
- Գրությունը պատի՞ վրա էր, թե՞ դռան,- հարցրեց ուսուցիչը:
- Դռա´ն,- պատասխանեց աշակերտը:
- Լա´վ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին ու բացի´ր:
Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն` ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:
Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց: Եվ աշակերտը ներս մտավ:
Ընկնելու պատճառները
Աֆրիկյան շամանը աշակերտի հետ գնում էր ջունգլիներով: Թեև շամանը շատ ծեր էր, բայց քայլում էր արագ, այն դեպքում, երբ երիտասարդ աշակերտը շատ անգամներ սայթաքում էր և ընկնում: Երիտասարդն ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանում էր` հայհոյելով դավաճան գետնին, թքում էր ընկած տեղը և շարունակում հետևել իր ուսուցչին:
Երկար ճանապարհից հետո նրանք հասան սուրբ համարվող վայրին: Առանց կանգ առնելու` շամանը ետ դառավ:
- Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք,- հայտարարեց աշակերտը` հերթական անգամ ընկնելուց հետո:
- Ես քեզ ինչ-որ բան սովորեցրի, սակայն դու դա չհասկացար,- ասաց շամանը: Ես փորձում եմ քեզ սովորեցնել` ինչպես կարելի է կյանքում հաղթահարել սխալները:
- Իսկ ինչպե՞ս պետք է վարվեմ նման դեպքերում:
- Փոխանակ անիծելու այն տեղը, որտեղ ընկել ես, պետք է առնվազն փորձես պարզել` ինչը ստիպեց քեզ ընկնել,- պատասխանեց շամանը:
Ոչ թե ազատում, այլ զորություն
Վանահայր Ջուզեպեն միշտ ասում էր, որ ինքը այնքան շատ է աղոթել, որ դադարել է ինչ-որ բանի մասին անհանգստանալուց. կրքերը պարտվել են:
Այս խոսքերը հասնում են Սցետեի վանքի մի իմաստունի ականջը, ով իր աշակերտների հետ հավաքվել էր երեկոյան ընթրիքի:
- Դուք լսե՞լ եք` ինչ են ասում: Վանահայր Ջուզեպեի համար այլևս չկան գայթակղություններ, որի դեմ ինքը պետք է պայքարի,- ասացին իմաստունին:
- Պայքարի բացակայությունից հոգին թուլանում է: Եկեք Տիրոջից խնդրենք, որպեսզի հայր Ջուզեպեի համար զորավոր գայթակղություն ուղարկի: Եթե նա դիմակայեց գայթակղությանը, մենք կխդրենք մեկ այլը, հետո` մյուսը: Երբ նա վերստին սկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Տեր, այս սատանային ինձնից հեռացրու»:
Մենք կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Տեր, ինձ ուժ տուր, որպեսզի կարողանամ հաղթահարել փորձությունը»:
Հիսուս պետք չէ
Մի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին:
Վանահայր Սիսոիսը վիրավորված վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:
- Ես չեմ կարող դա անել,- պատասխանում է վանականը:- Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:
Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
- Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած հանցանքների համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականն ամոթից անմիջապես ներում է եղբորը:
Նայել արևին
Աշակերտը գնաց ուսուցչի մոտ և ասաց.
- Տարիներ շարունակ ես գիտակցաբար ձգտել եմ դեպի լույսը: Զգում եմ` ընդհուպ մոտեցել եմ նպատակիս: Ուզում եմ իմանալ` ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը:
- Ինչպե՞ս ես ապրում, ինչքա՞ն ես վաստակում,- հարցեց ուսուցիչը:
- Առայժմ չեմ վաստակում: Ինձ հայրս ու մայրս են պահում: Դե, դա այդքան էլ նշանակություն չունի:
- Դու հարցնում ես` որն է լինելու քո հաջորդ քա՞յլը: Կես րոպե անթարթ նայիր արևին,-ասաց ուսուցիչը:
Աշակերտն այդպես էլ արեց:
Կես րոպե անց ուսուցիչը խնդրեց, որպեսզի աշակերտը նկարագրի այն ամենը, ինչը հասցրեց տեսնել շուրջը:
- Ես ոչինչ էլ չտեսա: Արևը կուրացնում էր ինձ:
-Նա, ով միայն լույսի է ձգտում իր պարտականությունները թողնելով ուրիշներին, երբեք չի հասնում լուսավորության:
- Բացվել է 8580 անգամ