Հեռավար մեդիադպրոց
Primary tabs
Հեռավար ուսուցումը նոր սերնդի նոր կրթության բաղկացուցիչներից է, որը ստեղծում է առանձին մի մեդիադպրոց: Այդ ժամանակակից կրթության պահանջարկը պայմանավորված է նրանով, որ սոցիալական առաջընթացը կենտրոնացված է տեղեկատվական ոլորտում: Գործընթացը տրամաբանական է և օբյեկտիվ`բնորոշ ամբողջ համաշխարհային հանրությանը: Այն արտահայտվում է մարդու գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության: Հիմնականում, շնորհիվ այդ գործընթացի, հնարավոր է ուսուցման սինթետիկ նոր ձև. դա հեռավար ուսուցումն է, որն իր մեջ ներառում է ավանդական կրթության լավագույն հատկանիշները: Հեռավար ուսուցման առաջացումն ու ակտիվ տարածումը կրթական համակարգի ադեկվատ արձագանքն է աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, տեղեկատվական հասարակության շարժին: Հեռավար ուսուցումն ապահովում է համակարգված և արդյունավետ ինտերակտիվություն, որի տարբերվող առանձնահատկություն այն է, որ հնարավորություն է տալիս սովորողներին ձեռք բերել գիտելիքներ` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները: Այս ժամանակակից կրթության ձևը միտված է լուծելու որոշակի խնդիրներ.
- ուժեղացնել սովորողի դերը սեփական կրթության մեջ
- ավելացնել ուսուցման մատչելիությունը շնորհիվ ինտերակտիվ մեթոդների, մուլտիմեդիա ծրագրերի կիրառման
- ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ սովորողների ստեղծականության, ինքնաարտահայտման համար:
Մանկավարժական գործունեությունը այստեղ ավանդականից տարբերվում է, քանի որ թե սովորողից, թե մանկավարժից պահանջվում են հեռահաղորդակցության ոլորտի գիտելիքներ և հմտություններ: Այսինքն, խոսելով հեռավար ուսուցման մասին, պետք է խոսել միասնական կրթական տարածք ստեղծելու մասին, որտեղ պետք է ընդգրկել բոլոր հնարավոր էլեկտրոնային ռեսուրսները, վիրտուալ գրադարանները, էլեկտրոնային ուսումնական նյութերը, հղումները: Ուսուցիչը հեռավար ուսուցման համակարգում դառնում է.
- ուսումնական դասընթացների ստեղծման և ինտերակտիվ տրամադրման մասնագետը
- մասնագետ, ով օգնում է սովորողներին գտնել և իրագործել իրենց ուսումնական գործունեությունը ներկայացվող դասընթացներում
- սովորողների ուսումնառության արդյունքները մոնիտորինգի ենթարկող փորձագետ:
Կրթական համակարգում հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել.
- սովորողների համար, ովքեր ամբողջ տարվա, կամ ինչ-որ ժամանակահատվածում չեն կարող հաճախել դպրոց
- այն սովորողների համար, ովքեր որոշակի առարկաներից ունեն թերացումներ
- քննություններին նախապատրաստվելու համար
- թեմայի խորը ուսումնասիրության համար, որն ընդգրկված չէ կամ մասամբ է ընդգրկված առարկայական ծրագրում
- լրացուցիչ կրթության համար:
Սակայն հեռավար մեդիադպրոցն էլ ունի իր դժվարություններն ու խնդիրները: Ոչ բոլոր սովորողներն են պատրաստ ինքնրուրույն ուսումնասիրել առարկան (հեռավար ուսուցումը այն մարդկանց համար է, ովքեր ուզում են կրթություն ստանալ): Դասավանդողի համար դժվարությունն այն է, որ դասին նախապատրաստումը պահանջում է լրացուցիչ ժամանակ, և նախատեսվում է բոլոր նյութերի տրամադրում «հեռավար» սովորողներին: Բացի այդ՝ դժվար է կազմակերպել ուսումնական նյութի կատարման վերահսկողությունը: Բայց մյուս կողմից հեռավար ուսուցումը դասավանդողին հնարավորություն է տալիս անընդհատ բարելավել ինֆորմացիոն կուլտուրան, փորձը և հմտությունները: Անվիճելի է, որ հեռավար ուսուցման խնդիրները հարթելու ուղղությամբ տարվող գործնական աշխատանքները, մեթոդական և տեխնիական զարգացումը պետք է լինեն անընդհատ: Եվ կարելի է վստահորեն ասել, որ և հեռավար մեդիադպրոցը, և այն զարգացնելուն միտված գործնթացները իրական օգուտ կբերեն ժամանակակից կրթական համակարգին:
Այսպիսով, սեփական փորձից ելնելով` կարող եմ նշել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեռավար կրթությունը, բացի վերը նշվածից, ըստ էության նաև «կրկնակի ուսուցում» ապահովող գործընթաց է բոլորի համար: Այն նաև դառնում է փորձի փոխանակման միջոց դասավանդողների համար: Մաթեմատիկայի հեռավար մեդիադպրոցը տարբեր դպրոցների սովորողների համար մեծ, բաց հնարավորություն է ստեղծում օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրից ուսումնասիրել առարկան, ամրապնդել դպրոցում ստացած գիտելիքները կամ լրացնել բաց թողածը: Իսկ դասավանդողի համար հեռավար մեդիադպրոցը կայքի, բլոգի շնորհիվ դառնում է մեթոդների, ծրագրերի փոխանակման, առցանց երկխոսության աղբյուր: Թերևս սրանք են հեռավար մեդիադպրոցի ստեղծման առաջին քայլերի ձեռքբերումները, որոնք ոլորտի զարգացմանը զուգընթաց կլինեն շարունակական և ստեղծական:
- Բացվել է 2134 անգամ