Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն

 «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն» նախագիծը ուսուցողական, գիտաճանաչողական ծրագրերի համալիր է: Նպատակն է սովորողների  մեջ սեր սերմանելը դեպի մշակութային ժառանգության պահոցները` հնարավորություն տալով գիտակցելու թանգարանների դերը, գործառնական նշանակությյունը և թանգարանային գործի մեջ այլընտրանքային մոտեցումների մեխանիզմները: Մերօրյա թանգարանային գործը մնացել է կարծրատիպային` մատուցելով միայն ավանդական ծառայություններ: Առաջավոր աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ժամանակն է թանգարաններում կիրառել բազմաբովանդակ գործունեություն, որը կմեծացնի այցելուների հետաքրքրությունը, կբարելավի թանգարանային ծառայության որակը: 

Այս նախագիծը իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ: ՊՈԱԿ-ի պահպանության տակ են գտնվում մի շարք արգելոց-թանգարաններ` «Արփի» բնապատմական արգելոց, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան,«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

  Այս ծրագրի շրջանակներում նշված արգելոց-թանգարանների տարածքներում կիրականացվեն տարբեր էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնական, ճանաչողական, պատմահնագիտական, արշավախմբային նախագծեր:

Նախագծի մեկնարկը ապրիլի 18-ին էր՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Տարաբնույթ ուսումնագործնական  աշխատանքների միջոցով կրթահամալիրի 14-17 տարեկան սովորողները ծանոթացել են Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմությանը, տարածաշրջանի պատմաշխարհագրությանը: Սովորողներին հնարավորություն է ընձեռվել լինել հնագիտական հուշարձանի տարածքում, ծանոթանալ հուշարձանի, նրա ուսումնասիրության պատմությանը, մասնակցել գտածոների մաքրման, ամրակայման, վերականգնման աշխատանքներին, կատարել ֆոտո-պլեներներ, իրականացնել տարածքի էկոդիտարկում, էկոլոգիական վիճակի ուսումնասիրություն, ստեղծել ուսումնական մեդիափաթեթ, որը դեռ համալրվելու է ուսումնական մեդիաքարտեզներով, նկարաշարերով, ուսումնական ֆիլմերով: Հիմք դրվեց սովորող-թանգարան կրթական կապին:

 

Առաջին փուլ- Ապրիլի 18` հուշարձանների պահպանության միջազգային օր

Ցանկացած ուսումնական նախագծի սկզբնական փուլը սովորողներին այդ նախագծի կրողը դարձնելն է: Նախագիծն իրականացնելիս կարևոր է սովորողների ոգևորությունն ու պատրաստակամությունը. ուստի մինչև թանգարան գնալը սովորողների խմբերի հետ կատարեցինք վիրտուալ ճամփորդություն դեպի Մեծամոր: Նրանք իմացան տարածքի տեղը քարտեզի վրա, իմացան՝ ինչեր են պահվում թանգարանում, ինչ գետ և լիճ կա ադ վայրում, ինչպիսի էկոլոգիական խնդիրներ կան: Նախնական գիտելիքներ ստանալուց հետո արդեն սովորողները պատրաստ էին իրենց իմացածը տեսնել թանգարանում:

Եղանք  արգելոց-թանգարանում, ծանոթացանք տեղանքին, էկոլոգիական վիճակին, համեմատեցինք արդի և պալեոէկոլոգիական իրավիճակը,  ծանոթացանք հուշարձանի և նրա ուսումնասիրության պատմությանը: Արգելոցի տարածքում իրականացրինք  էկոլոգիական, բարեկարգման և մաքրման աշխատանքներ:

Երկրորդ փուլ

Այցելեցինք Այղր լիճ, ուսումնասիրեցինք Մեծամոր գետի և հարակից լանդշաֆտի էկոհամակարգը. սովորողները վերցրել են լճի և գետի ջրից փորձանմուշ՝ քիմիայի դասաժամին բաղադրությունը որոշելու և հետո համեմատելու մյուս տարածքներից վերցրած գետերի ջրերի նմուշների հետ: Արդյունքում կունենանք տարբեր տարածաշրջանների ջրի որակի, քիմիական կազմի մասին տվյալներ, կկարողանանք համեմատել, կիմանանք աղտոտման պատճառները, կփորձենք գտնել լուծումներ որակի բարելավման համար:

Իրականացվել են նախագծի երկու փուլերը: Սովորողները դարձել են թանգարանի «աշխատակից»: Նմուշներն ուսումնասիրելով՝ նրանք ավելի հոգատար էին մոտենում  պահվող նմուշներին: Գտածոների վերականգնումը նրանց ստիպեց հասկանալ, թե ինչքան դժվարին ու մանրակրկիտ աշխատաքն են իրականացնում մասնագետները:

Նախագծի նպատակներից մեկն էր թանգարանային աշխատանքներում ներգրավել տարատարիք  սովորողների`  յուրաքանչյուրի համար նախատեսելով աշխատանքի որևէ բնագավառ (մասնակցել են Դպրոց–պարտեզի 6-րդ դասարանի «Բնագետիկները», Միջին դպոցի 9-րդ դասարանի և Ավագ դպրոց-վարժարանի «Էկոհայրենագիտական» ակումբի սովորողները):

Երկու անգամ թանգարան այցելելուց հետո սովորողները պետք է ստեղծեին թանգարանի մասին պատմող ֆիլմեր և պատումներ:

Նախատեսվում է համատեղ ստեղծել պեղված հուշարձանի վիրտուալ մակետները: Աշխատանքներին կմասնակցեն ՊՈԱԿ-ի ճարտարապետը, Կրթահամալիրի ՏՀՏ մասնագետը և  մի խումբ սովորողներ:

Նախագիծը ուսումնական է, և սովորողների ցանկացած աշխատանք գնահատվում է և համարվում է տնային աշխատանք: Կարծում եմ՝ հարկավոր է սովորողներին խրախուսել նրանց ստեղծած ցանկացած աշխատանքի համար: Դրանք գնալով դառնում են ավելի հետաքրքիր ու ամբողջական:

Նախագծային մեթոդը նախատեսում է երկարաժամկետ աշխատանք, և աշխատանքի արդյունքները երևում են  տարբեր փուլերում: Այս նախագծի երկու փուլերն արդեն իրականացվել են. առջևում մյուս երկուսն են:

Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է  «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:  Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: «Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 18-ին: Այս օրը համընկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՈՄ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է՝ «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:

Այդ օրը Երևանի բոլոր թանգարանները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Տարբեր վայրերից այցելուներ են գալիս: Մարզերում գտնվող թանգարանները դուրս են մնում այդ շրջանակից: Այս նախագծի մասնակիցները այդ օրը կլինեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում: Կկատարվի շրջայց թանգարանում, նախագծի մասնակից սովորողները կլինեն ուղեկցողները և հյուրերին կպատմեն պահվող նմուշների մասին: Կիրականացվեն  գիշերային դիտումներ աստղադիտակով, մասնակիցներին կներկայացնեն իրականացված աշխատանքների մասին պատմող  ֆիլմեր և ֆոտոշարքեր:

Այս նախագծի արդյունքում հանրապետության արգելոց-թանգարանները կդառնան ոչ ֆորմալ կրթության կենտրոններ, թանգարանների դերն ու նշանակությունը կփոխվի, սովորողները կլինեն ոչ միայն թանգարանի այցելու, այլ «աշխատող», մասնագետի օգնական, իրենց ուսումնական նախագծերը կիրականացնեն արգելոցների տարածքներում:

Նախագծի զարգացումը պատմահնագիտական մյուս թանգարան-արգելոցներում նմանատիպ գործունեություններ ծավալելն է:  Նախագծի իրականացման արդյունքում  թանգարանը իսկապես կդառնա այն վայրը, որտեղ սովորողները կիրականացնեն իրենց ուսումնահետազոտական աշխատանքներն ու էկոհայրենագիտական արշավները:

Կարծում եմ որևէ դժվարություն չեմ ունեցել նախագիծն իրականացնելիս, իսկ ձեռքբերումը համարում եմ  սովորողների ոգևորությունը, ստեղծած   նյութերը, տարատեսակ հարցերն այդ ոլորտի մասին, սպասումը ևս մեկ անգամ թանգարանում լինելու և  թանգարանի «աշխատակիցը» դառնալու:

Ոչ ֆորմալ կրթության միջոցով կձևավորվի թանգարանային հարթակ և թանգարանն արժեքների պահոց լինելուց բացի կդառնա կրթական նախագծերի իրականացման կենտրոն:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский