Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն)
Primary tabs
Կատարում եմ Հոկտեմբերյան հավաքին տված խոստումս` տարվա ընթացքում դիտարկել և ուսումնասիրությամբ բացահայտել բլոգի` որպես ուսումնական տարածքի, նոր հնարավորություններն ու արդեն արդյունքների տեսքով ներկայացնել Մայիսյան հավաքին:
Բլոգի մասին գրված նախորդ հոդվածներից մեկում նշել էի, որ սկզբնական շրջանում բլոգը կիրառվել է`
- դասին անհրաժեշտ տարաբնույթ նյութերի
- առցանց քննարկումներ կազմակերպելու
- առցանց ստուգումներ անցկացնելու
- օգտակար ինտերնետային տարատեսակ հղումներ պահելու համար:
«Դիջիտեք-2013» օրերին միջանկյալ հաշվետվությամբ ներկայացվեց, որ բլոգը հարմարմիջավայր է`
խոսքի մշակման աշխատանքներ իրականցնելու
հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու
թարգմանական տեքստեր զետեղելու
ստեղծագործական աշխատանքեր կատարելու
փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու
հարցաշարերի շտեմարան ունենալու
ինչպես նաև`
մեդիանյութերի, էլեկտրոնային ռեսուրսների, մեդիափաթեթների համար:
Ժամանակն է ամփոփելու արդյունքները:
Ուսումնական անընդհատ ու անընդմեջ գործընթացի շնորհիվ տեսանելի և իրական է դառնում կրթական բլոգոլորտ կոչվածը (բլոգոսֆերա)` բլոգային ցանց, որի շնորհիվ աստիճանաբար ստեղծվում է մեդիաուսումնական հարմար միջավայր:
Ձեռքբերում է բլոգի` դասարանի պատերից դուրս գալը, ասել է թե` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա) դառնալու փաստը:
Կարևոր է նաև ուսուցչի բլոգի միջոցով սովորողների բլոգների ակտիվացումը:
Ձևեր կարելի է անընդհատ մտածել և փորձարկել: Ներկայացնում եմ այս կիսամյակի ընթացքում արդեն փորձարկված ու առավել հաջողված մի քանի ձևեր:
- Առցանց դասերի կազմակերպում սովորողի բլոգում
Սովորողները հանձնարարություն են ստանում առցանց դաս պատրաստել`առաջադրանքեր կազմելով: Ուղարկվում է նաև առաջարկվող այն նյութերի ցանկը, որոնք կարող են օգտակար լինել սովորողին` դասը պատրաստելիս: Դասարանում, սովորողների օգնությամբ, ընտրվում են առավել հաջողված դասերը, հարցերը մշակվում են: «Քննությունն անցած» սովորողն իր բլոգում դասը առցանց վարելու իրավունք է ստանում: Սովորողների էլ. հասցեներին ուսուցչի բլոգի հասցեի փոխարեն ուղարկվում է իրենց իսկ ընկերոջ բլոգի հասցեն: Եվ աշխատանքը, որն արվում էր ուսուցչի բլոգում, սովորողներն արդեն կատարում են իրենց ընկերոջ բլոգում: Առցանց դասն անցկացնող բլոգավար սովորողը հետևում է իր ընկերների աշխատանքի ընթացքին, հարկ եղած դեպքում` դիտարկումներ անում:
- Առցանց քննարկումների կազմակերպում սովորողի բլոգում
Սովորողներն առաջարկում են, ապա ընտրում են քննարկման թեմաներ: Այն սովորողը, որի առաջարկած թեման հավանության է արժանանում, ինքնըստինքյան դառնում է քննարկման պատասխանատուն` իր բլոգում նախապես թողարկելով քննարկվող թեման, հարցադրումները: Պայմանավորվում ենք քննարկման օրվա և վերջնաժամկետի հետ կապված: Վերջնաժամկետը, սովորաբար, ընտրվում է մինչև հաջորդ հանդիպում: Սովորողը քննարկմանը մասնակցում է իրեն հարմար ժամանակ: Իսկ դասի ժամանակ տեղի է ունենում քննարկման արդյունքների բանավոր ամփոփում:
Ուզում եմ ասել, որ քննարկումները ուսուցչի բլոգից կարելի է աստիճանաբար տեղափոխել սովորողների բլոգներ: Էլ չեմ ասում, որ այս կերպ կարելի է քննարկումների շարք սկսել: Ամեն անգամ մեկը կարող է «հյուրընկալել» իր ընկերներներին: Ինչպես երեխաներն են կատակով ասում. «Բլոգում սեղան գցել»:
- Առցանց հղումների տեղադրում ուսուցչի բլոգում
Կատարված տնային աշխատանքի` ուսումնասիրության, վերլուծության, ստեղծագործական շարադրության, համապատասխան հղումը ուսուցչի բլոգում տեղադրելը: Այս ձևը, ըստ էության, ուսուցչի համար ևս մեկ հնարավորություն է սովորողի բլոգում հայտնվելու:
- Սովորողների բլոգների ներկայացում
Թե բանավոր, թե գրավոր խոսքի զարգացմանը միտված առաջադրաքները կազմել այնպես, որ կատարման համար պարտադիր լինի սովորողների բլոգների ակտիվ գործածումն ու դրանց ներկայացումը:
Կարծում եմ՝ բլոգի, որպես ուսումնական տարածքի մասին, ամբողջական և լիարժեք տեղեկատվություն է տալիս «Մեդիամատյան» բաժինը: Այս բաժնում տեղ են գտնում ոչ միայն ուսուցչի՝ սովորողին հանձնարարվելիք առաջադրանքները, այլ որ ամենակարևորն է, երևում է նաև սովորողի կատարած աշխատանքը, ասել է թե՝ սա մի վիրտուալ տարածք է, ուր, ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի, հավաքվում է դասավանդող-սովորող համագործակցության ընթացքում ստեղծված աշխատանքի արդյունքը:
Մեդիամատյանը մի առավելություն էլ ունի. ի տարբերություն գործող էլեկտրոնային մատյանների, ծնողը հնարավորություն ունի հետևելու իր երեխայի կատարած աշխատանքներին:
Որպես լրացում հավելեմ, որ «Մեդիամատյանում» տեսանելի են երկուստեք կատարած աշխատանքի գրավոր ձևակերպումները, այն դեպքում, երբ դա գործի մի մասն է միայն: Յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողները ոչ միայն հատիկ-հատիկ ներկայացնում են իրենց աշխատանքները, այլև գրավորի վերլուծություն են կատարում՝ գտնելով թե իրենց, թե ընկերների թույլ տված սխալները. մտքերի սխալ ձևակերպումներ, տրամաբանական աղավաղումների դրսևորւոմներ, ուղղագրական, կետադրական սխալներ, վերլուծության թերություններ և այլն, և այլն:
Թերևս՝ այսքանը: Ունենք այն, ինչ ունենք: Մնացածը` հընթացս:
- Բացվել է 4771 անգամ