Այլևս իրականություն է

Մոտ չորս տարի առաջ, երբ կրթահամալիրում հիմնադրվեց Գիտակների ակումբը, և առաջացան մտքեր` ակումբային գործունեությունը դարձնելու ուսումնական գործընթացի կարևորագույն և գլխավոր բաղադրիչներից մեկը (գաղափարի հեղինակ՝ Աշոտ Բլեյան), անկեղծ ասած, լավ չէի պատկերացնում այդ գործընթացը: Բայց...

Մինչ բուն թեմային անցնելը, մի քանի տողով անդրադառնամ այն հարցադրմանը, թե ինչ է ընդհանրապես իրենից ներկայացնում ակումբ կամ ակումբային գործունեություն հասկացությունը: Այսպես` նախկինում, յուրաքանչյուր մեծ կամ փոքր կազմակերպություն, գյուղ և քաղաք, ունեին իրենց ակումբները, որոնք ունենում էին ամենատարբեր գործառույթներ: Փոխվեցին ժամանակները և պահանջմունքները, փոխվեցին նաև ընկալումները և այս հասկացության վերաբերյալ պատկերացումները: Այժմ ակումբ հասկացությունն ունի մի քանի ընկալումներ, որոնցից հայտնի է հատկապես ժամանցային կենտրոնների ընկալումը: Սակայն այս փուլում մեզ ավելի շատ հուզում է ակումբի կրթական ընկալումը և ակումբ հասկացության` որպես կրթական բաղադրիչի մեկնումը: Կրթահամալիրում ակումբային գործունեություն ասվածը ասոցացվում է նախ և առաջ կրթական բաղադրիչի հետ, որը միտված է բավարարելու անհատի կրթական պատվերի շրջանակներում առկա բազմաթիվ հետաքրքրություններ:
 Ինչպե՞ս են ձևավորվում ակումբները: Ակումբային գործունեությունը մաս է կազմում Ավագ դպրոցում կիրառվող եռամաս ուսումնական պլանի: Ակումբները կազմակերպվում են ըստ նախապես հրապարակված ծրագրի: Արդեն ներկայացված ակումբներում, կամավորության սկզբունքով (նոր առաջարկի համաձայն՝ ակումբային գործունեությունը դառնում է պարտադիր բաղադրիչ) ներառվում են նույն հետաքրքրություններն ու պահանջմունքներն ունեցող սովորողները: Ակումբի շրջանակներում ծավալած գործունեությունն օգնում է մասնակիցների ունեցած հետաքրքրությունները զարգացնելուն և նպաստում է սովորողների օժտվածության զարգացմանը, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուն:

Ակումբային գործունեության նպատակները

Ակումբները կազմակերպվում և գործում են իրենց անդամների սոցիալական ակտիվությունը, ստեղծագործական միտքը և մշակութային ընկալումները, ինքնակազմակերպվածությունը, նախաձեռնողականությունը բարձրացնելու նպատակներով:

Ակումբում կարգավորվում և նոր տեսք են ստանում միջանձնային հարաբերությունները:

Ակումբները ղեկավարում են մասնագետ-դասավանդողները: Մասնագետ-դասավանդողը, ակումբի առավել նախաձեռենող սովորղների հետ տանում է առանձին աշխատանք, որը միտված է տվյալ սովորողի մոտ արտահայտված առաջնորդի հատկությունները զարգացնելուն և ակումբը որպես հարթակ օգտագործելուն: Ակումբային գործունեությունը միշտ կրում է բազմաֆունկցիոնալ բնույթ:

Մի խոսքով՝ չխորանալով պատմության և անցած ուղու մթին քառուղիներում, խոսեմ բուն նպատակից:

Սույն փոքրիկ վերլուծականի մեջ կխոսեմ ակումբային գործունեության համակարգի մասին, որն այլևս բաղկացուցիչ է կրթահամալիրի ուսումնական գործընթացի: Այդ միտումը նկատվեց իմ հիշատակած ժամանակ, բայց իրական դարձավ անցյալ տարվա օգոստոս ամսին, երբ վերջանական տեսքի բերվեցին Ավագ դպրոցների ուսումնական պլանները: Ավագ դպրոցի մասով եղած ակումբներին ավելացան նորերը՝ դրանց թիվը հասցնելով 17-ի: Ակումբային գործունեության զարգացումը խթան հանդիսացավ «Լուսաստղ» պատանեկան ամսագրի և «Հեռադիտակ» ուսումնական բլոգի համար: Երկուսն էլ, ոչ ֆորմալ կրթության տեսանկյունից, լավագույն տիրույթներ են, սովորողին ազատ մտածելու, ստեղծագործելու, վերլուծելու, առանց վախենալու արտահայտվելու հնարավորության առումով: Երկուսի պարագայում էլ միջուկը կազմում են հիմնականում ակումբային աշխատանքներում ներառված սովորողները: Ակումբային գործունեության դրսևորման փաստերից է նաև այն հանգամանքը, որ ներառված են շուրջ հարյուր սովորողներ, և սա` պարտադիր չլինելու պարագայում (խոսքն այստեղ մարզական ակումբների մասին չէ, այս հոդվածի շրջանակներում չեն քննարկվում մարզական ակումբները):

Ի՞նչ առավելություններ ունի ակումբային գործունեությունը պարտադիր հանրակրթության նկատմամբ:

Ա. Ակումբային գործունեությունը, բացի նախասիրություններ զարգացնելուց, նաև հմտություններ ձեռք բերելու միջոց է:

Բ. Ակումբներում սովորողները ներառվում են ըստ իրենց ունեցած նախասիրությունների, չհաջողելու դեպքում կարող են փոխել ակումբը:

Գ. Ազատ արտահայտվելու և ինքնադրսևորվելու (առանց վախի սինդրոմի) տարածք է:

Դ. Կրթության գործի կազմակերպման մեջ ներառված են բոլորը:

Ե. Չկան պասիվ և ակտիվ մասնակիցներ:

Զ. Ակումբային գործունեությունը կազմակերպվում է հավասարության սկզբունքից ելնելով, չի գործում վերևից ներքև վեկտորը:

Ակումբային գործունեության կարևոր խթաններից էր նաև գնահատման համակարգի, որպես այդպիսին, բացակայությունը: Գոնե Գիտակների ակումբի մասով սովորողներն իրենք են գնահատել իրենց գործունեությունը՝ կիրառելով երկու պարզ նիշ՝ «արդյունավետ է» կամ «անարդյունավետ է» իրենց համար: Սրա արդյունքում ակումբի կազմը մեկ երրորդով փոխվեց: Ակումբային ոլորտն ազատ տարածք հանդիսացավ նաև նոր նախագծեր մշակելու և իրականացնելու համար: Ակումբային գործունեությունն իր արտացոլումը գտավ նաև հիմնական կրթության մեջ և հետևողականորեն զարգացում է ապրում: Հարկ է փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում, ակումբային գործունեությունը՝ որպես ազատ ընտրության տեսակ և ոչ ֆորմալ կրթության ձև, առաջ շարժվեց զարգացման ուղով:

Բայց կան որոշակի բացթողումներ և խոչընդոտներ, որոնց հարկ է անդրադառնալ:

Առաջին. Ավագ դպրոց- վարժարանի հագեցած դասացուցակի պարագայում այն չմտավ դասացուցակ և այդպիսով մասնակի զրկվեց ժամային հստակությունից: Մյուս կողմից, սա խոչընդոտ հանդիսացավ սովորողների ավելի լայն շրջանակներ ներառելու համար: 

Երկրորդ. ակումբային համագործակցությունն առայժմ թույլ է զարգացած, բայց կան նախանշաններ, որ այս խնդիրը կկարգավորվի շատ կարճ ժամկետներում:

Երրորդ. Գեղարվեստի և Արհեստագործական ավագ դպրոցների սովորողները քիչ մասով են ներառված ակումբային գործունեության մեջ:

Չորրորդ. Ակումբային գործունեության գաղափարի տարածումը՝ որպես հիմնական կրթության լրացում կամ բաղկացուցիչ, առայժմ շատ թույլ տեմպերով է տեղից շարժվում:

Այս ամենով հանդերձ, Ակումբային գործունեությունն իրենից ներկայացնում է դրական այլընտրանք և չի հակասում ֆորմալ կրթության ձևաչափին՝ նոր հնարավորություններ ընձեռելով ինչպես մասնակից սովորողներին, այնպես էլ ներառվող մասնագետներին:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский