Ուսումնական ստուգատեսի լուսաբանումն ուսումնական նախագիծ

Նախագիծն ինքնին դասի կազմակերպման այլընտրանք է, որը սովորողին պահում է անընդհատ արթուն վիճակում, քանի որ սովորողը չի կարող նախապես իմանալ, թե ինչպես կկատարի առաջադրանքը և արդյունքում ինչ կստանա:

Իսկ եթե խոսքը լուսաբանման՝ որպես խոսքի մշակույթի, նախագծի մասին է, ապա սովորողի գործունեությունը դառնում է ավելի անկանխատեսելի ու հետաքրքիր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասարանի մեծ մասն անտեղյակ էր թե Էկոտուր-2013 ստուգատեսից, թե լուսաբանման աշխատանքի սկզբունքներից, կազմակերպեցինք հանդիպում ստուգատեսի պատասխանատուների և Info-ի ղեկավարի հետ: Համապատասխան տեղեկություն և ցուցումներ ստանալուց հետո անցանք գործի:

Առաջին հերթին ընդհանուր քննարկումների միջոցով պատրաստեցինք մամլո հաղորդագրություն, որն ուղարկվեց Հայաստանում քիչ թե շատ ընթերցվող բոլոր ԶԼՄ-ներին: Հետո կատարեցինք աշխատանքի բաշխում՝ ըստ միջոցառումների հերթականության:

Քանի որ մայրենիի գնահատման համակարգում ամենաբարձր գնահատվող գործունեությունը դարձրել եմ նախագծայինը, սովորողների հետ պայմանավորվեցինք՝ ամենաաննշան աշխատանք (թեկուզ՝ ուղղակի լուսանկարում) կատարած սովորողը ստանալու է իր նախագծային միավորը:

Ստուգատեսի ընթացքում որևէ սովորողի «բերման չենթարկեցի». բոլորը շատ հստակ հիշում էին իրենց հերթապահության ժամերը և կես խոսքից անցնում էին գործի: Միակ բարդությունը, որի հետ առնչվեցի նախագծի իրականացման ընթացքում, ուշ ժամերի հերթապահության իրականացումն էր: Սովորողները կամ որևէ խմբակի պարապմունքի էին լինում, կամ հոգնած՝ ևս երկու ժամ դպրոցում մնալու համար:

Խանդավառությունը սկսվեց հյուրերի ընդունման, գրանցման ընթացքում, երբ բոլորս միասին հասցնում էինք անել բոլորիս գործը: Ընտանեկան համերաշխ մթնոլորտում աշխատեցինք: Այնպես էինք ոգևորվել ստանձնած պարտականությամբ, որ տեղում հոլովակ հորինեցինք, որի տարածումը սոց.ցանցերում դարձավ սովորողների տնային առաջադրանքը: Եղել էին դեպքեր, որ հոլովակը հարց ուպատասխանի էր հանգեցրել, ինչը նույնպես խոսքի մշակույթի բաղադրիչ է:

Առաջին նյութերի հեղինակները անորոշ հայացքով նայում էին, թե որն է իրենց անելիքը: Ես ընդամենը մի նախադասություն էի ասում՝ պատմում եք ձեր տեսածը, և վերջ: Թեթևացած շունչ էին քաշում և սկսում ուշադիր հետևել իրադարձություններին (օգտագործում էին իրենց նեթբուքերը՝ նշումների համար): Աշխատել եմ որևէ կերպ չազդել ոչ պատմելու ոճի, ոչ տեսածից կարևորն առանձնացնելու, ոչ գրածի ծավալի վրա: Արդյունքում ունեցանք թողարկված 24 նյութ:

Ռադիոհաղորդումների ժամանակ սովորողները մեկ այլ բարդույթ էլ էին հաղթահարում՝ շփման գնալ առաջին պատահած անծանոթ մարդու հետ: Մեկը հեշտ է զրույցի բռնվում, մեկը հեռու է փախչում: Սովորողներն էլ են տարբեր. մեկը  կես խոսքից հանձնվում է (այդ դեպքում ես ստիպված եմ եղել միջամտել, որ գործը միչև վերջ հասցնի), մյուսը համառորեն հետապնդում է զրուցակցին, մինչև մի քանի խոսք չստանա նրանից:

Կատարված աշխատանքի արդյունքում սովորողը ինքնաբերաբար կատարում է նաև ինքնագնահատում՝ կարողանո՞ւմ է տեսածը պատմել, թե ոչ, ինչպե՞ս է պատմում (մանրամասնությամբ, թե երկու բառով), կարողանո՞ւմ է շփվել, իր ձայնը կողքից է լսում և որոշում իր խոսքի ազդեցիկությունը և այլն:

Նախագծային գործունեությունը, կարծում եմ, նաև համերաշխության, իրական թիմային աշխատանքի լավագույն դրսևորում է:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский