Էկոտուրը որպես ուսուցման ձև
Primary tabs
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի` ապրիլի 26-30-ը կրթահամալիրում անցկացվեց Հանրակրթական Էկոտուր 2013 միջազգային բաց ստուգատեսը: Այն նպաստեց սովորողների էկոլոգիական գիտելիքների, հմտությունների զարգացմանը՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ իրականացնելով «Բնությունը` ուսումնական լաբորատորիա», «Հայաստանի արգելոցները, ազգային պարկերը» ուսումնական նախագծերը: Կարևոր էր նաև «Հայաստանի սահմանամերձ գյուղերը», «Հայաստանի մարզերը» ուսումնական նախագծի, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի իրականացումը: Գործարկվեց սովորողների օժտվածության զարգացման բաց համակարգը:
Ի՞նչ է էկոտուրը:
Էկոտուրը էկոլոգիական տարբեր խնդիրների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, սովորողների էկոլոգիական գիտելիքները զարգացնելու, հասարակակական ակտիվությունը մեծացնելու, ուսումնական նյութեր ստեղծելու բաց ստուգատես է:
Այսպիսի ստուգատեսները նպաստում են սովորողների՝ տվյալ առարկայի (այս դեպքում՝ էկոլոգիայի), էլ ավելի մանրամասն և համակողմանի ուսումնասիրությանը՝ առանց պարտադրանքի: Սովորողները երկար ժամանակ են տրամադրում իրենց աշխատանքին և սովորում են ներկայանալ անծանոթ, անկախ հանձնաժողովի առջև: Սովորողները օգտագործում և զարգացնում են իրենց մեդիահմտությունները՝ ստեղծելով բազմաթիվ նյութեր, որոնցից շատերը հետագայում դառնում են ուսումնական նյութեր:
Կարևոր հանգամանք է նաև հասակակիցների փոխադարձ շփումը, համատեղ ճամփորդությունները, իրագործվող ծրագրերը:
Նման ձևաչափով կարելի է կազմակերպել ստուգատեսներ ցանկացած առարկայի համար:
Սա թվով երրորդ ամենամյա էկոտուրն էր, իր կարևորությամբ` արդեն միջազգային: Էկոտուրի բովանդակությունը կազմում էին.
- էկո-մրցույթը, որին մասնակցեցին կրթահամալիրի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների, Միջին դպրոցի, Գավառի թիվ 5 դպրոցի, Լոռու մարզի 10 համայնքի, Վայքի շրջանի Մարտիրոս և Խնձորուտ գյուղերի, Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի սովորողների 21թիմ և անհատ նախաձեռնություն ցուցաբերած սովորողներ.
- միջավայրի բարեկարգման «Մեր բակը` պարտեզ» նախագիծը, որին մասնակցեցին և հյուրերը, և կրթահամալիրի կրթական հաստատությունները` իրենց սովորողներով և աշխատողներով.
- «Նորին մեծություն կավը». կրտսեր դպրոցականների էկոստուգատեսը։
ՀՀ մարզերից, Վրաստանից եկած մասնակիցները հյուընկալվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում: Նրանց համար կազմվեցին և իրականացվեցին ընդունելության ծրագրեր։
Մրցույթն անցկացվեց հաստատված ծրագրով և աշխատակարգով: Մրցութային նախագծերին և էկոտուրի ընթացքին կարելի է ծանոթանալ mskh.am-ի «Էկոտուր» էջում։
Կարևոր ձեռքբերումներից է նաև «Երեխաները՝ երեխաների համար» ակցիան:
Մրցույթի մասնակից սովորողները կրտսեր դպրոցների 5-6-րդ դասարաններում անցկացրեցին էկոդասեր, որոնք մեծ խանդավառությամբ ընդունվեցին փոքրերի կողմից:Սա նաև լավ փորձ էր սովորողների ինքնաարտահայտման համար:
Էկոտուրի «Մեր բակը` պարտեզ» նախագծով իրականացվեց 2 միավորող ակցիա` ապրիլի 24-ին` ծառատունկ, ապրիլի 30-ին` կրթահամալիրի բոլոր օղակներում միաժամանակյա վարդատունկ, սիզամարգի և կանաչ ցանկապատի ստեղծում, որի շնորհիվ դպրոցների շրջապատը նոր տեսք ստացավ: Իսկ ամենակարևորը՝ սովորողները հյուրերի հետ միասին համագործակցեցին, աշխատեցին և գոհ մնացին իրենց աշխատանքից:
Կարևոր է, որ այսպիսի ստուգատեսը միավորող նշանակություն ունի՝մասնակցում էին ոչ միայն կրթահամալիրի բոլոր օղակները՝ իրենց սովորողներով և աշխատակիցներով.
Էկո-մրցույթի աշխատանքները լուսաբանում էին միջին դպրոցի 8-3 դասարանը, որի ուսումնական նախագիծն էր էկոտուրի հրապարակայնացումը, info-mskh ակումբը, էկոտուրի մասնակիցները։ Էկոտուրի մասին ֆիլմը պատրաստում է TVmskh ակումբը: էկոտուրի աշխատանքներին անդրադարձան ռադիո-Վանը, «Կենտրոն» հեռուստակայանը, տարբեր ԶԼՄ-ներ:
Էկոտուրն արձանագրեց մասնակից սովորողների բնապահպանական հետաքրքրությունների, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումը, նրանց գործունեության արդյունքները։
Էկո-մրցույթը առաջին իսկ օրվանից անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի բարյացակամ մթնոլորտում:
Շատ խրախուսելի էր սովորողների պատրաստվածությունը, ոգևորությունը, նվիրումը աշխատանքին: Ընտրված թեմաներն արդիական էին և հրատապ լուծում պահաջող: Մանրամասնորեն ներկայացվում էին բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման կարևորությունը: Մրցույթին մասնակցող թիմերից մի քանիսը խնդիրները տեղայնացրել էին (Մարտիրոս, Լոռի), որը էլ ավելի կարևորեց բարձրացրած հարցերը: Մարտիրոսի և Խնձորուտի թիմերի հետ ակտիվորեն համագործակցել էին կրթահամալիրի արհեստագործական դպրոցի սովորողները` իրենց ուսուցչի հետ: Արդյունքում Մարտիրոսի թիմերն արժանացան գլխավոր մրցանակի, որը հավասարապես պատկանում է նաև մեր սովորողներին: Սա արդեն նվաճում է:
Անհերքելի է, որ մրցույթը կայացավ, կայացավ համերաշխ, կոլեկտիվ աշխատանքի, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի անմիջական մասնակցության և նոր նախաձեռնությունների շնորհիվ: Կազմակերպվում և իրականացվում էին մշակութային ծրագրեր (Մատենադարան, էջմիածին, Խոր Վիրապ, Խոսրովի արգելոց, ամենօրյա զբոսանքներ երեկոյան Երևանով):
Իրականում բոլորն էլ հաղթող են՝ և՛ տեսական, և՛ գործնական հմտություններ ու կարողություններ, նոր ընկերներ ձեռք բերեցին և նոր ծրագրեր կազմեցին:
Սովորողների հետ ստեղծվում է Էկոտուրի բլոգը, որտեղ կտեղադրվեն էկոլոգիային և բնապահպանությանը վերաբերող նյութեր: Էկոտուր 13-ին վերաբերող ավելի քան 70-ից ավելի նյութ է տեղադրվել mskh.am կայքում:
Կարելի է միայն ափսոսալ, որ չնայած նախօրոք տեղեկացված լինելուն՝ Էկոտուրին Երևան քաղաքի ոչ մի դպրոց չմասնակցեց: Ի՞նչ է, Երևանում էկոլոգիական խնդիրներ չկա՞ն: Կան: Իսկ ո՞ւր են դրանց լուծումներն առաջարկող ապագա քաղաքացիները:
Էկոտուրի արդյունքներն ամփոփվեցին: Հաղթող թիմերը ստացան էկոճամբարների ուղեգրեր, սակայն այն վերջանալ չի կարող. Էկոտուր-2014-ը արդեն սկսվել է: սկսվել է Էկոտուր-2013-ի կլոր սեղանի շուրջը՝ նոր առաջարկների և նախաձեռնությունների առաջադրմամբ. հընթացս ծնվեցին նոր առաջարկներ, գաղափարներ, խնդիրների լուծումներ, որոնք հաշվի կառնվեն հաջորդ էկոտուրի թեմաները կազմելիս և անցկացնելիս:
Էկոտուրն այսքանով չի վերջանում, քանի որ առջևում էկոաշխատանքներ՝ էկոարշավներ են, էկոճամբարներ են, որոնց ընթացքում մասնակիցները ոչ միայն կհանգստանան, այլև օգտակար աշխատանքներ կանեն Հայաստանում և Արցախում:
Կարծում եմ, Էկոտուրը կայացավ: Այն կլինի ուսուցման ավելի հետաքրքիր ձև և կունենա շարունակություն:
- Բացվել է 1767 անգամ