Բլոգաֆոնյան դասեր
Primary tabs
Այս տարվա փետրվարի 4-ից մինչև մարտի 4-ը մասնակցում էի Բրիտանական խորհրդի կազմակերպած՝ անգլերեն դասավանդողների միջազգային մրցույթին, որն ինձ համար եղավ մասնագիտական վերապատրաստման մեծ ու կարևոր քայլ: Ի՞նչ տվեց ինձ այդ մրցույթը: Այս հոդվածում ուզում եմ շարադրել անգլերենի (և ոչ միայն անգլերենի) դասավանդմանը վերաբերող մի քանի նորարարական փորձեր, մասնագիտական հնարքներ, թվային միջոցների կիրառման արդյունավետ եղանակներ, որոնց մասին տեղեկացա և որոնք նպատակահարմար եմ գտնում փոխանցել օտար լեզու դասավանդող իմ գործընկերներին:
Բոլոր շեղատառերով գրվածները թարգմանություններ են անգլերենից:
ՏՏ արդյունավետ կիրառումը կրթության կազմակերպման գործում
Մուդլ (Moodle) կրթական կայքը skydrive-ի կատարելագործված տեսակն է, որը հնարավորություն է տալիս կրթության կազմակերպիչներին, համալսարաններին, դպրոցներին, դասավանդողներին և սովորողներին դինամիկ փոխադարձ կապով կազմակերպել և իրականացնել կրթությունը առցանց ձևով: Աշխարհի շատ զարգացած երկրների կրթության նախարարությունները ունեն իրենց Մուդլերը, որտեղ հետաքրքրվողը կարող է այդ երկրի կրթությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան ստանալ փոխադարձ կապով: Համալսարանական Մուդլերում դասախոսները դնում են իրենց ստեղծած դասընթացները, առաջադրանքները, իսկ ուսանողներն էլ կարող են և՛ կարդալ այդ դասախոսությունները, և՛ հարցեր ուղղել ու ստանալ դրանց պատասխանները: Մեր հանրապետությունում ԱՅԲ ավագ դպրոցն է օգտագործում Մուդլ համակարգը և նրանք շատ գոհ են դրանից: Այս համակարգով աշխատելիս լավ է ստացվում դասավանդող-սովորող-ծնող-դպրոցի վարչական աշխատող կապը:
One stop English կայքը ծրագիր է առաջարկում, որով հնարավոր է ստեղծել ունկնդրելու ֆայլեր: Սա շատ կարևոր է օտար լեզու դասավանդողների համար: Ճիշտ է, բազմաթիվ պատրաստի նյութեր կան համացանցում, որոնք ստեղծված են ունկնդրելու համար, բայց այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծելու սեփական աուդիոֆայլերը: Մասնակից Նատալին առաջարկում է նաև Voicethread կայքը, որը կօգնի տեխնիկական լուծումներ գտնելու:
Հաճախ է պատահում, երբ սովորողին հանձնարարվում է տեղեկություն գտնել համացանցում մի որևէ հարցի մասին, բայց այդ տեղեկատվությունը շատ երկար տեքստով է ու բարդ լեզվով գրված: Այս ծրագրը կրճատում և պարզեցնում է տեքստը` տալով հիմնական իմաստը:
Այս կայքը ստեղծված է ի հակադրություն բլոգավարությանը, եթե խոսքը կրթության մասին է: Հենց առաջին էջում հորդորվում է մոռանալ բլոգի մասին և ստեղծել գլոգը, եթե օգտատերը դասավանդող է, կամ էլ` սովորող: Իրոք, բլոգը ավելի շատ ստեղծագործող անհատի համար է, այլ ոչ թե կրթության կազմակերպման: Բլոգով չի ապահովվում հետադարձ դինամիկ կապը: Բլոգների ձևավորումը ավելի շատ գեղարվեստական արտաքին էֆեկտների վրա է հիմնված` գույն, ֆոն, տառերի ձևեր: Գլոգի ձևավորումը նպատակաուղղված է կրթական խնդիրներին, ուսուցմանը: Այստեղ ձևավորման մեջ տեղ է հատկացված դասավանդողի կողմից տրվող առաջադրանքների, դասընթացների, նախագծերի, գրաֆիկական պատկերների, սովորողների պատասխանների համար: Հնարավորություն կա տվյալ թեմայով դիտարկելու նաև այլ գլոգավար դասավանդողների դասընթացները, առաջադրանքները, նախագծերը: Դասավանդողը փաստորեն միանում է կրթական համաշխարհային գլոգին`Glogster Edu և մասնագիտական առումով միշտ լինում է տեղեկացված:
Teachclassdojo կայքը նույնպես կրթության կազմակերպմանն է ուղղված: Այս կայքի օգտատերներ կարող են լինել դպրոցների վարչական աշխատողները, դասավանդողները, սովորողները և նրանց ծնողները: Կայքն ավելի մանրամասն կներկայացվի ուսումնասիրման փուլից հետո:
English to go կայքը նախատեսված է անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների համար: Այն ունի 1800 ուսումնական նյութ, որը պահվում է կայքի թվային գրադարանում:
Ունկնդրելու և խոսելու կարողությունները զարգացնելու համար օգտակար կայքեր
Tedxteen կայքն առաջարկվում է ավագ դպրոցի անգլերեն դասավանդողներին: Կայքը մեծապես նպաստում է սովորողների ունկնդրելու կարողությունների զարգացմանը: Ընտրված թեմաները հետաքրքիր են, և լսելուց հետո սովորողները հետաքրքրությամբ են այն քննարկում:
Eflclassroom անգլերեն դասավանդողներն այստեղ կգտնեն իրական զարմանալի պատմություններ, որոնց ձայնագրություններն արված են հստակ արտասանությամբ, իսկ տեքստերից հետո առաջարկվում են նոր բառապաշարի ամրապնդմանն ուղղված վարժություններ:
Խորվաթիայից Բռանկասը առաջարկում է ձայնագրել սովորողների խոսքը այս կայքով. Երբ սովորողները լսում են իրենց խոսքը, ավելի լավ են կարողանում ուղղել իրենց արտասանական սխալները: Իմ կողմից պետք է ավելացնեմ, որ այս կայքով սովորողներն իրենք կարող են ձայնագրել իրենց խոսքը՝ որպես բանավոր պատասխան և տեղադրել իրենց բլոգում: Կարելի է նաև աուդիո նամակներ ուղարկել, կրթահամալիրի կայքում ձայնային նյութ տեղադրել: Օրինակ, այսպես` Vocaroo կայքը ներկայացնում է անգլերեն ստեղծված մուլտֆիլմեր: Դասավանդողները պետք է նախօրոք ընտրություն կատարեն, որովհետև այս մուլտֆիլմերի լեզվական բարդության աստիճանները տարբեր են:
Լեզվական խաղեր
Կրտսեր դպրոցում դասավանդող բլոգաֆոնյան մասնակիցները լեզվական խաղերի մի քանի կայք առաջարկեցին:
http://www.learninggamesforkids.com/word-games.html
http://www.funbrain.com/
http://www.thekidzpage.com/freekidsgames/wordgames.htm http://www.primarygames.com/reading.php
Բլոգաֆոնը անգլերենի դասավանդմանն ուղղված մի բացառիկ հետաքրքիր առցանց քննարկում էր: Որպես օրինակ կարող եմ բերել իմ «Another Way of Motivating the Students to Speak - Սովորողների խոսելը խթանելու մեկ ուրիշ հնարք» նյութը և դրա շուրջ ծավալված կարծիքները:
Ասում են, որ երեխան կարողանում է լսել նույնիսկ նախքան ծնվելը, և ծնվելուց հետո էլ երեխան սովորաբար զբաղված է ունկնդրումով և արտաքին աշխարհի ընկալումով մոտ 1,5-2 տարի նախքան ի վիճակի կլինի խոսել: Մայրը իր երեխային չի սովորեցնում իր մայրենի լեզվի տարբեր քերականական կանոնները: Երեխաներն ամեն ինչ սովորում են լսելով և կրկնելով: Անգլերեն դասավանդելիս ես միշտ հետևում եմ այս բնական հաջորդականությանը. Սկզբում իմ սովորողները պետք է լսելու հնարավորություն ստանան, և հետո միայն ակնկալում եմ նրանց խոսելը: Եթե ես ուզում եմ, որ իմ սովորողները խոսեն, ես ինքս եմ սկսում խոսել արտահայտելով իմ սեփական մտքերը ու գործածելով դասի թեմատիկ բառապաշարը: Երբեմն ես միտումնավոր սխալ մտքեր եմ արտահայտում, որպեսզի սովորողները ծայրահեղ հետքրքրված լինեն իրենց սեփական մտքերն արտահայտելու: Օրինակ, եթե մեր թեման երաժշտությունն է, ես չեմ հարցնում նրանց, թե ինչպիսի երաժշտություն են նրանք նախընտրում լսել: Նրանք հազիվ թե որևէ բան ասեն, որովհետև դեռ հետաքրքրված չեն: Սկզբում ես ասում եմ, թե ինչ երաժշտություն էին նրանց ծնողները, տատերն ու պապերը լսել: Ես նրանց ասում եմ, թե որքան մեղեդային ու ականջներին հաճելի էին այն տարիների երգերը` միևնույն ժամանակ օգտագործելով որոշ նոր բառեր և արտահայտություններ՝ կապված երաժշտության հետ, և միայն համոզված լինելով, որ նրանք արդեն բավականաչափ լսել են ինձ, ես անում եմ իմ առաջին փորձը նրանց հավասարակշռությունից հանելու համար ու ասում եմ. «Բանի պետք չէ ժամանակակից երաժշտությունը: Այժմյան երգերը մեղեդային չեն ու բառերն էլ անմտություն են»: Իմ այս միտքն արտահայտելուն պես ես տեսնում եմ մի քանի սովորողների անհամբեր ձեռքեր: Նրանք ուզում են խոսել, չեն կարող չխոսել: Նրանք ծայրահեղ հետաքրքրված են խոսելու համար: Նրանք ուզում են ապացուցել ինձ, որ կարող են ժամանակակից լավ երգերի հարյուրավոր օրինակներ բերել: Այդ ժամանակ արդեն իմ պարտքն է ամենաակտիվ սովորողներին մի քիչ զսպել, որպեսզի բոլոր ցանկացողներն էլ հնարավորություն ստանան արտահայտվելու: Երբ նրանք սկսում են վիճել ինձ հետ, ես զգում եմ, որ հասել եմ իմ դասի նպատակին. Սովորողները գիտեն նոր բառերն ու արտահայտությունները, կարողանում են տեղին գործածել դրանք և ուզում են խոսել:
Հռիփսիմե Շաբունցի կարծիքը.
Թանկագին Յուրա, ես կարծում եմ՝ ճիշտ է այդ ձևով հրահրել երեխաներին խոսել: Այսպիսի քննարկումների օգնությամբ նրանք սովորում են վիճել և պաշտպանել իրենց տեսակետները տարբեր թեմաներով զրույցների ժամանակ:
Janaj անունով մասնակիցը Չեխիայից գրում է.
Յուրա, թվում է, որ լավ է աշխատում հետաքրքրություն արթնացնելու Ձեր անհատականացված ձևը: Շարունակե՛ք այդպես:
Ադեհ Հովասափյանը ԱՅԲ ավագ դպրոցից.
Թանկագին Յուրա, հետաքրքիր մոտեցում ունեք, բայց միևնույն ժամանակ Ձեր մոտեցումը կարող է մեծացնել ուսուցչի խոսելու ժամանակահատվածը: Իմ պատկերացմամբ դժվար է օտար լեզվով անմիջապես պատասխան ակնկալել սովորողներից: Ես սովորաբար հարցը տալիս եմ և ժամանակ եմ տալիս նրանց մտածելու և ձևակերպելու իրենց պատասխանը: Բայց ես կփորձեմ նաև Ձեր մոտեցումը:
Իմ պատասխանը Ադեհ Հովասափյանին
Թանկագին Ադեհ, հետաքրքրություն արթնացնելու այս հնարքը գործածում եմ ավագ դպրոցում, որտեղ սովորողները բավականաչափ լեզվական գիտելիք ունեն արտահայտվելու համար, բայց երբեմն չգիտեն թե ինչ ասեն: Դա շատ նման է հեռուստատեսային թոքշոուներին, երբ հաղորդավարը հրահրում է ընդդիմախոս մասնակիցներին վիճաբանելու: Հաղորդման հաջողությունն էլ կախված է այն բանից, թե որքան տաք է ընթանում վիճաբանությունը: Ես այս հնարքը շատ եմ փորձում իմ դասերի ընթացքում և միշտ էլ այն լավ է աշխատում:
Ադեհ Հովասափյան
Շնորհակալություն պարզաբանման համար: Ես հասկանում եմ Ձեր հիմնավորումը: Ես ուզում էի միայն իմ մոտեցումն արտահյատել: Ես փորձելու եմ ձեր հնարքը: Շնորհակալություն այդ հետաքրքիր ու արժեքավոր փորձը մեր հետ կիսելու համար:
Եվգենիա Զիմինա Կոստրոմայից
Ես աշխատում եմ համալսարանի ուսանողների հետ և հաճախ եմ գործածում այս հնարքը: Պետք է ավելացնեմ նաև, որ ես հետաքրքրում եմ իմ ուսանողներին նաև նրանցից խորհուրդ հարցնելով: Օրինակ, երբ մեր թեման հաղորդակցական տեխնոլոգիան է, ես ասում եմ, որ իմ բջջային հեռախոսով չեմ կարողանում այս կամ այն գործողությունը կատարել: Դրանով նրանք գերակա զգացողություն և կարևորություն են զգում ու ուզում են որքան հնարավոր է լավ բացատրել ինձ, թե ինչպես վարվեմ:
Ահա իմ գրած մեկ ուրիշ նյութ, որը մեծ ուշադրության արժանացավ. «Սա իդեալական դասագիրք է»
Այս դասագրքի բառապաշարը մեծ հոգատարությամբ է ընտրվել: Առաջին դասի մեջ ներկայացված բառերը ակնկալվում են, որ կլինեն երկրորդ դասի տեքստում: Այն 6-7 նոր բառերը, որոնք տրվում են երկրորդ դասում, անհրաժեշտաբար առկա են նաև երրորդում և այդպես շարունակ: Հնարավոր չէ, որ 15-րդ դասում տրվի «դյութիչ» բառը, եթե մինչև այդ չի հանդիպել «գրավիչ» բառը: Այս դասագրքի բառերը, բառակապակցությունները և թեմաները խստորեն համապատասխանում են սովորողների տարիքային հոգեբանական առանձնահատկություններին, մայրենի լեզվի նրանց իրազեկության աստիճանին և արդեն ձեռք բերված աշխարհայացքին, դեռ ավելին`այս դասագրքի բոլոր բառերն ու բառակապակցությունները ընտրվել են ըստ երեխաների՝ մայրենի լեզվում դրանց գործածության հաճախականության: Այս գրքի հեղինակները բավականաչափ իմաստուն էին, որպեսզի գնային տարբեր դպրոցներ ու խաղահրապարակներ` խառնվելու երեխաներին, լսելու և ձայնագրելու նրանց բանավոր խոսքը: Միայն նման հետազոտական աշխատանքներ կատարելուց հետո նրանք ինքնավստահություն ձեռք բերեցին սկսելու իրենց դասագրքաստեղծ աշխատանքը: Այս դասագիրքն ունի 700 էջ, բայց տարբեր արմատներով բառերի քանակը 1200 է: Մենք կարող ենք պատկերացնել, թե միջակ ակադեմիական ընդունակություններով սովորողը քանի անգամ է հանդիպում անգլերենի ամենահաճախ հանդիպող ու կարևոր բառերին ու լեզվական կառուցվածքներին կրթական տարբեր աստիճաններում: Սովորողը չի կարող չհաղորդակցվել այդ բառերով, բառակապակցություններով ու լեզվական կառուցվածքներով ծանոթ թեմայի շուրջը: Քերականական երևույթները ներկայացված են խոսքային նմուշներով և նախադասությունաստեղծ կառուցվածքներով, որոնց բառերն ու բառակապակցություններն արդեն ծանոթ են սովորողին: Այս դասագրքում վարժությունները սովորողների գիտելիքները և կարողությունները ստուգելու համար չեն կազմված: Դրանք ավելի լավ սովորեցնող ու կարողությունները ամրապնդող են: Այստեղ հաղորդակցական մոտեցումը որոշակիորեն գերիշխում է: Նույնիսկ գրելու գործունեությունը ունի հաղորդակցական արժեք: Սովորողներին ուսուցանվում է, թե ինչպես գրել շնորհավորական նամակներ, ինչպես հրավեր ձևակերպել, ինչպես ընդունել և ինչպես մերժել առաջարկությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական դիմելաձևերը: Գիրքն ունի նաև CD ոչ միայն լսելով հասկանալու վարժություններով, այլ նաև բոլոր տեքստերի ձայնագրություններով:
Ո՞վ գիտի, թե որտեղից կարող եմ ձեռք բերել այս դասագիրքը: Սա իդեալական դասագիրք է: Կա՞ այսպիսի դասագիրք Ձեր երկրում:
ԱլեԱլեի կարծիքը. Խորվաթիա
Թանկագին Յուրա, այս նյութն ինձ անակնկալի բերեց: Մինչ ես կարդում էի այն, միակ բանը, անընդհատ մտածում էի. «Ես անպայման կհարցնեմ Յուրային, թե որտեղից կարող եմ ձեռք բերել այդ դասագիրքը», իսկ վերջի անակնկալ հարցին պատասխանում եմ, որ ես նույնպես լավ լուր չունեմ:
Սա անգլերենի իդեալական դասագրքի ամենալավ սահմանումն է, որ ես երբևէ լսել եմ: Շքեղություն կլիներ ունենալ այն: Դժբախտաբար մենք միշտ ստիպված ենք լինում ընտրել մի դասագիրք, որն ավելի քիչ վատն է, բայց պետք է ասեմ, որ մեզ թույլատրում են դասագրքի ձանձրալի ու ոչ օգտակար դասերն անտեսել և նույն թեմման այլ ձևերով մատուցել: Մենք նաև կարող ենք ավելացնել տրված դասին մեր ունեցած նյութերը: Տարբեր ձևեր կան այս բաներն անելու: Մենո կարող ենք համացանցից օգտվել, կամ էլ` հորինել ինքներս: Այս ամենը կարելի է անել, բայց հարց է առաջանում. «Արդյո՞ք մենք դա անում ենք ամեն անգամ»: Իհարկե ո՛չ: Ոչ միայն որովհետև մենք չափազանց շատ ժամանակ կանցկացնեինք դրա վրա, այլ որովհետև այդքան շատ լրացուցիչ ներդիրները դասագրքի մեջ կարող են շփոթեցնել սովորողներին, և այդպիսի դասագրքեր գործածելը պրակտիկ չէր լինի:
Մեր երկրի կրթության նախարարությունը նշում է, որ դասագրքերը ուսուցիչների համար միայն ուղեցույց են ծրագրերի կատարման համար, և նրանք կարող են ընտրություն կատարել: Մենք ընտրությունը կատարում ենք, իսկ մեր սովորողներն էլ ստիպված են գնել մեր ընտրած դասագիրքը: Ես չեմ ուզում քննարկել, թե ինչ դասագրքեր են առաջարկվում ընտրության համար:
Իմ վերջին, բայց ոչ ամենաքիչ կարևոր հարցը. « Արդյո՞ք դասագրքերի վաճառքը մեծ բիզնես չէ: Յուրա, շնորհակալություն այս կարևոր ու լուրջ հարցը այս անակնկալ հումորով բարձրացնելու համար:
Ինչպե՞ս բարձրացնել մասնագիտական որակավորումը
Այս հարցին պատասխանում է Բլոգաֆոնի ամենաակտիվ մասնակիցներից մեկը` Եվգենիա Զիմինան.
- Կարդալ դասավանդողների համար նախատեսված մասնագիտական գրականություն:
- Մասնակցել հրատարակչությունների, Բրիտանական խորհրդի, տեղական ուսուցչական միությունների կազմակերպած մասնագիտական մրցույթներին:
- Մասնակցել ամառային դպրոցների համար նախատեսվող կրթաթոշակների մրցույթներին:
- Երբեք չմերժել անել այն, ինչը սովորողն է խնդրում անել մասնագիտական հարցերում: Օրինակ, եթե սովորողը քո կարծիքն է ուզում իմանալ մի որևէ գրքի մասին, որը չես կարդացել, ապա կարդա այդ գիրքը և հայտնիր քո կարծիքը:
Ալե Ալեն Խորվաթիայից գրում է, որ ինքը մի նախագիծ է իրականացրել կրտսեր դպրոցի իր սովորողների հետ, որը կոչվում է «Մեզ շրջապատող անգլերենը-English All Round Us»: Ըստ այդ նախագծի սովորողները պետք է գրի առնեին այն բոլոր անգլերեն բառերը, որոնք հանդիպում են խանութներում, շուկաներում, ցուցափեղկերում, պիտակների վրա և այլն:
Երբ բավականաչափ բառեր էին հավաքվել, դասավանդողը դրանք դասակարգել է ըստ գործածության նպատակների` մթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ, գործիքներ և այլն: Դրանից հետո նա կազմել է վարժություններ այդ բառերով ու սկսել է աշխատել դրանցով: Այս նախագիծը անգլերենի գործնական իմացության կարևոր խթան եղավ նրանց համար:
Խորվաթիայի միջին դպրոցի դասավանդող Բսանջան մի նյութ էր տեղադրել իր բլոգում, որն իրարամերժ կարծիքներ առաջացրեց: Այդ նյութի վերնագիրն էր «Արգելե՞լ, թե չարգելել բջջային հեռախոսները դասարանում»: Ահա այդ նյութը թարգմանաբար.
Մեր երկրի կրթական իշխանությունները նոր կանոնադրություն են մշակել, որով խստորեն արգելվում է բոլոր պետական դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը դասարաններում: Այժմ ոչ բոլոր դպրոցներն են հետևում այդ նոր կանոնադրությանը: Որոշ դպրոցներ մշակել են իրենց սեփական կանոնները: Արգելման կողմնակիցների փաստարկն այն է, որ սովորողները բջջայիններով խաղում են դասի ժամանակ, ստուգողականների ժամանակ կարողանում են խաբել ուսուցիչներին և անիմաստ հաղորդագրություններ ուղարկել միմյանց, և շատ հազվադեպ են դրանք պետք գալիս ծնողների հետ կապնվելու համար: Իմ արձագանքը ցնցում եղավ նրանց համար: Ինչու՞ նրանք չեն մտածում հեռախոսները օգտագրծել կրթական նպատակներով: Հեռախոսներն այժմ համացանց ունեն և երբեմն կարելի է դրանցից օգտվել որպես դասագրքի այլընտրանք: Ցանկացած տեսակի արգելք հազվադեպ է լինում մի որևէ խնդրի լուծում` հատկապես երբ հարցը վերաբերում է դասարանի կարգապահությանը: Իմ վերաբերմունքը և աշխատանքային փորձը բջջային հեռախոսների նկատմամբ միշտ էլ դրական է եղել: Սովորողները դրանք գործածել են արագ մի տեղեկատվություն ճշտելու, առցանց բառարանից օգտվելու, կամ էլ ձայնագրություն անելու համար: Ստուգողական աշխատանքների ժամանակ բոլոր բջջայինները դրվում են իմ սեղանին: Եթե սովորողները որևէ այլ բան են անում հեռախոսներով, կամ խաղում են, ուրեմն ես մի բան այնպես չեմ արել: Մեղավորը ես եմ:
Ինչ կանոնադրություններ կան Ձեր դպրոցներում հեռախոսների վերաբերյալ: Արդյո՞ք դրանք պետք է արգելել դասարան բերել:
Իր կարծիքն է հայտնում Խիկմատուլ Ուռազբաևը Ուզբեկստանից.
Թանկագին Բսանջա, արդեն մի տարի է, որ մեր մոտ գործում է նույն արգելող կանոնադրությունը: Այն արգելվել է բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում: Այդպես է արվել, որովհետև վերջին ժամանակներում համացանցին միանալով, բջջային հեռախոսները տարածում են տարբեր տեսակի տեսանյութեր, որոնք փչացնում են երեխաներին, շեղում են նրանց ուսումնական գործընթացից, խեղում են նրանց բարոյական զարգացումը…:
Եվգենիա Զիմինայի կարծիքը.
Դասավանդողները հաճախ կարծում են, որ բջջային հեռախոսների գործածումը որոշ առավելություններ ունի, բայց ես կարծում եմ, որ թերություններն ավելի շատ են: Ես կարծում եմ, որ բջջայինների օգտագործումը ուսումնական գործընթացում ընդունելի է միայն մասնավոր պարապմունքների ժամանակ և երբ սովորողները մեծահասակներ են:
Բսանջայի պատասխանը. Ո՞վ է սովորեցնելու երեխաներին ճիշտ օգտագործել հեռախոսը, եթե ոչ դպրոցը:
Ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց ինձ մտատանջում է երկու հարց.
- Եթե երեխաներն արդեն ունեն այդ հեռախոսները և օգտագործում են դրանք դրսում, արդյո՞ք դպրոցը ճիշտ է վարվում ասելով միայն. «Արա, ինչ ուզում ես անել դրանով, բայց ո՛չ այստեղ»: Որտե՞ղ են երեխաները սովորելու ճիշտ օգտագործել հեռախոսները, եթե ոչ դպրոցում: Չէ՞ որ դպրոցն է նրանց սովորելու վայրը:
- Իմ կարծիքով արգելելով հեռախոսի օգտագործումը, մենք արգելում ենք մի մի շատ հասանելի թվային միջոցի օգտագործումը, որն առկա է ու երեխաներն էլ հետաքրքրված են դրա օգտագործումով: Մենք բաց ենք թողնում տեխնիկական միջոցի օգտագործման մի լավ հնարավորություն:
«Midsummer» կեղծանունով մասնակիցը մի շատ հետաքրքիր հոդված էր գրել էլեկտրոնային մենթորության վերաբերյալ "E-MENTORING»: Հոդվածը երևի միայն ինձ շատ հետաքրքրեց, միգուցե, այն պատճառով, որ նրա շատ հեռահար մտքեր արդեն իսկ իրականացվում են մեր կրթահամալիրում, բայց ես որոշակի տարաձայնություններ ունեցա հեղինակի հետ: Դա մանկավարժության մեջ նոր ուղղություն է: Նորի դեմ պայքարելն անիմաստ է, բայց գոնե այն ճիշտ հունի մեջ պետք է դնել: Նյութը ներկայացնում եմ որոշ կրճատումներով:
Թանկագին գործընկերներ, կարող եք հարցնել, թե ինչու եմ մտահոգված էլեկտրոնային մենթորությամբ մեր այս անգլերեն դասավանդողների բլոգաֆոնյան մրցույթում: Մի քանի պատճառներ կան դրա համար.
- Լեզուներ սովորելը անհատական գործընթաց է, ես ավելի շուտ կասեի մասնավոր գործընթաց է: Յուրաքանչյուր սովորող ունի իր ընկալելու արագությունը, իր անհատական ընտրությունը, սովորելու իր անհատական ոճը և նախասիրությունները, խնդիրները և դժվարությունները: Սովորողները տարբեր գործունեություններով են սիրում զբաղվել և մասնակցել տարբեր իրադարձություններին: Լեզուն հաղորդակցության միջոց է, և վաղ թե ուշ սովորողը ստիպված է լինում դիմել այլ մարդկանց խորհրդի համար, թե ինչպես օտար լեզվի մեջ առաջընթաց ունենալ , կամ էլ` սեփական ձեռքբերումների գնահատման համար: Այս գործընթացն ավելի կարիք ունի մենթորության, քան դասավանդման: Մարդիկ կարող են լեզուներ սովորել առանց ուսուցիչների: Դա փաստ է, բայց հաջողության համար այդ գործընթացը պետք է ղեկավարել:
- Օտար լեզուները ինքնուրույն սովորելու համար ավելի ու ավելի շատ ինքնուսույցներ ու առցանց դասընթացներ են ստեղծվում: Ավելի ու ավելի շատ սովորողներ են նախաձեռնում օտար լեզուներ սովորել առանց ուսուցիչների, բայց նրանք ուզում են, որ որևէ մեկին դիմեն ինչ-որ բան պարզելու համար: Վատ ուսուցիչն անմիջապես սկսում է սովորեցնել նրանց, բայց նրանք ուսուցիչների կարիք չունեն. նրանք փորձառու խորհրդատուի կարիք ունեն:
- Դեռ ավելին`Ռուսաստանի դաշնային միության կրթական նոր չափորոշիչները հայտարարվել են որպես սովորողի անհատական զարգացման արժեք (վերջապես) և անհատի ամբողջականացված իրազեկություններ: Այժմ դասավանդողներն իրենք կարիք ունեն խորհրդատվության, որպեսզի կարողանան իրականացնել դպրոցական այս անհատական չափորոշիչների ներդրումը, քանի որ նրանցից շատ քչերն են իրապես հասկանում, թե ինչպես կազմակերպել սովորողի օտար լեզվի իմացության (իրազեկության) զարգացումը, ինչպես այն կապել այլ առարկաների ուսումնասիրման հետ: Երբ այս գործընթացը սկսվի, սովորողները խորհրդատուներ (մենթորներ) կփնտրեն, որպեսզի նրանք ոչ թե դասավանդեն, այլ զրուցեն իրենց հետ իրենց առաջընթացի մասին, կամ էլ` գնահատեն ձեռքբերումները:
- …Նոր երիտասարդ սերունդը աճել և դաստիարակվել է համակարգիչների և համացանցի առկայությամբ: Նրանք հիմա, միգուցե, ավելի հարմարավետ են զգում և իրենց համակարգիչով զգայականորեն ավելի աջակցված, քան երես առ երես փոխհարաբերություններում: …Բացի դրանից երեխաներն ավելի անկախ են դառնում դպրոցից, որը նրանց համար շատ կարևոր է: Այսպիսով էլեկտրոնային մենթորությունը անհրաժեշտություն է այսօրվա կրթության համար: Այն սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ, որոնցից դասավանդողը պետք է սովորի օգտվել: Զարգացումներն աստիճանաբար վերափոխելու են ուսուցիչ-սովորող կապը մենթոր-մենթորական կապի: Դա մարդկանց կապում է մեծ տարածությունների վրա:
Իմ կարծիքը այս նյութի վերաբերյալ.
Թանկագին Midsummer, մեծ հետաքրքրությամբ կարդացի Ձեր նյութը և որոշ չափով համաձայն եմ Ձեր հետ, երբ գործ ունենք միջին դպրոցի ավագ դասարանների և ավագ դպրոցի սովորողների, կամ էլ մեծահասակների հետ, ովքեր արդեն կարողանում են ընդհանրացնել իրենց կարդացած կամ լսած տեղեկատվությունը և վերացականորեն մտածել: Ես լիովին համաձայն եմ նոր մանկավարժական մոտեցման հետ, որ ավելի կարևոր է սովորել սովորեցնելը, քան պարզապես սովորեցնելը: ... Մյուս կողմից ես դեմ եմ սովորական դասավանդման իսպառ վերացմանը դպրոցներում: Կրտսեր դպրոցում, երբ երեխան դեռ ոչինչ չգիտի, ուսուցչի հետ ամենօրյա շփումը անհրաժեշտ է: Մենթորությունը կրտսեր դպրոցում չի կարող ներդրվել: Միջին դպրոցում սովորողներին կարելի է տալ մի առարկա ընտրելու հնարավորություն, որպեսզի նա այդ իր սիրած առարկան մենթոր-մենթորական կապով ուսումնասիրի: Ավագ դպրոցում սովորողները կարող են երեք առարկա ընտրել, որպեսզի կարողանան դրանք ուսումնասիրել ուսուցիչ-մենթորի ղեկավարությամբ: Եթե մաթեմատիկորեն արտահայտվենք, ապա այս մոտեցման հնարավոր օգտագործումը ուղիղ համեմատական է կրթական աստիճանների բարձրացմանը` մ իջին դպրոց, ավագ դպրոց, բակալավրիատ, մագիստրատուրա:
Մասնակիցը, որի բլոգի անունը Տանագորիա է այն կարծիքին է, որ հատկապես կրտսեր դպրոցում օտար լեզվի ուսուցանումը հաջողություն է ունենում, եթե նոր նյութը ուղեկցվում է նպատակային գործողություններով`ձեռքի աշխատանքով: Օրինակ, երեխաները սիրում են սոսինձով, գունավոր թղթերով, մկրատով աշխատելը: Անգլերենի դասը դարձվում է ձեռքի աշխատանքի դաս, որի ընթացքում սովորում են վերը նշված գոյականները և «փոխանցել», «կտրել», «սոսնձել», «ծալել», «փակցնել» բայերը:
Տարբեր հարցերի մասին շատ այլ նյութեր և կարծիքներ եղան: Նյութերը հարյուրավոր էին իսկ կարծիքները` հազարավոր: Հնարավոր չէ բոլորի մասին խոսել ու ամեն ինչ ասել: Նյութեր էլ կան, որոնք դեռ չեմ կարդացել: Մնացածի մասին իմ հետագա հոդվածներում կանդրադառնամ: Իսկ այս հոդվածն ուզում եմ վերջացնել օտար լեզվի ժամերին մայրենի լեզվի գործածմանը վերաբերող իմ փոքրիկ նյութով։
Գործածե՞լ մայրենի լեզուն, թե՞ չգործածել (Նորից համլետյան հարցը): Սա մի հարց է, որն անհանգստացնում է գրեթե բոլոր օտար լեզու դասավանդողներին: Որոշ դասավանդողներ հպարտանում են, որ երբեք չեն գործածում այն, և նրանց սովորողներին պակասում է բառագիտական ճշգրտությունը և շարահյուսական ճկունությունը: Մյուսները ոչ անհրաժեշտաբար շատ են օգտագործում այն` մոռանալով, որ իրենք օտար լեզվի ուսուցիչներ են, և նրանց սովորողները բոլորովին չեն կարողանում հաղորդակցվել այդ օտար լեզվով: Այսպիսով, գործածե՞լ մայրենի լեզուն, թե ո՛չ: Կարծում եմ, որ դա նման է հաց ուտելուն: Եթե մենք բոլորովին հաց չուտենք, մենք չենք ստանա որոշ էական սննդային տարրեր, իսկ մյուս կողմից` եթե չափազանց շատ թարմ ու տաք հաց ուտենք, մենք կթունավորվենք:
- Բացվել է 3895 անգամ